livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

pupil1Քննությունները մոտենում են, անելիքները շատ են, ժամանակը` կարճ: Յուրաքանչյուր ծնողի հետաքրքրում է, թե հոգեբանորեն ինչպես վարվել քննություն հանձնող երեխայի հետ, որը առավոտից երեկո պարապում է մի քանի առարկաներ, որպեսզի լավ կարողանա հանձնել քնությունները: Ինչպե՞ս պետք է կազմակերպել կրկնությունները, որպեսզի պարապունքները լինեն առավել արդյունավետ եւ քիչ հոգնեցնեն երեխաներին:

Հաճախակի պատահում է, որ դասին ինչ-որ չափով նախապատրաստված աշակերտը կանգնում է շփոթված ու ամոթահար եւ ուսուցչի բոլոր հարցերին ի պատասխան լռում:

- Ինչո՞ւ չես սովորել,- հանդիմանում է ուսուցիչը:

- Սովորել եմ,- առարկում է աշակերտը: - Մի անգամ չէ, երկու անգամ եմ կարդացել:

Եվ իրոք կարդացել է, բայց կարդալ էլ կա կարդալ էլ, հարկավոր է, որ կարդացածը հաստատուն հետք թողնի ուղեղում, մտապահվի, դառնա գիտելիք:

Պատկերացրեք մի ֆուտբոլասեր տղայի, աչքը դասագրքին, ականջը` ռադիոընդունիչի ձայնին, որ հանրապետական ստադիոնից այս սենյակ է հասցնում ֆուտբոլային խաղի անցուդարձը: Համոզված եղեք, որ քիչ հետո տղան կարող է մանրամասն նկարագրել խաղը: Իսկ ի՞նչ կարող է պատմել իր կարդացած հինգ-վեց էջի մասին, գրեթե ոչինչ:

Կողմնակի ազդեցությունները, զբաղեցնելով գիտակցությունը, խանգարել են մտային պրոցեսները, շեղել ուշադրությունը, նյութի յուրացումը դարձրել անհնարին:

Քննության նախապատրաստվող երեխան առաջին հերթին պետք է  պարապելիս մեկուսացվի կողմնակի ազդեցություններից, որոնք կարող են թեկուզ ակամա զբաղեցնել նրա գիտակցությունը: Քննությունից առաջ ոմանք սիրում են մենակ պարապել, ոմանք` խմբով: Իսկ ո՞րն է ավելի նպատակահարմար: Օրինակ` ասենք միասին պարապում են  հինգ հոգի` Կարենը, Ցողիկը, Լուսիկը, Սամվելը, Վարդանը: Նրանցից Կարենը` խմբի ամենաուժեղ աշակերտը, շարունակ կամ կարդում է, կամ պատմում, բացատրում: Մյուսները միայն լսում են: Իսկ միայն լսելը բավակա՞ն է նյութը ինչպես պետքն է յուրացնելու, մտապահելու համար: Բավական չէ: Բացի այդ ասենք ինչ-որ բան հանկարծ գրավեց Սամվելի ուշադրությունը. նա լրիվ չլսեց այն, ինչ պատմում էր Կարենը: Լուսիկն էլ մի հարցը լրիվ չհասկացավ, կուզեր նորից անդրադառնալ: Նրանք երկուսն էլ այդ մասին լռեցին` հարմարվելով  պարապմունքի ընդհանուր տեմպին: Ցողիկը շատ լավ գիտեր այն թեման, որը հիմա կրկնում են ամենայն մանրամասնությամբ, կուզեր, որ դրա փոխարեն կրկնեյին մի ուրիշ հարց, բայց քանի որ այդ թեման կրկնելը մյուսներին հարկավոր է, ինքն էլ ակամա լսում է ու ձանձրանում: Վարդանը հոգնել է, ուզում է, որ ընդհատեն պարապմունքը, մյուսները գտնում են, որ դեռ վաղ է ընդմիջումի համար:

Ինչ խոսք ներկայացրած տարբերակը նպատակահարմար եղանակ չէ: կա մեկ այլ անհարմարություն. մի միջամտություն պատմողին, մի սրամտություն կամ կատակ եւ պարապմունքը աննկատելի վերածվում է հաճելի ու զվարթ խոսքուզրույցի` կլանելով սուղ ժամանակը:

 Դրա համար ճիշտ կլինի, եթե ամեն մի աշակերտ նախ պարապի մենակ, ապա երբ բոլորը կրկնեն-վերջացնեն ամբողջ նյութը կամ մի խոշոր բաժին, հավաքվեն` հարցերով մեկմեկու ստուգելու, պակասը լրացնելու, օգնելու համար:

Կարեւոր է, որ երեխան ճիշտ բաշխի իր անելիքը ժամանակի վրա, որպեսզի հասցնի ավարտին այն առանց ավելորդ լարվածության:

- Ժամանակն է, որ սկսենք կրկնությունը,- հիշեցնում են ուսուցիչները դեռեւս չորրորդ քարորդի սկզբից:

-  Ոմանք կատարում են հանձնարարությունը, ոմանք` ոչ: Չկատարողները իրենց ծուլությունն արդարացնում են այսպիսի դիտողությամբ. «Ամեն մի քննությունից առաջ երկու-երեք օր ժամանակ են տալու: Կկրկնեմ, էլի: Ի՞նչ կարիք կա հիմիկվանից իրար անցնելու»:

- Երկու-երեք օրում չես հասցնի կրկնել,- զգուշացնում են:

- Կհասցնեմ:

 Ինչո՞վ է ավարտվում այսպիսի «լավատեսությունը»:

pupilԼավագույն դեպքում նրանով, որ քննության նախօրյակին, քուն ու հանգիստ մոռացած, պարապելով, մի կերպ ծայրը-ծայրին հասցնելով` աշակերտը թեթեւակի կրկնում է թեմաները եւ լավ, թե վատ հանձնում քննությունը: Բայց սա խաբուսիկ հաջողություն է: Եթե գիտելիքները չեն ամրապնդվել պարբերական կրկնություններով, խորը հետք չեն թողնում ուղեղում: Կարճ ժամանակ անց բոլոր նյութերն ինչպես հապճեպությամբ որ մտապահվել են, այնպես էլ արագ ջնջվում են հիշողությունից:

Ավելի տխուր է այն աշակերտի վիճակը, ով չի հասցնում թեկուզ թեթեւակի կրկնել ամբողջ նյութը:

- Ախր մի օր էլ ունենայի, բավական էր:

Քանի որ այս ցանկությունն անհնարին է իրականացնել, աշակերտը հաջորդ առավոտ գնում է քննության ինչպես բախտախաղի:

Ավելի համառները «գտնում են» կորցրած ժամանակը ետ բերելու հնարը` գիշերը ցերեկվա վերածելով: Քննության նախօրյակին, երբ մարդ ամենից շատ կարիք ունի քնի ու հանգստի, պարապում է մինչեւ կեսգիշեր, մինչեւ լուսաբաց: Հոգնած կոպերը թմրում է, ծանրանում, իսկ նա ջանում է հաղթահարել քունը` ներշնչելով իրեն. «Մի քիչ էլ կարդամ, կվերջացնեմ, մի քիչ էլ…»:

Սա անհեռատես անիմաստ համառություն է, որի համար երեխան կարող է թանկ վճարել: Ծայրահեղ լարումից ուժասպառ ուղեղը դիմելով ինքնապաշտպանության գուցե քննության պահին արգելակվի այնպես, որ երեխան ի վիճակի չի լինի մտաբերել ու վերարտադրել նույնիսկ այն, ինչ իսկապես գիտեր:

Քննության նախօրյակին, երկարատեւ պարապմունքներից  հոգնած, երեխաները երբեմն գանգատվում են:

- Ամբողջ սովորածս գլխիցս թռել է, ոչինչ չգիտեմ, ոչինչ:

 Սա անտեղի տագնապ է: Յուրացված նյութը գլխից չքանալ չի կարող: Ինչ գիտես-գիտես: Որպեսզի ուղեղը դուրս գա արգելակված վիճակից եւ իմացածի, մտապահածի վերատադրումը հնարավոր դառնա, ամենախելացի բանը, որ հարկավոր է անել, այս վիճակում հանգստանալն է: Հաջորդ առավոտ քնով կազդուրված երեխան հստակ կմտաբերի այն, ինչ թվում էր իսպառ մոռացված:

Պարապմունքների հաջողությունը կախված է օրգանիզմի առույգությունից: Պետք է չխախտվի կյանքի սովորական ռիթմը, կամավոր չփոփոխվեն քնի ու սննդի սովորական ժամերը: Չի կարելի մոռանալ հանգստի մասին:

Պարզ է, որ խելացի կազմակերպված հանգիստը քննությունների շրջանում անհրաժեշտ է երեխային ավելին, քան երբեւէ: Իհարկե, հարկ կլինի հսկել այն երեխաներին, որոնք առիթ են փնտրում չարաշահել հանգստանալու իրենց իրավունքը: Դուրս են գալիս հանգստանալու նպատակով եւ ժամերով չեն վերադառնում, խաղով տարված` մոռանալով դասագիրք ու քննություն:

Մինչդեռ այդ շրջանում երեխաների ժամանակի ու էներգիայի մեծ մասը պետք է հատկացվի ամենակարեւորին` քննություններին: Կա նաեւ հակառակ ծայրահեղություն, կան երեխաներ, որ փակվում են սենյակում, ծածկում դուռ ու պատուհան եւ առավոտից երեկո կարդում անվերջ: Սրամիտ դասընկերները չեն հապաղում նրանց կնքնել դիպուկ անունով` «Ճգնավոր» կամ «գիրք կրծող»: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ մայրը պետք է թարմ օդ շնչելու ուղարկի փոքրիկ «ճգնավորին», մարզանքը, շարժուն խաղը բաց օդում, լողը` քիչ ժամանակ խլելով երեխային կվերադարձնեն մարմնի կայտառությունն ու մտքի թարմությունը, կբերեն բարձր տրամադրություն, կներշնչեն ինքնավստահություն: Իսկ եթե երեխան առույգ է ու կենսուրախ, պարապմունքները չեն ճնշի նրան: Քննությունները կհանձնի հեշտ ու թեթեւ, ասես խաղալով ու խայտալով:

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում