livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Շարունակում ենք հատվածներ ներկայացնել Հռիփսիմե Ղաջոյանի «Քսան զրույց երեխաների մասին» գրքից: Այս համարում խոսելով երեխայի խառնվածքի ու դաստիարակության մասին` նշենք, որ հարկ է նախ պարզել, թե ինչ խառնվածք ունի ձեր երեխան, ապա նոր փորձեք դաստիարակել նրան:

 

Քնած են երկու երեխա: Երկուսին էլ պետք է արթնացնել: Մեկն անմիջապես բացում է աչքերը, սթափ գիտակցությամբ պատասխանում տրվող հարցերին: Մյուսին մի քանի անգամ պետք է ձայն տալ, ուսը ցնցել, մինչեւ որ քնից արթնանա: Կամ երկու մարդ կրել են միեւնույն վիրավորանքը: Մեկը զայրույթից դուրս է գալիս ափերից, երկրորդը վիրավորանքը ընդունում է լուռ` ներքուստ խռովված, բայց արտաքուստ հանգիստ:

Անարդարացի, աննրբանկատ հանդիմանություններ... Չէ՞ որ դանդաղկոտությունը նյարդային պրոցեսների հատկության արդյունք է եւ ոչ թե հանցանք` արժանի նախատինքի:

Մարդկանց խառնվածքային տարբերությունները նկատել եւ դրանց պատճառները փնտրել են դեռեւս հազարամյակներ առաջ: Դեռեւս Հին Հունաստանում առանձնացրել են եւ նկարագրել խառնվածքային չորս հիմնական տարատեսակ. խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ եւ մելանխոլիկ: Սակայն միայն մեր դարում  բացահայտվեց, որ խառնվածքային տարբերությունների հիմքում ընկած են նյարդային պրոցեսների նվազ ուժով: Մինչդեռ ուժեղ տիպերն էլ իրենց հերթին տարբեր արագությամբ են ընդունում գրգռիչների ազդեցությունը եւ կատարում պատասխան գործողություններ: Եթե սանգվինիկն ու խոլերիկը ե՛ւ ուժեղ են, ե՛ւ շարժուն, ապա ֆլեգմատիկը ուժեղ է, բայց սրան հատուկ է նյարդային պրոցեսների ակնհայտ դանդաղկոտությունը: Ֆլեգմատիկը դժվարությամբ հուզվող, անվրդով մարդ է: Խոլերիկի համար, ընդհակառակը, գրգռված վիճակից արգելակված վիճակի անցնելն է դժվար:

Խառնվածքը զգացվում է շատ վաղ, երեխայի կյանքի հենց առաջին տարում: Կան խառնվածքային մաքուր, ինչպես նաեւ համակցված տիպեր: Հաճախ

մաքուր տիպերը հանդիպում են մոտավորապես միեւնույն չափով: Մի հետազոտության  ընթացքում պարզվել է, որ տասը-տասնմեկ տարեկան 39 դպրոցականներից 6-ը օժտված են համակցված խառնվածքով: Զուտ սանգվինիկ են 9-ը, խոլերիկ` 10-ը, ֆլեգմատիկ` 9-ը, եւ մելանխոլիկ` 5-ը:

Քանի որ խառնվածքային հիմքում ընկած են նյարդային պրոցեսների առանձնահատկությունները, ապա դրանք կարող են ժառանգաբար անցնել ծնողից զավակին: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկվորյակ երեխաները, որոնք մեծացել են տարբեր պայմաններում, այնուամենայնիվ` խառնվածքային միեւնույն հատկություններն ունեն: Ծնողը, որն իր անձնական կյանքի ընթացքում գիտակցել է իր խառնվածքում եղած այս կամ այն թերությունը, հաճախ ցավագին ապրումներով է տեսնում նույն հատկանիշը  իր զավակի մեջ: Խոլերիկ հայրը, որին հազար ու մի անախորժություններ է բերել իր հախուռն բարքը, մելանխոլիկ մայրը, որին ամբողջ կյանքում խանգարել են իր թույլ, դյուրազգաց նյարդերը, դժկամությամբ են դիտում սեփական խառնվածքի կրկնությունը իրենց զավակների մեջ: Տրտնջում են, նույնիսկ` հանդիմանում նրանց: Բայց ոչ թե պետք է հանդիմանել, այլ անհրաժեշտ է խելամիտ, մշտական ջանք` հաղթահարելու խառնվածքի թերությունը: Ձեր տղան կամ աղջիկը դանդա՞ղ են շարժվում, դանդա՞ղ են մտածում, փորձեք նրան ընտելացնել ավելի արագ տեմպի, բայց ոչ թե հանդիմանությամբ, քանի որ այն միայն կվնասի գործին, այլ մշտական, ակտիվ դրդումով, խրախուսանքով, համբերությամբ: Արդյունքը փո՞քր է: Ոչինչ: Չէ՞ որ գործի հաջողությունը կախված է ոչ միայն արագությունից, այլեւ, թերեւս ավելի շատ, հետեւողականությունից: Եվ մտքի որակն էլ չի որոշվում միայն արագությամբ: Շատ ավելի կարեւոր են մտքի լայնությունը, խորությունը, ինքնուրույնությունը, ճկունությունը: Իսկ սրանք բոլորն էլ ձեռքբերովի հատկություններ են:

Հնարավո՞ր է մարդու խառնվածքային տիպը փոխել: Խառնվածքը, թերեւս, անձի ամենից կայուն հոգեկան հատկանիշն է: Բայց հաճախ ականատես ենք լինում խառնվածքի ակամա քողարկման: Երեխան ինչ-ինչ պայմաններում իրեն դրսեւորում է ոչ այնպես, ինչպես սովորաբար: Ասենք` միշտ կայտառ, ասող-խոսող սանգվինիկը, որը դասը չգիտի, վախենում է «2» ստանալ եւ սսկվել-կծկվել է տեղում, անծանոթ ուսուցչին կարող է թվալ մելանխոլիկ: Եվ անսպասելի ուրախությունից աշխուժացած ֆլեգմատիկն էլ կարող է  թողնել սանգվինիկի տպավորություն:

Երեխաներ կան, որոնք  տարբեր միջավայրերում միմյանցից խստորեն տարբերվող վարք ունեն: Ինչպես ասում են` «Տանը սատանա են, դրսում` քահանա»: Եթե երեխայի նկատմամբ չկա միատեսակ, հավասարակշռված վերաբերմունք, մի միջավայրում ճնշված, կաշկանդված ցանկությունները, ինքնուրույնության ձգտումը մեկ այլ միջավայրում արտահայտվում են ծայրահեղ ակտիվությամբ, հաճախ կոպտությամբ, ըմբոստությամբ:

Խառնվածքային ո՞ր տիպն է գերադասելի: Իր անսպառ կենսունակությամբ,  մարդկային շփումների մեջ իր անկաշկանդությամբ թերեւս ամենից գերադասելին սանգվինիկն է: Նա ընկալում, մտածում է արագ, շարժուն է, զգացմունքների մեջ` անմիջական, բոլոր տիպերից ավելի հեշտությամբ է կողմնորոշվում անծանոթ միջավայրում, հաստատում նոր մտերմություններ: Մինչ մելանխոլիկը քաշված,  կաշկանդված է, իսկ ֆլեգմատիկը զննում է շրջապատը ու ներքուստ դանդաղ վերլուծում իր տպավորությունները, սանգվինիկը նոր միջավայրում իրեն զգում է` ինչպես ձուկը` ջրում: Կարելի՞ է այս կերպ որոշել` սանգվինի՞կն է ավելի լիարժեք մարդ, թե՞ մյուսները: Առհասարակ, կարելի՞ է խառնվածքը հիմնական չափանիշ դարձնել անհատին գնահատելիս: Իհարկե` ոչ: Խառնվածքը հեռանկարային նշանակություն ունի անձնավորության ձեւավորման հարցում: Օրինակ, շատ ավելի հեշտ է շփվող, մարդամոտ դարձնել սանգվինիկ խառնվածքի տեր երեխային, քան մելանխոլիկին: Ֆլեգմատիկ խառնվածքի տեր երեխան զուսպ մարդ լինելու ավելի մեծ երաշխիք ունի, քան հախուռն խոլերիկը: Սակայն բնավորության, սովորությունների ձեւավորման հարցում ավելի կարեւոր դեր են  կատարում դաստիարակությունը, միջավայրը, շփումները: Խառնվածքը կարող է միայն հեշտացնել կամ դժվարացնել անհատի այս կամ այն կողմի ձեւավորման ընթացքը: Տարբեր պայմաններում խառնվածքային միեւնույն հատկության հիման վրա կարող են ձեւավորվել մարդկային արժանավոր կամ անցանկալի գծեր: Սանգվինիկի անմիջականությունը երաշխիք է` լինելու զգայուն շրջապատի նկատմամբ: Սակայն նույնքան հնարավոր է, որ  նրա մեջ զարգանա զգացմունքների  անկայունություն, մակերեսայնություն: Սանգվինիկ երեխան, մեծ հույս դնելով արագ ընկալելու իր կարողության վրա, երբեմն չի վարժվում լուրջ պարապմունքների: Մինչդեռ մտքի դանդաղ տեմպը ֆլեգմատիկին կարող է մղել համառ աշխատանքի. չէ՞ որ նա այս ճանապարհով պետք է հասնի ինքնահաստատման: Հաճախ հասնում է եւ իր հաջողություններով անցնում` ետ թողնելով ծուլության ընտելացած իր սանգվինիկ դասընկերոջը: Ֆլեգմատիկն էլ իր հերթին սխալ դաստիարակության պայմաններում կարող է դառնալ հաշվենկատ, աղքատ զգացմունքներ ունեցող անհատ:

Մելանխոլիկ խառնվածքը բարենպաստ հիմք է` ձեւավորելու համար խորունկ զգացմունքների, նուրբ էության տեր մարդու: Սակայն բացառված չէ, որ դաստիարակության աննպաստ պայմաններում մելանխոլիկի զգայուն հոգում ծլարձակեն չարությունն ու նախանձը:

Որեւէ նպատակի, զգացմունքի համակ էությամբ նվիրվելու ինչպիսի մեծ երաշխիք է խոլերիկ խառնվածքը: Բայց ինչքան շատ դեպքերում է այս խառնվածքը արտահայտվում անզուսպ բարքով` պատուհաս դառնալով շրջապատի գլխին:

Ուրեմն վճռականը դաստիարակությունն է, շրջապատի հետ հաստատված հարաբերությունների սիստեմը: Հոգեպես լիարժեք անհատ հնարավոր է ձեւավորել խառնվածքային բոլոր տիպերի վրա` առանց բացառության: Անհատի հոգեկան կերպարը որոշողը ոչ այնքան խառնվածքն է, որքան հետաքրքրությունները, սկզբունքները, ընդունակությունները, բնավորությունը:

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում