livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

birth1Շատերին է հետաքրքրում, թե Հին աշխարհում ինչպե՞ս են հագնվել, ի՞նչպես են սնվել, ինչպե՞ս են այս կամ այն շինությունը կառուցել եւ, ընդհանրապես, ինչպե՞ս են ապրել:

Հետաքրքիր է, օրինակ, թե եգիպտացի կանայք հազարամյակներ առաջ ինչ են իմացել հղիության ու ծննդաբերության մասին, ասենք, փորձե՞լ են պարզել` հղի՞ են, թե՞ ոչ, աղջիկ են ունենալու, թե՞ տղա, փորձե՞լ են խուսափել հղիանալուց կամ ընդհատել հղիությունը:

Պարզվում է, որ` այո: Բժշկական պապիրուսներում բազմաթիվ թեստեր կան պտղաբերության, հղիության եւ դեռ չծնված երեխայի սեռը որոշելու մասին (հաճախ դժվար է տարբերակել պտղաբերության եւ հղիության թեստերը):

Մեզի միջոցով հղիության թեստ դնելու գաղափարը, որը մինչեւ այսօր կիրառվում է, գալիս է հին եգիպտացիներից: Նման թեստ պահպանվել է մ.թ.ա. 1350թ. թվագրվող բժշկական մի պապիրուսում, որը գտնվում է Բեռլինի թանգարանում: Մեզի միջոցով ճշտում էին հղիանալու կարող եւ անկարող լինելը, ինչպես նաեւ երեխայի սեռը:

Օրինակ` առանձին ամանների մեջ գարի եւ ցորեն էին լցնում, որոնց վրա կինը միզում էր ամեն օր: Եթե գարին աճում էր` տղա է ծնվելու, եթե ցորենը` աղջիկ: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէր աճում, ուրեմն կինը հղի չէ (պապիրուսի որոշ թարգմանություններում նշվում է, որ եթե ոչ ցորենը, ոչ գարին չեն աճում, ուրեմն կինն ամուլ է): Հին եգիպտերենում էլ է այդպես, գարին արական սեռ է, ցորենը` իգական: Կնոջ ամուլ լինել-չլինելը ստուգում էին նաեւ գլուխ սոխի միջոցով: Քնելուց առաջ գլուխ սոխը մտցնում էին կնոջ մարմնի մեջ, որտեղ այն մնում էր մինչեւ լուսաբաց: Առավոտյան, եթե բերանում կինը զգում էր սոխի համը, ուրեմն կարող էր երեխա ունենալ, հակառակ դեպքում նշվում է, որ նա երբեք երեխա չի ունենա:

Մեր շատ սիրելի ձմերուկը նույնպես նման ծառայություններ էր մատուցում: Դեռ վաղ ժամանակներից Եգիպտոսում ձմերուկ էր մշակվում: Կորիզներից ձեթ էին պատրաստում: Ձմերուկի կորիզներն աղում էին եւ խառնում տղա ունեցած կնոջ կաթին: Պատրաստված ըմպելիքը տալիս էին թեստն անցնող կնոջը` խմելու: Խմելուց հետո, եթե փսխում էր` նշանակում էր` կհղիանա, իսկ հակառակ դեպքում` ոչ:

Ծննդաբերության համար հատուկ տեղ էին պատրաստում տան տանիքում կամ այգում, որը կոչվում էր ծնարան: Ծնունդն արագացնելու համար խեժ էին վառում կնոջ որովայնի մոտ, ցավերը մեղմելու համար գարեջրի մեջ թրջած քրքումով մերսում էին որովայնը: Ծննդաբերության գործընթացը տեղի էր ունենում կքանստած դիրքով: Գոյություն ունեին հատուկ անցքով աթոռներ, որոնց միջով պետք է անցներ երեխան, կամ օգտագործում էին 2 մեծ աղյուս, որոնք կոչվում էին Ծննդի աղյուսներ-Birth Bricks: Կնոջ պարանոցին կախում էին գորտի պատկերով թալիսման, որը ծննդաբերության Հեքեթ աստվածուհու խորհրդանիշն էր: Երեխայի ծնվելուց հետո կինն այստեղ մնում էր մեկ կամ երկու շաբաթ, որից հետո միայն կարող էր կրկին դուրս գալ հասարակության մեջ: Այդ ժամանակաշրջանը համարվում էր մաքրման ժամանակաշրջան: «Ծնարանի» պատերը հարդարում էին Թաուարեթ եւ Բես Աստվածների պատկերներով, որոնք նույնպես համարվում էին պտղաբերության հովանավորներ:

birthՀազարամյակներ առաջ, ինչպես այսօր, հակաբեղմնավորման տարբեր մեթոդներ եւս կային: Պապիրուսներում կարելի է հանդիպել  նաեւ հղիությունը ընդհատելու տարբեր միջոցների: Օրինակ` այրում էին ցորենը, նրանով ծխեցնում կանանց արտաքին սեռական օրգանները, որից հետո բուսական յուղի, նեխուրի եւ քաղցր գարեջրի հավասար քանակությամբ թուրմ էին պատրաստում, որը կինը 4 օր առավոտյան խմում էր: Համարվում էր, որ նեխուրազգիների նաեւ մաղադանոսի մեծ չափաբաժինը հանգեցնում էին հղիության ընդհատման: Մաղադանոսից ստացված թուրմով թրջոց էին դնում փորին, այն տաքացնում էր եւ ընդհատում հղիությունը:

Նույն նպատակին էին ծառայում նաեւ ակացիայի խեժից պատրաստված միջադիրները: Ակացիայի ծառն ունի սպերմատոզոիդները ոչնչացնող հատկություն: Եգիպտացիները ակացիայի խեժին խառնում էին թթված կաթ, մեղր` մեջը մի պտղունց կաուստիկ սոդա եւ ստացված զանգվածով միջադիրներ պատրաստում:

Համարվում էր, որ երեխան դեռ մոր արգանդում ապրում է եւ արդեն պաշտպանության կարիք ունի: Երեխայի ծնվելուց հետո անմիջապես անուն էին տալիս, քանի որ առանց անվան նա որպես անհատ գոյություն ունենալ չէր կարող: Անունը նաեւ պաշտպանում էր երեխային չար ուժերից: Չար ուժերից պաշտպանելու համար օգտագործվում էին նաեւ տաբեր թալիսմաններ, արձանիկներ, հմայիլներ: Դրանք պաշտպանում էին լույս աշխարհ գալու եւ հետագա վտանգներից: Այդ թալիսմաննեը, արձանիկները եւ այլն հաճախ ուղեկցվում էին Բես, Թաուարեթ եւ Հաթոր աստվածությունների պատկերներով: Այդ հատուկ թալիսմանները կրիտիկական պահերին կրում էին որպես զարդ, այդ դեպքերից էր, օրինակ, ծննդաբերությունը: Կային նաեւ կախարդական խոսքեր, որոնք օրինակ պաշտպանում էին, որ չար ոգիները գիշերը չգողանան նորածնին:

Մեծ էր մահացության թիվը Հին Եգիպտոսում: Գիտնականները մանկական գերեզմանների ուսումնասիրություններից ելնելով նշում են, որ երեխաների 20% մահանում էր դեռ չծնված, 20%-ը մահանում էր մեկ տարվա ընթացքում, իսկ 30%-ը ապրում էր ամենաշատը մինչեւ 5 տարեկան: Կահիրեի օրացույցում երեխա ունենալու համար կային ավելի շատ անհաջող օրեր, քան հաջող: Այստեղ բացի հաջող եւ անհաջող օրերից հաճախ նշվում էր նաեւ երեխայի ծնվելու օրվա առավել հարմար պահը:

Էբերսի պապիրուսը հայտնում է, որ եթե ծնվելու ժամանակ երեխան ճչում է «նյա», ուրեմն առողջ բալիկ է, կապրի, իսկ եթե ասում է «մեբի», ցավոք, չի ապրի:

19-րդ դինաստիայի գրագիր Անին գրում է, որ երեխաները պետք է վերադարձնեն իրենց պարտքը մայրերին: «Վճարեք ձեր մայրերին իրենց խնամքի համար: Տվեք նրանց այնքան հաց, ինչքան կարիք ունեն, խնամեք այնպես, ինչպես ձեզ են խնամել, քանի որ դուք ծանր բեռ էիք, երբ նրանք ձեզ կրում էին իրենց մեջ: Եվ, երբ վերջապես ծնվել եք, նրանք մեծացրել են ձեզ իրենց ուսերին եւ 3 տարի կերակրել ու լողացրել»:

ԱՇԽԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Եգիպտագիտության հայկական կենտրոն

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում