livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Adam EvaԴերենիկ Դեմիրճյանի հերոսներից մեկը հուսահատ ասում է. «Երանի քեզ, Ադամ, որ կինդ սիրեկան չուներ, եւ սիրեկան էլ չկար, որ ունենար»: Իսկ Ադամի մասին առասպելը պատմում է. «Աստված անասունների ոտքի տակ ընկած հողից ստեղծեց տղամարդուն, հետո, տեսնելով նրա մենակությունը, որոշեց ստեղծել նրա համար մի քնքուշ ընկեր... Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը եւ նրա բեկբեկուն, ճախրող բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը` Լիլիթին: Եվ նայելով իր ստեղծածի վրա` հիացած ասաց. «Բարի է, որովհետեւ գեղեցիկ է»:

«Ես ստեղծեցի Ադամին հողից եւ քեզ` կրակից, որ իրար լրացնեք: Պիտի սիրես ու հնազանդ լինես նրան»: Բայց զուր էին բոլոր հորդորները: Լիլիթը մի օր նետվեց գիրկը տարփանքի եւ տրվեց սիրո մեղկ հրապույրին: Սատանան առավ գիրկը Լիլիթին ու տարավ երկիր: Եվ հետո միայն անհույս Ադամին դժբախտ տեսնելով, արարեց Տերը համեստ Եվային: Նա գգվում, փայփայում էր Ադամին, իսկ Ադամը, երբ գոցում էր բիբերը, իր սրտի մեջ տեսնում էր Լիլիթին, եւ արեւի մեջ Լիլիթն էր վառվում: «Եվա» էին շշնջում նրա շուրթերը, սակայն «Լիլիթ» էր արձագանքում հոգին»:

Սա առասպելն է, բայց այնպիսի առասպել, որը կարող է ավելի իրական լինել, քան ինքը` իրականությունը: Դժվար է ասել, թե որպես նախամայր, ավելի շատ Լիլի՞թն է պատիվ բերում մերօրյա կնոջը, թե՞ Եվան: Դժվար է ասել, քանզի եթե Եվա ես, Ադամդ թաքուն Լիլիթ կփնտրի: Իսկ եթե միայն Լիլիթ ես կրակ, Ադամդ մի օր ձանձրացած կասի` մի քիչ էլ Եվա դարձիր, սիրելիս:

Որտեղի՞ց է սկսվում այս անսպառելի արարածը` կինը, ուժի ու թուլության, առեղծվածի ու պարզության, անսահման հավատարմության ու անտանելի դավաճանության այդ անբացատրելի կծիկը:

Թոթովենցն ասում էր. «Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում»: Իսկ եթե չսիրի՞... Այստեղ արդեն կինը դառնում է մի իրական առեղծված, որտեղ սիրելու-չսիրելու այդ մութ արանքում մի հիմարի քիթը կարող է ավելին արժենալ, քան փիլիսոփաներից ցանկացածի բազմակողմանի տաղանդը: Եվ երեւի հենց այդ էր պատճառը, որ երբ փիլիսոփաներից մեկին ստիպեցին, որ ամուսնանա, նա ընտրեց կանանցից ամենափոքրին: Երբ նրան հարցրին` ինչո՞ւ նրան, փիլիսոփան ասաց. «Եթե հնարավոր չէ գազաններից փրկվել, պետք է ընտրել նրանցից փոքրագույնին»:

Տեղի՞ն, թե անտեղի է այս խիստ կարծիքը: Այստեղ է պետք ասել. «Այս հարցի շուրջ քանի՜-քանի՜ փիլիսոփաներ ենadam-i-eva1 գլուխ ջարդել...»: Եվ դեռ կջարդեն ու հուսահատությունից այսպիսի անեկդոտ կհորինեն. «Դժոխք ուղարկելու համար սատանան հարյուր կնոջ է շարք կանգնեցնում եւ ասում` ով թեկուզ մեկ անգամ դավաճանել է ամուսնուն, թող մեկ քայլ առաջ գա: Ամբողջ շարքը մեկ քայլ առաջ է գալիս, բացի մեկից: Առաջ եկողներից մեկը սատանային ասում է` բարձր խոսեք, նա խուլ է, չի լսում»: Այսպիսի տխուր վիճակագրություն: Ուրեմն` ի՞նչ... Տղամարդուն կի՞նն է ստիպում չապավինել իր հավատարմությանն ու հաստատակամությանը: Բնավ: Պարզապես կինը տոն է ուզում, որտեղ իր հմայքներն ու անկասելի արարումներն են հրավառվում: Իսկ տղամարդը հաճախ այդ տոնը չի պարգեւում, կամ էլ ծանծաղ մի տոն հյուսում` վասն կրքի ու խոհանոցի: Այստեղից էլ տխուր վիճակագրությունը:

Հակասականն ամենեւին էլ անելանելին չէ: Եվ տղամարդն էլ, կինն էլ սիրում են այս աշխարհը եւ ուրախ են այդ մխիթարության համար, եւ ինչ քամի էլ պտտվի նրանց սրտերում ու գրպաններում, նրանք սիրում են այս աշխարհը, ուր ինչ-որ մեկը փրկում է դուրս նետված շան ձագին եւ իր թեւքի մեջ թաքցնում փողոցի դաժանությունից:

Նրանք սիրում են այս աշխարհը եւ միմյանց:

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում