livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 12, 2019

Պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Եղիազարյանը հավաստիացնում է, որ  իր այցելուների մեծամասնությունը կազմում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Թեպետ, վերջին շրջանում իրենց արտաքինի նկատմամբ այդքան էլ անտարբեր չեն նաեւ արական սեռի ներկայացուցիչները:

 

 

- Այո, մեզ ավելի շատ աղջիկներ են դիմում, սակայն վերջին շրջանում նաեւ տղա այցելուներ ունենք: Թեպետ, տղաները, որպես կանոն, մեզ դիմում են միայն այն դեպքում, երբ ընդհանրապես քթով չեն շնչում կամ, եթե քիթը շատ հակաէսթետիկ տեսք ունի:

- Մի խոսքով, երբ դանակը ոսկորին է հասնում:

- Կարելի է նաեւ այդպես ասել: Վերջերս վիրահատեցի մի տղայի, որը քթի աննշան կորություն ուներ: Տղան ուղղակի շոու բիզնեսում էր եւ ցանկանում էր լավ տեսք ունենալ: Բայց նման դեպքեր շատ քիչ են գրանցվում:

- Որքան հասկացա, քթի բումը դեռ հայերի մոտ շարունակվում է:

- Հայերի մոտ քթի բումը միշտ էլ կլինի: Ամեն ինչ կարող է փոխվել, սակայն ռինոպլաստիկան միշտ էլ կլինի ամենաակտուալն ու պահանջվածը:

- Իսկ լինո՞ւմ են դեպքեր, որ մերժեք եւ չվիրահատեք:

- Այո, շատ դեպքերում այցելուի ցանկությունները իրականթյուն դարձնել պարզապես անհնար է լինում: Երբեմն մեզ ամսագրերից կտրտած լուսանկարներ են բերում եւ ցանկություն հայտնում հենց այդպիսի քիթ ունենալ: Եվ ամենեւին էլ հաշվի չեն առնում, որ իրենց դեմքին այդպիսի փոքր չափերի քիթ չի սազի: Միայն մոդելիրովկայից` համակարգչի օգնությամբ ստացված պատկերի օգնությամբ են այցելուները հասկանում, թե ինչ անել հետո: Շատ անգամ վիրահատությունից հետո արդյունքն այլ է լինում: Դրա համար մենք աշխատում ենք այնպես անել, որ այցելուն մեծ սպասելիքներ չունենա: Բացի այդ, մինչ վիրահատությունը այցելուն մեզ մոտ պարտադիր հոգեբանական խորհրդատվություն է ստանում, լրացնում թեստ: Բանն այն է, որ կան այցելուներ, որոնք ոչ ադեկվատ են գնահատում իրենց արտաքինը: Շատ դեպքերում նույնիսկ վիրահատությունից հետո լավ արդյունքի դեպքում էլ դժգոհ են մնում: Եվ տվյալ անհատը ցանկանում է կրկին վիրահատվել:

- Նման այցելուներ ունեցե՞լ եք:

- Այո, շատ հետաքրքիր դեպքեր են նույնիսկ գրանցվել: Պատահում են այցելուներ, որոնք վիրահատությունից մեծ ակնկալիքներ ունեն: Կարծում են, որ փոփոխելով մարմնի մասը՝ կփոխեն նաեւ իրենց կյանքը: Եվ եթե զգում ենք, որ տվյալ մարդը գտնվում է այդ կարգի հոգեբանական վիճակում եւ ամբողջ հույսը դրել է այդ վիրահատության վրա, ապա մերժում ենք:

- Փաստորեն, շատ դեպքերում գալիս են լոկ «թիթիզության» նպատակո՞վ:

- Նկատի ունեք մոդային տուրք տալու համա՞ր: Ոչ, հայերը առայժմ դրան դեռ չեն հասել: Թեպետ այցելուներից շատերը ցանկանում են վիրահատվել այն բժշկի մոտ, որի մոտ վիրահատվել է ընկերը, ընկերուհին, եւ ունենալ հենց ընկերոջ, ընկերուհու քթի պես քիթ: Եվ կարեւոր չէ՝ այն իր դեմքին կսազի՞, թե՞ ոչ: Այ, դրա մեջ «թիթիզություն» կա:

- Իսկ բացի քթից էլ ի՞նչ վիրահատությունների պահանջարկ կա:

- Երկրոդ տեղում սեպտոպլաստիկան է` քթի միջնապատի ուղղումը: Երրորդ տեղում օտոպլաստիկան է` ականջների ուղղումը, մամոպլաստիկայից` կրծքից հետո գալիս են արդեն շրթունքները լցնելը, կնճիռների հեռացումը: Վերջինիս համար ավելի շատ դիմում են  տարիքով կանայք, հաճախ՝ օտարազգի ներկայացուցիչներ:

- Այսինքն՝ կնճիռները չեն անհանգստացնո՞ւմ հայ կանանց:

- Կարելի է ասել՝ ոչ: Նույնիսկ նկատել եմ, որ պլաստիկ վիրաբույժին առհասարակ դիմողները չամուսնացած կանայք են: Վատն այն է, որ հայ իրականության մեջ հենց աղջիկն ամուսնանում է՝ մոռանում է հետեւել իրեն: Իսկ, օրինակ, արտասահմանում մի քանի հղիություն տարած կինը կախված կուրծք, փոր ունենալու դեպքում անմիջապես դիմում է վիրաբույժի, զբաղվում սեփական մարմնի խնամքով: Մեզ մոտ պատկերն այլ է, որպես կանոն առաջնորդվում են այս տրամաբանությամբ. եթե ամուսնուս դուր է գալիս, մնացածը կարեւոր չէ:

- Խոսենք կրծքի վիրահատության մասին: Ի՞նչ անհեթեթ առաջարկներ, ցանկություներ եք լսել: Օրինակ՝ ուզում եմ Մոնիկա Բելլուչչիի կրծքից ունենալ:

- Ոչ, ոչ, մենք դրան նույնպես դեռ չենք հասել: Մաքսիմում, հայ աղջիկիները գալիս են վիրաբույժի մոտ, եթե նրանց մոտ ընդհանրապես բացակայում է կուրծքը եւ նրանց պարզապես ցուցված է անցկացնել այդ վիրահատությունը կամ կա ասիմետրիա. մի կուրծքը մեծ է, մյուսը՝ փոքր: Հայ աղջիկները ուզում են բնականին մոտ կուրծք ունենալ, ոչ ավելին:

- Իսկ եթե կուրծքը հեռացված է, արհեստական իմպալնտներ թուլատրվո՞ւմ է տեղադրել:

- Արդեն 20 տարուց ավելի է, ինչ թուլատրվում է: ԱՄՆ-ում երկար փորձաքննություններից հետո պարզվել է, որ քաղցկեղի եւ իմպլատների միջեւ որեւէ կապ չի կարող լինել: Հանգիստ կարելի է տեղադրել իմպլանտը եւ չվախենալ, որ հետագայում այն կբերի քաղցկեղի:

- Իսկ, այնուամենայնիվ, պլաստիկ վիրահատությունը վտանգավո՞ր բան է: Մարդիկ, սովորաբար, մատների արանքով են վերաբերում պլաստիկային:

- Ցանկացած վիրահատություն էլ վտանգավոր է: Առհասարակ բարդություններից խուսափելու համար վիրահատում ենք միայն առողջ մարդկանց: Սա էսթետիկ, պլանավորված վիրահատություն է: Տարրական գրիպը անգամ կարող է խանգարել: Պլաստիկ վիրահատությունը բարդ վիրահատություն է եւ չարժե մատների արանքով նայել:

- Տարիքային սահմանափակումներ կա՞ն:

- Րինոպլաստիկան  լավ է անել 17-18 տարեկանից սկսած մինչեւ 55 տարեկանը, ավելի բարձր տարիքում խորհուրդ չի տրվում: Իսկ, օրինակ, օտոպլաստիկան խորհուրդ է տրվում բարդույթներից խուսափելու համար անել 5-6 տարեկան հասակում, մինչ երեխայի դպրոց գնալը:

- Բացի թեստ անցնելուց եւ հոգեբանի խորհրդատվությունից, մինչ պլաստիկ վիրահատություն կատարելը էլ ի՞նչ է անհրաժեշտ անել:

- Ստուգվում է ամբողջ օրգանիզմը: Անհրաժեշտ է հանձնել արյան ընդհանուր անալիզ, կատարել սրտի ԷԿԳ, սոնոգրաֆիա, զրույց անեսթեզիոլոգի հետ: Այցելուին տալիս ենք բուկլետ, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչ պետք է անի վիրահատությունից առաջ եւ հետո: Խորհուրդ ենք տալիս չլսել ծանոթ-բարեկամների խորհուրդները: Եվ եթե ամեն ինչ ճիշտ է կատարվում, ապա հետվիրահատական շրջանն էլ գրեթե անցավ է լինում:

- Պլաստիկ վիրահատություններից ո՞րն է համարվում ամենածանրը:

- Բժշկի համար բոլոր վիրահատություններն էլ ծանր են: Ամենաերկար վիրահատությունս տեւել է յոթ ժամ:

- Իսկ հայերի մոտ ինտիմ տեղերի պլաստիկան ընդունվա՞ծ բան է:

- Շատ քիչ: Մեր մենթալիտետը թույլ չի տալիս: Դա լուրջ խնդիր է: Եթե անգամ մեկը դիմի, ապա շատ գաղտնի պետք է լինի: Աշխատում ենք ապահովել մաքսիմալ գաղտնիություն: Բայց Երեւանը փոքր քաղաք է, եւ հիվանդանոց մտնելու պահը չի բացառվում, որ ինչ-որ մեկը ֆիքսի: Դեպքեր էլ կան, որ ճիշտ հակառակն է, անգամ իմ կայքում ունեմ այցելուներ, որոնք ոչ միայն բարձրաձայնում են եւ կիսվում վիրահատությունից հետո ունեցած հաջողությունների ու ձեռքբերումների մասին, նկատի չունեմ ինտիմ տեղերը, այլեւ նույնիսկ պատմություններ են գրում: Օրինակ՝ մի աղջիկ իր սեփական քթի մասին պատմվածք էր գրել:

Հ.Գ. Ու թեեւ մեր զրուցակիցը չբարձրաձայնեց պլաստիկ վիրահատության սակագները, այնուամենայնիվ, ինչպես պարզեցինք, Երեւանում ամենապահանջված վիրահատության` րինոպլաստիկայի համար պահանջվում է մոտ 300-400 հազար դրամ: Իսկ կրծքի արհեստական իմպլանտներ տեղադրելը մոտ 370.000 դրամ է: Այնպես որ, ինքներդ որոշեք՝ հայտնվե՞լ վիրաբուժական սեղանին, թե՞ ոչ:

Զրույցը՝ ՎԼԱԴ ՄՈԻՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում