livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

dastiarakԵրեխայի դաստիարակության հարցում ծնողները հաճախ հետեւողական չեն իրենց արտահայտություններում` մոռանալով որ երեխան սպունգի պես վերցնում է ամեն ինչ: Հատկապես հայ ծնողները անգիտակցաբար հաճախակի են անտեղի օգտագործում «ՉԻ ԿԱՐԵԼԻ» արտահայտությունը, ինչը հոգեբանները սխալ են համարում: Հոգեբան ԼԻԼԻԹ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ «Զարուհու» ընթերցող-երիտասարդ ծնողներին խորհուրդ է տալիս հետեւել մի քանի խորհուրդների: Սովորաբար մենք երեխային վտանգի մասին զգուշացնում ենք բառերի միջոցով:

Ամենահաճախ օգտագործվողը դրանցից «ՉԻ ԿԱՐԵԼԻ» բառն է:

Թողնենք մի կողմ, որ մարդու գիտակցությունը չի ընկալում «ՉԷ» մասնիկը, նա կորում է անգիտակցականում եւ գիտակցության մեջ մնում է բառն առանց «Չէ» մասնիկի: Այս դեպքում խորհուրդ է տրվում փոխարինել «Չէ» մասնիկով բառը ինչ-որ այլընտրաքային բառով:

Դիտարկենք «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ն այլ տեսակետից՝ երեխային անդադար շրջափակելով արգելքներով, մենք սահմանափակում ենք նրա շրջակա միջավայրի հետազոտական հետաքրքրությունը: Այսինքն՝ արգելակում ենք նրա զարգացումը: Երեխան չի կարող հասկանալ բարդ տեսական բացատրություններ, նա ամեն ինչ պիտի զգա: Եթե հետեւենք ինչպես է երեխան հետազոտում նոր խաղալիքը, ապա կտեսնենք, որ նա այն շոշափում է, դիտարկում է, հոտ է քաշում, համտեսում է, լսում է, թե ինչ ձայն է նա հանում, եւ միայն այս դեպքում նա կարող է պատկերացում կազմել առարկայի մասին:

Այս պատճառով էլ` եկեք «ՉԻ ԿԱՐԵԼԻ» բղավելուց առաջ մտածենք. արդյո՞ք այն, ինչ անում է երեխան, վտանգավոր է: Արդյո՞ք չի կարելի, օրինակ, լեզվով փորձել հատակի համը: Դժվար թե դա սովորություն դառնա: Գիտությանը հայտնի չեն նման ֆենոմեններ, իրականում երեխան կտեսնի, որ հատակը համով չի եւ երկրորդ անգամ դա չի անի, եւ ուշադրությունը կշեղի այլ առարկաների վրա:  

Եթե խնդրին նայենք մեր տեսանկյունից, ապա կպարզվի, որ արգելքների մի քանիսն են իրականում կարեւոր: Հենց այդքան արգելք կարող է հիշել երեխան: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս շատ լավ մտածել, թե ինչին եք դուք կտրականապես դեմ: Դրանք շատ չեն լինի, օրինակ, չվերցնել սուր իրեր, չմտնել աղբամանի մեջ, չհամբուրել փողոցային շներին եւ, օրինակ, ձեռքերը չմցնել զուգարանի մեջ: Եթե նկատում եք, այս բոլոր արգելքները կապված են երեխայի առողջության եւ իրեն չվնասելու հետ: Եվ եթե այս արարքները կատարելու ժամանակ երեխային անընդհատ ասել ենք` «ՉԻ ԿԱՐԵԼԻ», նա կհիշի այդ բառերը:

Որպեսզի նա հետեւի արգելքներին, ապա ինքներդ հետեւեք մի քանի կանոնների:

«ՉԻ ԿԱՐԵԼԻ» բառը հարկավոր է ասել խիստ ձայնով, դեմքը այդ ժամանակ պիտի լինի հանգիստ, ավելի շուտ դժգոհ եւ առանց ժպիտի: Ընդ որում, երեխայի անցանկալի գործողությունը պետք է անմիջապես ընդհատել: Թվում է, թե այս ամենը ակնհայտ է բոլոր ծնողներին, սակայն քչերն են այդպես վարվում:

«Սա չի կարելի» - շոյելով եւ նուրբ ձայնով ասում է մայրը, երեխայի ձեռքից վերցնելով դանակը:

dastiarak1Երեխան ապակոմնորոշված է՝ արգելք եւ միանգամից գուրգուրանք: Կամ, երեխան քաշում է տատիկի մազերը: Տատիկը ասում է «ՉԻ ԿԱՐԵԼԻ» եւ ժպտում է, մտածելով «ինչ չարաճճի թոռնիկ ունեմ» եւ երեխան նորից եւ նորից է կրկնում այդ գործողությունը, մտածելով, որ դա խաղ է, քանի որ տատիկը ժպտում է:  Խնդիր չէր առաջանա, եթե տատիկը խիստ ձայնով ասեր «ՉԻ ԿԱՐԵԼԻ» եւ թոռնիկին իջեցներ ձեռքերից ցած:

Մեծերն իրենց մեղավոր են զգում, երբ ինչ-որ բան արգելում են երեխաներին եւ ցանկանում են ինչ-որ կերպ քաղցրացնեն «դառը դեղը»: Սակայն, պետք է հիշել, որպեսզի երեխան հասկանա ինչ է նրանից պահաջվում, ապա արգելքը պիտի արգելքի նման հնչի:

Եվ, պետք է լինել հետեւողական, եթե մի բան չի կարելի անել, ապա դա չի կարելի անել ընդհանրապես: Օրինակ, եթե չի կարելի սեղանի վրայից թուղթ վերցնել, ապա անգամ, եթե երեխան վերցրել է ոչ պետքական թուղթ, դա չի կարելի թույլ տալ, քանի որ մյուս անգամ նա կվերցնի պետքականը:

Մեծերը մոռանում են, որ միայն «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ով երեխան չի կարողանա բավարարել իր հետաքրքրությունը: Այս բառի հետ հավասար, երեխայի կյանք պիտի մտնի նաեւ «ԿԱՐԵԼԻ Է» բառը, որպեսզի երեխան ստույգ եւ հստակ գիտակցի իր հետազոտական գործունեության սահմանները:

Օրինակ. ՉԻ ԿԱՐԵԼԻ դանակով խաղալ, ԿԱՐԵԼԻ Է խաղալ գդալով, ՉԻ ԿԱՐԵԼԻ բաժակը վայր գցել, սակայն ԿԱՐԵԼԻ Է գցել գնդակը, ՉԻ ԿԱՐԵԼԻ բացել սառնարանի դուռը, սակայն ԿԱՐԵԼԻ Է բացել այլ պահարանի դուռ, որտեղ նրա խաղալիքներն են կամ բանջարեղենը:

Գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնց պետք է հետեւել`

1. «Չի կարելի» բառը պարտադիր պետք է լինի երեխայի կյանքում, բայց նա բացատրության կարիք ունի` ինչու չի կարելի, ընդ որում բացատրությունը պիտի ասվի երեխային հասկանալի լեզվով:

2. Սահմանափակումները չպիտի լինեն շատ, եւ նրանք պիտի ճկուն լինեն: Ավելի լավ է արգելել այն, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ թուլատրել: Սակայն, այս խիստ «Չի կարելի»-ի մեջ պիտի բացառություններ լինեն: Օրինակ, Նոր Տարվա գիշերը կարելի է ուշ քնել:

3. Ծնողների պահանջները չպիտի հակաճառեն երեխայի կարեւրագույն պահանջմունքերին, ինչը կարեւոր է երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական զարգացման համար. չվազել, չգոռալ, չմտնել, այս ամենը խոչընդոտում է երեխայի ճանաչողական ակտիվությանը:  

4. Կանոնները, սահմանափակումները, պահանջները եւ արգելքները պիտի համաձայնեցված լինեն մեծերի միջեւ: Եթե մայրը արգելում է, ոչ մի դեպքում հայրը, տատիկը կամ պապիկը չպիտի թուլատրեն:

5. Տոնը, որով ասվում է արգելքը կամ պահանջը, ավելի շուտ պիտի լինի խիստ, բայց ընկերական-բացատրական, քան՝ հրամայական: Ուլտիմատիվ արգելքը շատ վատ է ընկալվում:

Արգելելով որեւէ բան, պետք է շատ լավ պատկերացնել երեխայի համար արգելքի հետեւանքները: Հատկապես, եթե մեծերը անում են այն, ինչ արգելում են երեխային: Եթե նա չի կարող հասկանալ արգելքի պատճառը, ապա նրա ռեակցիան կարող է գնալ 2 ուղղությունով, երկուսն էլ հավասար վտանգավոր են:

1. Նրանք /մեծերը/ - վատն են, իրենք անում են, ինձ չեն թողնում:

2. Նրանք դա անում են, իսկ ինձ չի կարելի, ուրեմն ինձ հետ ինչ-որ բան նորմալ չէ /ես վատն եմ/:

Առաջին ճանապարհը բերում է նրան, որ երեխան ապրում է ագրեսիայի կամ մեղավորության /վիրավորության/ զգացում եւ ուղղում է այն դեպի դուրս: Իհարկե, ոչ միշտ է երեխան համարձակվում այդ զգացմունքն արտահայտել մեծերի նկատմամբ /հատկապես ագրեսիան/: Այս դեպքում երեխան այդ ամենը պրոեկցիա է անում ուրիշ երեխաների կամ կենդանիների վրա, լավագույն դեպքում նրան շրջապատող իրերի / խաղալիքներ, հագուստ եւ այլն/:

Երկրորդ դեպքում երեխան իրավիճակի զարգացման մեղքը վերցնում է իր վրա, սովորելով ինքնանվաստացմանը: Դա բերում է ցածր ինքնագնահատականի ձեւավորմանը, եւ հետեւաբար ցածր պահանջների մակարդակին, սոցիալական ակտիվության հրաժարմանը, եւ անհաջողության իրավիճակում գտնվելու սովորությանը:

Այս խնդիրներից խուսափելու համար ծնողներին խորհուրդ ենք տալիս.

• եթե արգելում եք մի բան, համոզվեք ինչքանով է դա վտանգավոր երեխայի համար

• եթե արգելում եք մի բան, ապա դուք էլ դա մի արեք:

• եթե հնարավոր է, փոխարինեք «ՉԻ ԿԱՐԵԼԻ» բառը այլընտրանքային բայով

• եթե արգելում եք մի բան, բացատրեք թե ինչու

• եթե ծնողներից մեկը արգելել է մի բան, ապա ընտանիքի բոլոր անդամները պիտի

  համամիտ լինեն նրա հետ:

• եթե ինչ-որ բան «ՉԻ ԿԱՐԵԼԻ», ապա դա «ՉԻ ԿԱՐԵԼԻ» ոչ մի դեպքում

• եթե ինչ-որ բան «ՉԻ ԿԱՐԵԼԻ», ապա կարելի է մեկ այլ բան

Հոգեբանի խորհուրդներից հետո հետաքրքիր է իմանալ, թե հայտնի մարդիկ ինչպես են դաստիարակում իրենց փոքրիկներին: Այս անգամ որոշեցինք սկսել երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԻՑ.

- Պարոն Իսպիրյան, երեխաների դաստիրակության հարցում Դուք «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ներով» առաջնորդվո՞ւմ եք:

- Իհարկե, ինչպե՞ս կարելի է չառաջնորդվել: Ես նախեւառաջ հեռուստատեսությունն եմ բացարձակ արգելել, որ նայեն, մանավանդ հայկական հեռուստաալիքները: Ես էլ չեմ դիտում, որպեսզի չթունավորվեմ, որովհետեւ թունավոր է: Երկրորդը՝ «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ն երեխաները հասկանում են եւ կամաց-կամաց մեր ընտանիքում քչանում է «ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ն, իսկ «ԿԱՐԵԼԻՆ» շատանում:

- Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս դաստիարակել մերօրյա երեխաներին:

- Հիմա այնքան բարդ է այդ խորհուրդ տալը: Նախ, պետք է ծնողները դաստիարակված լինեն, որ կարողանան դաստիարակել: Այսօր շատ անդաստիարակ ծնողներ ունենք, որ իրենք անգիտակցաբար երեխաներին դարձնում են անդաստիարակ՝ չհասկանալով, որ հետո իրենց փորած փոսում իրենք են ընկնելու:

dastiarak2- Դուք Ձեր երեխաներին դաստիարակում եք այնպես, ինչպես Ձե՞զ են դաստիարակել, թե՞ ունեք Ձեր մեթոդը:

- Ճիշտն ասած, ինձ վատ չեն դաստիրարակել, ես գոհ եմ իմ դաստիարակությունից: Բայց, այն տարիներին սննդի հարցեր կային: Այն ժամանակ գիտությունն այդքան զարգացած չի եղել եւ այդքան փորձ չեն ունեցել, որ կարողանան ճիշտ սննդով կերակրել երեխաներին: Մինչեւ հիմա էլ շատ սխալ են սնվում երեխաները՝ սկսած դպրոցական սնունդներից, որն իսկապես ահավոր է՝ Կոկա-կոլա, սառը սուրճ, թթվասեր, երշիկեղեն, այդ ամենը պետք է հանվի, որովհետեւ երեխան սոված ժամանակ սնվում է այդ աղբով: Իսկ այդ աղբը հետո իր «արդյունքը» հաստատ իր ազդեցությունը թողնում է առողջության վրա: Դրա համար կարեւորը գիտելիքն է, սնունդը, էլ չեմ խոսում էկոլոգիայի մասին, որ շատ վտանգված է Հայաստանում: Այ, եթե Կասկադի վերեւից նայեք քաղաքին, կտեսեք, թե քանի տեսակ ու քանի գույնի ծուխ է դուրս գալիս ու չգիտենք, այսինքն՝ գիտենք ինչքան վնաս է, շրջակայքում ապրող մարդիկ ամեն օր թունավորվում են: Ուրեմն՝ մաքուր օդ, առողջ սնունդ, բարձր կրթություն. երեխաներին առաջինը դա է պետք: Եվ իհարկե ճիշտ մթնոլորտ զարգանալու համար, ոչ մի ագրեսիա, որը հեռուստատեսությունը կերակրում է  երեխաներին: Ագրեսիայով է այսօր սնվում երեխան: Երեխան ուզում է նմանվի ֆիլմի այդ տձեւ հերոսներին, թե տեսքով, թե հագնվելով, թե մտածելակերպով: Ես չեմ ուզում մտածել, որ դա հատուկ է արվում երեխաներին բթացնելու համար: Եթե այդպես մտածեմ, ապա այստեղ նույնիսկ մեկ րոպե անգամ չենք ապրի, եւ ես, ցավոք, ստիպված կլինեմ երեխաներին փախցնել այս երկրից: Բայց, ես դեռ հույս ունեմ, որ այդ հեռուստաընկերությունների ղեկավարները, կամ ով որ թելադրում է հեռուստաընկերություններին, հնարավոր է կհասկանան ու այս ազգին կփրկեն այդ ցավից: Իսկ, եթե ոչ, ապա ես առաջարկում եմ ժողովրդին անջատել հեռուստատեսությունը կամ էլ նայել միայն ուսուցողական հաղորդումներ: Ռուսական շատ հաղորդաշարեր կան, որոնք մակարդակ ունեն, մինչդեռ Հայաստանում մակարդակով ոչ մի հաղորդում չեմ տեսել:

Հարգելի ծնողներ աշխատեք հետեւել խորհուրդներին եւ ճիշտ դաստիարակել Ձեր երեխաներին, քանի որ նրանք մեր վաղվա օրն են:

Պատրաստեց՝

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում