livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

31Փիլիսոփաներից մեկին ստիպեցին, որ ամուսնանա: Նրան ներկայացրին շատ կանանց, որպեսզի ընտրություն կատարի: Նա ընտրեց կանանցից ամենափոքրին` ոչ մարմնեղին: Երբ հարցրին` ինչո՞ւ նրան ընտրեց, փիլիսոփան ասաց. «Եթե հնարավոր չէ վտանգից փրկվել, պետք է ընտրել նրանցից փոքրագույնին»: Շա՞տ է դաժան, գուցե` այո:

Կնոջ մի տեսակ կա, որն ինչ ունի` ունի, ինչ չունի` չգիտի էլ, որ չունի: Նա հեշտ է ապրում: Կա նաեւ մյուս տեսակը` ինչ չունի, կարոտում է, հետո գտնում է ու կորցնում, կորցնելով` տառապում: Նա հեշտ չի ապրում. շարունակ փնտրում է, գտնում, հետո... կշտամբում գտածը: Գրեթե  նույնն էլ տղամարդիկ: Մի տեսակը չի գիտակցում, որ չունի: Այդ պատճառով  էլ չի փնտրում, չի գտնում, չի կշտամբում: Նա ընդարմացած ժպտում եւ անընդհատ գտնում է այն, ինչը վաղուց ուներ: Նրանց այլ տեսակը միշտ փնտրում է, իսկ գտնելիս` ձգտում հնարավորինս շուտ կորցնել: Երկար ժամանակ դիմացինի նախշած շրջանակում գտնվելու վախից նա միշտ ծակ է պահում գրպանները, որպեսզի ինքն իրեն համոզի, որ չի զգացել, թե ինչպես է կորցրել:

Գուցե այս խաչմերուկներից մեկում է այսպես երգել ֆրանսիացի երգիչ Իվ Մոնտանը. «Կանայք միշտ սիրահարված են, իսկ տղամարդիկ` միշտ միայնակ: Եվ նրանք իրարից գողանում են սերն ու մենությունը, մենությունն ու սերը»:
Բարդ է փնտրածն ու գտածը հաշտեցնելը: Նրանք հարատեւ վեճի մեջ են` վիճում են ու ծնվում է կշտամբանքներով ու հուսախաբություններով լեցուն իրականությունը: Այդ իրականության մեջ էլ հաճախ փնտրածը գնում է իր ճամփով, գտածը` իր:
Մարդկային փոխհարաբերությունների լավագույն գիտակ ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻՆ ընտանեկան կյանքը երջանիկ դարձնելու իր նկատառումների մեջ լավագույն միջոցների  մեջ հատուկ տեղ է տալիս այս խորհրդին.

- Մի՛ կշտամբեք...
Եվ որպեսզի կանայք առավել հետեւողական լինեն, դիմում էր մարդկային ճակատագրերի պատմություններին:

Ֆրանսիական կայսր ՆԱՊՈԼԵՈՆ ԵՐՐՈՐԴԸ եւ իր գեղեցկուհի կինն ունեին առողջություն, հարստություն, փառք, սեր եւ փոխադարձ պաշտամունք` երջանիկ ամուսնության համար ամեն ինչ: Բայց ո՛չ նրանց սիրո ուժը, ո՛չ գահի հզորությունը չփրկեցին նրանց երջանկությունը կասկածներից ու կշտամբանքներից: Ունեցած մտավախություններից ու խանդից` Նապոլեոնի կինը` Եվգենիան արհամարհում էր Նապոլեոնի հրամանները, թույլ չէր տալիս նրան առանձնանալ. ընդհատում էր անգամ ամենակարեւոր բանակցությունները, նրան երբեք մենակ չէր թողնում` վախենալով, որ նա կարող է մտերմանալ ուրիշ կնոջ հետ: Բայց այդ ամենով ինչի՞ հասավ Եվգենիան. փափուկ գլխարկն աչքերին իջեցնելով` կայսրը հաճախ գիշերները դուրս էր գալիս ետնամուտքից, գնում մի չքնաղ տիկնոջ մոտ կամ պարզապես թափառում փողոցներում: Ահա թե ինչ փաթաթեց իր վզին Եվգենիան` իր խանդով եւ մանրախնդրությամբ:

Մեկ ուրիշ մեծի` ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻ կինը մահից առաջ խոստովանեց իր դուստրերին.«Ձեր հոր մահվան պատճառը ես եմ եղել»: Իսկ դուստրերը գիտեին, որ նա սպանեց իրենց հորը` մշտական գանգատներով, քննադատությամբ ու մանրախնդրությամբ:

Ամերիկայի նախագահ ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ամուսնությունը նրա ամենամեծ ողբերգությունն էր: Նկատի ունեցեք` ոչ թե նրա սպանությունը, այլ նրա ամուսնությունը: Բութ կրակոցից հետո Լինքոլնը չհասցրեց հասկանալ, որ իրեն սպանել են, բայց տասնամյակներ շարունակ գրեթե ամեն օր նա հնձում էր ամուսնական դժբախտության դառը պտուղները: Ամուսնական դժբախտությո՞ւն: Դա չափազանց մեղմ էր ասված: Մոտ քառորդ դար միսիս Լինքոլնը ամուսնու կյանքը պղտորում էր իր անհեթեթ կշտամբանքներով: Կնոջը դուր չէին գալիս ամուսնու... ականջները, նա պահանջում էր, որ ամուսինը ոտքերը փոխելիս` ծնկերն իր ուզածի պես ծալի... Ամուսնուն հանդիմանում էր նույնիսկ այն բանի համար, որ քիթն ուղիղ չէ, որ թոքախտով հիվանդի տեսք ունի, որ ձեռքերն ու ոտքերը չափազանց մեծ են, գլուխը` չափազանց փոքր: Աբրահամ Լինքոլնը անասելի զղջում էր իր դժբախտ ամուսնության համար, հնարավորինս խուսափում էր կնոջից: Նա գերադասում էր գործի բերումով անընդհատ շրջագայել, ամիսներով ապրել ամենակեղտոտ հյուրանոցներում, քան` իր տանը:

Ամուսինների հանդեպ իրենց վերաբերմունքով թե՛ կայսրուհի Եվգենիան, թե՛ կոմսուհի Տատյանան եւ թե՛ միսիս Լինքոլնը հասան ողբերգության եւ կորցրին այն, ինչը թանկ էր նրանց համար:

Այսպիսով, եթե ցանկանում եք պայքարել ձեր ընտանեկան կյանքի երջանկության համար, հետեւեք այս կարեւոր կանոնին.
- Պետք չէ՛, պետք չէ՛ կշտամբել:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում