axorjԵրեւի դժվար է գտնել մարդու, ով կյանքում գոնե մեկ անգամ չի լսել հետեւյալ ասացվածքը. "Նախաճաշը ինքդ կեր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ": Եվ եթե ճաշի ու ընթրիքի հարցում կարելի է վիճել, ապա ինչ վերաբերում է նախաճաշին, դիետոլոգները համոզված են. ոչ մի դեպքում պետք չէ նրանից հրաժարվել:

Դա օրվա ընթացքում սննդի ամենակարեւոր ընդունումն է: Չէ՞ որ հենց առավոտյան է օրգանիզմը մեծ քանակի էներգիայի պահանջ զգում: Եվ եթե շտապողականության պատճառով մենք չենք հասցնում լիարժեքորեն նախաճաշել, այլ բավարարվում ենք մի գավաթ սուրճով, ապա դա անմիջապես ազդում է առողջական վիճակի վրա: Արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է, որի արդյունքում մենք չենք կարողանում կենտրոնանալ, նվազում է ուղեղի ակտիվությունը: Իսկ եթե սովորում ենք տնից դուրս գալ առանց նախաճաշելու, ապա լուրջ հետեւանքներից չենք կարող խուսափել: Առաջին հերթին աճում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ռիսկը: Բացի այդ, դա կարող է ազդել մարմնի կառուցվածքի վրա: Չէ՞ որ առավոտյան չսնվելով` մենք անընդհատ ցանկանում ենք ինչ-որ բան ուտել: Եվ հընթացս ուտում ենք նգանակ, քաղցրաբլիթ, կոնֆետ... Ավելի լավ չէ՞ մարդավարի նախաճաշել:

Իդեալական նախաճաշը պետք է ապահովի մարդու օրվա պահանջարկի մոտ 25 տոկոսը` կալորիայով (օրվա 2000 բաժնից` 500-ը): Չարժե մոռանալ, որ թեթեւ նախաճաշը` բաղկացած ցածր կալորիականություն ունեցող մթերքներից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Իսկ օրգանիզմը, զրկված «վառելիքիե առավոտյան չափաբաժնից, սկսում է կուտակել պահեստային սննդանյութեր: Եվ որպես այդ ամենի հետեւանք` ավելորդ կիլոգրամների կուտակում է տեղի ունենում: Նախաճաշը պետք է լինի հագեցնող: Այն առաջին հերթին պետք է բաղկացած լինի սպիտակուցով հարուստ մթերքներից: Օրինակ` ձվից, ոչ յուղալի պանրից, կաթնաշոռից, կաթից, մսից, ձկից: Երկրորդ կարեւոր տարրը բարդ ածխաջրերն են: Դրանք դանդաղ են յուրացվում եւ օրգանիզմը ապահովում են անհրաժեշտ էներգիայով: Ուստի առավոտյան ճաշացանկի մեջ հարկավոր է ներառել շիլա, հաց: Եվ, իհարկե, անհրաժեշտ են axorj2բանջարեղեն եւ միրգ, որոնցում կան անհրաժեշտ վիտամիններ:

Առավոտյան անոթի օգտակար է խմել առանց գազի մի բաժակ հանքային ջուր: Դա կօգնի արթնանալ, ակտիվացնել նյարդային համակարգը, բարելավել ինքնազգացողությունը: Կես ժամից հետո կարելի է սկսել սնվելու արարողությունը: Ոմանք չեն պատկերացնում առավոտը առանց մի գավաթ սուրճի: Այդ դեպքում ավելի լավ է նախապատվությունը տալ բնական, այլ ոչ թե լուծվող ըմպելիքին: Կանաչ թեյը նույնպես կօգնի աշխուժանալ:

 

Պատրաստեց ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ