livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

child1. Ինչ ցանում ես` այն էլ հնձում ես:

2. Ի՞նչ հասարակական էակ է դառնալու մեր երեխան:

3. Ինչպե՞ս է ձեւավորվում այսօրվա քաղաքացին` հասարակական մարդը:

Այս անգամ «Զարուհու» ընթերցողներին կներկայացնենք վերը նշված երեք ենթակետերի հոգեբանական վերլուծությունը, որը մեր կանանց ու մայրերին հնարավորություն կտա` իրենց երեխաներին, որպես  հասարակական էակ դաստիարակելու գործընթացում:

Մարդ դառնում է հասարակական էակ շփման արդյունքում:

Որքան բազմազան են այդ շփումները, այնքան շատ են վարքի ընդօրինակման ձեւերը կամ մոդելները:

Կախված մարդու շփման եւ ինքնարտահայտման տարբերություններից, կարելի է պատկերացում կազմել նրա այս կամ այն սոցիալական շերտի եւ խավի պատկանելու մասին. օրինակ` հիշենք աղանդավորներին:

Երբ մարդը մեծանում է մեկ արժեքային համակարգ կրող մարդկանց միջավայրում, ապա դժվար չէ կռահել, որ նա էլ կդառնա այդպիսին, կամ կհակադրվի այդ արժեքներին, եթե  նա չկարողանա ինքնահաստատվել այդ արժեքները կրող մարդկանց միջավայրում:

Շատ մեծ է ընտանիքի անդամների դերը մարդու կայացման հարցում, հատկապես ավելի մեծ է մոր դերակատարումը: Մայրերը էմոցիոնալ առումով ավելի մոտ են երեխաներին:

Մարդը իր կյանքի տարբեր փուլերում գտնվում է մի քանի սոցիալական ինստիտուտների. ընտանիքի, մանկապարտեզի, դպրոցի, քոլեջի եւ այլ ներազդեցության տակ:

Յուրաքանչյուրն իր ներդրումն է թողնում մարդու կայացման գործընթացում, սակայն ավելի կարեւոր են մարդու կայացման համար կյանքի վաղ տարիները` սոցիալականացման առաջնային փուլը, քանի որ մարդկային հարաբերությունների նախնական մոդելը տալիս է ընտանիքը 85%-ով, փողոցը տալիս է 10%-ը, կրթօջախը` 5%-ը:

Թերեւս, հասունանալով մարդը կարող է  վերարժեքավորել եւ վերափոխել իր կյանքը:    

child1Երեխան «դաստիարակվում» է ընտանեկան արժեքների համաձայն, որտեղ չեն առանձնացվում երեխայի այն հատկանիշների զարգացումը, որոնք հետագայում նրա հասարակական կենսագործունեությունն են ապահովելու: Թերեւս, դա գիտակցաբար չի արվում: Ընտանիքը տալիս է այնքան ինֆորմացիա, որքան ունի: Եվ եթե մարդը քիչ ձգտումներ ունի, սովոր է հարմարվել կյանքի դժվարություններին ու չլավացնել կյանքը,  իր երեխային էլ է այդպես ապրել սովորեցնելու: Իսկ երեխան իր հերթին պասիվ հարմարվողական դիրք կզբաղեցնի իր հասակակիցների մոտ:

Քանի որ մեր երկրում մայրերն են երեխաների դաստիարակության հարցերով հիմնականում զբաղվում, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել վարք ձեւավորող մոդելներին, որոնք հաղորդվում են երեխաներին:  

 Եթե յուրաքանչյուր բացասական երեւույթին ագրեսիվ պատասխան տրվի. օրինակ` հատակը կեղտոտելու, իր վրա կերակուր թափելու եւ նման այլ դեպքերում մայրը ծեծի, երեխան, ընդօրինակելով այդ վարքի նորմը, սոցիալական մյուս ինստիտուտներում` մանկապարտեզում, փողոցում, դպրոցում, ավելի հավանական է, որ կպատասխանի այս մոդելով` կծեծի այն երեխաներին, որոնց արարքն իրեն դուր չի գա:

Մանկապարտեզը հաջորդ ինստիտուտն է, որտեղ հղկվում է, եւ հնարավոր է` փոփոխության է  ենթարկվում երեխայի վարքը: Քանի որ մանկապարտեզներում երեխաների դաստիարակմամբ զբաղվում են հիմնականում կանայք, կրկին անգամ նրանք են երեխայի վարքի մոդելի ձեւավորողները:

Մանկապարտեզը կարող է ցույց տալ, որ կա վարքի այլ մոդել. օրինակ` իր արարքի հետեւանքները վերացնել` պատուհանը մաքրել,  շորերը փոխել, եթե կեղտոտել է: Մյուս երեխաների հանդեպ լավ վերաբերվել. oրինակ` եթե վերցրել են նույն խաղալիքը, ինչ ինքն է ուզում` փոխանակել մեկ այլով, ոչ թե խլել ու ծեծել (իհարկե, դժվար է լինում երեխային այդ հասցնելը, երբ ծնողը շարունակում է տանը նույն կերպ վերաբերվել, եւ չի փորձում գտնել լուծման ճանապարհներ): Այստեղ երեխան ունենում է վարքի երկու մոդել, եւ հույս կա, մյուսների եւ իր սեփական երեխաների հանդեպ նա կօգտագործի այն մոդելը, որն իր համար էլ ավելի է ընդունելի:

Կյանքի հաջորդ փուլում, երբ նա գնում է դպրոց, նա կարող է ամրապնդել ունեցած նախկին մոդելներից որեւէ մեկը` թշնամանքը կամ կոմպրոմիսը: Եթե միջավայրի վերաբերմունքն իր հանդեպ (ուսուցիչների, համադասարանցիների վերաբերմունքը) նա թշնամական է գնահատում, գործի կդնի թշնամական վարքը (քանի որ իրավիճակը նրան ակամայից հիշեցնելու է իր հանդեպ վերաբերմունքի այդ ձեւը), իսկ եթե բարյացակամ է, համապատասխանորեն` փոխզիջման:

Դպրոցը նպաստում է երեխաների նախկին փորձի վերակազմավորմանը: Դպրոցական տարիքից երեխաները սովորում են հասարակական հարաբերությունների մեջ մտնել եւ, ի տարբերություն մանկապարտեզների, ոչ թե դերային խաղերի միջոցով են ճանաչում մեծերի աշխարհը, այլ իրական հարաբերությունների մեջ են մտնում շրջապատող աշխարհի հետ եւ պատասխանատու են լինում իրենց քայլերի համար (խնամք են տանում  իրենից փոքր երեխաներին, հանդես են գալիս ի օգուտ թիմի շահերի, ոչ անձնական, եւ այլն), որը կատարելագործվում է հետագայում քոլեջում, բուհում, որտեղ նա արդեն փորձում է իր սովորած մոդելներով ապրել` ինքնակայանալ:

Մարդը հասարակությունում ինտեգրվելու համար պետք է ադապտացվի գործող նորմերին, եթե այդ ադապտացիան տեղի չի ունենում, նա դառնում է հակասոցիալական էակ` թմրամոլ, հանցագործ, կամ փորձում է հասարակական նորմերը ենթարկել իր շահերին` օգտագործելով իշխանական լծակներ:

Երբ մարդը հանդիպում  է դժվարությունների,  փորձում է իր իմացած ձեւերով դուրս գալ դժվարություններից, օրինակ` այն երեխայի դեպքում, ով սովոր է կռվով իր ուզածին հասնել, նա կարող է ընտրել «պատերազմի» ճանապարհը, ոչ թե խնդիրների լուծման քաղաքակիրթ ուղին` բանակցությունները:

Այժմ մոտ են ընտրությունները, մենք կանգնած ենք երկրի ապագան կերտող ղեկավարներ ընտրելու հարցի առաջ:

Մենք կարող ենք այսօրվա ղեկավարների եւ լիդերների օրինակով տեսնել, թե ինչ պտուղ է տվել մեր դաստիարակությունը:

Հարգարժան մայրեր, ներքոնշյալ օրինակները կարող են օգնել երեխայի հանդեպ Ձեր վերաբերմունքը եւ վարքը վերափոխելուն:

Երբ մենք երեխային մասնակից չենք դարձնում ընտանիքին վերաբերող որոշումների կայացմանը եւ հաշվի չենք նստում նրա հետ, ապա ավելի հավանական է, որ նա հասարակական կյանքում ներքին դժվարությունների կհանդիպի, իսկ իշխանություն ունենալու դեպքում էլ մյուսների հետ հաշվի չի նստի: Կամ, եթե իր ընտանիքում, երբ դժվարության է հանդիպել, մեծահասակները նրա փոխարեն լուծել են դժվարությունը, ապա նա այս անգամ էլ հավանաբար կսպասի, որ ինչ-որ մեկն իր փոխարեն լուծումներ տա ստեղծված իրավիճակին: Եթե ամեն անգամ երեխայի իրավունքները ծնողների կողմից խախտվեն, ապա չի բացառվում, որ հասուն տարիքում նա չի կարողանա պաշտպանել իր իրավունքները կամ կխախտի ուրիշի իրավունքները` ունենալով իր ձեռքում իշխանություն:

Մեր երկրում դեռ ընտանիքներում երեխաների հանդեպ բռնությունը մնում է խոցելի հարցերից մեկը, քանի որ չկան վերահսկող ինստիտուտներ, մշակված չեն սոցիալական մոդելներ, պետական քաղաքականությունը այդ ուղղությամբ թույլ է, իսկ հասարակական կազմակերպությունների լիազորություններն ու հնարավորություններն էլ սահմանափակ են:  Բռնությունը, որպես վարքի նորմ, մնում է հարցերի լուծման մոդել. ամուսինը` կնոջ հանդեպ, ուսուցիչը` աշակերտի, քաղաքական գործիչը` մասսայի վրա ազդելու:

Ինչպե՞ս լուծել այդ հարցը, չէ՞ որ դեռ մեր հասարակությունը թույլ է տալիս իր հանդեպ անարդար վերաբերմունք: Հանդուրժում է բռնություն եւ չի ըմբոստանում, երբ խախտվում են իր իրավունքները: Կամ այդ ըմբոստացումը միայն վերբալ (խոսքային) մակարդակում է մնում եւ չի անցնում գործի: Երեւի պատճառն այն է, որ յուրաքանչյուրը զգում է, որ կա ոլորտ, որտեղ ինքն է նման կերպ վարվում մեկ ուրիշի նկատմամբ. օրինակ` տանը իր հարազատ երեխայի նկատմամբ ծնողը վերաբերվում է այնպես, ինչպես իր ղեկավարը աշխատանքի վայրում իր հետ է վերաբերվում: Իսկ գործատուն այնպես է վերաբերվում իր աշխատողներին, ինչպես իր հանդեպ վերաբերվել են իր ծնողները:

Ի՞նչ իրավունքով է մեր երկրի քաղաքացին պահանջում պաշտպանել իր իրավունքները, երբ իր ընտանիքում նա խախտում է իր կնոջ (ամուսնու), երեխաների կամ ընտանիքի մյուս անդամների իրավունքները: Երեւի ենթագիտակցաբար էլ հանդուրժում է, կամ միայն կարծիք հայտնելով է սահմանափակվում:  

Երբ երեխան ընդդիմանում է բռնություն գործադրող ծնողին, ծնողը նրան պատժում է: Պատժից խուսափելու եւ բռնության չենթարկվելու համար երեխան ընտրում է տունը լքելու ճանապարհը, քանի որ ծնողի, հատկապես` մոր ֆունկցիան պաշտպանելն է, իսկ երբ այդ պաշտպանությունը չկա այն վայրում, որտեղ նա ծնվել ու մեծացել է եւ արդարացիորեն ակնկալում է, ապա մնում է ուրիշ վայրում փնտրել պաշտպանություն: Նույն տրամաբանությամբ էլ մեր շատ համաքաղաքացիներ բռնում են օտար երկրներ գնալու ճանապարհը:

Եթե հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ այսօրվա երեխան վաղվա հասարակական էակն է, եւ այն, ինչ երեխայի հանդեպ կատարվում է, դա էլ հետո հետ է վերադառնում հասարակություն, ապա մեր համար ավելի կկարեւորվի սոցիալական ինստիտուտներում վարքի սոցիալական մոդելների ձեւավորման հարցը, եւ յուրաքանչյուր ծնող, դաստիարակ, ուսուցիչ, ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվի ապագա հասարակական էակին` քաղաքացուն:

ԱՄՆ-ում ընտանիքը վերահսկվում է պետության կողմից: Սոցիալական աշխատողն իրավունք ունի մտնել ընտանիք եւ վերահսկել ծնող-երեխա փոխհարաբերությունները: Նրանք համարում են, որ այդ երեխան, որ մեծանում է այդ ընտանիքում, իր ապագա քաղաքացին է, եւ ծնողն իրավունք չունի ճնշել, խախտել նրա քաղաքացիական իրավունքները: Եթե ծնողի վերաբերմունքը ընդունված նորմերին չի համապատասխանում` նրանից վերցնում են երեխային եւ տալիս այն ընտանիքին, որը կարող է լավ մոդել հանդիսանալ պետության ապագա քաղաքացու կայացման հարցում:  

child2Լիարժեք հասարակական էակ ձեւավորելու համար հարկավոր է վարքի այնպիսի մոդելներ տալ երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին, որոնք կօգնեն նրանց կյանքում ինքնավստահ զգալ, ինքնակայանալ, ինքնարտահայտվել, ինքնաբավ լինել եւ դժվարությունների հանդիպելիս գտնել ելքեր, որոնք իրեն եւ հասարակությանը օգուտ կտան:  

Կարծում եմ` վարքի ստանդարտների մշակումը կդառնա հասարակության բոլոր խավերին, բոլոր ինստիտուտներում, բոլոր տարիքի մարդկանց ճիշտ մոդելների ձեւավորման միջոց: Իսկ նորաստեղծ ընտանիքներին հարկավոր է անվճար տրամադրել խորհրդատվություններ` հոգեբանական, իրավաբանական, մանկավարժական, առողջապահական եւ այլ ոլորտների: Ու դա ավելի արդյունավետ կլինի պետական եւ հասարակական կառույցների համատեղ ջանքերի միջոցով:

Եթե հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ մարդկանց կարծրացած պատկերացումները, հոգեկան պաշտպանական մեխանիզմները դժվարացնում են ինֆորմացիայի հասանելիությունը, եւ որքան տարիքով է անձը, այնքան հոգեկան ճկունությունը թույլ է, ուստի հույսը երիտասարդ սերնդի վրա է (հատկապես երիտասարդ մայրերի), քանի որ նրանք ունեն ռեսուրսներ ինքնազարգանալու եւ փոխելու ինքնագիտակցումը եւ նոր գիտակցմամբ էլ դաստիարակելու նոր սերունդ, որը չի մտածի միայն իր շահերի մասին եւ հասարակական ավելի բարձր գիտակցության կրող կլինի: Սերունդ, որը կմտածի` ինչպես դարձնի ի՛ր, ի՛ր ընտանիքի, ի՛ր շրջապատի, ի՛ր երկրի եւ, վերջապես, ի՛ր մոլորակի կյանքը ավելի լավը:

Սիրելի մայրեր, կարծում եմ` այս հոդվածը կնպաստի նորովի վերաբերվել ինքներդ Ձեզ, Ձեր երեխաներին: Միշտ կարելի է լրացնել, շտկել բացթողումները, ուղղել վարքը, վերափոխել կյանքի ուղին: Հիշեք, որ գուցե 10-20 տարի հետո Ձեր երեխան է որոշելու մեր երկրի ճակատագիրը, ինչպիսին կլինի այն, կախված է հենց Ձեր այսօրվա դաստիարակությունից:

Հոգեբան ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում