livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

schoolՍեպտեմբերի մեկը հատկապես նշանակալից է առաջին դասարանցիների համար, քանի որ դեպի հասուն կյանք տանող առաջին քայլերը երեխան սկսում է դպրոցից: Դպրոցը ոչ  միայն գիտելիք տվող կառույց է (գիտելիքներ կարելի է տանն էլ ստանալ), այլ մի ճանապարհ, որտեղ երեխան սովորում է կողմնորոշվել կյանքում: Այն երեխաները, որոնք  հաճախել են մանկապարտեզ, արդեն իսկ ծանոթ են իրենց հասակակիցների եւ օտար մեծերի հետ շփման հմտություններին եւ գիտելիքներ ստանալու պրոցեսին, թեկուզ խաղային  տարբերակով: Սակայն դա դեռ ինքնուրույնություն չէ, այնտեղ չկա սեփական քայլերի համար պատասխանատվություն:

Հենց այդ տարիքում են երեխաները մտնում անձի ձեւավորման գիտակցական փուլ, այսինքն` պարզորեն գիտակցում իրենց եւ շրջապատողների միջեւ հարաբերությունները,  մարդկանց արարքների դրդապատճառները, բարոյական արժեքները, կոնֆլիկտների պատճառներն ու հետեւանքները:  

Հասարակության կողմից մշակված վարքի նորմերն ընդունելով` երեխան աստիճանաբար այդ նորմերով ապրում է եւ պահպանում` որպես իր սեփականը:

Դպրոց մտնելով փոխվում է երեխայի էմոցիոնալ ոլորտը, սկսում է արագ արձագանքել առանձին իրավիճակներին եւ իրադարձություններին: Նրանք զգայուն են շրջապատի ազդեցության նկատմամբ, տպավորվող են եւ էմոցիոնալ արձագանքող: Նրանք ընկալում են առարկաների եւ երեւույթների առանձնահատկությունները, ինչպիսի էմոցիոնալ արձագանք են թողնում դրանք իրենց վրա:

Եթե մինչ դպրոցը երեխայի  որոշակի անձնական առանձնահատկությունները կարող էին չխանգարել նրա բնական զարգացմանը, ապա դպրոցներում տեղի է ունենում  կյանքի  պայմանների ստանդարտացում, որի արդյունքում նրա էմոցիոնալ եւ վարքային առանձնահատկությունները կամ շեղումները դառնում են նկատելի:

Ի՞նչ է սպասվում երեխային դպրոցում:       

Դպրոցական կյանքին ծանոթ աշակերտները գիտեն` ինչի են սպասում, սակայն այլ են առաջին անգամ գիտելիքների աշխարհ մտնող երեխայի սպասելիքները: Որոշ երեխաների  համար դա նոր խաղ է, մյուսների համար` խաղի վերջ, շատերն էլ կրկնում են ծնողների եւ շրջապատի մարդկանց ասածները եւ չեն էլ պատկերացնում, թե ինչ է իրականում դպրոցը:

Ինչպիսին էլ լինեն սպասելիքները, երեխաները սթրես են ունենում նոր միջավայրում նոր փոփոխություններից:  Երեխաները ենթարկվում են սթրեսների, երբ հանդիպում են նոր եւ անսովոր երեւույթի, որպեսզի դպրոցը երեխայի համար սթրեսոգեն չլինի, հարկավոր է նախապես հոգեբանորեն պատրաստել  դժվարություններին եւ ապահովել արագ ադապտացիա: Որքան բարձր է երեխայի ադապտացվելու մակարդակը, այնքան հաճելի է եւ արդյունավետ ուսուցման պրոցեսը նրա համար:Երեխայի արագ ադապտացիան  կախված է նրա բնավորության գծերից, հոգեֆիզիոլոգիական կառուցվածքից, նոր իրավիճակում երեխաների հետ շփման մեջ արագ կողմնորոշվելու կարողությունից: Սակայն  ամենակարեւորն է նախապես հոգեբանորեն դպրոցական դժվարություններին նախապատրաստելը:

Արագ ադապտացվելու համար կարեւոր նախապայմաններ են.

• Ունենալ տարիքին համապատասխան հմտություններ,

• Ունենալ իմացական պրոցեսների (հիշողությունը, երեւակայությունը, ուշադրությունը, տրամաբանությունը) համապատասխան մակարդակ,

• Կարողանալ կենտրոնանալ եւ պահել ուշադրությունը,

• Հիշել հաղորդված նյութը,

• Երեւակայորեն կառուցել նոր կերպարներ,

• Կարողանալ ճիշտ ձեւակերպել եւ արտահայտել մտքերը,

• Տիրապետել մանր եւ խոշոր մոտորային հմտության (ձեռքի եւ մարմնի կառավարման),

• Ունենալ շփման հմտություններ,

• Կարողանալ կառավարել վարքը եւ հույզերը,

• Սովորել կարգ ու կանոնի պահպանումը,

• Սովորել պրակտիկ կյանքի հմտությունները,

• Կարողանալ կողմնորոշվել նոր իրավիճակներում,

• Ինքնուրույնաբար հաղթահարել սթրեսները, վախերը,• Հասկանալ երեւույթների եւ գործողությունների պատճառհետեւանքային կապերը,

• Երկար ժամանակ նստել միեւնույն տեղում,

• Կարողանալ հեշտորեն յուրացնել նոր հաղորդված նյութը,

• Ուսման նկատմամբ մոտիվացիա ունենալ,

Այս ամենին երեխաները սովորում են` հաճախելով նախակրթարաններ:

Իսկ այն երեխաները, որոնք այդ հմտություններին չեն տիրապետում, ուսման պրոցեսը կարող է տհաճ ու հոգնեցուցիչ լինել, իսկ ծնողի եւ ուսուցիչների համար դա որպես ընդունակությունների պակաս դիտվի: Օրինակ՝ եթե նյութը դժվար է յուրացնում երեխան, ապա դա ուշադրության, ցրվածության արդյունք կարող է լինել կամ՝ թույլ հիշողության:

Մինչեւ երեխային անընդունակ պիտակավորելը, անհրաժեշտ է դիմել մանկական հոգեբանի միջամտության կամ դիագնոստիկ կենտրոն, պարզելու պրոբլեմի դրդապատճառը եւ լուծել այն:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Առաջին անգամ դպրոց ուղեկցող ծնողին անհանգստացնում է, թե որ դպրոց տեղավորել երեխային, ինչ ուսուցչուհու մոտ, ինչպես է մտածված երեխաներին գիտելիքներ հաղորդելու պրոցեսը: Կարեւոր է հիշել, որ առաջին տպավորությունը երկար է պահպանվում, ուստի այն, ինչ կապված է դպրոցի հետ, նրա մոտ պետք է առաջացնի հետաքրքրություն:

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ծնողներին կազմակերպել երեխայի դպրոցական կյանքը, հետաքրքիր եւ ճիշտ սկիզբ դնել գիտելիքների ձեռքբերման գործում:

• Առավոտյան հանգիստ արթնացրեք: Առավոտվա տրամադրությունը հաճախ ուղեկցվում է ողջ օրվա ընթացքում, ուստի արթնանալով՝ երեխան պետք է տեսնի Ձեր ժպիտը, լսի մեղմ ձայնը:

• Առավոտյան մի շտապեցրեք ու նյարդայնացրեք, մանրուքների վրա մի կենտրոնացեք: Հարկավոր է ժամանակը այնպես կառավարել, որ շտապեցնելու կարիք չլինի, այն ամենը, ինչ կարող է լարում առաջ բերել առավոտյան, քնելուց առաջ  մտածեք եւ լուծումներ գտեք: Իսկ եթե դժվար է արթնանում երեխան, ավելի լավ է ժամը առաջ տալ, ասել, որ հասկանում եք, որ ինքը չի ուզում շուտ արթնանալ, թուլ տվեք մի քանի րոպե էլ քնել:

• Եթե երեխան նյարդայնացած է եւ լարված եւ ուզում է կիսվել Ձեզ հետ, մի թողեք հետո, դա կարող է մոռացվել եւ արտամղվել Ձեր կողմից արձագանք չստանալու պատճառով, խնդիրը լուծում չի գտնի նաեւ Ձեր օգնությամբ:

• Եթե տեսնում եք, որ երեխան ինչ-որ բանից վշտացած է, տարօրինակ լռում է, մի ստիպեք ասել, թողեք որ հետո ասի կամ պատմեք հեքիաթներ ու նկարեք նկարներ երեխաների մասին, որոնք նման իրավիճակում են գտնվում, դա առիթ կհանդիսանա, որ երեխան այդ մասին խոսի:

• Դպրոցից հետո երեխային անմիջապես մի նստեցրեք դասերը անելու, անհրաժեշտ է 2-3 ժամ հանգիստ, նախընտրելի է ակտիվ:

• Օրվա ընթացքում գտեք գոնե մի կես ժամ, առանց տնային գործերի, համակարգչի եւ հեռուստացույցի, որ երեխայի հետ մի հաճելի բանով զբաղվեք:

• Ընտանիքում երեխայի հետ կապված բոլոր որոշումները միաձայն ընդունեք եւ ընտրեք միանման տակտիկա:

• Հարկավոր է իմանալ, որ ուսման ընթացքում կան կրիտիկական շրջաններ, երբ հոգնեցուցիչ է սովորելը: Առաջին 4 շաբաթները, երկրորդ քառորդի վերջը, ձմեռային արձակուրդներից հետո առաջին շաբաթը, երրորդ քառորդի վերջում:

• Երբ երեխան բողոքում է գլխացավերից, հոգնածությունից, վատ ինքնազգացողությունից, դա ցույց է տալիս, որ երեխան ունի դժվարություններ՝ դպրոցում կամ ուսման մեջ:

• Օգնեք միայն այն ժամանակ, երբ նա խնդրում է, իսկ եթե նա կարողանում է ինքնուրույն իր դասերը անել, մի խանգարեք:aybenaran95

• Նրա հետ շփման ժամանակ օգտագործեք հաճելի արտահայտություններ եւ մի անվանակոչեք նրան:

• Օրվա ընթացքում գրկեք նրան ոչ պակաս, քան 4 անգամ:

• Լավ է հեռուստացույցը, համակարգիչը, այսինքն` այն ամենը, ինչ տեսողությունը լարում է օրվա մեջ, մեկ ժամից ավել չկազմեն:

• Խրախուսեք շարժողական խաղերը, քանի որ նրանց համար հոգնեցուցիչ է մի տեղում երկար նստելը: Լավ կլինի սպորտով զբաղվել, զբոսնել, պարել:

• Երեխայի կյանքում առաջին ամիսները լավ կլինի դպրոցից բացի նոր փոփոխություններ չլինեն, որ ադապտացիան հեշտ լինի:

• Նրան հարկավոր է խրախուսել. թեկուզ աննշան հաջողությունները: Միանգամից նրա մոտ ոչինչ չի ստացվի, զինվեք համբերությամբ, քանի որ նրան պետք է իր ուժերի վրա վստահ լինել:

• Ցույց տվեք, որ երեխան ընտանիքի լիիրավ անդամ է, ում հետ խորհրդակցում են ու հաշվի նստում:

• Սովորություն դարձրեք օրվա մի ժամին քննարկել օրվա իրադարձությունները: Ամենահարմարն է քնից առաջ, երբ նա ավելի հանգիստ է եւ տրամադրված ձեր հետ անցկացնել իր ժամանակը: Դա նաեւ անհրաժեշտ է, որպեսզի երեխայի հետ կապը ուժեղ լինի եւ ամենօրյա անհանգստությունները չվերածվեն պրոբլեմների եւ վախերի: Այսպես դուք կօգնեք երեխաներին  նաեւ քնել հանգիստ:

• Երբեմն լինում է, որ երեխան ունակ չի լինում սովորել կոլեկտիվի մեջ եւ հարկավոր է հոգեբան-մանկավարժի միջամտություն, որպեսզի ապահովի նրա ուսուցման համար նպաստավոր պայմաններ:

• Դասվարի հետ զրույցները աշխատեք առանց երեխայի լինեն, եթե խնդիրներ լինեն, դա կօգնի երկու կողմին էլ լսելու:

• Եթե երեխան դասընկերների հետ ունի խնդիր, մի շտապեք դպրոց ինքներդ այդ լուծելու, խոսեք դասվարի հետ, պարզեք իրավիճակը, օգնեք երեխային ինքնուրույն լուծել այն:

• Եթե նկատեք գերհոգնածություն, լարվածություն, լաց, ագրեսիա, տագնապայնություն կամ դարձել է ներփակված, պասիվ, թուլացել են հետաքրքրությունները, չի պատմում օրվա իրադարձությունների մասին, խոսեք դասվարի հետ կամ դիմեք հոգեբանի օգնությանը:

Հարգելի՛ մայրեր, Ձեր երեխային տվեք ինքնուրույնություն, դարձեք նրա ընկերն ու բարեկամը, հիշեք  որ ավելի կարեւոր է, որ երեխան օգնություն եւ ջերմություն ստանա, քան ուսում: Աշխարհի շատ ճանաչված մարդիկ անգամ դպրոց չեն ավարտել,  լրացրել են իրենց գիտելիքները ավելի հասուն տարիքում: Այնպես որ, երբեք ուշ չէ սովորել: Դասերը չանելու համար պատժելը ու թշնամանալը երեխայի հետ նրան դարձնում է անինքնավստահ, ապակողմնորոշված եւ դժբախտ մարդ: Հավատացեք, նրան ավելի կարեւոր է հոգեւոր ջերմ հարաբերությունները իր մոտիկ մարդկանց հետ, քան այն գիտելիքները, որը չկարողանա օգտագործել իր անինքնավստահության ու անլիարժեքության պատճառով:Այդ օգնող ջերմ հարաբերություններն են, որ ուժ են տալիս նրան հասարակությունում ինքնաարտահայտվել:  

ՀՈԳԵԲԱՆ՝ Աննա Գալստյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում