ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՈՒՄ

altՀայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր հայտնեց, որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարված ողջ աշխարհում և իրենց կենտրոնը ողջ ամսվա ընթացքում տեղեկատվություն է տարածելու կապված կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հետ: Կենտրոնի տնօրենը ասաց, որ այս տարի առաջին անգամ բացառիկ ակցիա է իրականացնում կանանց և հատկապես սոցիալապես անապահով կանանց համար, հոկտեմբերի 15-30-ը ընկած ժամանակահատվածում հայտարարված է 30% զեղչ՝ մանոգրաֆիկ հետազոտության համար.

 

« Սա վերաբերվում է թվայնացված մոնոգրաֆներին, քանի որ նրանք մի փոքր ավելի թանկ արժեն, քան սովորական մանոգրաֆիայի պրոցեդուրան: Այսպիսով մենք այդ թանկարժեք հետազոտությունը կարող ենք անել 15.000 դրամով»:

 

Տիկին Խաչանուշը շեշտեց, որ շատ կարևոր է կրծքագեղձի վաղ հայտնաբերումն ու  կանխարգելումը: Կանայք 40 տարեկանից պետք է ամեն տարի ենթարկվեն մանոգրաֆիկ ստուգման, սակայն շատերը չեն այցելում բժիշկի՝ ֆինանսական խնդրի պատճառով:

 

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկիզբ է առնում կրծքի բջիջներից: Բժիշկի կողմից անցկացված՝ կրծքի պարբերական կլինիկական քննությունների, մամոգրամաների և ինքնազննումների միջոցով կրծքի քաղցկեղի վաղ բացահայտումը հնարավորություն է տալիս բուժումը սկսել առավել բուժելի փուլում: Վաղ ախտորոշումը կյանք է փրկում:

 

Մարինե Բարսեղյան