livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

dastiarak1Ծնողներս հաճախ ենք փնթփնթում ու կրկնում համացանցի բացասական դերի մասին, սակայն մեր երեխայի համար ժամանակաշրջանին համահունչ այլընտրանք էլ չենք կարողանում գտնել: Էլ չասենք, որ ինքներս ենք շտապում գոնե մի քանի ժամ լինել օնլայն տիրույթում: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել, որպեսզի ե՛ւ չզրկենք մեր փոքրիկներին դարի սիրելի «խաղալիքից», ե՛ւ կարողանանք պաշտպանել նրանց հոգեբանական ու այլ շեղումներից, ինչը որոշ անհայտ ծագմամբ կայքերի միջոցով նենգաբար պրոպագանդվում է: Լուծումը մեկն է, որն առաջարկում է հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ.

-Այսօր ժամանակի պահանջն է, որ ծնողն իր երեխայի հետ կարողանա ընկերություն անել: Եթե ծնողն ու երեխան ընկերներ են, ապա երեխան ամեն ինչ պատմում է նրան, ինչպես ընկերներն են կիսվում միմյանց հետ: Այդ դեպքում ծնողը կկարողանա ասել` բալես, այս կայքերը մի՛ մտի, որովհետեւ քո հոգեկանը կարող է խախտվել դրանից: Ի դեպ, այդպիսի դեպքեր կան, եթե 10 տարեկան դեռահասը մտնի պոռնո կայք, պարզ է, որ իր հոգեկանը շատ լուրջ կարող է տուժել: Ընդհանրապես, այսօր վտանգները շատ են եւ մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ է անում երեխան, որտեղ է եղել, ում հետ է շփվել, իսկ դա միայն հնարավոր է ընկերություն անելու միջոցով: Եթե իր հետ շատ խիստ վարվես կամ ծեծես, նա քեզ կխաբի: Չէ՞ որ ծնողներն ամբողջ օրն աշխատանքի են, իսկ երեխան օրվա մի կեսը դպրոցում է, բայց թե մյուս կեսը որտեղ է անցկացրել, եթե ընկերություն չանես նրա հետ, չես իմանա: Այսինքն` ընտանիքում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որից երեխան չուզենա գնալ ու համոզվի, որ իր խնդիրներով հանդերձ նա հասկացված է ու ընդունված:

dastiarak

- Դեռահասության շրջանում երեխաները հաճախ են դիմում համացանցի օգնությանը, որպեսզի որոշ հարցեր պարզեն իրենց սեռական հասունացման մասին, մինչդեռ քչերն են դիմում ծնողներին:

- Երեխայի սեռական դաստիարակությունը ծնողը նույնպես պետք է ճիշտ ապահովի: Կարողանա այնպիսի փոխհարաբերություններ ստեղծել, որ իր երեխան ոչ թե փողոցից իմանա` ինչպես են ծնվում փոքրիկները, այլ իր հայրիկից ու մայրիկից: Եվ խորհուրդ է տրվում, որ աղջկան մայրը բացատրի, որդուն` հայրը: Բայց Դուք քանի՞ ընտանիք գիտեք Հայաստանում, որ կարող են երեխային սեռական դաստիարակությանը վերաբերող բոլոր հարցերին ճիշտ պատասխանել:

- Դրա համար, երեւի ճիշտ է սեռական դաստիարակության մասին ոչ թե երեխաների հետ աշխատանքներ տանել, այլ ծնողների:

- Բրավո, երբ ծնողները դիմում են ու ասում, որ մենք ուզում ենք երեխային բերել հոգեբանի մոտ այցելության: Նախ ասում եմ կգաք դուք եւ երկար աշխատում եմ ծնողի հետ, հետո նոր երեխայի:

- Իսկ ինչի՞ արդյունքում է նորմալ երեխան վերածվում «գենդեր» կոչված անորոշ մեկի:

- Երբ մայրը կամ հայրը միայնակ մեծացնում են իրենց զավակին, այստեղ գենդերային լուրջ խնդիր է առաջանում: Օրինակ, երբ մայրը սկսում իր ֆունկցիաների մեջ կրել տղամարդու դերը, այստեղից սկսում են բոլորովին նոր խնդիրներ, որոնք առաջ Հայաստանում չկային, քանի որ հայկական ընտանիքի կառուցվածքը շատ հստակ էր` կար հայրը եւ մայրը, տատիկն ու պապիկը: Հայրն աշխատում էր, իսկ մայրը տանն էր կամ եթե գնում էր աշխատանքի, իր աշխատավարձին առանձնապես ոչ ոք չէր սպասում: Հիմա պատերազմներից հետո տղամարդիկ քչացան, բաժանությունները կենցաղային խնդիրների պատճառով շատացան ու տեսնում ենք, որ մեր երեխաների 25-30 տոկոսը ապրում են բաժանված ծնողների ընտանիքներում: Իսկ այդպիսի ընտանիքում, որտեղ մայրը ստիպված է լինում իր վրա վերցնել տղամարդու դերը, շատ է ազդում երեխայի դաստիարակության վրա:

- Տղամարդու դերն իր վրա վերցնելով հանդերձ` ինչպե՞ս է դաստիարակում իր զավակին մայրը:

- Նա արդեն ստիպված է լինում ավելի շատ աշխատել, որպեսզի ապահովի երեխաներին ու երբ հոգնած գալիս է տուն եւ երեխան ինչ-որ բան է պատմում, նա անգամ ուժ չունի լսելու: Մինչդեռ մենք խոսում էինք ծնող-երեխա ընկերության մասին:

- Այդ դեպքում ինչպե՞ս վարվի ծնողը:

- Միակ լուծումն այն է, որ երեխան զգա իր սիրված լինելը: Ինչքան, որ մայրը իր հոգնած վիճակում կարողանա այդ սերը ցույց տալ, այդքանը հետո իր դրական պտուղները կտա: Թեպետ լինում են դեպքեր, երբ միայնակ մայրը գնում է գործի ու նրան ասում են, որ այլեւս այստեղ չես աշխատում ու նման հոգեվիճակում վերջինս գալիս է տուն: Այդ պահին նա բարկացած, լարված ո՞ւմ վրա բարկությունը թափի, իհարկե, իր երեխայի: Սակայն, ծնողը պետք է այնքան ուժ ունենա իր մեջ, որ կարողանա բացատրել իր ցանկացած արարքը, ցանկացած նկատողությունը: Բայց դա հեշտ է ասելը ու շատ բարդ կատարելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում