livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

notyՄայրը զայրանում է, սպառնում, բայց միեւնույն է. փոքրիկ կամակորը ոտքը գետնին է զարնում ու կրկնում նույնը.

-Չե՛մ, չե՛մ, չե՛մ…

Ու երիտասարդ մայրիկին թվում է, թե ինքն անօգնական է այդ թիզուկեսի առաջ, բոլորովին անօգնական:

- Գագիկ, տուն արի:

- Չեմ ուզում:

- Գագիկ, ճաշդ կեր:

- Չեմ սիրում, բուլկի տուր:

-Գագիկ, հավաքիր խաղալիքներդ:

- Չէ, էլի եմ խաղալու:

- Գագիկ, ուշ է, գնա քնիր:

- Քունս չի տանում:

- Գագիկ…

Ո՞ւմ է քաշել այս տղան, այսպես համառ ու ինքնասածի: Մայրը փնտրում է այն մեղավոր ազգականին, որին պետք է որ նմանված լինի իր որդին, որ գեթ մտքում բարկությունը նրա վրա թափի ու հոգին մի քիչ թեթեւանա:

Բնավորությունն ու սովորությունները, իհարկե, երեխայի հետ չեն ծնվում: Սրանք մշակվում են աստիճանաբար, միջավայրի պայմանների, փոխհարաբերություններին համապատասխան: Մարդկային միջավայրի ակտիվ գործունենության մեջ է ձեւավորվում նաեւ կամքը:

- Գագիկ, արի, որ պաղպաղակ գնեմ:

- Այ, տե՛ս, եթե հենց հիմա չեկար, կինոյից կզրկվես:

Գագիկի պետքն էլ չէ: Նա փորձից գիտե, որ մոր բարկությունը գարնան կարկուտի պես կտեղա ու կդադարի, հետո ե՛ւ պաղպաղակը կլինի, ե՛ւ կինոն, ու անվրդով կշարունակի իրենը: Մինչդեռ մայրն անգիտակցաբար շարունակ մեծացնում է իր իսկ ձեռքով իր գլխին բերած պատուհասը:

Գագիկի կամակորությունները սկսվեցին 3 տարեկանից: Մինչ այդ հանգիստ, հնազանդ երեխա էր: Ասեիր նստիր` կնստեր, կանգնիր` կկանգներ: Կարծես միանգամից վերցրին, շուռ տվեցին այդ տղային: Ինչ ասում ես, հակառակն է անում:

- Երեք տարեկանը կամակորությունների հասակ է,- հաստատում են բազմաթիվ մայրեր:

- Իմ աղջիկն էլ այդ տարիքում փոխվեց:

- Իմ եղբոր տղան էլ:

noty1Սա պատահական զուգադիպություն չէ: Կյանքի առաջին տարիներին երեխան դեռեւս հստակ չի տարբերում իրեն արտաքին միջավայրից: Նա նույնիսկ շփոթում է իր սեփական արարքներն իրենից դուրս տեղի ունեցող անցուդարձի հետ: Երեք տարեկանում շրջադարձային բեկում է կատարվում երեխայի հոգեկան զարգացման ընթացքի մեջ: Երեխան հասնում է իր անհատականության գիտակցման. զատում է իրեն մեծ բնությունից ու կանգնում աշխարհին դեմ-հանդիման` որպես այն ընկալող անհատ: Գիտակցելով իր եսը ու հակադրվելով ուրիշ անհատների` երեխան յուրահատուկ հարգանք է տածում իր անձի նկատմամբ: Թե՛ խոսքում, թե՛ գործում ձգտում է շեշտել իր եսը, իր կամքը: Ինչպես գրում է ֆրանսիացի ականավոր հոգեբան Անրի Վալոնը, երեխան մտնում է կյանքի այն շրջանը, երբ ինքնահաստատման միակ ձեւը հաղթանակն է:

Եվ եթե ծնողները նախկին սովորությամբ միայն իրենց մտադրությունները, կամքն են թելադրում երեխային` կաշկանդելով նրա ձգտումներն ու ինքնուրույնությունը, երեխան վրդովվում է, պատասխանում միջավայրին բացասական վարքով: Ինչ որ իրենից պահանջում են, անում է հակառակը:

Այսպես չէր պատահի, եթե ծնողը խրախուսեր երեխայի նախաձեռնությունները, թույլատրելի սահմաններում ընդառաջ գնար նրա ցանկություններին:

Նրբանկատությունն ու տակտը երեխայի նկատմամբ այս հասակում կարող են կանխել նոր-նոր ծլարձակող կամակորությունը, քանի դեռ այն չի արմատակալել, չի դարձել սովորություն: Այս հասակն է ամենից նպաստավոր պահը` սկսելու համար երեխայի կամքի դաստիարակությունը:

Երբեմն շփոթում են կամակորությունն ու կամքը: Կամակոր մարդն անկոտրում համառությամբ պնդում է իրենը, ստիպում ուրիշներին համակերպվել իր ցանկության հետ, նույնիսկ եթե հոգու խորքում այն հնարավոր կամ խելացի չի համարում:

Կամքը միշտ կապված է դժվարությունների հաղթահարման հետ: Այն արտահայտվում է մարդու վճռականությամբ, նպատակասլացությամբ, համարձակությամբ:

Սակայն համարձակության ամեն մի դրսեւորում ուժեղ կամքի վկայություն չէ: 13-14 տարեկան երկու տղա, ապացուցելու համար իրենց ամուր կամքը, պատրաստվում էին ցատկել 2-րդ հարկի պատուհանից:

Ամեն մարդ չէ, որ կհանդգնի այդ անել: Դրա համար իսկապես համարձակություն է պետք: Հիմք տա՞լիս է այսպիսի համարձակությունը  վճռելու, որ այս տղաներն ուժեղ կամքի տեր են: Ո՛չ: Ինչո՞ւ էին նրանք ցանկանում պատուհանից ցատկել. հրդեհի՞ց էին փրկվում, թե՞` վտանգավոր հետապնդումից: Ոչ մեկը, եւ ոչ մյուսը: Նրանք ուզում էին ցատկել հենց այնպես` ցույց տալու համար, որ իրենք կարող են անել այն, ինչ ուրիշները չեն համարձակվի: Ստացվում է, որ դրդապատճառը դատարկ սնապարտությունն է:

Դաստիարակել երեխայի կամքը, նշանակում է, առաջին հերթին, մղել նրան խելացի արժեքավոր նպատակներ իրագործելու:

Բայց նպատակը պետք է իրականացնել: Կամք դաստիարակել, նշանակում է նաեւ օգնել երեխային գիտակցելու դեպի նպատակը տանող ուղիները, ընտրել դրանցից առավել հարմարը: Հատկապես այս հարցում երեխան մշտապես կարիք ունի փորձառու չափահասի հսկողության:

Երեխան, սովորաբար, իր առջեւ հեռավոր նպատակներ չի դնում: Նրա նպատակները մեծամասամբ կոնկրետ են` անմիջապես կապված այս կամ այն պահանջմունքի բավարարման հետ: Կամքի համեմատ մեծ լարում է հարկավոր, եթե երեխան հարկադրված է հրաժարվել ցանկալիից հանուն անհրաժեշտի: Եթե նպատակը շատ գայթակղիչ է, երեխան, իր արածի անգիտակ, կարող է ընտրել նպատակին հասնելու ոչ ցանկալի ուղի: Սովորաբար ամեն բան սկսվում է մանրուքներից, շատ հաճախ` մանկուց: Առաջին դասարանցին քայլում է դպրոցի միջանցքով… Հատակին ընկած է մի գեղեցիկ գրիչ, ավելի գեղեցիկ, քան իր գրիչը, քան երբեւէ ունեցած իր բոլոր գրիչները: Չվերցնի՞: Չէ՞ որ ինքը գտել է. նա հո չի՞ հանում գրիչը որեւէ մեկի պայուսակից, իսկ ի՞նչ կասի մայրը…

- Այդ ի՞նչ գրիչ է ձեռքիդ…

- Գտել եմ, -տագնապով շշնջում է երեխան,- դպրոցի միջանցքում գտա:

 Մայրը լռեց: Մայրը չասաց, որ գրիչները միջանցքում չեն բուսնում, ինչպես մանուշակները` սարալանջին եւ ոչ էլ անձրեւի պես թափվում են երկնքից: Չասաց, որ եթե միջանցքում գրիչ է ընկած, ուրեմն դա ինչ-որ մեկի գրիչն է: Մայրը չդրդեց որդուն զսպել գայթակղությունը, գնալ, գտնել գրիչի տիրոջը, հանձնել նրան կորուստը, ու տուն դառնալ թեթեւացած սրտով: Գուցե նա պատահածը համարեց աննշան մանրուք: «Եղած-չեղածը մի գրիչ է»: Գուցե չմտածեց, թե ինչ մեծ բան կորցրեց երեխան իր մոր լուռ համակերպումով: Հաջորդ անգամ, եթե, ո՞վ գիտե, էլի ինչ-որ կորած բան պատահի, փոքրիկը կվերցնի արդեն առանց սրտի դողի. «դե ի՞նչ անեմ, գտել եմ»:

Պարզ է, որ այդպիսի իրադրության մեջ ոչ միայն շրջանցվում է երեխայի մեջ կամային հատկանիշներ դաստիարակելու հարմար առիթը, այլեւ վտանգավոր ընթացք են ստանում բարոյական զգացմունքները:

Պատկերացրեք, որ առավոտյան տանից դուրս են գալիս 2 մարդ: Նրանցից մեկը գիտե, թե այսօր ո՞ւր պետք է գնա, ո՞ւմ պետք է հանդիպի, ի՞նչ պետք է անի: Երկրորդի մտադրություններն աղոտ են ու խառը: Նա կանի այն, ինչ կթելադրեն հանգամանքները: Հավանաբար նա շատ կարեւոր բաներ կմոռանա անել, անտեղի ժամանակ կկորցնի եւ էական արդյունքի չի հասնի: Մինչդեռ նպատակի եւ այն իրականացնելու ուղիների հստակ գիտակցումը կօգնի առաջին մարդուն ներքուստ ծրագրավորելու իր գործողությունները, որոշելու նրանց հաջորդականությունը, կռահելու, թե որտեղ են սպասում իրեն ամենամեծ արգելքները, ե՞րբ պետք է լարի իր ուժերը: Անկասկած, հավասար հնարավորությունների դեպքում այս մարդու գործուներությունը կլինի անհամեմատ արդյունավետ եւ նպատակասլաց:

Դժվարությունները հաղթահարելու, մարդու ներքին պատրաստակամությունը կամային գործողությունների հաջողության համար շատ կարեւոր պայման է: Բայց այն ինքնին չի ապահովի հաջողությունը, եթե վճիռ ընդունելիս հաշվի չեն առնվել իրագործման օբյեկտի դժվարությունները: Մարդը որքան էլ զորեղ կամքի տեր լինի, չի կարող դիմադարձ կանգնել ցած գլորվող ժայռին: Ուրեմն երեխային պետք է մանկուց սովորեցնել, որ նպատակ ընտրելիս հաշվի առնի, թե իր ուժը կպատի՞ արդյոք հաղթահարել նպատակի ճանապարհին սպասվող օբյեկտիվ դժվարությունները: Կարեւոր է, որ երեխան փոքրուց սովորի ճիշտ գնահատել իր ուժերը: Այստեղ հնարավոր է երկու անցանկալի իրողություն: Մեկը` երբ երեխան ցածր է գանհատում իր ուժերը, թերահավատ է իր նկատմամբ: Մյուսը` երբ չափազանց բարձր կարծիքի է իր հնարավորությունների մասին: Մեծ հավանականությունները կդրդեն վերջինիս իր կարողություններից բարձր նպատակների հետամուտ լինել: Գուցե նա ստիպված կլինի նահանջել կես ճանապարհից, անպտուղ վատնել իր ուժերը: Ոչինչ: Դրա փոխարեն երեխայի մեջ կմշակվի համարձակության նախաձեռնություն: Կյանքի փորձն ի վերջո կօգնի նրան ճիշտ կողմնորոշվել, ճանաչել իր ռեալ հնարավորությունների սահմանը: Վտանգավորը մյուս դեպքն է, երբ երեխայի անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ նրան հասցնում է անհարկի երկչոտության, հետ է մղում նախաձեռնությունը:

Ծնողների եւ երեխային շրջապատող չափահասների պարտքն է ակտիվացնել այդպիսի երեխային ներշնչելով հավատ իր ուժերի նկատմամբ:

noty2Երեխային պետք է մանկուց սովորեցնել ճիշտ, անաչառ գնահատել մրցակցի հնարավորությունները: Ոմանք հակված են թերագնահատելու մրցակցին` դրանով իսկ անուղղակիորեն ընդգծելով իրենց ունեցած կամ չունեցած արժանիքները. «Դե նա ի՞նչ է որ, ես նրան մի ձեռքով կծալեմ»: Բայց կյանքը ցույց է տալիս, որ շատ անգամ «մի ձեռքով ծալողը» լինում է մյուսը, որն այսպես հավակնոտ չէր, այլ գիտեր գնահատել հակառակորդի ուժերը եւ սեւեռուն համառությամբ պատրաստվում էր բախտորոշ մրցույթին:

Ականավոր գրող եւ մանկավարժ Ղազարոս Աղայանը վրդովմունքով է խոսել այն ծնողների մասին, ովքեր երեխաներից պահանջում են կույր հնազանդություն: Նրանք կատարում են անուղղակի ոճիր` իրենց զավակի մեջ ոչնչացնում խորհող, նախաձեռնող, ձգտող, կամքի տեր բանական անհատին:

Ուժեղ կամք ունեցող մարդն անհրաժեշտությանը ենթարկվում է գիտակցաբար` համոզված, որ իր արարքը խելացի է: Նա չի նվնվում դժվարությունների հանդիպելիս, այլ տոկում է ուժերի լարումով, քանի որ անհնարին է դրանք շրջանցել: Ուժեղ կամքի տեր մարդն ակտիվ է եւ նախաձեռնող: Մինչդեռ վեհերոտ, խուճապահար մարդը որոշում ընդունելուց հետո էլ շարունակում է տատանվել` ճի՞շտ վարվեց, թե՞` սխալ: Ում ոտքի տակ հողն ասես երերում է, նույն այդ պայմաններում հավանաբար կկործանվեր:

Մարդիկ չեն ծնվում պատրաստի կամային հատկանիշներով: Կամքը հոգեկանի այն կողմերից է, որ կոփվում է աստիճանաբար, ռեալ դժվարությունների հաղթահարման պրոցեսում: Միջավայրը եւ առաջին հերթին ծնողները պատասխանատու են այն զավակների ճակատագրի համար, ում ճանապարհից ամբողջ կյանքում իրենց ձեռքով վերացրել են ամեն խոչ ու խութ` չթողնելով, որ նա ինքը կանգնի դժվարությունների դիմաց:

Բայց չէ՞ որ փոփոխական են կյանքի հանգամանքները: Մարդու կյանքը հավերժական չէ, եւ վաղ թե ուշ զավակը կմնար առանց ծնողների այդպիսի հոգածության: Ի՞նչ կլինի նրա վիճակը: Նա կլինի այնպես անօգնական, ինչպես մի հաշմանդամ, որից խլել են անդացուպերը:

Ներկայացրեց՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում