livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

mlt2Յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում մանկությունից եկած մի հերոս ունի. նա միշտ լինում է մեր հոգու ընկերը, մեկը, որը համամիտ է մեզ հետ եւ իր հոգեվիճակով ու դատողությամբ մեզ է հիշեցնում:

 Եթե ձեր տանը կան փոքրիկներ, ապա համոզված եմ` ձեզ անծանոթ չեն լինի Վինքսերը, Նարուտոն, Պոկեմոնները, Սփայդերմեններն ու Սուպերմենները, հզոր Ռեյնջերները… Սրանք ներկա ժամանակների հերոսներն են,  որոնք էլ հանդիսանում են մեր երեխաների ոգեշնչման աղբյուրը: Հենց այս մուլտերից մեկն էլ, որը պատմում է չքնաղագեղ Վինքսերի մասին, խթանեց այս ուսումնասիրության կատարմանը:

Ովքե՞ր էին մեր ժամանակների հերոսները, եւ կա՞ արդյոք նմանություն նրանց եւ այսօրվա հերոսների միջեւ... բարդ հարց է, բայց ոչ անլուծելի…

 Սովետական արտադրության մուլտերը, որոնք զարդարում էին մեր եւ մեր ծնողների մանկությունը, այսօր էլ մեծ հարգանքի են արժանի: Դրանք բարի են, լուսավոր, դրանցում հիմնականում առկա է խաղաղ հոգեվիճակը: «Պինգվին Վինը», «Գտնված երազ», «Ոզնին մշուշում», «Մայրիկին փնտրող փոքրիկ մամոնտը»... այս շարքը կարելի է անվերջ թվել, եւ բոլոր այս մուլտերն էլ առանձնանում են իրենց ամենակարեւոր հատկանիշով` բարությամբ: Սա, անշուշտ, դաստիարակչական բնույթ է կրում:

 Վինին, քունը կորցրած պապիկը` ծերուկը, Ոզնին «մշուշում», մայրիկին փնտրող փոքրիկ մամոնտը, բոլորը հերոսներ են, որոնք ի զորու են փոքրիկի ներսում դնել լավը, բարին, ճշմարիտը: Նրանք ստիպում են հուզվել, մտածել եւ գալ եզրահանգումների: Իսկ այսօ՞ր...

Այսօրվա մասին սկսեցի խորհել` 3-ամյա քույրիկիս հետ պատահաբար դիտելով Վինքսերի մասին մուլտֆիլմը: Եթե ձեզ «հաջողվել» է երբեւէ դիտել այս հրաշքը, ապա վստահ եմ` կհասկանաք իմ մտահոգությունը... վառ գույներ, վառ երեւակայություն, սիրունիկ աղջիկներ, որոնք կարծես եկել են լրացնելու Բարբի տիկնիկի բացթողումները... Այս մուլտսերիալը ծնվել է 2004 թվականին, Իտալիայում: Հեղինակը Իջինիո Ստրաֆին է, պրոդյուսերական հարցերով զբաղվում է «Էս-Փի-Էյ» ընկերությունը, որին հաջողվել է մուլտսերիալը տարածել ողջ աշխարհով: Կա մի ամբողջ ակումբ, որը ներառում է բազմամիլիոն երեխաների, որոնք երկրպագում են Վինքսերին: Ավելին, այս հերոսների պատումը, որն արդեն 5-րդ սեզոնի մեջ է, լրացվել է նաեւ երկու ֆիլմերով, որոնք 3D ֆորմատով են լույս տեսել: Փաստորեն, ամեն ինչ արվում է` մուլտը որքան հնարավոր է գրավիչ դարձնելու նպատակով: Իսկ ֆաբուլան հետեւյալն է. Բլումը, Ստելլան, Մուսան, Տեկնան, Ֆլորան, վերջին սեզոնում` նաեւ Ռոքսին, օժտված են հատուկ զորությամբ, որի մասին պատահաբար են իմանում: Նրանք կարող են ուզած պահին երկարացնել մազերը, փոխել իրենց հագուստները, եւ էլի նման զանազան «զիզի-բիզի» բաներ անել: Այս ամենն, իհարկե, վառ, արտահայտիչ գույների կոլորիտով: Համաձայնեք, իրոք որ ապշեցուցիչ է…

 narutoԻսկ տղանե՞րը…Մինչ իրենց հասակակից աղջիկները տարված հետեւում են թիթիզ Վինքսերի արկածներին, տղաները զբաղված են Նարուտոյով…Նարուտո Ուզումակի` հերոս, որին ստեղծել է Մասաշի Կիշիմոտոն: Նարուտոյին նա անընդմեջ փոփոխության է ենթարկում, անգամ հագուկապը` անելով այնպես, որ հերոսը հարազատ թվա նաեւ եվրոպացի փոքրիկին: Իսկ ո՞վ է Նարուտոն. տղա, որը պայքարում է Հոկագե գյուղի գլխավորը լինելու համար... եւ պայքար, պայքար, պայքար… պայքարի ճանապարհին` ոչ մի փոխզիջում…

Արեւելքից եկած հերոսները Նարուտոյով չեն սահմանափակվում, դեռ պոկեմոններն էլ կան... Սրանք տարբեր համակարգչային խաղերի, մանգայի, նաեւ անիմացիոն ֆիլմերի հերոսներ են, որոնցից ամենահայտնին, թերեւս, Պիկաչու անունով պոկեմոնն է. դեղնավուն մկնիկանման կենդանի, որը չի խոսում, այլ արտահայտվում է որոշ հնչյունների արտաբերմամբ ու նետվում` որտեղից ուզում է եւ ուր ուզում է: Հենց այս հատկանիշն էր, որ ողբերգական եղավ ռուսաստանաբնակ մի տղայի համար: 1999թ.ն էր` մուլտը մեծ բում էր անում ռուսական եթերներում, իսկ փոքրիկը` երեւակայելով, որ ինքն էլ կարող է պոկեմոնի նման նետվել` ուր ուզում է, իրեն գցել էր պատշգամբից ու մահացել…

Մի պահ ուզում ես հասկանալ` որտեղի՞ց սկսվեց այս ամենը. թիթիզ աղջիկներ, հանուն ինչ-որ արժեքների մղվող կատաղի պայքարներ, տեսքով գերող «դատարկ» կերպարներ, եւ այս ամենը` զուգորդված գլուխ տանող «բա-բու»-ով եւ ականջ խլացնող աղմուկով...

Սա, իհարկե, երկար պրոցեսի արդյունք է... բավական է հիշենք ավելի հին շրջանի մուլտեր, ինչպիսիք են «Թոմը եւ Ջերին», «Դե սպասիր»-ը, «Ռոքեր մկները Մարսից»-ը, եւ կհասկանանք, որ այս ամենն այսօրվա մուլտերի նախասկիզբն է եղել:

1940 թվական, Հոլիվուդ: Ուիլյամ Հաննան եւ Ջոզեֆ Բարբերան սկսեցին նկարահանել մուլտֆիլմ Թոմ կատվի եւ Ջերրի մկնիկի մասին: Անիմացիայի նկարահանումները պարբերաբար ընդհատվում եւ վերսկսվում էին` պահանջարկի շնորհիվ: Ֆաբուլան հետևյալն է` Թոմն ու Ջերին անվերջ հետապնդում են միմյանց, նրանց անդադար պատերազմները հաճախ իրենց մեջ ծիծաղելի դաժանություն են պարունակում:

Հոլիվուդյան այս սցենարը 1970-ական թվականներին նաեւ Խորհրդային Միություն ներխուժեց: Գայլի եւ Նապաստակի կերպարները փոխարինելու եկան Թոմին ու Ջերիին` սովետական երեխային Հոլիվուդից հեռու պահելու նպատակով... Ռումյանովայի եւ Պոպովի ձայներով այս հերոսները ոչնչով չէին զիջում Հոլիվուդի «բոեւիկ մուկն ու կատվին»: Պատերազմն առկա է, առկա են եւ մյուս կոմպոնենտները:

1990-ական թվականներ, Հայաստանում եւս սկսվեց եթեր հեռարձակվել «Ռոքեր մկները Մարսից» մուլտսերիալը: Ռիք Անգարն այս հերոսների միջոցով 3 սեզոն շարունակ կարողացավ գրավել շատ փոքրիկների ուշադրությունը:

Քեւին Իսթմենն ու Փիթեր Լերդը եւս անմասն չմնացին չարի դեմ պայքարելուց… նրանց «Փոքրիկ մուտանտ կրիաներ»-ը եւս մեծ լսարան հավաքեցին:

mlt1Այսպես դեռ շատ երկար կարելի է քննարկել. ուստի, բավարարվելով բերած օրինակներով, հասկանում ենք, որ այսօրվա խառնաշփոթ իրավիճակը տարիների ընթացքում է առաջացել, եւ այն, ինչ այսօր մեր փոքրիկները տեսնում են հեռուստացույցով, կարող է վերջին հաշվով կործանարար լինել: Ինչպե՞ս վարվել... պարզապես փորձեք ինքներդ ձեռք բերել «մեր ժամանակների» հերոսների պատումները եւ մատուցել դրանք ձեր փոքրիկներին: Վստահ եղեք, որ ոչ մի փոքրիկ անտարբեր չի լինի Վինիի եւ նկարի մեջ մտած աղջկա նկատմամբ:

Ո՞րն է աշխարհի լավագույն մուլտը: Հավանաբար ձեզանից շատերը չգիտեն այս հարցի պատասխանը: Իրականում կա մեկը, որը 140 կինոքննադատների եւ մի շարք հայտնի մուլտիպլիկատորների համաձայնությամբ ճանաչվել է աշխարհի բոլոր ժամանակների եւ բոլոր ժողովուրդների լավագույն մուլտֆիլմը. դա «Ոզնին մշուշում»-ն է:

Բայց, իհարկե, ամեն մեկի ներսում էլ կլինի մի մուլտ, որը լավագույնն է իր կարծիքով: Իմ հերոսը «Գտնված երազ»-ի աղջիկն է, նա ապրում է իմ հոգում, ստիպում է ապրել` օգնելով միայն, եւ հավատալ երազներին... Գտեք ձեր փոքրիկի հերոսին, քանի դեռ չեք կորցրել նրան այսօրվա բազմազանության մեջ, այլապես ուշ կլինի:

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում