livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

anna«Ես կշարունակեի ապրել այն աշխարհում, որտեղ թագավորում են տղամարդիկ, որովհետեւ միայն այդ ժամանակ կարող եմ ինձ լիարժեք կին զգալ». սա նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի եւ կանացիության խորհրդանիշ դարձած Մերլին Մոնրոյի խոսքերն են, որով էլ այսօր առաջնորդվում է դերասանուհի ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ու մեր իրականության մեջ կերտում կանացիության ուրույն տեսակը` միեւնույն ժամանակ լինելով չորս զավակների հոգատար մայր եւ հավատարիմ կին` արվեստագետի կողքին: Կյանքը սիրելու մեր օրերում բացառիկ ունակության, տաղանդավոր զավակների ու նրանց դաստիարակության մասին էլ ծավալվեց «Զարուհու» զրույցը Ա. Գեւորգյանի հետ:

- Հիմնականում արվեսագետների ստեղծագործական ուղուն խանգարում է ընտանիքը կամ ճիշտ հակառակը: Ձեզ ինչպե՞ս է հաջողվել այդքան ամուր ընտանիք ունենալ:

- Նախ ուզում եմ դրա համար փառք տալ Աստծուն եւ շնորհակալություն ու գոհություն հայտնել իմ Տիրոջը: Եվ երկրորդ` շատ ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ մի անձնավորություն, ով արվեստագետ է թե՛ իր աշխարհընկալումով, թե՛ մտածելակերպով ու վարվելակերպով` որպես հայր, որպես ամուսին: Հիշում եմ` 90-ական թվականներն էր, երբ ամուսինս ասաց. «Ես էլ եմ թողնում իմ արվեստը, դու էլ թող ու մի՛ նեղվիր: Մենք միաժամանակ կտանք այդ ընդմիջումը: Չեմ ուզում ո՛չ դու լինես այնտեղ, ո՛չ` ես, այլ ուզում եմ, որ կայացած, լավ ընտանիք ունենանք եւ ոչ թե ինչ-որ խոչընդոտներից ելնելով` ես կամ դու թողնենք ընտանիքը»: Ես, իհարկե, համաձայնեցի, որովհետեւ սիրում էի ու իմ ամուսինն էլ էր սիրում: Իսկապես վայելել եմ այդ սերը եւ մինչեւ հիմա էլ սիրում եմ` կրկնելով սեւակյան խոսքերը. «Նորից չեն սիրում, սիրում են կրկին»:

- Հետո էլ ասում են, թե աշխարհում սիրո պակաս կա...

anna-4- Երբ մարդիկ ասում են, թե սերը սուտ է ու չեն հավատում, որ սեր կա, այդ տեսակ մարդիկ իմ աչքից ընկնում են, ոչ թե բարձրանում: Հասկանում եմ, որ իրենք դեռ դատարկ են, իրենք դեռ չեն վայելել այդ սերը կամ չեն գտել: Երբ դու սիրում ես, ուրիշ էություն ես դառնում: Երբ սիրում ես, ձուլվում ես ամբողջ բնությանը, շնչում ես այդ անաղարտ օդը բնության հետ ու ՄԻ ես դառնում այդ ամեն ինչին: Ես ամեն օր սիրահարված եմ... Ամեն օր աչքերս բացում եմ ու սիրահարվում արեւին, այդ օրվան, այդ օրը եկած անձրեւին, իմ տղայի աչուկներին, երբ առավոտյան արթնանալով` քնքուշ ու անուշ բացում է: Այնպես որ, շնորհակալ եմ Աստծուն, որ դրել է իմ մեջ այդ գնահատելու արժեքը եւ կարողանում եմ գնահատել այն, ինչն ինձ Աստված է պարգեւել: Երբ բոլորս կարողանանք գնահատել մեզ շրջապատող ամեն ինչը, կկարողանանք սիրել, սիրահարվել եւ այդ դրական աուրան փոխանցել մեր շրջապատին: Մենք միշտ սովոր ենք պահանջել ու ասել` տվե՛ք, տվե՛ք , տվե՛ք… Բայց, արդյո՞ք դու տվեցիր այսօր: Երբ գլուխդ դրեցիր բարձին, դու վերլուծեցի՞ր քո ամբողջ օրը, թե դու ում նեղացրիր, ում զրկեցիր: Պարտադիր չէ, որ խոսքով վիրավորես, գուցե քո վերաբերմունքո՞վ մի վատ բան արեցիր: Քննիր քեզ, ինչքան դու քեզ քննես, ուրիշները քեզ էլ չեն քննի ու դու այդպես կգաս հավասարակշռության:

- Ձեր սիրո արդյունքում չորս հրաշքներ եք ունեցել: 21-րդ դարում դաստիարակել ե՛ւ տղա, ե՛ւ աղջիկ, բարդ չէ՞, հատկապես դերասանուհու մասնագիտությունն ընտրած կնոջ համար:

- Երբ ժամանակն էր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու, մի ներքին ձայն ինձ ասաց` եթե ուզում ես դաստիարակել, նախ ինքդ եղի՛ր դաստիարակված, որովհետեւ միայն դաստիարակված ծնողները կարող են դաստիարակել: Այդպես էլ վարվեցի` նախ սկսեցի ինքս ինձ դաստիարակել ու հետո` երեխաներիս: Ու մինչեւ այսօր էլ ինքս ինձ դաստիարակում եմ: Մեզ մոտ, չգիտես ինչու, ընդունված է, որ 40-ն անց կինը մոռանում է ամեն բան, բայց դեռ արտաքինը չէ, որ կարող է քեզ կին համարել, այլ ամբողջ քո ներքին աշխարհը: Ես տանը ունեմ մեկ կիլոգրամ կարտոֆիլ, թե` չունեմ, դա բոլորովին չի խանգարում ինձ, որ մի բան ավելի կարդամ եւ կրթվեմ: Լինեմ ընդամենը գրագետ ու կիրթ, հաճելի ե՛ւ շրջապատող տղամարդկանց, ե՛ւ կանանց, ե՛ւ փոքրերի ու մեծերի համար:

- Լինելով երիտասարդ, ժամանակակից կին` ինչպիսի՞ հայացքներով եք դաստիարակում Ձեր զավակներին` ավանդական մայրերի նմա՞ն, թե ժամանակներն այլ պահանջներ են դնում:

- Սիրում եմ մեր հայկական դրվածքները, որը մեր արյան հետ է գալիս ու մեր ենթագիտակցության մեջ է: Եվ մենք ուզենք, թե չուզենք` ակամայից է դա մեզ մոտ ստացվում: Ասել եմ ու պիտի ասեմ, որ կյանքը պահանջում է իր օրինաչափությունները, մի՛ զանցեք դրանք: Երբ դուք այդ օրինաչափությունները ուզում եք ոտնակոխ անել, այդտեղ ամեն բան քանդվում ու տգեղանում է, դառնում անբարոյական, իսկ անբարոյականությունը միայն սեռական վարքագիծը չէ: Անբարոյական լինում են մտածելակերպով, վերաբերմունքով: Դրա համար, երբ ոտնակոխ են անում մեր ավանդույթները, իրենց ավանգարդ մտածելակերպով մարդ համարելով, ինձ համար անընդունելի է: Այդուհանդերձ պետք է հարգե՛նք աշխարհի, կյանքի կանոնները, դրանք էլեմենտար կանոններ են, որ ուղղակի պետք է պահպանվի: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ լավ գիտակցում է բարին ու չարը, անկախ նրանից, ինքը դա կանի, թե` ոչ: Բայց երանի այն մարդուն, ով գիտակցելով հանդերձ` միանում է բարուն, ճշտին, օրինաչափություններին, վերջապես բարոյականությունն ամենակարեւորն է:

anna-2- Բայց աշխարհը թե՛ Արեւմուտքից, թե՛ Արեւելքից թելադրում է նոր կանոններ: Այնուամենայնիվ, պե՞տք է հետեւենք դրանց, թե կառչենք մեր կարծրատիպերին:

- Ես աղբը լցնում եմ այնտեղ, որտեղ տեսնում եմ աղբով լիքը մի կույտ, կամ աղբը լցնում եմ մի դատարկ տեղ, որտեղ տեսնում եմ, որ դատարկ է ու կարելի է աղբ լցնել: Եթե դրսից տեսնում են, որ այստեղ աղբ կա, ուզենք, թե չուզենք իրենք էլ են ավելացնում այդ աղբը: Դրա համար թող ամեն մի անհատ այնքան կայուն ու ուժեղ լինի, որ թույլ չտա դրսի աղբը ներս լցվի: Բացի դրանից` դրսում այնքան լավ բաներ կան, մենք շատ ենք խոսում Եվրոպայից ու չենք ճանաչում: Այնտեղ այնքան գեղեցիկ հարաբերություններ կան` թե՛ մարդկային առումով, թե նրանով, որ կայացած պետություններում օրենքն է գործում: Եթե ընդօրինակում ենք, թող դրականը ընդօրինակենք եւ ոչ թե աղբը բերենք: Ի՞նչ է, մենք չե՞նք գիտակցում` որն է լավն ու վատը: Ուրեմն` ուժեղ եղեք, սիրելի՛ ժողովուրդ, ձեր բանականությունն աշխատացրեք, մենակ ուտելով չէ, որ պիտի ապրենք: Մենք պետք է այդ հոգեւոր սնունդն էլ ստանանք, տեսնենք, թե ինչ ենք դրսից ներմուծում:

- Ի վերջո, օրինակելի ընտանիք ստեղծելով` ե՞րբ վերադարձաք ակտիվ ստեղծագործական աշխատանքի:

- Երբ երեխաները մեծացան եւ ես ու ամուսինս տեսանք, որ բոլորը գրեթե կայացել են արդեն: Նա ինձ ասաց. «Աննա ջան, այ հիմա քեզ դնում եմ գծերի վրա, տալիս եմ քեզ թեւեր, գնա, ինչքան վերեւ թռչես, ես դրանից կուրախանամ»: Եվ այսօր ամուսինս ինձ օգնում է, որ ես ամենավերեւում ճախրեմ:

- Այսօր շատ կանայք փորձում են իրենց առաջ մղել` կնոջ եւ տղամարդու հավասարություն պահանջելով իրենց ամուսիններից, ուշագրավ է այն, որ մեր զրույցում Դուք միշտ ամուսնու խոսքն եք կարեւորում:

- Ինձ համար մեծ ցավ է տեսնել, որ տղամարդ հասկացողությունը գնալով անկում է ապրում: Իսկ ես այն կանանցից եմ, որ երբեք չեմ ուզում առիթից օգտվել եւ իշխող դերում գտնվել: Եվ ես հենց այդ կանանցից եմ, որ ուզում եմ ապրել այն աշխարհում, որտեղ կթագավորեն տղամարդիկ: Ու կոչ եմ անում, որ այսպիսի տղամարդիկ շատ լինեն, երբ հանդիպում ես նման տղամարդկանց, իսկապես, հասկանում ես, որ դեռ կարելի է ապրել:

- Փաստորեն, Ձեր երեխաները ծնված օրվանից արվեստի մեջ են մեծացել, հետաքրքիր է, իրե՞նք էլ են այսօր շարունակում ծնողների ուղին:

- Շատ լավ ու ցավոտ հարց է: Հիշում եմ, երբ ավագ տղաս սկսեց արվեստով հետաքրքրվել ու հասկացանք, որ նա մոտ է արվեստին, տխրեցինք: Հետո երկրորդ զավակս սկսեց հետաքրքրվել արվեստով, հետո մյուս աղջիկս, ապա կրտսեր տղաս, որը ջութակահար է...

- Իսկ ինչո՞ւ տխրեցիք:

- Ցավ ենք ապրում, որովհետեւ արվեստագետը գնահատված չէ: Թերեւս հիմա մի քիչ առաջընթաց կա` ուշադրություն դարձվում է արվեստին ու հարգում են արվեստագետին, ու հենց դա է ինձ մխիթարում: Բայց սրանից տարիներ առաջ, մեծ տխրություն էինք ապրում, որ երեխաները դարձան արվեստագետներ ու չէինք ուզում: Ինչ արած, միեւնույնն է արմատներից ոչ մի տեղ չես փախչի: Ու հիմա շնորհակալ եմ, որ չորսն էլ արվեստի մեջ են տարբեր բնագավառներում: Ամեն դեպքում, սրտի խորքում ուրախանում են, որովհետեւ արվեստի աշխարհ ունեցող մարդիկ ուրիշ են, այնպես որ, երեւի թե ուրախ եմ, որ երեխաներս էլ են արվեստի մեջ:

- Իսկ ինչքանո՞վ եք նրանց ուղղորդել մասնագիտություն ընտրելու հարցում:anna-1

- Չէի ասի, թե ուղղորդել ենք, բայց այս երեխաներն աչքերը բացեցին ու տեսան հոր արվեստանոցը, տեսան հայրիկին այնտեղ աշխատելիս, տեսան մորն ամբողջ օրը արվեստանոցում, այսինքն` ուրիշ բան չտեսան: Հիշում եմ, որ ավագ աղջիկս ու տղաս խաղալիքներով չէին խաղում, այլ հայրիկի արվեստանոցում կավը վերցնում էին, ինչով ուզում էին այդ օրը խաղալ, թրծում էին կավը, պատրաստում հայրիկի հետ, ու ամբողջ օրը դա էր իրենց խաղալիքը:

- Եվ որպես վերջաբան` լինելով կայացած մայր-արվեստագետ, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մայրերին:

- Չեմ ուզում դատել ոչ մի մոր, բայց մայրերից եմ ուզում խոսել, որովհետեւ երեխաները նրանցից են դաստիարակվում: Ուզում եմ կոչ անել բոլոր մայրերին, եղե՛ք կանացի, չունեւորությունը չի նշանակում, որ դուք պետք է դուրս գաք ձեր ափերից ու սահմաններից: Եղե՛ք մայր, մի գիրք ավելի կարդալը կապ չունի, թե դուք ինչ ունեք այսօր ուտելու: Դուք ինքներդ ձեզ դաստիարակեք, որ ունենաք լավ դաստիարակված ընտանիք եւ վաղը դաստիարակված երեխաներ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում