livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

zard1Զարդը գեղագիտական ճաշակի դրսեւորումն է, ունի պաշտպանողական, բուժական եւ այլ նշանակություններ: Այդ թեմայով ՛Զարուհի՛ ամսագիրը զրուցեց ազգագրագետ, պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանի հետ:

-Ի՞նչ է նշանակում զարդ բառը եւ նրա նշանակությունը:

- Զարդ բառը ստուգաբանվում է որպես` ձեւ, կարգավորություն, ունի հարդարելու նշանակություն: Բառի նախնական ձեւը արդն է: Հագուստը եւ զարդերը լրացրել են միմյանց: Զարդը կարեւոր է ոչ միայն որպես իր, այլ որպես նշան, խորհրդանիշ: Զարդարանքի կարեւոր գործառույթներից է մարդու արտաքին կերպարի կայացումը: Առoրյա եւ սրբազան արարողությունների ժամանակ կին, թե տղամարդ, զարդարվել են: Ըստ գործառույթի` զարդերը եղել են գեղագիտական, կիրառական, հմայական, ըստ սեռատարիքային առանձնահատկությունների` կնոջ, տղամարդու, մանկան:

Արտահայտելով կրողին ավելի գեղեցիկ դարձնելու միտումը` զարդերը դրսեւորել են նաեւ` մշակույթը կրողին չար ուժերից պաշտպանելու գաղափարը եւ դրանց հմայական ուժով պտղաբերություն, արգասավորություն ապահովելու ձգտումը: Կիրառական, գեղագիտական ընկալումից զատ, զարդերի վրա եղած ակներին վերագրվել են նաեւ բուժական նշանակություն: Գեղեցկացնելով մարդուն` ավելի ակնահաճո տեսք տալով նրան, շեշտելով սեռատարիքային կարգավիճակը, զարդերը միաժամանակ միտում են ունեցել պահպանել կրողի առողջությունը, հիվանդության դեպքում` բուժել:

- Որպես ազգագրագետ, խնդրում եմ նկարագրեք, թե ինչպիսի՞ զարդեր են կրել մարդիկ վաղ անցյալում:

zard- Զարդն ուներ սոցիալ- ընտանեկան ցուցիչի դեր: Օրինակ, չամուսնացած աղջիկը իրավունք չուներ կրելու արծաթե եւ ոսկե գոտի, աջ ձեռքի մատնեմատին` ոսկյա մատանի: Սոցիալական տարբերակումը առանձնահատուկ զարդարանք չէր ենթադրում. հարուստ խավերում զարդերի տեսականին բազմազան էր եւ թանկարժեք: Հայ տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից` ուլունքաշարեր, վարսակալ, ականջօղեր, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի-կամար. ավանդական կենցաղում օգտագործվել են վերջին երկուսը: Գոտիները, ինչպես բոլոր զարդերը, նպատակ ունեին կրողին հեռու պահել չար ուժերից ու երջանկություն բերել: Գոտկազարդը, ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ զարդարանքի պարտադիր տարրերից էր: Արծաթյա, կամ ոսկյա գոտի- կամարը տղամարդկության, արժանապատվության խորհրդանիշ էր: Կանայք կրել են ոսկյա, արծաթյա, պղնձյա` առանց ակի եւ ակով, թանկարժեք եւ կիսաթանկարժեք մատանիներ:  Հայուհու ճակատը զարդարել են մարգարտե, ոսկե կամ արծաթե նշաձեւ, կիսալուսնաձեւ զարդամասերով ճակատնոցներ  ու դրամաշ արաններ: Ձեռքի զարդերից էին ոսկյա, արծաթյա սեւադապատ բուսանախշերով հարդարված կամ ցորնահյուսքով արված ապարանջանները: Հայուհու զարդահամալիրում ականջօղերը մեծ մասամբ շրջանաձեւ էին: Հայտնի է, որ շրջանը կապված է կանացի սկզբի հետ: Ոսկե գնդաձեւ ականջօղերը` գինդեր անվամբ, իր նյութի եւ ձեւի առումով կապված են արեւի հետ` որպես կյանքի խորհրդանիշ: Հայ կնոջ կրծքազարդի ինքնատիպ օրինակներից էր կրծկալ- սրտանոցի վրա աջից եւ ձախից ամրացվող` զույգ թռչնակերպ կամ նշաձեւ զարդամասերով, կախիկավոր զարդը: Բուսական եւ թռչնային կոդով արտահայտվել է պտղաբերության, ծաղկման, նոր կյանքի խորհրդիմաստը: Հայուհու զարդահամալիրը անհամեմատ ավելի հարուստ էր, ճոխ, քան տղամարդունը:

- Իսկ ի՞նչ զարդեր են կրում արդի հայ հասարակության մեջ:

- Ժամանակակից արծաթագործները եւ ոսկերիչները ավանդական զարդարանքի համակարգից պատրաստում են միայն ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, որոնք նյութի, ձեւի կամ զարդանախշման առումով` հիշեցնում են ավանդական նմուշները: Այսօր էլ հայ հասարակության մեջ կարեւորում են զարդարանքի գեղագիտական, սոցիալական, նշանային գործառույթները: Ավանդական զարդատեսակներից արդի հասարակության մեջ կիրառելի են մնացել ականջօղերը, մատանիները, վզնոցները, ապարանջանները:  Ի հայտ են եկել  գոտու նոր տարատեսակներ, որոնք պահպանել են պրակտիկ, կիրառական լինելու նշանակությունը` ձեռք բերելով նաեւ ինքնատիպ, նորաձեւ լինելու գործառույթ: Հարուստ խավի ներկայացուցիչները` կին թե տղամարդ, կրում են թանկարժեք ֆիրմային ոսկյա (դեղին կամ սպիտակ) զարդեր (մատանիներ, վզնոցներ, ժամացույցներ)` հաճախ թանկարժեք քարերով հարդարված: Երիտասարդների շրջանում ամեն տարի նորաձեւ են դառնում այս կամ այն տեսակի` գույնի, չափի եւ ձեւի հասարակ զարդերը` բիժուները, օրինակ` սպիտակ կամ դեղին մետաղից, փայտից, խեցուց պատրաստված զարդերը: 70-90- ական թթ. բավական մոդեռն դարձան արծաթյա զարդերը: Արդի հայ հասարակության մեջ կան մի քանի ենթամշակութային խմբեր, որոնք առանձնանում են իրենց հագուկապով, արդուզարդով: Ամենշատ ենթամշակույթներ հանդիպում են երաժշտական ուղղություններում: Դրանք ունեն արդուզարդի որոշակի ոճ եւ գաղափարաբանություն: Գոթական ենթամշակույթին բնորոշ է մռայլ իմիջը եւ դիմահարդարումը: Հագուստի մեջ գերակշռում են` սեւը, կաշին եւ արծաթյա արդուզարդը: Գոթերը միանշանակ հրաժարվում են ոսկուց` նախընտրելով արծաթը, քանի որ այն խորհրդանշում է լուսինը: Այս մռայլ գունային զուգորդմանը հակադրվում է Էմոների ենթամշակույթը: 2009-ին բավական մոդայիկ էր Էմո կիդի ոճը, սեւի եւ մորեգույնի համադրությունը, կեդեր, ինքնատիպ երկար պայուսակներ, քառակուսիներով գոտիներ, թեւնոցներ եւ ականջօղեր: Ռոքի մյուս ենթամշակույթը պանկերնեն: Ամենաշատը տարածված է հատկապես այս ենթամշակույթի ներկայացուցիչների շրջանում: Բավական գրավիչ եւ հետաքրքիր են թեւնոցները` արծաթյա, մեծ, հնավոճ, ուլունքաշար թեւնոցներ` պատրաստված արհեստական կամ բնական քարերից: Ռոք լսողների շրջանում առավել տարածված են մետաղե եւ կաշվե թեւնոցները: Նրանք կրում են նաեւ հետաքրքիր նկարներով, ռոք խմբերի, մուլտֆիլմերի, հերոսների պատկերներով մետաղե նշաններ: Մետալիստների հագուկապի եւ արդուզարդի մեջ գերակշռում է մետաղականը` շղթաներ, փիրսեր եւ այլն: Մեկ այլ ենթամշակութային խմբի ներկայացուցիչներ են` «ռաբիսները», որոնցից հատկապես տղամարդիկ սիրում են կրել ոսկյա հաստ, անպայման ծանր քաշով վզի շղթաներ, հաստ թեւնոցներ, ակնհայտ մեծ չափերի ոսկյա մատանի` ճկույթին: Սեռային փոքրամասնության ներկայացուցիչները որպես զարդ կրում են օղ աջ ականջին, մատանիներ եւ վզնոցներ` արտահայտիչ դիմահարդարանքին զուգահեռ:  

zard2- Ի՞նչ եք կարծում, զարդ կրելով մարդը ինքնահաստատվո՞ւմ է:

- Ազգագրական դիտարկումները, երիտասարդության շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ զարդերը մարդուն դարձնում են գեղեցիկ, ներկայացուցչական: Մի մասը կարծում է, որ դրանք կրողին պաշտպանում են չար ուժերից, այստեղ գործում է զարդի պահպանողական, հմայական, ավանդական գործառույթը: Որոշ տղաներ գտնում են, որ դաջվածքներն ու զարդերը մարդուն դարձնում են գեղեցիկ եւ էրոտիկ: Ոմանց կարծիքով դա ցույց է տալիս իրենց կարգավիճակը եւ օգնում լինել առավել ինքնավստահ:

- Դուք կրո՞ւմ եք զարդեր:

- Այո՛, ես կրում եմ եւ սիրում եմ զարդեր` մատանիներ, մանյակ, ականջօղեր, ապարանջան: Արծաթե գոտի չեմ կրում: Որոշ մարդկանց թվում է, թե ես պարտադրված եմ կրում: Բայց ընդհանուր առմամբ, դրանց համալիրն է, որ ավանդական տպավորություն է թողնում:

- Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:

- Կարծում եմ, որ ցանկացած մարդ ուզում է ինքնատիպ լինել եւ իր «ես»-ը ընդգծել: Անպայման չէ, որ դա ոսկի լինի: Այն կարելի է փոխարինել բիժուի: Դրանով կերպարը ավելի ամբողջական է դառնում, մարդն էլ  կայացած է իրեն զգում: Զարդերը խոսում են նաեւ անհատի ճաշակի մասին: Զարդերը կրեք ճաշակով:

Զրուցեց`

ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում