livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

cnox2


Ամառանոցում մի երիտասարդ մայրիկ գանգատվում է իր երեխաներից.

- Երեւանից մի արկղ խաղալիք եմ բերել, արդեն հինգ օր է այստեղ ենք, դեռ ձեռք չեն տվել: Ամբողջ օրը բադերի պես գետակի կողմն են վազում: Չեմ հասկանում, թե ինչ բավականություն են ստանում ցեխոտվելուց եւ թրջվելուց: Տեսեք` ինչի են նման:

Բայց բավական է մի հայացք նետել գետափին խայտացող մանչուկների կողմը` համոզվելու համար, որ նրանք խաղում են ակնհայտ բավականությամբ:

Քաղաքի կենտրոնում գտնվող տան 4-րդ հարկի իրենց հարմարավետ  բնակարանից գյուղ եկած այս փոքրիկները իրենց շատ լավ են զգում: Երեխան ձգտում է դեպի բնությունը. մի անծանոթ թռչուն, գետնի տակից հրաշքի պես  ցայտող աղբյուր, սարալանջին կարմրին տվող մի կակաչ` սրանք ձգում են երեխաներին, ինչպես մագնիսը:

Շատ ծնողներ ջերմ փափագ ունեն իրենց երեխաների մեջ զարգացնել նկարչական կամ երաժշտական ընդունակություն, նրանք պատրաստ են ամեն զոհողության` միայն թե այդ փափագն իրականանա: Աղջիկը դեռ օրորոցում` տանը հայտնվում է դաշնամուրը, տղան դեռ գդալը բռնել չգիտե` տունը հեղեղվում է ջրաներկերով ու վրձիններով: Եվ այս ջանքերի մեջ ծնողները շատ անգամ մոռանում են հոգալ ամենակարեւորի մասին. երեխաների ընդունակությունների զարգացման հիմքը` զգայունությունը, գույների ու ձայների նկատմամբ կարող է նրբանալ բնության հետ ունեցած շփումներով միայն: Բնության գրկում է փոքրիկը տարբերում գարնան սեզի զմրուխտ կանաչը ամառնամուտի տերեւի գույնից: Բնության գրկում է մանկան ուշադիր հայացքը, աշխարհի աչքից աննկատ, որսում այն պահը, երբ այդ կանաչին խառնվում են աշնան կարմիր ու ոսկեգույն երանգները:

cnox1Մանկան հոգին շատ զգայուն է բնության գույների ու ձայների հանդեպ. կարմիրը կորովի է, ակտիվացնող, կանաչը խաղաղեցնում է, գորշը մռայլ տրամադրություն է ծնում, վարդագույնը` կենսուրախ, երկնագույնը` անդորր, երազային:

Նրա համար, ում տարին-բոլոր շրջապատել է մեծ քաղաքի եռուն փողոցների աղմուկը, հանգստության անդորրի անսպառ աղբյուր է անտառների ու դաշտերի լռությունը:

Բնությունը աղբյուր է նաեւ բարոյական զգացմունքների: Գթասրտություն, համարձակություն, կամք. ո՞ր ծնողը չի ցանկանա զարգացնել այս գծերն իր զավակի մեջ: Չի կարող չար ու անհոգի լինել այն մարդը, ում մանկուց սովորեցրել են ջրել պապակած ծառը, չկոխոտել մրջնաբույնը, մորը վերադարձնել բնից ընկած թռչնաձագին: Վախկոտ ու կամազուրկ չի դառնա նա, ով մանկուց վարժվել է լողալ, անցնել գետը, դիմանալ ցրտին ու տապին, մագլցել լեռան կածաններով: Մոր անընդհատ տագնապն ու խնամակալությունը ամեն քայլափոխում` «զգույշ, կընկնես», «եկ, ես բարձրացնեմ քեզ», «կհոգնես, բավական է» եւ այլն, կաշկանդում են երեխայի բնական ակտիվությունը, քիչ-քիչ մեռցնում հավատը իր ուժերի նկատմամբ, դարձնում երկչոտ ու կամազուրկ:

Տարիներ հետո, երբ կյանքը Ձեր որդու ճանապարհին կդնի արգելքներ, որոնք նա պետք է հաղթահարի միայն իր ուժերով, սեփական անզորության գիտակցման ու նվաստացման պահին նա, ավելի խստորեն քան մեկ ուրիշը, կդատապարտի ծնողների  անհեռատես խնամակալությունը:

Աշակերտներ կան, որոնք ուսուցիչներին ու ծնողներին հուսահատեցնում են դասերի նկատմամբ իրենց անտարբերությամբ: Բայց դժվար թե լինի մի երեխա, որ անտարբեր մնա բնության հանդեպ: Կարելի է մանկան այդ բուռն հետաքրքրությունը հենարան դարձնել դասարանում ձեռք բերած նրա գիտելիքները ամբողջացնելու, խորացնելու համար: Այդ գործում ծնողները կարող են լավ օգնական լինել ուսուցչին: Հնարավորություն ու առիթ` ինչքան կամենաք:

Ասենք` գյուղամիջյան ճանապարհով քայլելիս հոգնած` դուք ձեր որդու կամ աղջկա հետ նստել եք քարին` հանգստանալու: Քարի մի կողմը չոր է, հակառակ կողմը` պատած խոնավ մամուռով: Փորձենք հարցնել երեխային.

- Այս քարը ցույց է տալիս երկրի կողմե՞րը.  ի՞նչ է ասում քարը...

Այս փոքրիկ առեղծվածը լուծելու համար նա մտովի կթերթի իր դասագիրքը, կլարի հիշողությունը... Ինչ-որ բան կմտաբերի, ինչ-որ բան կհարցնի, եւ այն, ինչ կգիտակցի, հիմա կդառնա ամուր գիտելիք: Կամ, ասենք, զբոսանքի պահին երեխան ձեզ հարցնում է.

cnox- Ժամը քանի՞սը կլինի, հայրիկ:

Իսկ դուք ցույց եք տալիս ձեր ոտքերի տակ սփռված խլածաղիկները.

- Հարցրու ծաղիկներին, կասեն:

Արեւածագի հետ բացված ծաղկաթերթերը փակվել են, եւ հովիտը, որ կեսօրին դեղնավուն էր, հիմա կանաչին է տալիս:

- Իրիկնամուտ է, ասում են ծաղիկները:

Ակտիվ շփումները բնության հետ կքանդեն անջրպետը, որ երբեմն առաջանում է երեխայի դասագրքային գիտելիքների եւ բնության միջեւ:

Երեխաներ կան, որոնց հիշողության մեջ «բարդի» ու « մասրենի», «սոճի» ու «հաճարենի» բառերը կապված են անորոշ հարցականների հետ: Նրանք կարող են անցնել այս ծառերի ու թփերի կողքով` առանց ճանաչելու, անտարբեր:

 Բայց փորձեք կանգնեցնել երեխային անծանոթ ծառի մոտ, թող զննի բունը, բարձրությունը, տերեւները, նկարի ծառը, հավաքի տերեւներն ու սերմերը... Ցույց տվեք նրան լորը` արտերում, անգղը` հեռու ժայռի ծերպին, սկյուռի բույնը` սոճիների անտառում... Բնության ակտիվ ընկալումը զարգացնում է երեխայի դիտողականությունը, ակտիվացնում հարցասիրությունը, հարստացնում հիշողությունը, երեւակայությունը, զգացմունքները, խոսքը:

Բնությունը կոփում է մարմինը, հարստացնում հոգին:

Անփոխարինելի են բնության դասերը:


Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում