pahk2«ՄԵԾ ՊԱՀՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑՈՎ, ԱՅԼԵՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ ԱՊՐԵԼՈՒ»

Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքի շրջանը, երբ հավատացյալ ժողովուրդը, զերծ մնալով մարմնական վայելքներից ու մեղքերից, ժուժկալությամբ ու ապաշխարությամբ նախապատրաստվում է Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին:

 

«Մեծ պահքը յուրաքանչյուր քրիստոնյայի համար հոգեւոր վերանորոգության շրջան է: Պահքի ընթացքում մեզ համար լավ առիթ է ստեղծվում Քրիստոսի` անապատի փորձության ժամանակ ասած խոսքն իրականություն դարձնելու, այդ խոսքով ապրելու համար: Քրիստոս ասում է. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ` Աստծո ամեն խոսքով» (Ղուկ. 4.4): Ուրեմն` Մեծ պահքն էլ լավագույն հնարավորությունն է ոչ միայն հացով, այլեւ` Աստծո խոսքով ապրելու համար: Փորձենք այս ընթացքում մեր ուշադրությունն առավելապես դարձնել ոչ թե ուտելիքի կամ աշխարհի վրա, այլ Աստծո խոսքի եւ հոգեւոր արժեքների»,- մեզ եւ ամենքիս հորդորում է Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ, Արժանապատիվ ՏԵՐ ՄԱՐԿՈՍ քահանա ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ: Իսկ տերհոր երեցկինը` ԱՆԳԵԼԻՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, «Զարուհու» ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում պահոց ուտեստների լավագույն բաղադրատոմսերը.

ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑpahk5

Բաղադրիչներ.

կանաչ սոխ

կանաչ սխտոր

համեմ

կարմանտյուկ (նաեւ` կնդձմնձուկ)

ճռճռուկ (լատ. cerastium)

թրթնջուկ (նաեւ` թթվաշ)

ծտապաշար (լատ. capsela)

նանա

եղինջ (լատ.urtica):

Պատրաստման եղանակը.

Նախքան այս բույսերի մշակումը, պատրաստում ենք սովորական հացի խմոր (ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու: Այնուհետեւ մաքրում եւ հոսող ջրի տակ լվանում ենք հավաքված ժենգյալը (վերը նշված բույսերի ամբողջությունը), կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ, կարմիր եւ սեւ պղպեղ` ըստ ճաշակի: Պատրաստված խմորը բաժանում ենք փոքրիկ գնդերի, որոնք գրտնակով բացում ենք հնարավորինս բարակ: Ժենգյալը լցնում ենք խմորի բարակ շերտի վրա եւ եզրերը վրա բերում, որ ստանա փոքրիկ հացի տեսք: Թխում ենք հենց կրակին դրված երկաթի կտորի վրա, որը կոչվում է սաջ:


pahk3ՀՈՒՄՈՒՍ

Բաղադրիչներ.

1 բաժակ սիսեռ

3 -4 ճ. գդ. թահինի սոուս

1 պճեղ սխտոր

0.5 կիտրոնի հյութ,

մի պտղունց կարմիր պղպեղ

մի պտղունց համեմի սերմ (աղացած)

0.5 բաժակ ձիթայուղ:

Պատրաստման եղանակը.

Սիսեռը սառը ջրով թրջել, թողնել գիշերը մնա: Սիսեռի կեղեւները հեռացնել: Եթե դժվար է, ապա կարելի է հեռացնել եփվելուց հետ (առանց կեղեւի հումուսն ավելի նուրբ է ստացվում): Ջուրը թափել, նորից առատ ջուր լցնել եւ եփել երկար, մինչեւ սիսեռը փխրուն դառնա: Թահինի պատրատի մածուկի բացակայության դեպքում կարելի է ինքնուրույն պատրաստել այն: Կես բաժակ (կարելի է ավելի քիչ) քունջութի սերմերը չոր թավայում բովել: Հովանալուց հետո լցնել բլենդերի մեջ, աղ ցանել, մի քիչ ձիթայուղ լցնել, գցել սխտորի պճեղը եւ խառնել: Ավելացնել կիտրոնի հյութը: Թահինին քիչ-քիչ ավելացնել սիսեռը, բլենդերով խյուս դարձնել: Որպեսզի ավելի հեշտ լինի, սիսեռի եփուկից ավելացնել: Արդյունքում պետք է ստացվի թանձր շիլայանման զանգված: Համեմել կարմիր պղպեղով, համեմի սերմով, խառնել: Լցնել ափսեի մեջ, վրան մի քիչ փոս անելեւ առատ ձիթայուղ լցնել: Մատուցել լավաշի կամ չորահացի հետ:

ՄԻՋԻՆՔԻ ԲԱՂԱՐՋ (ՏԱՊԼԱ)

Բաղադրիչներ.pahk1

(10 հոգու համար)

1 կգ ալյուր

100 գր մեղր

150 գր ձեթ

200 գր ջուր

12 գր սոդա

20 գր աղ:

Պատրաստման եղանակը.

Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով եւ գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով եւ թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որեւէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5 սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել եւ թխել թոնրում կամ փռում:

ՊԱՀՔԻ ՎԱՐԴԵՐ

Բաղադրիչներ.pahk4

2 բաժակ ալյուր

1 բաժակ շաքարավազ

1 թեյի գդալ սոդա

1 պտղունց աղ

1 սուրճի բաժակ ձեթ

վանիլ

1 թեյի գդալ քացախ

գոլ ջուր:

Պատրաստման եղանակը.

Ստանալ ձեռքերին չկպչող խմոր: Գրտնակով բացել ոչ շատ բարակ, վրան բարակ շերտով քսել ջեմ, վրան շաղ տալ քունջութ, ռուլետի նման փաթաթել եւ 20 րոպեով դնել սառցախցիկ, որից հետո կտրատել վարդերի նման եւ թխել ջեռոցում 180 C.:

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏՈԼՄԱ

Բաղադրիչներpahk

1 կգ կարտոֆիլ

2 գլուխ սոխ

0.5 բաժակ բրինձ

1 ճ. գդ. տոմատի մածուկ

սամիթ

աղ

պղպեղ

բուսական յուղ:

Պատրաստման եղանակը.

Մաքրած կարտոֆիլը սոխի հետ աղալ: Ավելացնել բրինձը, մանրացրած կանաչին, աղն ու պղպեղը, լավ խառնել: Կաղամբի թերթիկները խաշել, յուրաքանչյուրի մեջ դնել պատրաստի լցոնը, փաթաթել և դասավորել կաթսայի մեջ: Տոլմայի վրա դնել շրջած ափսե, ավելացնել նախապես ջրով բաց արած տոմատի մածուկը եւ ջուր այնքան, որ ծածկի տոլման: Եփել մարմանդ կրակի վրա:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Ի գիտություն` Մեծ պահքն ավարտվում է  Ճրագալույցի սուրբ պատարագով:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ