livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Այսուհետ այս խորագրի ներքո զետեղելու ենք ընտանիքում առկա խնդիրները: Եվ այս անգամ որոշեցինք ներկայացնել երեխայի դաստիարակության անչափ կարեւոր եւ հաճախ վիճահարույց դարձած թեման: Երեխայի դաստիարակության մասին առավել հանգամանալից ներկայացված է Հռիփսիմե Խոջոյանի «Քսան զրույց երեխաների մասին» գրքում, ուստի որոշեցինք մեր ընթերցողներին ներկայացնել առավել հետաքրքիր եւ կարեւոր հատվածները:

 

Ռուս անվանի գրող Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյը մեկից հինգ տարեկան երեխայի հոգեկան զարգացումը որակում է այսպես. «Հինգ տարեկանից մինչեւ ես մի քայլ է միայն, նորածնից մինչեւ ես՝ ահռելի տարածություն»: Չէ՞ որ այդ տարիքում է յուրացվում երեխայի գիտակցության հիմքն ու հենարանը հանդիսացող մայրենի լեզուն: Նույնիսկ բացառիկ ընդունակ, փորձառու ու բանիմաց մարդն անգամ իր կյանքի հետագա տարիներին երեխայի նման նույնքան արագ ու հիմնավոր չի սովորի մեկ այլ լեզու, որքան մայրենի լեզուն: Չնայած վերջին շրջանում երիտասարդ սերնդի մոտ այն որոշակիորեն խեղաթյուրված է: Ըստ հեղինակի, փոքրիկների մոտ մայրենի լեզվի արագ ընկալումը գալիս է շրջապատից, քանի որ փոքրիկը ոչ լեզվի դասագրքեր է կարդում, ոչ էլ թերթում է հաստափոր բառարաններ, նրա լեզվի միակ ուսուցիչը շրջապատի խոսքն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաներ կան, որոնք մեկ տարեկան երկու ամսական հասակում հասկանում ու գործածում են միայն երկու-երեք բառ, մինչդեռ նրանց շատ հասակակիցների բառապաշարը հասնում է վաթսունի: Ինչի՞ արդյունք կարող է լինել այսքան մեծ տարբերությունը: Առաջին հերթին սա կախված է լեզվական հաղորդակցության պայմաններից: Ահա մի երեխա, որն ամբողջ օրը մեն-մենակ խաղում է սենյակի լռության մեջ, իր վանդակապատ անկյունում: Ամբողջ օրն զբաղված մայրը նրան հանում է իր վանդակից միայն կերակրելու ու քնեցնելու համար: Այս փոքրիկի խոսքը կարո՞ղ է զարգանալ նույնքան արագ, որքան այն երեխայինը, ում շրջապատում է բազմանդամ ընտանիքի աշխույժ եռուզեռը, ում շուրջ շարունակ խոսում են, դիմում են նրան, խաղում հետը, տանում զբոսանքի:

Իհարկե, իրերի անմիջական ըմբռնումներով ձեռք բերած գիտելիքների պաշարը լրացնում են հեքիաթները, ոտանավորները ու հատկապես ճիշտ ընտրված պատկերազարդ գրքույկները, որոնց տեքստն ուղեկցվում է համապատասխան նկարներով:

Բավական չէ մեծերի խոսքը ներկայացնել երեխային` որպես նմուշ ընդօրինակելու համար: Նույն արդյունքը չի ստացվի, եթե ծնողը չարաշահի միայն մերկ բառերի վրա հիմնված վարժությունները, ասի եւ երեխային կրկնել տա այնպիսի բառեր, որոնց իմաստը գիտակցելու համար անհրաժեշտ փորձ նա դեռեւս չունի: Այս դեպքում երեխան կարող է մտապահել դրանք եւ արտաբերել թութակի պես: Կարեւոր է ոչ միայն այն, թե ինչքան են խոսում երեխայի հետ, այլեւ այն, թե ինչպես են խոսում:

Կյանքի երկրորդ տարվա սկզբին հոգեկան նորմալ զարգացում ունեցող ամեն մի երեխա կռահում է, որ առարկաների ամեն մի խումբ իր անունն ունի: «Սա ի՞նչ է» հարցը օրնիբուն մանկան շուրթերին է: Բառն օգնում է նրան կարգի բերել իր գիտելիքները աշխարհի մասին: Ահա թե ինչու այդ հասակում հատկապես ակնհայտ է խառնալեզու միջավայրի ավերիչ հետքը: Երբ խոսակիցները տարբեր, այլալեզու կամ բարբառային բառերով են անվանում միեւնույն առարկան, երեխայի գիտակցության մեջ խառնաշփոթություն է ստեղծվում: Երեք տարեկան մի տղայի, որը խնդրում է իրեն նստեցնել «սամալյոտ», ասացին. «Ասա օդանավ», նա համոզված առարկեց.

- Չէ, սամալյոտ: Որ նստեմ օդանավ, այն կկոտրվի:

Բանն այն է, որ «օդանավ» բառը երեխան սովորել է հորից, երբ նա որդուն նվեր է բերել մի խաղալիք-օդանավ: «Սամալյոտ» բառը երեխան լսել, մտապահել է օդանավակայանում, ուղեւորների խոսակցությունից, եւ եկել է այն համոզման, որ խաղալիք- ինքնաթիռները կոչվում են «օդանավ», իսկ  հսկա մարդատար ինքնաթիռը՝ «սամալյոտ»:

Մեկ ուրիշ երկուսուկես տարեկան երեխա պատմում  է, որ ինքը «վաղը նստեց կարուսել»: Երբ ուղղեցին նրան՝ «Վաղը չէ, երեկ նստեցիր», ու բացատրեցին. «Կքնես-կարթնանաս, կլինի վաղը», նա առարկեց խորին համոզմունքով.

- Չէ, որ քնեմ-արթնանամ, կլինի էգուց:

Երեխայի գիտակցությունը մեծ ճիգ պիտի թափի` ըմբռնելու համար ժամանակային հարաբերությունները: Որքա՞ն է բարդանում մանկան մտքի աշխատանքը, երբ, մեջ ընկնելով, ամեն բան իրար է խառնում այս «էգուցը»: Ինչպիսի շփոթ են ստեղծում երեխայի գիտակցության մեջ իրար խառնված «ծաղրածուն» «կլոունն» ու «յալանչին», «չանգյալը», «վիլկան» ու «պատառաքաղը», «պարավոզն» ու «շոգեքարշը», «շնորհակալությունն» ու «մերսին»... Ակնհայտ է, թե մանկան խոսքի զարգացման բնական ընթացքը ինչպես է խաթարվում խառնալեզու միջավայրում: Երբեմն ծնողներն են խառնալեզու միջավայր ստեղծում գիտակցաբար: Նրանց մտադրությունը բարի է. ուզում են, որ իրենց զավակը մանկուց սովորի երկու լեզու. չէ որ լեզուներ գիտենալը հոգու հարստություն է: Եվ հետո՝ մեր օրերում, երբ շարունակ ավելանում է միջազգային շփումների, այլ ժողովուրդների հոգեւոր-մշակութայինին հաղորդակից լինելու պահանջը, անհնարին է լինել կիրթ ու լայնախոհ մարդ` գիտենալով միայն մեկ լեզու: Դժվար է անտարբեր նայել այն մայրիկներին, որոնք տանը, փողոցում, զբոսայգում իրենց զավակների հետ համառորեն խոսում են մի արտառոց լեզվով, որը ո՛չ հայերեն է, ո՛չ ռուսերեն, ո՛չ ֆրանսերեն, այլ... ավելի նման է  տարբեր լեզուներից պոկված բեկորների խառնակույտի: Կսովորի՞ երեխան հաղորդակցվել այս լեզուներով: Մի քանի տարի հետո այս երեխան ինչ-որ բաներ կբլբլացնի` մոր պես վայրիվերո իրար խառնելով, ասենք, հայերենն ու ռուսերենը: Բայց որովհետեւ գիտակցությունը մանկուց չի խարսխվել լեզվական կուռ հենարանի վրա, միտքը միշտ կխարխափի անղեկ նավի նման: Փոքր-ինչ բարդ միտք արտահայտելու համար երեխան մեկ այս լեզվին կդիմի, մեկ` այն` ջանալով մի կերպ կցմցել իր լեզվական անսիստեմ գիտելիքների բեկորները: Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը, հոգեպես հաշմել նրան, կտրել հոգու թեւերն այս հասակում, երբ նա պետք է  կատարեր իր ամենամեծ թռիչքը:

Իսկ հնարավոր չէ՞, արդյոք, լեզուներ սովորել ոչ թե հաջորդաբար, այլ միաժամանակ: Հնարավոր չէ՞, որ երեխան մեկ տարեկանից սկսած զուգահեռաբար յուրացնի երկու լեզու, ձեռք բերի երկու լեզվամտածողություն, նույնքան անկաշկանդ օգտվի երկու լեզուներից էլ` առանց թարգմանելու միտքը մի լեզվից մյուսին:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս խնդիրը հաջորդաբար լուծվում է, եթե հետեւողականորեն կիրառվում է նույն խոսակիցը նույն լեզվով սկզբունքը:

Գերմանացի հոգեբան Վիլյամ Շտերնը բերել է մի աշխարհագրագետ-ճանապարհորդի օրինակ: Երկարատեւ ուղեւորության մեկնելիս նա իր հետ տանում է նաեւ կնոջը եւ ինն ամսական որդուն: Երեխան, որն անընդհատ շփման մեջ էր մալայացի ծառաների հետ, սկսում է խոսել մալայերեն` նրանց միջավայրում ականջի ետեւ թողնելով ծնողների գերմաներենը: Ծնողների մոտ եղած պահերին էլ նա խոսում էր գերմաներեն: Հայրենիք վերադառնալիս տղան երեք տարեկան էր եւ արդեն անկաշկանդ գործածում էր երկու լեզուներն էլ` բնավ չխառնելով իրար: Այս պայմաններում երեխան զուգընթաց յուրացրել է երկու լեզուն էլ, եւ սրանցից յուրաքանչյուրն ըստ հարկի ծառայում է նրան որպես մտածողության եւ հաղորդակցության միջոց: Խոսքի զարգացման ընթացքի վրա ազդող հոգեբանական պայմաններից շատ կարեւոր է շրջապատի վերաբերմունքը մանկական խոսքին: Լավ է, երբ ծնողներն ուշադիր հետեւում են երեխայի խոսքին, շտկում սխալ դարձվածքները, նրա հետ խոսելիս գործածում են բառեր ու քերականական միջոցներ, որոնք նրա ակտիվ խոսքում դեռեւս չկան: Այսպիսի պայմաններում մեծացող երեխայի խոսքի զարգացումը հետեւաբար արագընթաց է:

Իսկ եթե երեխայի խոսքը հիմնված է ինքնահոսի, զարգանում է դանդաղ տեմպով:

Ավելի աննպաստ է վիճակն այն երեխայի, ում շրջապատողները իրենց խոսքը հարմարեցնում են նրա խոսքի մակարդակին: Ջանում են իրենց խոսքը մտցնել երեխայի արդեն իմացած բառերի նեղ շրջանակի մեջ: Երեխան, սխալ ձեւը համարելով ճիշտ, շարունակում է գործածել, մշակվում է խոսքային սխալ հմտություն: Մինչդեռ հենց մոր խոսակցությունը պետք է օգնի երեխային` գիտակցելու ու շտկելու իր խոսքի սխալները:

Պատահական չէ, որ մանկան խոսքի որոշ հետազոտողներ առաջարկում են փոքրիկ երեխային երբեմն ընդգրկել իրենից տարիքով մեծ խաղընկերների խմբում, օգնելու համար,  որ հաղթահարի խոսքի կառուցվածքի հետ կապված շեղումները:

Մի խնդիր եւս.

Երեխան արժանապատվություն ունի, պետք չէ կատակի նյութ դարձնել նրա արարքները, ինչպես նաեւ խոսքը: Պատահում է, որ ծնողներն այս հարցում լինում են աննրբանկատ: Երեք տարեկան Մարիամիկը ձգվեց դեպի ջրի գավաթը, բայց ձեռքը չհասավ, նա դարձավ հորը.

- Պապա, խմիչը տուր:

- Ի՞նչ:

- Խմիչը տուր:

- Խմի՞չը,- լայն ժպտաց հայրը: - Ո՞նց էլ մոգոնեց: Գդալի՞ն ինչ ես ասում, ուտի՞չ: Վայ թե շերեփին էլ ասես լցիչ: Դե լավ,- կեղծ լրջացավ նա, - ի՞նչ տամ, աղջիկ ջան:

- Խմիչը տուր,- անմեղությամբ կրկնեց երեխան:

Բոլորը միահամուռ քրքջացին: Փոքրիկը լաց եղավ:

Երեխայի խոսքի լեզվական շեղումները արժանի չեն հեգնանքի: Սրանք շատ ավելի նշանակալի են, քան կարող են թվալ առաջին հայացքից: Երեխան հետազոտում է լեզվի յուրաքանչյուր միավորը, որին հանդիպել է: Նա մասնատում է բառերը, պրպտում, փնտրում սրանց իմաստը: Մերժում է այն դարձվածքը, որոնք իր ընկալումով «խելքին մոտ» չի համարում, ստեղծում է բառեր...

Մայրենի լեզվի իրացումը թութակի իներտ ընդօրինակում չէ, այլ գիտության համառ ջանքի արդյունք:

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում