livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Այս անգամ խոսելով երեխայի աշխատասիրության եւ ընդունակությունների մասին` մեկ անգամ եւս հիշեցնենք, որ երեխային նախատելուց առաջ նախ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ, ապա նոր բարկացեք երեխայի վրա: Ինչպես ասում են. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

 

Ծնողներից հաճախ կարելի է լսել.

- Իմ երեխան զարմանալի ընդունակ է, բայց պարապել չի սիրում: Դասերը յուրացնում է միանգամից, ոտքի վրա:

Ոչ հազվադեպ է պատահում, երբ դպրոցականը կամ ուսանողը դասերը ջանասիրությամբ սովորելուց հետո ընկերների շրջանում աշխատում է տպավորություն ստեղծել, թե առանձնապես շատ չի պարապել:

- Ոչինչ, դասս գիտեմ, թեթեւակի կարդացել եմ:

Այսպիսիների համոզմամբ` աշխատասիրությունը ընդունակությանն անհամատեղելի մի բան է, բթամտության անուղղակի վկայություն: Իսկ իրենք, քավ լիցի, բթամիտ չեն, ուրեմն եւ աշխատասեր էլ չեն: Ոմանք, ոչ այս եւ ոչ էլ այն, ցուցադրում են իրենց ծուլությունը, ասես թե դա մի արժանիք լինի: Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր նորմալ երեխայի ուղեղը հնարավորություն է տալիս զարգացնել այն անհրաժեշտ ընդունակությունները, որոնք պետք են դպրոցում հաջողությամբ սովորելու համար: Իհարկե, մեկը համեմատաբար հեշտությամբ է տիրապետում գիտելիքների համակարգին, մյուսը` պակաս հեշտությամբ:

Սակայն կյանքի փորձը ցույց է տալիս, որ միեւնույն ուսումն ու դաստիարակությունն ստացած, տվյալ գործի վրա նույնքան ջանք ու ժամանակ ծախսած մարդիկ հասնում են ոչ միատեսակ արդյունքների: Ուրեմն ընդունակությունների զարգացման հարցում էական դեր է խաղում նաեւ մի այլ առանձնահատուկ բան, որն անկախ է միջավայրից, ուսումից, վարժեցումից ու ջանքերից:

Երբեմն ծնողները երազում են մանկուց նախապատրաստել իրենց զավակին այս կամ այն բնագավառի համար: Ինչի՞ կարող են հանգեցնել ճիգերը այն մայրիկի, որը որոշել է, ինչ գնով ուզում է լինի, երաժիշտ դարձնել նուրբ լսողությունից եւ ռիթմի զգացողությունից զուրկ իր աղջկան եւ ամեն օր բռնի նստեցնում է նրան դաշնամուրի առջեւ` զրկելով նրան նախասիրած գործով զբաղվելու հնարավորությունից: Ապարդյուն վատնելով աղջկա ժամանակն ու էներգիան` մայրը խանգարում է նրան կենտրոնանալ իր կարողությանը համապատասխան գործի վրա եւ հմտանալ այն բանում, ինչին իսկապես ընդունակ է:

Մեկ այլ երջանիկ երեխայի համար ծնողներն ընտրել են իր բնածին նախադրյալներին համապատասխան զբաղմունք եւ, որպեսզի ընդունակությունները զարգանան, անհրաժեշտ է, որ տվյալները ի հայտ գան գործունեության ընթացքում: Լսողական զգայունություն ունեցող երեխայից մինչեւ շնորհալի երաժիշտ ընկած է աշխատանքի երկար եւ դժվարին ճանապարհ: Նույնիսկ Մոցարտը, որն իր բնատուր երաժշտական օժտվածությամբ աշխարհն էր ապշեցրել, արվեստի բարձունքներին հասավ վաղ մանկությունից սկսած ստեղծագործական տառապագին ջանքով: Ուրեմն չի կարելի սպասել ընդունակությունների ծաղկմանը` հույսը դնելով միայն  բնածին նախադրյալների վրա:

Պատահական չէ, որ մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը ընդունակությունների զարգացման հարցում մեծապես ընդգծել է աշխատանքի դերը. «Հանճարը մեկ բաժինն է... աշխատասիրությունը` իննսունինը»: Ստեղծագործողի հաջողության հարցում աշխատանքին մեծ դեր են հատկացրել նաեւ Գորկին, Չայկովսկին, Ռեպինը եւ մեծ օժտվածության տեր այլ գործիչներ:

Տարածված կարծիք կա, թե յուրաքանչյուր ընտանիքի ներսում ընդգծված ընդունակությունները ժառանգաբար անցնում են սերնդեսերունդ: Ժառանգաբար կարող են անցնել ընդունակության ֆիզիոլոգիական հիմք հանդիսացող նախադրյալները, օրինակ` ուղեղի կառուցվածքի բնածին առանձնահատկությունները: Սակայն անհաշիվ փաստեր կան, երբ համապատասխան բնածին նախադրյալների առկայության դեպքում էլ ժառանգորդը չի դրսեւորում այնպիսի ընդունակություններ, որոնցով աչքի էին ընկել իր նախորդները, որովհետեւ նրա միջավայրը, կյանքի հանգամանքները նպաստավոր չեն եղել տվյալ ընդունակության ձեւավորման համար:

Այդ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրել այն փաստերը, երբ որեւէ ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվում է որեւէ ընդունակություն: Այսպես` Բախի ընտանիքում եղել է 57 մասնագետ երաժիշտ, որոնցից 20-ը` ականավոր, Մոցարտի գերդաստանում` 5 երաժիշտ: Այստեղ հիմնական պատճառը ոչ այնքան կենսաբանական ժառանգությունն է. որքան ընտանիքում տվյալ ընդունակության զարգացմանը նպաստող պայմանների հարատեւումը սերնդեսերունդ:

Երեխայի ընդունակությունների զարգացման հարցում վիթխարի դեր ունի ընտանիքը: Ծնողներն առաջինն են նկատում երեխայի հակումները, խրախուսում դրանք, վարժեցնում համակարգված աշխատանքի, պայմաններ ստեղծում բնական օժտվածությունը իսկական, գործարար ընդունակության վերածելու համար:

Ծնողն է, որ պետք է օգնի երեխային տարբերելու անցողիկ հրապուրանքը լուրջ հակումից ու ընդունակությամբ պայմանավորված նախասիրությունից:

Հետաքրքրությունը որեւէ բնագավառի նկատմամբ հաճախ կենտրոնացնում է երեխայի, հատկապես պատանու ուշադրությունն ու բոլոր ուժերը միայն մեկ ուղղությամբ: Ծայրահեղության հասնելով` այս կենտրոնացումը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների: Երբեմն դպրոցականը ողջ էությամբ տարվելով միայն մեկ գործով` անտարբերությամբ է համակվում մնացած ամեն ինչի նկատմամբ: Բարձր արդյունքների հասնելով, ասենք, գրականության ասպարեզում, նա ձախողում է մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի դասերը: Սա ստեղծում է միակողմանի զարգացման, սահմանափակության լուրջ վտանգ, խիստ նեղ է դարձնում պատանու կամ աղջկա ակտիվության ոլորտը: Այստեղ է, որ ծնողը  ուսուցչի հետ համատեղ պետք է սթափեցնի իր զավակին, վերադարձնի նրան իր պարտականություններին, արթուն պահի նրա հոգում պատասխանատվության զգացումը: Անհատական հատուկ ընդունակությունները զարգացնելուց բացի` ծնողները պետք է ջանան զարգացնել նաեւ երեխաների ընդհանուր մտավոր ընդունակությունները` մտքի ինքնուրույնությունը, ճկունությունը, խորությունը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր բանական մարդու` անկախ նրա ընտրած բնագավառից:

Ընդունակությունների զարգացման հարցը սերտորեն առնչվում է ծնողի տակտի ու նրբանկատության հետ: Ասենք թե երեխան դպրոցում ետ է մնում ինչ-որ առարկայից, ուսուցիչը դժգոհ է: Ծնողները հանդիմանում են երեխային` անվանելով անհասկացող, բթամիտ: Մինչդեռ ետ մնալու պատճառները կարող են այլ լինել: Գուցե երեխան մի քանի թեմա չի յուրացրել, եւ բացթողումը խանգարում է նրան հաղթահարելու շարունակությունը: Գուցե երեխան առհասարակ դանդաղամիտ է, չի հասցնում դասի սովորական տեմպին: Չէ՞ որ սա ֆիզիոլոգիական առանձնահատկություն է, որի համար նախատելը անարդար է եւ աննրբանկատ: Այս դեպքում ոչ թե պետք է հանդիմանել, այլ օգնել աշխատելու, յուրացնելու չիմացածը, խրախուսել ու սրտապնդել երեխային: Ծնողի անարդար հանդիմանությունները շարունակ կրկնվելով` կարող են մեռցնել երեխայի հավատն իր ուժի նկատմամբ: Եթե նա զգայուն է ու տպավորվող, թույլ նյարդային համակարգով, տանջալի ապրումներով, վերջնականապես կհամոզվի, որ ինքը, իսկապես, անկարող է, ամեն բանում անընդունակ: Սեփական անկատարության գիտակցությունը եւ լուռ համակերպումը  վատթարագույն վիճակն է դեռահասի կամ պատանու կյանքում: Հարկավոր է, որ ծնողը պայծառացնի մթնոլորտը իր զավակի շուրջը, օգնի նրան դուրս գալու փակուղուց, բարձրացնի տրամադրությունը, համակի լավատեսությամբ:

Հիացական վերաբերմունքը, հաջողությունների գերագնահատումը ընդունակ երեխայի մոտ ստեղծում են այն թյուր պատկերացումը, թե եթե ընդունակ ես, ապա հարկ չկա շատ աշխատելու, հաջողությունն ինքն իրեն կգա: Հետեւանքը լինում է այն, որ պատանին դառնում է անհարկի ինքնավստահ, սնափառ, թեթեւամտորեն է վերաբերվում իր պարտականություններին: Այս ամենը, ի վերջո, հանգեցնում է ընդունակությունների լճացմանը: Որպեսզի ընդունակությունները անընդմեջ զարգանան, երեխան, անկախ իր հաջողություններից, պետք է մնա սթափ, իր նկատմամբ պահանջկոտ ու համեստ: Վատ ծառայություն է մատուցում ծնողը իր զավակին, եթե իր ուսերին է առնում բոլոր մեծ ու մանր հոգսերը` ընդունակ երեխային բաժին թողնելով միմիայն իր պարապմունքները: Տղան կամ աղջիկը, որի հետեւից ծնողները հավաքում են նրա թափթփած գրքերն ու հագուստը, մաքրում կոշիկները, վերջիվերջո վարժվում է այն մտքին, թե այդպես էլ պետք է լիներ: Կենցաղի հարցերում նա դառնում է անօգնական եւ առավել վատթարը` դառնում է պահանջկոտ, եսամոլ ու քմահաճ:

Չափից ավելի մեծ հույս դնելով երեխայի նախադրյալների վրա` ծնողները երբեմն չեն մտահոգվում նրա ընդունակության ակտիվ ձեւավորումով: Բավականաչափ չեն հոգում, որ երեխան դառնա կազմակերպված ու աշխատունակ:

Առաջանում է աններդաշնակություն բնական օժտվածության եւ հաջող գործելու կարողության միջեւ: Սա ի վերջո հանգեցնում է կոնֆլիկտի, որն ուղեկցվում է ծանր ապրումներով:

Ընդունակությունը բնականի եւ ձեռք բերովիի համաձուլվածքն է: Դժվար է որոշել, թե ձեւավորված ընդունակության մեջ ինչն է բնականը եւ ինչը` ձեռքբերովին:

Աշխատանքը ոչ թե վկայություն է ընդունակությունների բացակայության, այլ ընդունակությունների զարգացման հաստատուն երաշխիքը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում