livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

kinԲնությունն իր խաղերն ու խենթություններն ունի, բայց ամենից առաջ` իր օրենքներն ու ճշմարտությունները: Բնության օրենքով է հանճարը` հանճար, անգետը` անգետ, ատելությունը` ատելություն եւ սերը` սեր: Այս նույն օրենքով էլ բնությունը ստեղծեց կնոջը` որպես բոլոր ժամանակների մեծագույն գաղտնիք: Մշտապես անբացատրելի, մշտապես անծանոթ ու մշտապես առեղծվածային:

Բնությունն ու Արվեստը սիրում են գաղտնիքներ: Բնությունն արարեց այդ գաղտնիքը, իսկ Արվեստը զորեղացավ դրանով: Հանճարներից եւ ոչ մեկը կարող չեղավ անտեսել կնոջը: Ավելին` կինը համառորեն բացահայտեց հանճարներին, բայց` ոչ իրեն: Եվ դրանով էլ չվերջացավ անելիքը: Կինը ստեղծեց աշխարհընկալման անկասելի մի ձեւ` զգացմունքով եւ ոչ բանականությամբ: Կինը սիրեց:

Այսպես ընկալեց աշխարհը մեծ Բայրոնն ու ասաց. «Սերը չի կարող իմաստուն լինել»: Մի օր այս անկասելի շրջապտույտում հայտնվեց Գյոթեն ու գոռաց. «Մի՞թե սերը ինչ-որ ընդհանուր բան ունի խելքի հետ»: Իսկ Ռեմարկը խոստովանության պես այսպես ակնարկեց. «Զզվելի կլիներ, եթե սերը թեկուզ ամենափոքր չափով ընդհանուր բան ունենար ճշմարտության հետ»:

 Եվ կնոջ ընկալած ու ապրած սիրով սկսեցին չափել ու կշռել իրենց գոյությունը շատերը: Այն սիրով, որ սրբատեղիի նման իր զոհասեղանի համար միայն թանկ ու մաքուր սփռոցներ է պահանջում... Տղամարդը միանգամից նվիրաբերեց այդ սփռոցը: Իսկ կի՞նը...

 Կինը մի քիչ երկնչեց, մի քիչ տանջվեց: Կինը զգաց, որ կորցնում է... Ինչ-որ բան է կորցնում: Մտածեց` արժե՞ արդյոք կռանալ, եթե ոչինչ չունի վերցնելու: Մտածեց ու մի քիչ հուսահատվեց: Չուզեց հեշտությամբ տրվել, հետո էլ հեշտությամբ օտարանալ: Հետո հասկացավ, որ հուսահատությանը վարժվելն ավելի վատ է, քան հուսահատությունը: Այդ հուսահատությունից էլ ծնվեց հույսը` մայրության ու քնքշանքի ծարավը:

... Եվ սիրեց կինը, սիրեց թաքուն ու բացահայտ ու հանձնվելուց հետո երբեք չկշռեց զոհողության քաշը: Կինը նվիրվեց խելահեղորեն ու չհարցրեց ոչ մի խորհուրդ: Այդ սիրով նա աշխարհը լցրեց վսեմ երեխայությամբ: Այս սիրով մկրտեց ու մեռոնեց իր կյանքը կինը: Այդ սիրուց հաղթվեց ու դադարեց ինքն իր մասին մտածել:

 Եվ երբ Աստվածաշունչը խրատեց այսպես` «Մարդն ինչից հաղթվում է, նրան էլ ծառա է», կինը հավաքեց իր ուժերը, թուլության մեջ անգամ ուժեղ զգաց իրեն ու երբեք չներեց անտարբերությունը: Ոչ մի տղամարդ չհպարտացավ իր չսիրելու, բայց սիրվելու ուժով: Ու անկարեւոր դարձավ անգամ սիրո տեսակն ու բնույթը: Չէ՞ որ այն հաճախ գործ ու կապ չունի մարդկային բնույթի հետ, քանի որ մարդիկ հավատարիմ ծնվում են ճիշտ այնպես, ինչպես ծնվում են հիվանդոտ կամ արատավոր: Կինը սիրեց կնոջ հավատարմությամբ, որին խիստ կասկածում են տղամարդիկ, իսկ տղամարդն իրեն հատուկ հավատարմությամբ, որին անվերապահ են կասկածում կանայք:

 Մեծ դերասան Չապլինն իր սիրո ճամփին զգացել է. «Սերն այն է, որ ամեն ինչ տաս... Ամեն ինչ զոհես: Սա նույնպիսի զգացում է, ինչպիսին մայրը տածում երեխայի նկատմամբ: Ես սիրեցի նրան: Նա իմ կրոնն էր եւ իմ շունչը»: Ու թող կինը հպարտանա, որ այս ամենը զգացել ու արտահայտել է տղամարդ, այն էլ` հանճարեղ տղամարդ: Ու թող երազի, որ իրեն սիրող տղամարդը ոչ թե Նիցշեի պես ավելի շատ սիրի վտանգն ու խաղը եւ կնոջը համարի ամենավտանգավոր խաղալիքը, այլ սիրված լինի չապլինյան մեծ ու քնքուշ սիրով:

ՆԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում