livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

parent1Ծնողական սերը այն հիմքն է, որի վրա կառուցվում է երեխայի ապագան: Այն երեխաներին տալիս է պաշտպանվածության զգացողություն, ինքնավստահություն, ուժ` դիմակայելու կյանքի դժվարություններին:

Այն մարդիկ, ովքեր չեն զգացել ծնողական սեր, իրենք էլ սառն ու անտարբեր ծնող են դառնում, եւ դա փոխանցվում է սերնդեսերունդ: Եթե երեխան փոքր ժամանակ սիրված է, նա ընդունակ կլինի սիրել ոչ միայն իր ծնողներին եւ երեխաներին, այլեւ զուգընկերոջը, այլեւ մարդկանց նույնիսկ հայրենիքը եւ աշխատանքը:

Ծնողական սերը հիմնված է գիտակցական ինքնազոհության եւ նվիրման վրա: Այն ամենաանկեղծն է սիրո բոլոր դրսեւորումների մեջ, հատկապես մայրական սերը համարվում է ամենասրբազանը բոլոր զգացմունքային կապերից:  

Սերը երեխայի հանդեպ սկսվում է դեռ երեխայի լույս աշխարհ գալուց առաջ եւ շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Շատ հոգեբաններ երեխաների ինքնամփոփության, ինքնաօտարվածության եւ անգամ աուտիզմի պատճառը համարում են հղիության ընթացքում մոր կողմից անտեսվածությունը:  Մոր զգացմունքները երեխային են փոխանցվում հղիության ամենասկզբից: Սակայն միայն մոր վերաբերմունքը չէ, որ զգում է երեխան, նա նաեւ ընտանիքի մյուս անդամների վերաբերմունքն էլ է զգում, քանի որ հղիության վերջին ամիսներին երեխաները արդեն կարողանում են լսել եւ տեսնել:

Գիտությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մայրը ցանկացել է ընդհատել հղիությունը, սակայն չի իրականացրել, հետագայում երեխան, չնայած շրջապատված լինելով մեծ սիրով եւ հոգատարությամբ, իրեն անհիմն դժբախտ ու օտարված է զգացել: Կամ` երեխան ողջ կյանքում թշնամական վերաբերմունք է տածել հոր հանդեպ` առանց հասկանալու, թե ինչու: Հոգեթերապիայի շնորհիվ պարզ է դարձել, որ հայրը չի ցանկացել երեխայի ծնունդը: Այս դեպքերը հաստատում են այն տեսակետը, որ երեխան մինչեւ ծնվելը զգում է ծնողների վերաբերմունքը:

Մոր տրամադրության փոփոխությունը զգում է նաեւ նորածինը:  Նա իր կյանքի առաջին իսկ պահերից մոր մոտ է իր պաշտպանությունը գտնում: Երեխայի համար կյանքի առաջին տարիներին կարեւոր է մայրական սերը: Միայն այդ սերը կարող է երաշխավորել երեխային, որ ինքը չի մնա մենակ, առանց սննդի, պաշտպանության եւ հոգատար վերաբերմունքի: Նա մոր կողմից մշտական օգնության կարիք է զգում:  

Նորածնի նկատմամբ մոր խնամքը անհրաժեշտ է ոչ միայն  երեխայի առողջությունը եւ կենսաբանական աճը ապահովելու, այլ նաեւ հոգեբանական աճը ապահովելու համար: Երեխային միայն հագցնելը, կերակրելը ու վտանգներից պաշտպանելը քիչ է: Նրա համար կարեւոր է մոր գրկում լինելը, նրա ձայնը լսելը ու նրա հոգատար վերաբերմունքին արժանանալը:

Ժամանակի ընթացքում երեխան հմտություններ է ձեւավորում ինքնուրույն դառնալու համար, եւ  չի կարելի մեծացող երեխային վերաբերվել նույն կերպ` ինչպես նոր ծնվածին: Իսկական սիրող մայրը երեխային օգնում է դառնալ ինքնուրույն:

Պետք է նշեմ, որ կա տարբերություն սիրո դրսեւորման հայրական եւ մայրական ձեւերի մեջ: Հարկավոր է տարբերել մայրական սերը հայրականից:

Մայրական սերը ամեն ինչ ներող է ու առանց պայմանականությունների է: Մայրական սերը կարծես ասում է` ես քեզ սիրում եմ միայն նրա համար, որ դու կաս, ապրում ես: Պետք չէ ոչինչ անել սիրված լինելու համար: Մայրական սերը սովորեցնում է սիրել կյանքը:

Հայրական սերը պայմանական սերն է: Հայրական սիրուն պետք է արժանանալ, այն կարելի է կորցնել, եթե չարվի այն, ինչ իրենից սպասում են: Հայրական սերը կարծես ասում է` ես սիրում եմ քեզ, քանի որ դու բավարարում ես իմ սպասելիքները, քանի որ կատարում ես քո պարտականությունները: Հայրական սերը սովորեցնում է երեխային կարգ ու կանոն:

Սիրո բալանսը պահպանվում է, երբ մայրը մայրական սիրով է սիրում, իսկ հայրը` հայրական: Բալանսը խախտվում է, երբ  երկու ծնողներն էլ սիրում են միեւնույն ձեւով` միայն մայրական կամ միայն հայրական սիրով:

Երբ ծնողները մայրական սիրով են սիրում իրենց երեխային, այդ դեպքում նա չի հետեւում կանոններին, չի ընդունում պայմանականություններ,  չի պահպանում նորմեր եւ շարժվում է իր քմահաճույքներով:

Երբ երկուսն էլ հայրական սիրով են սիրում իրենց երեխային, ապա նման երեխաների ինքնավերահսկողությունը շատ բարձր է լինում, իրենք իրենց նկատմամբ խիստ պահանջներ են դնում, խիստ կանոնակարգված են գործում:

Որոշ ծնողների մոտ ընդունված է մի կարծիք, որ խիստ վերաբերմունքն է երեխաներին լավ մարդ դարձնում: Ծնողները, ձգտելով լավ երեխա դաստիարակել, պահանջում են զուսպ, հասկացող ու ենթարկվող պահվածք: Սա չափազանցված հայրական վերաբերմունք է: Երբ երկու ծնողների կողմից երեխան մշտապես հանդիպում է քննադատության, սառը եւ պահանջկոտ վերաբերմունքի, մեծանալով` մշտապես իրենից ու իր հաջողություններից գոհ չի լինում, նա զգայուն է դառնում քննադատության հանդեպ, երբեմն ինքն էլ է մյուսների (ինչպես նաեւ ծնողների) հանդեպ սառը եւ պահանջկոտ դառնում կամ շատ ենթարկվող է դառնում: Այն մարդկանց, ում մշտապես նկատողություն են արել ու պահանջել դրսեւորել վայել պահվածք, նրանք կամ վատ են իրենց պահում, կամ պատրաստ են լինում ամեն ինչի, որ քիչ թե շատ դրական գնահատականի արժանանան:

Ամերիկյան հոգեբան Ռոսս Կեմբելը գտնում է, որ եթե մարդիկ սիրում են իրենց երեխաներին առանց պայմանի, երեխաների մոտ հետագայում ձեւավորվում է ինքնահարգանք, այդ մարդիկ հոգեպես ավելի  հավասարակշռված  են լինում, իսկ եթե նրանց սիրում են, որովհետեւ նրանք կատարում են ծնողների պահանջները եւ արդարացնում սպասելիքները, նրանք զգում են իրենց անլիարժեքությունը եւ մտածում, որ անիմաստ է ջանք գործադրել, որովհետեւ ծնողներին երբեք էլ հնարավոր չի գոհացնել. դա առաջացնում է անինքնավստահություն, տագնապ, ցածր ինքնագնահատական:

 

ԲՈԼՈՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Ծնողական սիրո չափազանցված արտահայտությունն էլ է լի հետեւանքներով:parent Այն կարող է երկու ծայրահեղ ոչ ցանկալի դրսեւորում ունենալ` «կույր ինքնազոհություն» եւ «չափազանց հոգատարություն»:  Երկուսն էլ  չափազանցված մայրական վերաբերմունքի արտահայտություն են:

Կույր ինքնազոհության դեպքում  երեխայի մոտ ձեւավորվում է եսակենտրոնություն եւ պահանջատիրական վերաբերմունք մյուսների` հատկապես ծնողների հանդեպ: Երեխային թվում է, թե ողջ աշխարհը, ինչպես իր ընտանիքը, պետք է իր շուրջը պտտվի, բոլորը պարտավոր են իր ցանկությունները կատարել:

Չափազանց հոգատարության դեպքում երեխայի կամքն է թուլանում, եւ հոգեբանական աճն է դանդաղում: Մեծանալով` այդ մարդը կարծես միշտ մնում է ծնողների կարիքն ունեցող երեխա, որի փոխարեն որոշում են կայացնում, որին հետաքրքիր է այն, ինչ ծնողներին կամ իր համար հեղինակավոր մարդկանց է հետաքրքիր, նա մշտապես հոգատարության, խնամքի կարիք ունի:

Բոլոր վերաբերմունքներից ամենաանընդունելին անտարբերությունն է:

Հոգեբան Լեւին մի փորձ է արել կենդանիների ձագերի վրա. մի խմբին շոյել է մշտապես, մյուսներին ֆիզիկական թույլ ներգործության է ենթարկել, օրինակ` ծակել է, իսկ երրորդ խմբին` անուշադրության մատնել: Մեծանալով` առաջինները առողջ են դարձել, երկրորդ խմբի կենդանիներն էլ են առողջ դարձել, սակայն ագրեսիվ, իսկ երրորդ խմբի կենդանիները հաճախ են հիվանդացել: Այդպիսի փորձ են արել նաեւ նորածինների հետ համակենտրոնացման ճամբարում, եւ արդյունքները նման են: Սա վկայում է այն մասին, որ երեխաները կարիք ունեն ուշադրության:

Շատ անգամ երեխաները հիվանդանում են, որովհետեւ նրանք այդպես անգիտակցաբար փորձում են ծնողների ուշադրությունը կենտրոնացնել իրենց վրա: Քանի որ սովորաբար, երբ երեխայի մոտ ամեն ինչ լավ է ծնողները նրան քիչ ուշադրություն են հատկացնում, եւ շատ ու շատ երեխաներ ծնողների ուշադրությունը ստանում են հիվանդ ժամանակ:  Այդ պատճառով երբ երեխան հիվանդ է, հարկավոր է բուժման ընթացքում  խուսափել  մեծ հոգատարություն ցույց տալուց, քանի որ նա կարող է կարծել, որ ձեր ջերմ ու հոգատար վերաբերմունքին կարող է հասնել հիվանդանալու դեպքում:

Հաճախ ծնողները չեն էլ նկատում, որ իրենց սիրելին խաղում է, դասերն է սովորում, հեռուստացույց է նայում, երբեմն ուտում է մենակ եւ միայն ծնողի ուշադրությանն է արժանանում իր վատ արարքով: Այդպես նրա մոտ անգիտակցաբար պատկերացում է ձեւավորվում, որ նրա վրա ուշադրություն են դարձնում, երբ նա վատ արարքներ է կատարում:  Նման երեխաների հետ հարկավոր է համբերատար լինել, փորձել վատ արարքները չնկատելու տալ, իսկ լավ արարքները խրախուսել:

Երեխայի հոգեկան հավասարակշռության համար երկու ծնողների սերը պարտադիր է: Ավելի շուտ երկու սիրո արտահայտումներն են պարտադիր: Հատկապես այն ընտանիքներում, որտեղ մի ծնողը բացակայում է, այնտեղ երեխան ստանում է մի ծնողի դաստիարակություն, ուստի այդ ծնողը պետք է կարողանա ապահովել երկու սիրո արտահայտում:

Կարծիք կա, որ լիարժեք ընտանիքներում (երբ երկու ծնողներն էլ կան) ավելի լիարժեք մարդիկ են մեծանում: Սակայն ոչ թե հոր եւ մոր առկայությունն է կարեւոր, այլ նրանց վերաբերմունքը երեխաներին: Երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության համար երեխային անհրաժեշտ է մայրական սերը, հայրական սերը, այդ երկու սիրո չափավոր արտահայտումը:

Երեխաները հոգեբանական խնդիրներ են ունենում, երբ այդ երեք պայմանները բավարարված չեն: Գերմանացի հոգեբան Հելլինգերը գտնում է, որ երբ մի ծնողը իր ֆունկցիաները չի կատարում, երեխան իր վրա է վերցնում այդ ծնողի դերը եւ դառնում է անառողջ մարդ:

Իսկական ծնողական սերը ենթադրում է հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն եւ գիտելիք:

Ծնող չեն ծնվում, այլ դառնում են, ուստի կարելի է սովորել երեխաների հանդեպ վերաբերմունք արտահայտել:

Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ժամանակ պարտադիր պայման է ծնողների հետ աշխատանքը, քանի որ երեխաների բոլոր խնդիրները երեխայի «դաստիարակման» վերաբերյալ ընտանիքի սխալ պատկերացումների արդյունք են: Սակայն այստեղ չի կարելի ծնողներին մեղադրել, քանի որ նրանք անում են այն, ինչ իրենց ծնողներից են ստացել:

Հոգեբանական խորհրդատվության ընթացքում հոգեբանը օգնում է ծնողներին վերաիմաստավորել իրենց ծնողների հետ հարաբերությունները, գիտակցել նրանց կողմից թույլ տրված սխալները, հասկանալ  դրդապատճառները, սովորել երեխայի հանդեպ համապատասխան վերաբերմունք դրսեւորել:

Սիրեք Ձեր երեխաներին, դա կապահովի Ձեր երեխայի երջանիկ ապագան:

 

Նյութը պատրաստեց հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում