livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Շարունակում ենք Հռիփսիմե Խոջոյանի «Քսան զրույց երեխաների մասին» գրքից մեր ընթերցողներին ներկայացնել երեխայի դաստիարակության վերաբերյալ հատվածներ: Այս անգամ որոշեցինք անդրադառնալ փոքրիկների երեւակայության սահմաններին:

Վաղ հասակում երեխայի երեւակայության ստեղծածը նրա երազանքն է, հույսը, ցանկությունը, նպատակը: Երեւակայելիս երեխայի գիտակցությունը համարյա ամբողջությամբ զբաղված է երեւակայական իրադրության հարուցած հույզերով` երկրորդ պլան մղելով բանականությունը: Երեխան հաճախ կորցնում է իրականի եւ երեւակայականի սահմանը: Զգացմունքներն են իշխում նրա վրա եւ մղում այս կամ այն գործողության: Երեւակայության ստեղծածը հուզում է երեխային, պատճառում նույնքան բուռն հրճվանք ու ոգեւորություն, որքան իրականությունը: Երեւակայության ստեղծած պատկերը երեխային թվում է նույնքան ակնհայտ ու շոշափելի, որքան ռեալ կերպով գոյություն ունեցող իրերն ու դեպքերը:

Մի փոքրիկ տղա «նավավար» է խաղում: Պատշգամբի հատակը լիճն է` ափեափ լցված ջրով: Մեջտեղ քաշված բազմոցը իր նավն է, ուղեգորգը` ափից ափ ձգվող կամուրջը: Տղան վարում է իր նավը` ակնդետ հետեւելով, որ մայրը գնա-գա միայն կամրջի վրայով:

«Զգույշ, ջուրը կընկնես»,- աղաղակում է անկեղծ անհանգստությամբ:

Իսկ մի ուրիշ փոքրիկ աղջիկ... ինչպիսի՜ քնքշությամբ է փարվում իր տիկինկին, հանում, հագցնում նրան ու թախանձում, որ խմի «Ձկան յուղը»:

Չափազանցություն կլիներ մտածել, թե երեխան իսկապես իր խաղն իրական կյանքի տեղ է դնում, հավատում է իր հնարածին: Ոչ, նա գիտե, որ «լիճը» լիճ չէ, այլ փայտամած հատակ, որ բազմոցը նավ չէ եւ տիկնիկը` մանկիկ:

Ամեն երեխա գիտե, որ ո՛չ ձյունանուշիկն է իսկական, ո՛չ էլ նրան տանջող չար թագուհին: Գիտե, որ տիկնիկային թատրոնում այդ բոլորը ցուց են տալիս «հենց այնպես»: Բայց դա չի խանգարում, որ երբ յոթ թզուկները բեմից հարցնում են, թե ո՞ւր փախավ կախարդ թագուհին, ամբողջ դահլիճը աղաղակի.

- Այս կողմ, այս կողմ փախավ...

Եվ այդ հարյուրավոր բարալիկ ձայների մեջ թրթռում է իսկական տագնապ, մտահոգություն` կգտնե՞ն, կպատժե՞ն նրանք չար վհուկին:

Երեխան թերթում է հեքիաթների պատկերազարդ գիրքը: Հիացքով նայում է ձեռք ձեռքի տված արքայազնին ու գեղեցկուհուն: Արագ շրջում է այն էջը, որում նկարված է կախարդ պառավը: Թաթիկներով ծածկում է երեք ուլիկներին` երկյուղած, որ գայլը կուտի նրանց: Խաղի մեջ երեխան տրվում է իր դերին, ինչպես ճշմարիտ արտիստը` բեմի վրա: Երբեմն նա կորցնում է իրականի ու երեւակայականի սահմանը, ապրում է ինքնամոռացության պահեր, ինչպես ճշմարիտ արտիստը` բեմի վրա: Բայց իրական կյանքի անմիջական ներգործությունները վերադարձնում են նրան ճշմարտի զգացողությունը, սթափեցնում են, ինչպես դահլիճի որոտընդոստ ծափերը` ինքնամոռաց խաղացող դերասանին: Երեքամյա երեխայի ձեռքին գունատիպ նկար կա` ալ կարմիր խնձոր: Նա «հոտոտում էր» խնձորը, դեմքին քսում, «համտես» անում: Քույրը ձեռքը մեկնեց նկարին, նա հետ մղեց. «Չէ, իմ խնձորն է, չեմ տա»:

- Դե լավ, մի կռվեք,- ասաց մայրը: - Սա էլ քեզ:

Եվ սեղանին դրեց հար ու նման մի ուրիշ խնձոր, միայն... իսկական: Տղան, մի պահ շփոթվելով, արագ կողմնորոշվեց:

- Չէ, ինձ տուր, ես այդ խնձորն եմ ուզում:

Եվ արագ վերցնելով իսկական խնձորը` նկարը մեկնեց քրոջը:

- Դե լավ, ա՛ռ:

Երեխաները շատ վաղ են կռահում, թե ովքեր են նվերներ դնում իր մահճակալի մոտ Նոր տարվա գիշերը: Բայց նրանք կամովին տրվում են այն պատրանքին, թե դրանք Ձմեռ պապն է բերել ճերմակ սահնակով իր հեռու, ձյունաշեն պալատից: Թարմ ձյան վրա նրանք Ձմեռ պապի ոտնահետքերն են փնտրում ու նորովի հյուսում են տարեմուտի շքեղ հեքիաթը:

Ուրեմն հարկ չկա վախենալ այն պատրանքից, որ ստեղծում են Ձմեռ պապն ու կախարդական հեքիաթները: Հարկ չկա մտահոգվել իր իսկ` երեխայի հորինածի համար, թե` հենց նոր վերադարձավ Աֆրիկայից, ուր դիտում էր վագրերի կռիվը: Մանկան երեւակայության անկաշկանդ խաղեր են սրանք, որ չունեն ընդհանուր ոչինչ գիտակցված, ինչ-որ նպատակ հետամտող ստախոսության հետ: Իսկ երեխայի ստախոսության համար պետք է մտահոգվել: Եվ այն էլ`լրջորեն:

Ծլարձակե՞լ է այդ արատը երեխայի հոգում` հարկավոր է փնտրել արմատը: Որտե՞ղ: Հաճախ` շատ աննշան բաներում:

Տեսեք հինգ-վեց տարեկան այս մարդուն, որ հետազոտողի լրջությամբ զննում է էլեկտրական հաշվիչը: Հենց որ գալիս է թղթապանակով քեռին, ապակու տակ հայտնվում է կարմիր գիծն ու խաղալիք-կարուսելի պես պտտվում է, պտտվում, պտտվում... Քեռին գնում է թե չէ, հայրիկը կանգնեցնում է կարուսելը:

Կամ` քանի օր էր երեխաները թախանձում էին.

- Մայրի՛կ, մեզ տար կենդանաբանական այգի:

- Դե լավ, կտանեմ,- նրանց համառությունից հոգնած ի վերջո համաձայնեց մայրը:

- Ե՞րբ:

- Շաբաթ օրը:

Երեխաներն օրերը հաշվելով սպասում էին: Վերջապես շաբաթ է: Առավոտյան, արթնանալուն պես, նրանք հարցրին.

- Մայրի՛կ, պատրաստվե՞նք:

- Ինչի՞:

- Կենդանաբանական այգի գնալու: Այսօր շաբաթ է: Չէ՞ որ դու խոստացել ես:

- Կենդանաբանական այգու ժամանա՞կ է: Չե՞ք տեսնում ահագին լվացքը:

- Ախր դու խոստացել էիր, մայրիկ:

- Դե վե՛րջ տվեք,- բարկացավ մայրը:- Կենդանաբանական այգին տեղից չփախավ: Հետո կգնանք:

- Ախր ե՞րբ, է, միշտ ասում ես` հետո:

- Վաղը կգնանք:

Իսկ «վաղը» եկավ մորաքույրը, եւ մայրիկի հետ սկսեցին ընկույզի մուրաբա եփել:

- Ամեն օր մեզ խաբում ես, - տրտնջաց աղջիկը:

- Ձա՛յնդ,- բարկացավ մայրը:- Սրա լեզվին նայեք: Ես քո լեզուն տաքդեղով կվառեմ:

Դե, երեխային պատժելն ավելի հեշտ է, քան կանխելն այն բոլորի, ինչ արվում է ի տես նրա աչքերի եւ ի լուր նրա ականջների:

Մայրիկն այսօր շատ գործեր ունի: Առավոտից գնում է ու գալիս, եփում է ու թխում, երեկոյան հյուրեր են գալու: Այսօր մայրիկն աշխատանքի չգնաց: Եվ ահա զնգում է հեռախոսը: Մայրիկի աշխատանքային ընկերներն են, հարցնում են` ի՞նչ է պատահել:

- Հիվանդ եմ,- պատասխանում է մայրիկը թույլ ու նվաղուն ձայնով,- չիմացա ինչպես մրսեցի:

Մայրիկը կախում է լսափողը ու նորից եռանդով գործի կպչում` չնկատելով տղային, որը նրան է նայում չարաճճի ու խորամանկ: Ու, մոր հայացքից աննկատ, նա սպունգի պես ծծում է «աննշան» դեպքերն ու պահում հիշողության մեջ: Եվ, օրերից մի օր տղան սկսում է ստել:

Հայրիկը հուզված է, վրդովված: Նա հանդիմանում է որդուն, խրատում: Մայրիկը գլուխ է պայթեցնում` հասկանալու համար, թե որտեղի՞ց սկսվեց այս փորձանքը: Մայրիկը արցունք է թափում...

Ավելի խելամիտ չէ՞ր լինի, եթե պատճառը հեռվում փնտրելու փոխարեն ծնողները սթափ հայացքով նայեին իրենց կյանքին ու բարքերին: Չէ՞ որ երեխան ինչ-որ առումով նման է հայելու. ամեն մի ծնող նրա մեջ տեսնում է իր պատկերը, միայն` փոքրացած:

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում