livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Նախորդ համարում երեխայի դաստիարակության վերաբերյալ Հռիփսիմե Խոջոյանի «Քսան զրույց երեխաների մասին» գրքից ներկայացրել էինք հատվածներ, որտեղ ներկայացված էին մանկան խոսքը եւ նրա միջավայրը:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում երեխայի դաստիարակության առավել կարեւոր` երեխայի հարցերի շրջանի մասին:

 

Երեխայի առաջին հարցերը համընկնում են նրա առաջին քայլերին ու առաջին թոթովանքներին: Գերմանացի հոգեբան Վիլյամ Շտեռնը մեկուկեսից երկուսուկես տարեկան հասակը անվանել է հարցերի առաջին հասակ: Ձեր փոքրիկ աղջիկը կամ մանչուկը, որ երեկ, մյուս օրը դեռ չէր լքել օրորոցը, իր ամրապնդվող ոտիկներով անդադրում քայլում է, մտնում ամեն անկյուն, աչք ու ականջ դարձած զննում, հետազոտում է ամեն բան ու փոքրիկ մատը մեկ այս, մեկ այն առարկային ուղղելով` հարցնում է շարունակ.

- Սա ի՞նչ է:

Ծնողներից լսած-սովորած բառերն օգնում են, որ երեխայի ստացած խառնիխուռն տպավորությունները զատվեն իրարից, նրա փոքրիկ գլխում դառնան գիտելիքների կարգ:

Գիտելիքների աճող պաշարի հետ փոխվում է եւ հարցերի բնույթը: Երեք-չորս տարեկան երեխան միայն իրերն անվանելով չի բավականանում: Նա սկսում է համեմատել իր զգացածն ու ընկալածը:

Ավտոմեքենա՞ն է արագ գնում, թե՞ գնացքը, կարո՞ղ են հաղթել առյուծին, եթե հավաքվեն աշխարհի բոլոր մրջյունները, քանի՞ բարձրահասակ շենք պետք է իրար գլխի դնել լուսնին հասնելու համար... Ու ծնողների վրա իջնում է մանկան հարցերի տեղատարափը:

Ցավոք, բոլոր ծնողները չէ, որ հաճույքով ու համբերությամբ պատասխանում են երեխաներին: Ոմանք նույնիսկ բարկանում են, հանդիմանում:

- Հոգիս հանեցիր քո հարցերով:

- Համբերիր, դպրոց կգնաս, կսովորես:

Մինչդեռ անհատի հոգեկան զարգացման հարցում իր վճռական դերն ունի եւ այն, ինչ ձեռք է բերվել մանկության ամենավաղ տարիներին: Այդ հասակում ստացած տպավորությունները բացառիկ խորն են ու պայծառ:

Հինգ-վեց տարեկան երեխային արդեն հետաքրքրում են ոչ միայն առանձին առարկաներ ու երեւույթներ, այլեւ նրանց փոխադարձ կապերն ու առնչությունները: Երեխան փորձով համոզվում է, որ ամեն բան ունի իր պատճառն ու հետեւանքը: Մինչդեռ երեխայի մտքի առաջին պրպտումները դառնում էին «ի՞նչ»-ի շուրջը, դպրոցի նախաշեմին նրան սկսում է հետաքրքրել «ինչո՞ւ»-ն: Սա արդեն վկայում է, որ երեխան թեւակոխել է զարգացման մի նոր փուլ, սկսվել է հարցերի երկրորդ հասակը:

Ո՞վ է, որ պետք է օգնի երեխային որոնելու-գտնելու «ինչո՞ւ»-ների պատասխանը, ճիշտ ուղղություն տա նրա դատողություններին: Անշուշտ, առաջին հերթին` ծնողները: Վատ է, երբ նրանք խուսափում են երեխայի հարցերից: Է՛լ ավելի վատ է, երբ փոքրիկի հարցապնդումներից «օձիքն» ազատելու համար կամ նրան բարոյախոսելու միտումով չափահասը երեխային տալիս է պատահական, անհիմն պատասխան:

- Տեսնո՞ւմ եք, կարուսելը փչացել է, եւ դուք այսօր չեք նստի:

- Ինչո՞ւ է փչացել,- անհանգստանում են երեխաները:

- Դուք առավոտյան անկարգություն արեցիք, դրա համար,- կարճ կապեց մայրը:

Արդյո՞ւնքը: Կորչում է երեխայի հավատն ու հարգանքը ծնողի խոսքի նկատմամբ: Իսկ եթե երեխան միամիտ լինի այնքան, որ հավատա այդպիսի պատճառաբանությա՞նը: Ավելի վատ: Ծնողի  անիմաստ բացատրությունը կդառնա թյուրիմացության աղբյուր, խառնաշփոթություն կստեղծի երեխայի գիտելիքների համար:

Մինչդեռ խելացի լուծում ստացած «ինչու»-ներն օգնում են երեխային` բացատրելու առարկաների ու երեւույթների ամենաբազմազան կապերն ու հարաբերությունները: Օրինակ.

- Երկնքում ամպ կա, մայրիկ, ինչո՞ւ անձրեւ չի գալիս:

- Որովհետեւ ամպերը քիչ են:

- Թող քիչ անձրեւ գա...

Չորսամյա տղայի թե՛ հարցը, թե՛ առարկությունը տրամաբանական է: Դատողությունն իր տենդենցով ճիշտ է: Ինչ-որ ժամանակ նրա հարցին` թե որտեղի՞ց է գալիս անձրեւը, պատասխանել են, որ երկնքում կուտակված ամպերն են անձրեւ դարձած ցած թափվում: Բացատրությունն օգնել է երեխային գիտակցելու կապը անձրեւի եւ ամպերի միջեւ:

Երեխաներ կան, որ մանկության վաղ տարիներին հարցասեր են, հետաքրքրվող, բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար դառնում են անտարբեր, չհետաքրքրվող: Ոչ սակավ դեպքերում այստեղ մեղքի մեծ բաժին ունեն ծնողները: Երեխան զգայուն է հատկապես աննրբանկատ կատակների նկատմամբ: Նա քիչ-քիչ վարժվում է թաքցնել իր հարցերը` ծաղրից ու հեգնանքից  խուսափելու համար:

Դպրոցական տարիներին երեխայի հետաքրքրությունների ու գիտելիքների ոլորտը անհամեմատ լայնանում է, հաճախ նա իր հարցերով դժվար կացության մեջ է դնում ծնողներին, հարցնում է բաներ, որոնց պատասխանելու համար անհրաժեշտ գիտելիքներ ծնողը չունի: Թույլատրելի՞ է այդ դեպքում, սեփական անգիտությունը քողարկելու համար երեխային տալ մոտավոր, անստույգ պատասխան:

Հապա ծնողի հեղինակությո՞ւնը:

Ամեն մի երեխա, մինչեւ մի որոշ հասակի հասնելը, իր ծնողներին եւ իրեն շրջապատող չափահաս մարդկանց առհասարակ համարում է ամենագետ: Նա սրտանց զարմանում է.

- Այդքան մեծ ես ու չգիտե՞ս:

Սակայն ժամանակի ընթացքում կյանքի փորձը հարկադրում է երեխային  վերանայել իր այդ խորին համոզմունքը: Եվ այն փաստի գիտակցումը, որ իր ծնողներն էլ, ինչպես ամեն մարդ, ոչ ամենագետ են եւ ոչ էլ ամենազոր, չի հեղինակազրկում վերջիններիս:

Ուրեմն տակտն ու լրջմտությունը պարտավորեցնում են ծնողին արհեստականորեն չերկարաձգել երեխայի պարզամիտ հավատը իր հոր ու մոր «անսահմանափակ գիտելիքների» նկատմամբ: Ձեր գիտելիքները չե՞ն բավականացնում ձեր որդու կամ աղջկա հարցին սպառիչ պատասխանելու համար: Ցույց տվեք նրան այլ հեղինակություններ, նրա հետ միասին փնտրեք պատասխանը այլ աղբյուրներում:

Ամեն մի որոնում արդյունավետ է, եթե մարդ հստակ գիտակցում է, թե ինչ է իր որոնածը: Մտքի որոնումների արդյունավետությունը նույնպես մեծ չափով կախված է հարցի հստակ գիտակցումից, պարզորոշ ձեւակերպումից: Պետք չէ հապճեպ ընդառաջ գնալ երեխային` ջանալով կռահել նրա հարցը: Թող նա ինքը ջանք թափի` հստակ ձեւակերպելու իր հարցը:

Իսկ եթե երեխայի հարցը հստակ է ու խիստ որոշակի, եւ ծնողի գիտակցածն էլ միանգամայն բավական է սպառիչ պատասխան տալու համար, է՛լ ավելի նպատակահարմար կլինի, եթե ծնողը, նախ` երեխային դրդի որոնելու իր իսկ հարցի պատասխանը: Այս դեպքում ոչ միայն  ինչ-որ բան կավելանա նրա գիտելիքների պաշարին, այլեւ գիտակցության համառ ջանքերի մեջ կզարգանա մտածելակերպը:

Ուրեմն անփութորեն անուշադրության չմատնենք երեխայի հարցերը, պատահական, անհարկի պատասխաններով չկաշկանդենք  նրա մատաղ մտքի որոնումները: Չմոռանանք, որ հարցերի նշանակությունը երեխայի կյանքում ավելին է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հարցասեր մարդն սթափ է, միջավայրի նկատմամբ` ակտիվ, զարգացած դիտողություն ունի:

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում