livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

ՀԻՆԳ ՀԱՎԱՍՏԻ ՆՇԱՆՆԵՐ
Գաղտնիք, վախ, արկած, ցանկություն, կյանքի ամբողջականության զգացում` հինգ վստահելի չափանիշներ, որոնք կօգնեն իմանալ, որ սերն իսկական է:

«Ինչո՞ւ դու մինչև հիմա նրա հետ ես»: Քանի անգամ մենք նման հարց ենք տվել մեր ընկերներին, ովքեր խրված են հիվանդագին սիրային հարաբերությունների մեջ, քանի անգամ ենք մենք մտածել այն մասին, թե ինչն է մարդկանց ստիպում կառչել նրանց ձգող կապից... Օ, ոչ, դա սեր չէ: Բայց այդ դեպքում ի՞նչ է սերը: Զգացմունք, որն ի վիճակի է մեզ հավերժ դարձնել երջանի՞կ: Իհարկե` ոչ. պատասխանում է հոգեվերլուծությունը: Սերը, եթե այն իսկական է, չի տալիս հանգստություն: Եթե նույնիսկ կորչում է հոգիների միաձուլումից առաջացած նախնական հիացմունքը, սերը, հակառակ նման կարծիքի, չի հանգստանում. այն հուզում և ցնցում է մեզ` խորհրդավոր ձևով հյուսելով երկու ճակատագիրը միասնական սյուժեի մեջ, որը տրամաբանությանը չի ենթարկվում: Դիտարկենք նրա մի քանի սահմանները:


1. Ուրիշի մեջ զգալ գաղտնիքը

Սերը առեղծված է ե՛ւ նրանց համար, ովքեր նրանով տարված են, ե՛ւ նրանց համար, ովքեր դառնում են դրա վկան: Մենք տեսնում, զգում ենք այն, բայց չենք հասկանում: Ինչո՞ւ: Նրա համար, որ սիրած մարդու հետ կապող թելերը անբացատրելի են: Դեպի նա, ում մենք սիրում ենք իսկապես մեզ ձգում են ոչ միայն նրա տեսքը (գեղեցկությունը, նմանությունը ինչ-որ մեկին) և ոչ միայն կերպարներն ու արժեքները, որոնք նա մեզ համար խորհրդանշում է (հայր, մայր, իշխանություն, փող), այլ գաղտնիքը, որը նրա մեջ զգում ենք: Դա հնարավոր չէ արտահայտել բառերով, բայց նա կարծես թե ուղղված է այն ամենին, ինչը մենք ինքներս ենք գաղտնի պահում մեր հոգում. թախիծն այն բանի հանդեպ, ինչը չենք ստացել մանկության տարիներին, ինչ-որ անպատասխանատու տառապանք... «Երկու մարդ, նույնիսկ ձուլվելով մեկ զգացմունքի մեջ, այնուամենայնիվ, մնում են առանձին մարդիկ` յուրաքանչյուրն իր ներաշխարհով, իր գաղտնիքով»,- ասում է վերլուծող հոգեթերապևտ ԳԱԼԻՆԱ ԲԵՐԵԶՈՎՍԿԱՅԱՆ:

«Սերը շոշափում է մեր անհատականության այն մասը, որն անծանոթ է մեզ,- բացատրում է հոգեվերլուծաբան ՊԱՏՐԻԿ ԼԱՄԲՈՒԼԵՆ,- մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է սպանիչ դատարկության մասնիկ, որը ի վիճակի է մեզ քայքայել: Սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու տառապանքների, երկու ոչ կատարյալ էակների հանդիպում: Սիրո մեջ մենք կիսվում ենք այլ մարդու հետ նրանով, ինչը տանջալիորեն չի հերիքում մեզ»:

«Սերը շոշափում է մեր անհատականության այն մասը, որն անծանոթ է մեզ,- բացատրում է հոգեվերլուծաբան ՊԱՏՐԻԿ ԼԱՄԲՈՒԼԵՆ,- մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է սպանիչ դատարկության մասնիկ, որը ի վիճակի է մեզ քայքայել: Սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու տառապանքների, երկու ոչ կատարյալ էակների հանդիպում: Սիրո մեջ մենք կիսվում ենք այլ մարդու հետ նրանով, ինչը տանջալիորեն չի հերիքում մեզ»: Իսկական սերը խնդրանքով չի արտահայտվում. «Տուր ինձ այն, ինչ որ ունես դու, և ինչը չունեմ ես», այլ ավելի շուտ խոստովանությամբ. «Ինձ դուր է գալիս քո գտած, վերակենդանացման տանող ճանապարհը, այն, թե ինչպես ես հաղթահարում աղետը»:

Եվ այստեղ բոլորովին էլ կապ չունի «երկու կեսերի» մասին լեգենդը, որի համաձայն` սերը, միացնելով մեզ կատարյալ ամբողջության մեջ, այդպիսով մեզ երջանիկ է դարձնում:

«Հենց նման պատկերացման մեջ է թաքնվում շատ ամուսնական զույգերի բաժանման պատճառը,- նշում է Պատրիկ Լամբուլեն,- երբ մարդը նկատում է, որ, չնայած սիրային հարաբերություններին, ամեն դեպքում կյանքից ինչ-որ անբավարարվածության զգացում ունի, նա կարող է որոշել, որ պարզապես չի գտել «իր կեսին» և պետք է փոխի զուգընկերոջը: Բայց դա, իհարկե, այդպես չէ»: Իսկապես սիրել` նշանակում է խոստովանել. «Դու ինձ հետաքրքրում ես»:


2. Վախենալ նրան կորցնելուց

Սիրել` նշանակում է վախենալ: Ընդ որում, մշտապես: Իր «Դժգոհություն կուլտուրայից» աշխատության մեջ Ֆրեյդը դա բացատրում է այսպես. մենք կախվածության մեջ ենք ընկնում ուրիշից, որովհետև մշտապես ունենք այն բանի պահանջը, որ նա աջակցի մեզ մեր գոյության մեջ: Այստեղից էլ` կորստի վախը. «Սերը ենթադրում է ռիսկ,- բացատրում է փիլիսոփա և հոգեվերլուծաբան ՄՈՆԻԿԱ ՇՆԱՅԴԵՐԸ,- դա գլխապտույտ առաջացնող զգացմունք է, երբեմն մենք նույնիսկ ցանկանում ենք մերժել այն, վանել. մարդը, սարսափելով իր սիրո ուժից, կարող է ոչնչացնել այն կամ նվազեցնել նրա նշանակությունը` խրվելով գործերի մեջ, որոնք կամրապնդեն նրա ինքնաբավությունը: Այդ ամենը նրա համար է, որպեսզի պաշտպանվենք մեր նկատմամբ ուրիշ մարդու վախեցնող իշխանությունից»: Չէ՞ որ, ինչպես ընդգծում էր Ֆրեյդը, Էրոսը և Տանատոսը անբաժան են. ես սիրում եմ քեզ, ես քեզ քայքայում եմ: Էրոսը մեր ցանկությունն է` միանալ մեկս մյուսիս սիրո զգացմունքի մեջ, Տանատոսը ձգտումն է դեպի մահը, որը մղում է մեզ խզել այդ կապը, որպեսզի մեր «Ես»-ը մնա ամենազոր: Եվ, քանի որ սերը տանում է մեզ մեր սահմաններից դուրս, մեր «Ես»-ը նրա դեմ պայքարում է: «Դժվար է հրաժարվել ինքդ  քեզնից,- բացատրում է հոգեվերլուծաբան ԺԱՆ-ԺԱԿ ՄՈՍԿՈՎԻՑԸ,- սերը միշտ տառապանքներ է բերում: Նա շոշափում է հենց մեր գոյությունը` այն, որ մենք կանք այս աշխարհում: Դա գիտակցում են միայն քչերը: Մնալով միայնակության մեջ` նրանք հաճույք են ստանում դրանից, որովհետև իրենց պաշտպանված են զգում սիրո հետ կապված մահվան իմպուլսից: Բայց եթե մեզ հաջողվի հաղթահարել սիրո տանջանքներն ու խաղերը, մենք կհայտնվենք այլ, հիասքանչ տարածության մեջ, որտեղ զգացմունքը բացահայտվում է նոր ուժով»:

Իսկական սերը բիզնես պայմանագիր չէ: Նրա անկայունությունը վտանգ է պարունակում երկուսի համար էլ: Չարժե մոռանալ այդ մասին, եթե մեզ այցելում են կասկածները, եթե թվում է, որ մեզ դադարել են սիրել: Եթե մյուսը փորձում է մի կողմ քաշվել, դա միշտ չի նշանակում, որ նա չի սիրում: Հնարավոր է, որ նա պարզապես վախենում է կորցնել ինքն իրեն:

«Սերը ենթադրում է ռիսկ,- բացատրում է փիլիսոփա և հոգեվերլուծաբան ՄՈՆԻԿԱ ՇՆԱՅԴԵՐԸ,- դա գլխապտույտ առաջացնող զգացմունք է, երբեմն մենք նույնիսկ ցանկանում ենք մերժել այն, վանել. մարդը, սարսափելով իր սիրո ուժից, կարող է ոչնչացնել այն կամ նվազեցնել նրա նշանակությունը` խրվելով գործերի մեջ, որոնք կամրապնդեն նրա ինքնաբավությունը: Այդ ամենը նրա համար է, որպեսզի պաշտպանվենք մեր նկատմամբ ուրիշ մարդու վախեցնող իշխանությունից»:


3. Դեպի անհայտություն գնալու պատրաստակամություն

Սիրո մեջ ոչինչ նախօրոք որոշված չէ: «Մեզնից ոչ ոք չի կարող ո՛չ երաշխավորել երկկողմանի զգացմունքների մշտական լինելը, ո՛չ կանխատեսել սիրելի մարդու հետ հետագա կյանքն ու հարաբերությունների զարգացումը»,- ասում է Գալինա Բերեզովսկայան: Մենք սովորաբար կարծում ենք, որ կիրքը սկզբում ծնվում է, ապա գնում է վայրէջքի, բայց դա միայն մտացածին կարծիք է: Սերն իր զարգացման մեջ կարող է նաև գնալ վերելքի ճանապարհով: «Սիրելով` մենք ոտք ենք դնում մի աշխարհ, որտեղ իշխողը կամքը և խելքը չեն,- ավելացնում է Մոնիկա Շնայդերը,- և այդ ճանապարհին ստիպված կլինենք անցնել բոլորովին տարբեր հատվածներ: Իհարկե, մի անգամ թռչելով դեպի երջանկության բարձունքները` հետո մենք հակադրությամբ կարող ենք զգալ, որ նետվում ենք անդունդը: Բայց եթե մենք նախօրոք համոզված ենք նրանում, որ սերը միշտ անվստահելի է, դա միայն նշանակում է այն, որ մեր անցյալը խանգարում է մեզ հավատալ ինքներս մեզ և ուրիշ մարդու: Որպեսզի սիրես իսկականից, պետք է գրեթե հավատաս հրաշքի: Ֆրեյդը խոսում է հավատով հագեցած սպասման մասին: Պետք է պահպանել կրակը, որը պատրաստ է նորից թեժանալ` չպահանջելով անմիջական բոցավառում»: Ընդունել անճանաչելին, լինել համբերատար...


4. Զգալ ցանկություն

Որևէ կասկած չկա, որ սիրել մարդուն` նշանակում է ցանկանալ նրան: Ավելին` Ժան-Ժակ Մոսկովիցը պնդում է. «Ֆիզիկական մերձեցումը իսկապես օգնում է մեզ սիրել: Առանց քնքշանքի   փոխանակման սիրո մեջ ինչ-որ կարևոր բան մնում է անկատար: Միմյանց խորությամբ սիրող սիրահարները սեքսից ստանում են առանձնահատուկ հաճույք: Սիրո ակտում անհետանում է սեռերի տարբերությունը. երկուսը ձուլվում են, սիրահարների մոտ կրքի պահերին մեկ մարմին է երկուսի համար: Հաճույքը ամենահաղթ է»:

Առանց սիրո մենք սեքսի մեջ կարող ենք գտնել լիցքաթափում, հաճույքով կթոթափենք լարվածությունը, բայց ամբողջական հաճույք ստանալու համար պետք է սիրել իսկականից: «Երբ մենք սիրում ենք, մենք հաճույքի այլ բարձունքների ենք հասնում»,- պնդում է Գալինա Բերեզովսկայան:

Իսկ եթե ցանկությունը թուլանում է, դա նշանակո՞ւմ է, որ սիրո վերջն է: Բոլորովին էլ` ոչ. համոզված է Գալինա Բերեզովսկայան. «Լինում են երջանիկ րոպեներ, երբ մեզ բավարարում է այն, որ սիրելին գոյություն ունի, որ նա պարզապես կա»: Բայց կան կանայք, որ առանձնացնում են սերը սեքսուալ ցանկությունից: «Բանն այն չէ, որ նրանց զգացմունքները թույլ են,- բացատրում է Ժան-Ժակ Մոսկովիցը,- ընդհակառակը, նրանք վախենում են, որ չափազանց ինքնամոռաց տրվելով սիրուն` կարող են նրա մեջ պարզապես կորչել: Ամենայն հավանականությամբ, նրանց խանգարում է մանկության մի ինչ-որ չլուծված խնդիր, սիրո իդեալը, որը բավականին սերտորեն կապված է հոր կերպարի հետ: Ապրելով ուժեղ զգացմունք` այդ չափահաս կանայք կարծես նորից դառնում են փոքրիկ աղջիկներ... և տեղի ունեցողը դառնում է ինցեստի նման մի բան: Նրանց համար առաջին պլան է մղվում հոր կերպարը, հնարավոր է` որպես պաշտպանություն մարմնական մերձեցման մեջ լուծվելուց»: Նման կանայք ապաստարան են փնտրում սեր-պաշտելու մեջ և խուսափում են սեքսուալ հարաբերություններից: Նրանք թույլ են տալիս իրենց վարժեցնել միայն աստիճանաբար` անցնելով պակաս մերձ ֆիզիկական կապերի շրջանը` գրկախառնություններ, որոնք թույլ են տալիս շրջապատել սիրելիին քնքշանքով` կարծես թե նրան պահելով իր ներսում: Իսկ երբ ցանկությունը վերադառնում է, սեքսուալ տարվածությունը հետևում է նրան: Սիրո մակընթացություններն ու տեղատվությունները երբեք կանգ չեն առնում իրենց հավերժական շարժման մեջ:


5. Զգալ կյանքի ամբողջական լինելը

«Լինել սիրելի` նշանակում է զգալ, որ գոյություն ունենալու իրավունք ունես»,- ասում է փիլիսոփա և գրող ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐԸ: Իսկական սերը այս աշխարհում իր գոյության արդարացման անկրկնելի զգացումն է, դա իլյուզիա է, որ մեր սերը միակն է: Սերը մեզ վերադարձնում է երեխայի վիճակի, որը վստահ է նրանում, որ ինքն ամենազոր է, համոզված է նրանում, որ եթե ինքն աշխարհում չլիներ, աշխարհում մի ինչ-որ կարևոր բան կպակասեր: Ընտրելով մեկս մյուսիս` մենք միմյանց ընտրյալ ենք դարձնում: Անցկացնելով տարբերություն իսկական սիրո և գթասրտություն-սիրո միջև, որն ուղղված է մերձավորի բարեկեցությանը, Ֆրեյդը օգտագործում է Ընտրյալի, Մեսիայի աստվածաշնչյան թեման: Սիրո մեջ մենք ուրիշին տալիս ենք առանձնակի նշանակություն: Մենք ճանաչում ենք նրա անառարկելի կարևորությունը. հարգում ենք նրան, գնահատում, հավատում, որ նա անփոխարինելի է: Մենք հայտնագործություն ենք կատարել, ձեռք ենք բերել գանձ: Մենք արդեն մենակ չենք աշխարհում:

Մեկ այլ մարդ բերում է մեզ իր աշխարհը, այլ հորիզոններ բացում, զգացմունքներ, որոնք մենք չենք ապրել նման ձևով մինչև նրանց հետ հանդիպումը: Մեզ մոտ ի հայտ է գալիս անվտանգության զգացում. չէ՞ որ նա կարողացավ նկատել մեր արժեքավոր լինելը: «Սերը օգնում է ձեռք բերել գոյության իմաստը,- ամփոփում է Գալինա Բերեզովսկայան,- երբ մենք սիրում ենք իսկականից, մենք ավելի սուր ենք զգում, որ ապրում ենք»:


6. Սեռական սիրո տարբեր ասպեկտները

ՊԼԱՏՈՆՆ առաջինն էր, որ մարդկային մշակույթում ստեղծեց առաջին սիրո փիլիսոփայությունը, որը շատ մեծ քայլ էր մարդկային սիրո ձեռքբերման մեջ: Սերը Պլատոնի համար երկակի զգացմունք էր, որը միացնում էր իր մեջ մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ-որ բանի պակասի, բաց թողնվածի լրացնելու ձգտումը:

ՕՏՏՈ ՎԵՅՆԻՆԳԵՐԸ համարում է, որ բավականին սխալ է այն կարծիքը, ըստ որի` սեքսուալությունը և էրոտիկան, սեռական տարվածությունը և սերը իրենց հիմքերում համընկնում են, սակայն երկրորդը միայն բացատրում և ճշտում է առաջինի տեսակափոխությունները:

ԷԿԶՅՈՒՊԵՐԻՆ ասել է, որ սիրել նշանակում է նայել իրար հետ մեկ ուղղությամբ, այլ ոչ թե նայել իրար:

Մի շարք գիտնականներ համարում են, որ սիրահարվում են բոլորը, բայց սերը ամեն մեկին չի տրվում: Նրանք պնդում են, որ սիրահարվածությունից դեպի սեր անցում չկա, և սխալ է այն համարել սիրո առաջին փուլ:

Ինչ վերաբերում է սիրո և սեքսուալության կապին կամ հակասությանը, ապա հարկ է նշել, որ, իհարկե, գոյություն ունի սեր առանց սեքսուալության և սեքսուալություն առանց սիրո: Սակայն ավելի մեծ երջանկություն է պարգևում  այն սերը, որը սկիզբ է առնում ի սկզբանե աճող վստահությունից և իր մեջ ներառում է սեքսուալությունը, որը հաճույք է պատճառում զույգերին` պատասխանելով նրանց ցանկություններին:

Վեներան` գարնան, այգիների, սիրո հին հռոմեասկան աստվածուհին և նրա նմանակ Աֆրոդիտեն` Զևսի աղջիկը ու նաև Դիանան` զգացմունքային սիրո և գեղեցկության աստվածուհին, Էրոսը` Արեսի և Աֆրոդիտեի հրեշտակ թևերով չարաճճի տղան, որը նետերով խոցում է մարդկանց սիրտը` սեր առաջացնելով տղամարդկանց և կանանց միջև, իրենցից ներկայացնում են այն կերպարները, որոնք խորհրդանշում են սեռական սիրո տարբեր ասպեկտներ` արտացոլելով գեղեցկության, սեքսուալ հաճույքների և կրքի իմաստը:

ԳԵՂՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում