livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Ներկայացնում ենք մի կնոջ պատմությունը, խորհուրդները, որոնք, համոզված ենք, օգտակար կլինեն նաեւ մեր կին ընթերցողների համար:

 

Ես ծնվել եմ փոքր գյուղում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են: Սկսեմ դպրոցից, որտեղ պետերի երեխաներն ունեին ամենագեղեցիկ ժապավենները եւ պայուսակները, ում դպրոց էին բերում ավտոմեքենայով եւ, չգիտես ինչու, նրանց շատ ավելի բարձր էին գնահատում, քան մյուսներին: Նրանց տներն էլ ավելի մեծ էին, տուն տանող ճանապարհն էլ ասֆալտապատ էր, իսկ նրանց հայրերը կոստյումով եւ փողկապով էին, ձեռքներին էլ կար կաշվե դիպլոմատ: Տոներին բոլորը նրանց մեխակ էին նվիրում, որը իրենք էլ կնոջն էին նվիրում... Նրանց վրայից սոլյարայուղի կամ գոմաղբի հոտ չէր գալիս:

Եվ տասը տարեկանից իմ մեջ ծնվեց վարդագույն երազանք` ամուսնանալ պետի հետ... Հետո, իհարկե, այդ երազանքը մոռացվեց: Բայց վերջերս ես այն հիշեցի, եւ, ինչպես հետո պարզվեց, այն իրականություն դարձավ, ընդ որում, լավագույն տարբերակով:

Այո՛, երազանքը ուժ է, ուստի հարկավոր է երազել: Երազանքների շնորհիվ նպատակներ ենք ունենում, նպատակների շնորհիվ ստրատեգիա ենք մշակում, ստրատեգիայի շնորհիվ փոխում ենք մեր գործողությունների տակտիկան եւ... Եվ եթե չենք բթանում, հասնում ենք կոնկրետ արդյունքի:

Իսկ ստրատեգիան շատ պարզ է. եթե չեք ամուսնացել ճարպիկ պետի կամ միլիոնատիրոջ հետ, Ձեր ամուսնուն կարող եք դարձնել այդպիսին: Գլխավորը իմանալն է, թե ինչ հատկանիշներ ունեն այդ միլիոնատերերը, եւ որ որակներից չունի Ձեր ամուսինը: Ապա ստեղծեք Ձեր ընտանեկան կյանքում այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում Ձեր ամուսինը կստանա այն, ինչ որ նրան անհրաժեշտ է միլիոնատեր դառնալու համար:

Եվ այսպես` ի՞նչ հատկանիշներ ունեն միլիոնատերերը, ղեկավարները, էությամբ առաջնորդները, որոնք բացակայում են սովորական ամուսնու մոտ:

Ոգու ուժ եւ առաջնորդ լինելու ցանկություն:

Իշխանությունը եւ առաջնորդ լինելու ցանկությունն այնպիսի բաներ են, որոնց մասին հայտարարում են, ապա վերցնում եւ կառավարում են: Բայց նրբությունն այն է, որ եթե տղամարդու գլխին շատ խփես (կամ բարոյապես նվաստացնես), նրա ոգու ուժը, առնականության մակարդակը կնվազեն:

Տղամարդու առնականության մակարդակը բարձրացնելու համար կինը պետք է մշակի կյանքի այնպիսի ստրատեգիա եւ ներարկի իրեն այնպիսի սովորույթներ, որպեսզի տղամարդը ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԻ ԻՐ ՁԵՌՔԸ: Այսինքն` Դուք բացահայտում եք տղամարդու առավելություններն ու թերությունները եւ որոշում` ինչպես դասավորել հարաբերությունները նրա հետ: Իսկ հետո սկսում եք ստեղծել այդ տղամարդուն` դարձնելով նրան առնական: Դրա համար հնարավորություն տվեք տղամարդուն, որ բոլոր որոշումները` թե՛ իր, թե՛ Ձեր, ինքը կայացնի: Եվ բնականաբար, ինքն էլ պատասխանատվություն է կրելու: Հասկանո՞ւմ եք: Երբ տղամարդն ինքն է ընդունում բոլոր որոշումները, այդ թվում` նաեւ կնոջ փոխարեն, նրա մոտ նաեւ կնոջ խնդիրները լուծելու ցանկություն է առաջանում: Հենց դրանում է տղամարդ-կին հարաբերությունների էությունը:

Ի՞նչ է դա նշանակում:

Ես ունեմ մի հարեւանուհի, որը կռվել է ամուսնու հետ, ապա բաժանվել նրանից խողովակի համար: Խողովակի, որով ծուխ է գնում, երբ վառում են վառարանը: Ամեն ինչ սկսվել է գարնանը, երբ խողովակից սկսել է ծուխ դուրս գալ: Նա ամուսնուն խնդրել է վերանորոգել խողովակը ամռանը կամ էլ վարպետ գտնել, ով կարող է վերանորոգել: Ամուսինն ասել է` լավ: Ամբողջ ամռանը հարեւանուհին սկզբում խնդրում էր, հետո` համոզում, իսկ հետո պարզապես «սպանում էր» ամուսնուն այդ խողովակի պատճառով: Աշնան կողմ կինն սկսեց գոռալ, իսկ հետո ինքը գտավ վարպետի: Վարպետը եկավ եւ սկսեց մանրամասն բացատրել, թե ինչ պետք է անի խողովակի հետ: Սակայն այդ պահին ամուսինը վեր կացավ բազմոցից, գնաց խոհանոց եւ սկսեց սովորեցնել վարպետին, թե նա ինչ պետք է անի իր խողովակի հետ... Կինը, բնական է, իրադարձությունների նման շրջադարձից վրդովվեց եւ սկսեց բացատրել ամուսնուն, որ վերջինս չպետք է խառնվի այդ գործին: Ապա ավելացրեց, որ ամռանը ամուսնուն այդ խողովակը պետք չէր, ուստի թող գնա իր բազմոցի ու հեռուստացույցի մոտ եւ այլն, եւ այլն: Դրան հետեւեցին վիրավորանքները, որի արդյունքում ամուսինը գնաց ապրելու մոր մոտ, իսկ խողովակը վերանորոգեց վարպետը... Հիմա կինն ապրում է մենակ: Երբ նա դեռեւս ամռան սկզբին եկել էր ինձ մոտ` դժգոհելու ամուսնուց, ես նրան սովորական կենցաղային խորհուրդ տվեցի. «Թանկագի՛նս, խողովակը տղամարդու պարտականությունն է, այնպես որ` մոռացի՛ր այն, թող ամուսինդ վերանորոգի»: Բայց նա ինձ չհավատաց, չհավատաց նաեւ, որ ամուսինը կարող է այդ գործն անել: Ըստ նրա` իմ ամուսինը լավն է եւ ամեն ինչ անձամբ կարող է անել, իսկ իրենց տանը ինքն է ստիպված ամեն ինչ անում, քանի որ ամուսինը նախընտրում է պառկել բազմոցին...

Ճիշտ չէր Նեկրասովը, երբ հիանում էր ռուս կնոջ առնականությամբ, քանի որ տղամարդկանց նման կանայք վախեցնում են եւ «քշում» բազմոց: Հիմա էլ շատ ենք լսում, թե ինչպես որեւէ կնոջ դրական կերպարը ներկայացնելու համար ասում են` «տղամարդ կին» է: Սակայն կինը առաջին հերթին եւ ընդհանրապես պետք է կին լինի, եւ նման տղամարդ-կանանցից գրեթե բոլոր ամուսինները փախչում են եւ ոչ միայն մինչեւ բազմոց, այլ նաեւ` հեռավոր երկրներ:

- Իսկ եթե ամուսինս ամեն դեպքում խողովակը չվերանորոգի, ուրեմն ձմռանը ես պետք է մրսե՞մ,- ամուսնուն հրամայելու իր ցանկությունն էր արդարացնում հարեւանուհիս:

- Դե, կմրսես մի քանի օր, ոչ մի սարսափելի բան չկա: Ես դեռեւս չեմ տեսել մի ամուսնու, ով լավ կնոջ համար չչարչարվի: Ինքը կանի, ոչ մի տեղ էլ չի փախչի,- համոզում էի ես:

Բայց նա չլսեց ինձ եւ սկսեց խառնվել տղամարդու գործերին, իսկ թե ինչ եղավ, արդեն վերեւում ասացի:

Ի՞նչ է անում կանացի կինը, երբ ինչ-որ բան ցանկանում է: Նա բողոքում է ամուսնուն ոչ հարմարավետ լինելուց, եւ տղամարդն ինքն է լուծում բոլոր խնդիրները: Իսկ կինը հետո հիանում է ամուսնու խելքով, հնարամտությամբ, առնականությամբ եւ այն ամենով, ինչով կարելի է հիանալ:

Իմ մի ընկերուհին ամուսնուց բաժանվեց միայն այն պատճառով, որ վերջինս «մամայի բալա» էր: Մի անգամ նրանց` կարգապահ կենվորներին, առաջարկեցին դուրս գալ բնակարանից, քանի որ վարձակալության ժամկետը լրացել էր: Այն ժամանակ ընկերուհիս դժգոհեց, որ ամուսինը անպիտան եւ չնախաձեռնող է, պառկում է բազմոցին, իսկ ինքը` խեղճ գառնուկը, վազվզում եւ էժան բնակարան է փնտրում, քանի որ ընտանեկան բյուջեն դա է թույլ տալիս: Ես նրան առաջարկեցի ամեն ինչ թողնել ամուսնու ուսերին: Բայց պարզվեց, որ ամուսինը ոչինչ էլ չի փնտրի, քանի որ ցանկանում է ընտանիքով տեղափոխվել մոր տուն: Դե, իսկ ընկերուհիս, բնական է, պետք է գնար խոհանոց` սկեսրոջ մոտ, որից նա ավելի շատ էր վախենում, քան միջուկային պատերազմից: Երբ նրանք նոր էին ամուսնացել, տեղավորվել էին ամուսնու մոր տանը, եւ վերջինս սովորեցրել է ընկերուհուս կոտլետ տապակել, հատակը լվալ իր ձեւով: Դրանից հետո ընկերուհիս նյարդային նոպա է ունեցել, եւ ինքն է գտել վարձով բնակարան ու այնտեղ է տարել նաեւ ամուսնուն... Ընկերուհիս ցավով պատմում էր, որ ամուսնանալիս հիմար է եղել, ամուսնու մեջ չի տեսել մամայի բալային... Հիմա նրա կողմը չէր էլ նայի եւ կփնտրեր ավելի լավ ամուսնու: Բայց ստիպված ամեն ինչ ինքն է անում ու դիմանում փալաս ամուսնուն... Եվ նա խառնվել էր իրար, որ հանկարծ սկեսրոջ հետ նույն խոհանոցում չհայտնվի: Ես նրան առաջարկեցի նման տակտիկա. գծել իր համար ուժեղ եւ պատասխանատու ամուսնու կերպարը, հավատալ դրան եւ ամեն կերպ հարգել ու խնամել, գովել նրան ամեն ինչի համար: Իսկ այն բանից հետո, երբ ամուսինն իրեն կտանի մոր մոտ, դառնալ լացկան ու ցրված, սակայն ոչ մի դեպքում չնախատել նրան, այլ ասել, որ սիրում է եւ ստիպված տանջվում: Այդպիսին է կանանց բաժինը` սիրել ամուսնուն եւ հավատալ նրան, ապրել նրա թիկունքի ետեւում անհոգ... Մեկ ամիս անց ամուսինը կսկսի շարժվել, եւ ինքը կկազմակերպի ընտանիքի տեղափոխությունը մորից հեռու տեղ: Եվ, բնական է, ինքը պատասխան կտա բնակվարձի եւ այլ բաների համար, ինչի համար սովորաբար պատասխանատու են իսկական տղամարդիկ... Սակայն ընկերուհիս չհավատաց ամուսնուն եւ հիմա ապրում է մենակ: Նաեւ այդպիսին է կանանց բաժինը` չհավատալ ամուսնուն եւ ապրել մենակ:

Իսկ ի՞նչ անել, երբ ամուսինը դեռեւս ընտանիքի առաջնորդը չէ եւ պատրաստ չէ լուծել քո խնդիրները: Պետք է նրան հավատալ: Այլ ճանապարհ չկա: Եթե հավատաս ամուսնուդ, ապա նա ոչ մի տեղ չի կարող փախչել. ինքը կսկսի սեփական նախաձեռնությամբ դառնալ իսկական տղամարդ: Իսկ ինչքան շատ ես նրան հավատում, այնքան ավելի շատ է նրա մեջ աճում առնականությունը, այնքան ավելի շատ հաջողության նա կհասնի գործերում եւ ընդհանրապես կյանքում: Այդպես էլ դառնում են միլիոնատիրոջ կին:

Պատրաստեց
ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում