livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Մեր իրականության մեջ կհանդիպենք այնպիսի տարօրինակ ու աբսուրդային դեպքերի` կապված ամուսնական առաջին գիշերվա հետ, որը կարող է ողբերգության կամ բաժանությունների առիթ հանդիսանալ:

Հնարավոր է, ներքոնշյալ թեմայում ընթերցողը հանդիպի բաց տեսարանների, սակայն ավելի լավ է կարդալ ու իմանալ` բաց, սակայն բնական տեսարանի մասին, քան թե կյանքում չիմացության պատճառով հայտնվել անհարմար, տհաճ կամ հիմար իրավիճակում եւ այդպես էլ չիմանալ իրականությունը` ճիշտ պաշտպանվելու համար:

Վերջին շրջանում նաեւ որոշ կազմակերպություններ փորձում են վերացնել կարմիր խնձորի ավանդույթը` պնդելով, որ առաջին սեռական կյանքը բոլորովին պարտադիր չէ իրականացնել օրինական ամուսնու հետ: Այս առումով մենք զրուցեցինք համապատասխան մասնագետի հետ, որպեսզի մեր հասարակության մեջ այսուհետեւ նվազեն ողբերգական ու չարամիտ դեպքերը, եւ ի վերջո հաղթի իմացությունն ու գիտակցությունը: ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ նմանատիպ անլուրջ առաջարկությունները անտրամաբանական եւ անառողջ համարեց: Մասնագետը այն կարծիքին է, որ ցանկալի է խուսափել պատահական սեռական կապերից, որոնք հղի են բացասական հետևանքներով:

Ըստ սեքսապաթոլոգի` ամուսնական առաջին գիշերը կարող է ճակատագրական եւ բախտորոշ լինել. «Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մերձեցումն է, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ)»,- ասաց Վ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու հավելեց. «Ամուսնական առաջին գիշերը խիստ կարեւոր իրադարձություն է սիրահարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել»,- հորդորում է բժիշկը ու թվարկում մի քանի կարեւոր դետալներ. «Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի»: Բժիշկը հիշեցրեց, որ ամուսինները պետք է հիշեն նաեւ հիգիենայի մասին:

 

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՎԱԽ Է ՏԱԾՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

«Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները եւ քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաեւ ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանը: Նրա իսկ խոսքերով` տղամարդը պետք է լինի համբերատար, նրբանկատ եւ ինքնավստահ:

Այն հարցին, թե կուսազրկումից հետո երբ կարելի է ունենալ հաջորդ հարաբերությունը, բժիշկը հետեւյալ պատասխանը տվեց. «Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն»:

Վ. Շահրամանյանը նաեւ ասաց, որ ամուսնական առաջին գիշերվա եւ դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

«Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում: Այս պարագայում շատ կարեւոր է երիտասարդ կնոջ վարքը: Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը եւ սեռական մերձեցման հանդեպ վախը»,- ընդգծում է բժիշկը:

«Իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, եւ երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների: Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ոչ զգալի եւ փաստորեն առանց ցավի, իսկ քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ապա առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետեւաբար, ամենեւին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու խրտնած վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել»:

 

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է ԼԻՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՊԵՍ ՍԿԵՍՈՒՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

«Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր եւ զանգվածեղ: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի»,- նշում է սեքսապաթոլոգն ու հավելում, որ ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական եւ բախտորոշ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար: «Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերությունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով: Հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության եւ սեռակրթության բացակայության հետեւանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ ճակատագրական: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված եւ հետաքրքրված են հարսնացուի դեֆլորացիայով, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության եւ տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) եւ զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Ըստ նրա` գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ եւ առաձգականությամբ: «Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության եւ ցավային զգացողությունների: Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով եւ արյունահոսությամբ: Ինչպես արդեն նշեցի, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ: Գոյություն ունի կուսաթաղանթի տեսակ, որը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաեւ կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետեւանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաեւ սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ: Բացի այդ, թե՛ կնոջ, թե՛ տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են որեւէ կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ: Իսկ առաջին անհաջող փորձը հնարավոր է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության իջեցման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց սեռական թուլության պատճառ դառնալ»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանն ու առաջարկում առաջին գիշերվա հերոսներին մի քանի օգտակար խորհուրդ:

 

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

 

1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլեւ ազդում է վարքային դրսեւորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում:

2. Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթեւ, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին:

3. Պետք է գործել շատ վստահ եւ վճռական. տատանումները եւ հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նեւրոզների մի ողջ փնջով:

4. Բարդ եւ խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն` հարսնացուին, նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են ամուսնու ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է. նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել: Թեեւ ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի եւ առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը եւ տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ եւ տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է:

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում