livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

ghapamaՈւտեստը համարվում է ամենօրյա կենսական միջոցներից մեկը Այն իր առանձնահատկություններն ունի տարբեր ժողովուրդների մոտ Շատ հետաքրքիր է եղել ուտեստի վերաբերյալ ավանդույթները նաեւ հայոց պատմության մեջ

Հայկական ազգային ուտեստի վերաբերյալ «Զարուհի» ամսագիրը զրուցեց ազգագրագետ, պ.գ.թ. ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.

- Ի՞նչ դեր ունի ազգային ուտեստը մարդու կյանքում:

- Ուտելիքը կարեւոր բնազդներից մեկն է: Ի դեպ, ագից ազգ քիմքերը տարբեր են լինում, ինչպես նաեւ ուտելու ճաշակը: Ազգրագետներին այն հետաքրքրում է՝ որպես մշակութային տարր, որը կապված է կյանքի բազմաթիվ կողմերի հետ եւ արտահայտում է մարդկանց փոխհարաբերությունները հասարակության մեջ, նրանց վարքի նորմերը, ընդունված ավանդական շփումները եւ այլն: Ցանկացած համատեղ ճաշկերույթ՝ լինի ընտանեկան, թե համայնական, միայն կոլեկտիվ կազմակերպված քաղցի հագեցում չէ, այն նաեւ որոշակի նշանակային բովանդակությամբ գործողություն է: Մենք՝ հայերս, շատ ենք սիրում բարեմաղթանքներ ասել, եւ դա ասվում է կենացների միջոցով, ինչը եւս ազգային յուրահատկություններից է:

- Ո՞ր մթերքներն են բնութագրական հայկական ուտեստի համար:  

- Հայկական ուտեստի համար բնութագրական են հացահատիկային (բուսական) եւ կենդանական (մսեղեն-կաթնային) մթերքները: Հացի հետ կապված պատկերացումները եւ թոնրի հաց թխելու հետ առնչվող սովորույթները հայոց մշակույթում յուրատեսակ իմաստ ու դերակատարություն ունեն սոցիալական հաղորդակցման համակարգում: Կաթնամթերքից հայերի համար ամենօրյա պարտադիր ուտեստ է պանիրը: Պանիր-հացը՝ օղու կամ գինու հետ, համարվել է հյուրասիրության կարեւոր տարր: Ըստ հայերի պատկերացումների` հացը սուրբ է, արգասավորության, պտղաբերության, ապահովության խորհրդանիշ է: Հացի նկատմամբ հայերի մոտ, եղել է պաշտամունք եւ հարգալից վերաբերմունք: Հյուրընկալության ավանդական կարգում ընդունված էր հյուրին աղ ու հացով ընդունել, որը երկակի բնույթ ուներ: Այն բարեսրտության եւ վնասազերծման հետ էր կապվում, քանի որ հացը սուրբ է, աղը` մաքրագործող: Հայաստանի պատմաազգագրական բոլոր  մարզերում երեխայի առաջին ատամ հանելիս ակռահատիկ անելը, նորապսակների վրա հատիկ շաղ տալը, դրանով գուշակություններ անելը, կապված են եղել ծլարձակման, պտղաբերության գաղափարի հետ, որի գլխավոր միտումը եղել է առատություն եւ բարեկեցություն ապահովելը:

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը կուտակել է մեծ փորձ ու հմտություններ միսը մթերելու եւ պահպանելու ասպարեզում: Միսը օգտագործվել է եփած, խաշած (խաշլամա), խորոված, շոգեխաշած (բուղլամա եւ այլն) վիճակում: Հարիսան, քյուֆթան, կոլոլակը, եւ առանձնապես, խաշը տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում: Կցանկանամ նշել, որ պարտադիր ուտեստ է համարվել հալվան: Նշանդրեքի հալվան սկուտեղի մեջ լցնելուց հետո, երեսը հարթեցրել եւ վրան չամիչով խաչաձեւ զարդարել են, կենտրոնում դրել մի կտոր շաքար, որը պետք է ապահովեր բարեկեցիկ կյանքի քաղցր սկզբնավորումը:

- Տիկին Սվետլանա ի՞նչ է մատաղը:

dolma- Ծիսական համակարգում մեծ տեղ է տրվել զոհաբերությանը՝ մատաղի սովորույթին: Այն ծիսական հացկերույթի կարեւոր բաղադրիչներից է: Մատաղը լինում էր հասարակական եւ ընտանեկան: Հասարակական զոհաբերությունը կատարվել է ժողովրդական տոներին: Մատաղ արվել է նաեւ սրբատեղիներում, ուխտագնացությունների ժամանակ: Մատաղ-զոհ ծեսը իր մեջ պարունակում է համատեղ ուտելու գաղափարի բոլոր առանձնահատկությունները, սակայն, առանձնապես ընդգծվում է համայնքի բոլոր անդամների` հավասար իրավունքներով զոհը ճաշակելու, համատեղ ուտելու միջոցով վերերկրային ուժերի հետ հաղորդակցվելու գաղափարը: Աստծուն առաքված զոհն ընդունելի է դառնում մարդկանց կողմից այն ճաշակելու միջոցով: Մատաղի մսից հրաժարվել չի կարելի եւ վերցնելիս ասում են՝ «Ընդունելի լինի»:

Դիպվածային մատաղը կարող էր լինել ինչպես կանխարգելող` արվելով նախապես հաջողության, անվտանգության հասնելու ակնկալիքով, այնպես էլ՝ շնորհակալական` փորձանքից, դժբախտությունից ազատվելուց կամ փափագած նպատակին հասնելուց հետո:

Ընտանեկան, անձնական մատաղը, փաստորեն, արվել է ամենատարբեր մղումներով ու նպատակներով` երազների թելադրանքով, հիվանդությունը կանխարգելելու կամ բուժելու նպատակով, երազանքի, ցանկության իրագործումն ապահովելու համար կամ այն կատարվելուց հետո` երախտագիտություն դրսեւորելու նկատառումով:

- Հայերի մոտ արդյո՞ք ընդունված է եղել սննդաբուժումը:

- Այո՛, մեզ մոտ ընդունված է եղել նաեւ սննդաբուժումը: Օրգանիզմի վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով առաջարկվել են՝ ուրց, սոխ, սամիթ, մասուր, թուզ, կենդանիների ուղեղ ու լյարդ: Շաքարախտի բուժման ժամանակ օգտակար են համարվել՝ դդումի, նռան, սալորի, սերկեւիլի հյութերը, կորեկը եւ գարին, բանջարեղենից` վարունգի, ձմերուկի, սեխի, սամիթի, կարոսի, դանդուռի սերմերը, հազարն ու եղերդակը, մթերքներ, որոնք կայուն տեղ ունեին եւ ունեն հայոց ուտեստի համակարգում:

- Ներկայումս ի՞նչ փոփոխություններ կան հայերի սննդակարգում:

- Ներկայումս, քանի որ սնունդը դառել է հարուստ ու առատ, մսեղենը, ձկնեղենը ավելի մեծ պահանջարկ ու համարում են ստացել: Ավելին, նախկինում տոնական համարում ունեցող կերակուրները այսօր դարձել են առօրյա, ուտեստի համակարգում հայտնվել են նոր կերակուրներ, մսեղենի տարածմամբ կրճատվել են կաթնեղենն ու հացահատիկային մթերքները: Գյուղական միջավայրում ազգային խոհանոցն առավելապես հարազատ է մնացել սննդի ավանդական համակարգին, մինչդեռ քաղաքային բնակավայրերում նկատելի են նորամուծություններ:

- Ձեր կարծիքով, ո՞րն է առողջ սնունդը:

- Առողջ սնունդը այն սնունդն է, որը չի ծանրաբեռնում օրգանիզմը: Արագ պատրաստման ուտելիքը խնդիրներ է առաջացնում օրգանիզմի համար: Կարծում եմ առողջ սնվելու համար,  պետք է ավելի շատ ուտել բանջարեղեն, մրգեր եւ կաթնամթերք:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

- Սիրելի «Զարուհի» ամսագրի ընթերցողներ, շարունակեք պատրաստել մեր ավանդական կերակուրները` ջրիկ ապուրները, հալվան, չրեղենը, գաթան եւ այլն: Սնվեք եւ եղեք  առողջ:

Հուսով ենք, որ մեր ընթերցողները կհետեւեն ազգագրագետի հետաքրքիր եւ օգտակար խորհուրդներին եւ առողջ կլինեն:

Զրուցեց`

Նունե Հովհաննիսյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում