livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

child2Եթե երկու ընկերուհու շարունակ տեսնում են միասին, ապա սրանցից մեկի հայտնվելը կհիշեցնի մյուսի մասին: Ամռան տապը մարդուն կարող է հիշեցնել ձմռան սառնամանիքը, որովհետեւ դրանք ծայրահեղորեն հակառակ են: Եթե փողոցով անցնում է ուշադրություն գրավելու աստիճան բարձրահասակ մարդ, նրա տեսքը կարող է հիշեցնել մի բարձրահասակ ծանոթի, որին, թվում էր, թե իսպառ մոռացել էիք: Եվ, վերջապես, եթե չորեքշաբթի մոռացել եք, թե շաբաթվա ո՞ր որն է այսօր, կարող եք հիշել այն, սկսելով հաշիվը վերջին կիրակիից, քանի որ միշտ կիրակի օրվան հաջորդում է երկուշաբթին, սրան` երեքշաբթին, ապա` չորեքշաբթին: Ուրեմն մի բան կարող է հիշեցնել մյուսի մասին:

Այն դպրոցականը, որը փոքրուց ընտելանում է իմաստավոր կապերը մեխանիկական կապերով փոխարինելուն, դասերը սերտում է «թութակի» պես: Հնարավոր է արմատախիլ անել երեխայի մոտ այդ սովորությունը, քանի դեռ չի ամրացել:

Դրանից, իհարկե, կախված է երեխայի ընդհանուր հոգեկան զարգացումը եւ պրակտիկ գործունեության հաջողությունը: Ինչպիսի՞ մտապահումն է ավելի հեշտ, մեխանիկակա՞ն, թե՞ իմաստավոր: Թվում է, թե մեխանիկական մտապահումն ավելի հեշտ է: Այդպես կարող է թվալ առաջին հայացքից, բայց փորձեք անգիր անել բանաստեղծության մի քառատող. հեշտությամբ կհաջողվի 2-3 րոպեում: Իսկ եթե քառատողում ընդգրկված բառերը դասավորեք խառնաշփոթ եւ փորձեք մտապահել էապես իրար չկապված այդ բառերի խառնակույտը, կպահանջվի ավելի շատ ջանք ու ժամանակ:

Պատահական չէ, որ այն մարդիկ, որոնց մոտ զարգացած է իմաստավոր մտապահումն աչքի են ընկնում նաեւ մտքի խորությամբ, ճկունությամբ եւ ինքնուրույնությամբ: Իմաստավոր մտապահումն էական դեր է կատարում նույնիսկ այն ժամանակ, երբ խնդիրը բառացի անգիր անելն է: Սխալ է, երբ երեխան մեկեն սկսում է սերտել բանաստեղծությունը քառյակ առ քառյակ: Նա նախ պետք է ընկալի, իմաստավորի բանաստեղծությունն ամբողջությամբ, հետո բաժանի իմաստային միավորների, որոնք կարող են տարբեր ծավալ ունենալ: Ապա անգիր անի յուրաքանչյուր միավորը, ապա կրկին անգիր անի ամբողջը միասին:

Այսպիսով, երեխայի հիշողության որակը պարզելու կարեւոր չափանիշն այն է, թե որքանո՞վ է այն հենվում իմաստավոր կապակցությունների վրա եւ որքանո՞վ է, արդյոք, հակված սրանք արտաքին առնչություններով փոխարինելու: Էական նշանակություն ունի նաեւ երեխայի կարողությունը` գործնականորեն կիրառելու նոր ձեռք բերած գիտելիքը, այն, թե մտապահած նյութը որքանո՞վ է նպաստել նոր հմտությունների մշակմանը:

 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՔԻ ՇՏԵՄԱՐԱՆՆ Է

 

Որքան հարուստ է այդ շտեմարանը, այնքան մեծ են մտածողության զարգացման  հնարավորությունները: Կարգն ու սիստեմը այդ շտեմարանում հեշտացնում են գիտելիքներից օգտվելը: Երեխային փոքրուց պետք է ընտելացնել կարգի, սիստեմի բերելու իր գիտելիքները:

Կարեւոր նշանակություն ունեն նաեւ մտապահման ու մոռացման տեմպերը: Իհարկե, լավագույնը հիշողության այն որակն է, երբ արագ մտապահումը զուգակցվում է դանդաղ մոռացման հետ: Այդպիսի հիշողությամբ օժտված երեխան կարող է նյութը մեկ անգամ լսելուց կամ կարդալուց հետո մտապահել այնպես հիմնավոր, որ հետագայում էլ  կարողանա վերարտադրել նույնքան հեշտ ու լրիվ, ինչպես ըմբռնելու պահին: Բայց հիշողության որակների այսպիսի երջանիկ զուգակցումը հանդիպում է ոչ հաճախ: Ոմանք դանդաղ մտապահում են, դանդաղ էլ մոռանում: Հարկավոր է, որ այսպիսի հիշողության տեր երեխան  դասը սովորելիս կրկնի նորից ու նորից, փոխի մտապահման եղանակները: Մտապահման գործընթացը սկզբում մեծ ճիգ կպահանջի, բայց դրա փոխարեն` կլինի ամուր եւ տեւական:

Երեխաներ կան, որոնք արագ մտապահում են, արագ էլ` մոռանում: Այդպիսիները նոր նյութը յուրացնում են հենց դասարանում եւ կարող են տեղնուտեղը վերարտադրել լրիվ ու անսխալ: Նրանցից ոմանք տանն այլեւս գիրք չեն բացում: Բայց, արի ու տես, որ մինչեւ հաջորդ դասը մտապահածից քիչ բան է մնում, իսկ ժամանակ անց` ոչինչ: Ուրեմն, որքան էլ արագ ու հեշտ լինի դասի մտապահումը, կրկնությունը, տնային վարժությունները անհրաժեշտ են մտապահածն ամուր ու տեւական դարձնելու համար:

Հիշողությունը ամենից ավելի անարդյունավետ է այն դեպքում, երբ դանդաղ մտապահումը զուգակցվում է արագ մոռացման հետ: Սա մեծ մասամբ հետեւանք է ուղեղային հիվանդությունների, եւ առողջ երեխաների մոտ պատահում է հազվադեպ: Իսկ եթե, այնուամենայնիվ, պատահում է եւ առողջ երեխայի մոտ, պետք է փնտրել պատճառը: Հաճախ մտապահման եւ վերարտադրման դժվարությունները արդյունք են գիտելիքների շղթայում ինչ-ինչ պատճառներով առաջացած բացերի կամ շարունակ մեխանիկական մտապահումի: Այս դեպքում առաջին հերթին հարկավոր է օգնել երեխային` յուրացնելու մտապահման ճիշտ եղանակ: Հիշողության այսպիսի թերությունները վերացնելը դժվար է, բայց ոչ անհնար:

Ուրախ զրուցելով անցնում են 16-17 տարեկան աղջիկներ ու պատանիների մի խումբ: Վերադառնում էին իրենց դասընկերուհու տնից, ուր տոնել էին նրա ծննդյան տարեդարձը:

child- Հյուրընկալ ընտանիք էր,- ասաց Տիգրանը: -Պարզ մարդիկ էին, առանց ցուցամոլության:

- Ըհը,- մտազբաղ արձագանքեց Մարգարիտան: Ապա հարցրեց,- քեզ դուր եկա՞վ նրանց հյուրասենյակի վարագույրը:

- Վարագո՞ւյրը,- տարակուսեց Տիգրանը,- չգիտեմ, չեմ հիշում: Երեւի չեմ էլ տեսել:

- Ինչպե՞ս թե չես տեսել,- ապշեց Մարգարիտան,- ախր դու նստած էիր ուղիղ պատուհանի դիմաց… Զարմանալի տղա է այս Տիգրանը: Դժվար բաները հասկանում, հիշում է բոլորիցս լավ, իսկ աչքով տեսածը մոռանում է:

Իսկ ինքը ոչ միայն վարագույրներն է հիշում, այլեւ պատից կախված նկարը, ջահը, հատակի գորգը, հյուրասենյակում դրված բոլոր իրերը: Հիշում է, թե ինչ զգեստ էր հագել հյուրերից յուրաքանչյուրը:

Մինչդեռ Նարինեն անընդհատ կրկնում էր.

 - Ինչ լավ երեկո էր: Ինչ լավ մարդիկ էին: Բոլորն էլ ինձ դուր եկան: Էլի  մեծ հաճույքով իրենց տուն կգնամ:

Հակոբն ընկերների միահամուռ քրքիջի տակ ցուցադրում էր երեկույթի անցուդարձը: Այն, թե ինչ հանդիսավոր շարժումով աթոռից վեր կացավ  Կարենը` բաժակաճառ ասելու, եւ թե ինչպես էր կոտրատվում Ծովինարը, երբ Վահանը, արջի պես օրորվելով` պարի էր հրավիրում նրան: Այդպես է Հակոբը, բավական է, թեկուզ մի անգամ ուշադիր նայի մարդու, հետո կարող է այնպես ճշտությամբ ընդօրինակել նրա շարժումները, որ բոլորը ծիծաղից թուլանան: Դե, թող փորձեն նույնն անել Տիգրանը, Մարգարիտան, Նարինեն կամ մեկ ուրիշը, չի ստացվի: Հիշողությունների այդպիսի տարբերությունները վաղուց են գրավել հոգեբանների ուշադրությունը: Այդ տարբերությունների հիման վրա առանձնացվել է հիշողության չորս հիմնական տարատեսակ.  շարժողական, որը հենց Հակոբի տիպն է, խոսքային-տրամաբանական, պատկերային ու զգացմունքային:

Խոսքային-տրամաբանական հիշողություն ունեցող մարդիկ հակված են  իրենց տեսածը, ընկալածը մտապահել եւ վերարտադրել ընդհանրացված ձեւով, ճիշտ այնպես, ինչպես Տիգրանը: Նրանք հիշում են էականը եւ մոռանում մանրամասները: Դասերը սովորելիս էլ մտապահում-վերարտադրում են ընդհանուր դրույթները` շատ անգամ  մոռանալով կոնկրետ փաստեր, դետալներ:

Վերեւում նկարագրված երեխաներից Մարգարիտան ներկայացնում է պատկերային հիշողության տիպը: Նա իր ընկալածը հիշում է այնպիսի ակնհայտությամբ ու մանրակրկիտ, ձեւերի ու գույների բոլոր նրբերանգներով, ասես հիշվող օբյեկտները հենց այս պահին աչքի առջեւ են: Նրա մտապատկերները վառ են, գունեղ:

Հիշողության չորրորդ տիպի ներկայացուցիչները աչքի են ընկնում սեփական ապրումները մտապահելու, վերարտադրելու ընդգծված հակումով: Նրանք բոլորը Նարինեի պես հիշում են հատկապես այն, ինչ հուզել է իրենց, պատճառել դրական կամ բացասական ապրումներ:

Հիշողության այս տիպերից յուրաքանչյուրն ունի իր արժեքը: Օրինակ` պատկերային հիշողությունը կարեւոր երաշխիք է նկարչական եւ երաժշտական ընդունակությունների զարգացման համար: Բայց անկատար կլինի արվեստագետի ստեղծագործությունը` առանց զգացմունքային հիշողության: Զարգացած զգացմունքային հիշողության դեպքում մարդն աշխարհն ընկալում է իր զգացմունքների տեսանկյունից: Եվ, եթե թույլ լինի նրա խոսքային, տրամաբանական հիշողությունը, ապա նա կդժվարանա օբյեկտիվորեն գնահատել իր ընկալածը, մշակել համապատասխան վերաբերմունք: Շարժողական հիշողության հիմքի վրա կարելի է զարգացնել շատ հմտություններ: Բայց խոսքային տրամաբանական հիշողության ոչ բավարար զարգացման դեպքում այսպիսի անհատի մոտ կարող է hետ մնալ տեսական մտածողությունը:

Ուրեմն, ծնողը, մանկավարժը ամեն մի երեխայի հիշողությունը զարգացնելիս` պետք է հենվեն հիշողության տիպի ընձեռած հնարավորությունների վրա, չմոռանալով նրա մեջ, որքան հնարավոր է, ակտիվացնել նաեւ հիշողության մյուս տիպի հատկությունները: Երեխաների հիշողությունների տիպային առանձնահատկությունները հաշվի առնելը կարեւոր է նաեւ դասերը սովորելու նպատակահարմար եղանակ ընտրելիս: Ասենք, պետք է հիշել ինչ-որ բանաձեւ: Բավական է տեսողական հիշողություն ունեցողը նայի բանաձեւին, այն կդրոշմվի նրա գիտակցության մեջ: Լսողական հիշողություն ունեցողի համար դա բավական չէ: Լավ մտապահելու համար նա պետք է բարձրաձայն կարդա բանաձեւը: Իր իսկ ձայնը հնչելով ականջին` կհեշտացնի մտապահումը: Մինչդեռ հիշողության շարժողական տիպին պատկանող երեխան  գերադասում է իր ձեռքով գրել բանաձեւը: Մտապահումը հեշտանում է նույնիսկ այն դեպքում, երբ ձեռքի տակ չունենալով թուղթ ու գրիչ, նա օդում է գծում երեւակայական նշանները:

child1Դպրոցականի հիշողությունը բոլոր առարկաների դասերին միատեսակ ակտիվությամբ չի դրսեւորվում: Երեխաներ կան, ովքեր հեշտությամբ մտապահում են, ասենք, գրականությանը վերաբերող ամեն մի փաստ, մինչդեռ մաթեմատիկայի կամ քիմիայի նյութերը մտապահելու համար կարիք ունեն մի քանի կրկնության կամ` հակառակը: Մտապահման պրոցեսի վրա ազդում են հետաքրքրությունները, դեպի առարկան ունեցած վերաբերմունքը: Այն, ինչ ինքնին հետաքրքրում է տվյալ անհատին, հուզում է, գրավում, մտապահվում առանց ճիգի ու մտապահման հատուկ մեթոդների գործադրման: Բայց մարդն իր գործունեության ընթացքում անհրաժեշտաբար պետք է մտապահի բաներ, որոնք ինքնին գրավիչ չեն, պահանջում են կամային մտապահում: Ուրեմն, դպրոցականի հիշողությունը զարգացնելու համար մի կողմից` պետք է ջանալ հետաքրքրություն առաջացնել մտապահվելիք նյութի նկատմամբ, մյուս կողմից` վարժեցնել նրան կամային մտապահման, սովորեցնել ղեկավարել իր հիշողությունը:

 Հիշողությունը զարգանում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Աստիճանաբար մեծանում են մտապահման արագությունն ու ծավալը: Զարգացումն օրինաչափորեն ընթանում է ոչ կամայինից դեպի կամային, պատկերային տիպից` խոսքային-տրամաբանական:

Երեխայի հիշողության դաստիարակությունը կարեւոր գործ է: Հիշողությունը անձնավորության ընդհանուր զարգացման արդյունքն է ու չափանիշ: Դիպուկ է ասել ռուս ականավոր ֆիզիկոս Սեչենովը. «Չլիներ հիշողությունը, մեր զգայություններն ու ըմբռնումները անհետ կկորչեն` մարդկությանը հավերժորեն թողնելով նորածնի վիճակում»:

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում