livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

pepen1Պեպեններն ամենից հաճախ նկատվում են բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց մոտ: Կանայք ավելի շատ ապրումներ են ունենում պեպենների, քան մի որեւէ իսկական հիվանդության համար, թեեւ պեպենները մեծ մասամբ նրանց սազում են: Պեպենները կոսմետիկական  թերություն են համարվում միայն այն դեպքում, եթե դրանք այնքան շատ են, որ ձուլվում են մի մեծ գորշ բծի մեջ:

Շիկահեր եւ շիկակարմիր  մազերով կանանց մոտ արեւի ճառագայթների ազդեցությունից պեպեններն առաջանում են հաճախ կորեկի հատիկի մեծությամբ, պիգմենտային բծերը սովորաբար լինում են բաց դեղնավուն, դարչնադեղնավուն կամ բաց դարչնագույն: Նրանց մակերեսը հարթ է, չեն թեփոտվում եւ մաշկի մակերեսից չեն բարձրանում: Պեպենները կարող են լինել եզակի կամ բազմաքանակ, զետեղված իրարից առանձին կամ միախառնված: Բացի դեմքից, դրանք կարող են առաջանալ նաեւ ձեռքերի, կրծքի եւ հազվադեպ` նստատեղերի եւ սեռական օրգանների մաշկի վրա:

Պեպեններ նկատվում են սովորաբար երեխաների ու երիտասարդ մարդկանց մոտ եւ ծերանալու հետ անհետանում են: Չի կարելի դրանք կոսմետիկական թերություն համարել: Ընդհակառակը, դրանք որոշ աղջիկների տալիս են գրավչություն, որի հետ կապված` երբեմն որոշ կանայք մոդայիկ են համարվում: Պեպենների առկայությունը պայմանավորված է մաշկային պիգմենտի արագ կուտակման հետ` այրող արեւի տակ մնալու դեպքում, հատկապես գարնանը: Աշնանը եւ ձմռանը դրանք գունազրկվում են եւ կարող են  բոլորովին անհետանալ: Դրանց առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է դեմքը գարնանն արեւից պաշտպանել լայնեզր գլխարկով, գլխաշորով, հովանոցով եւ այլն, քանի դեռ մաշկը չի վարժվել ուլտրամանուշակագույն ճառագայթներին:

Արեւից պաշտպանվելու լավ միջոց են համարվում շինաքինա, սուլֆատիազոլ եւ այլ նյութեր պարունակող հատուկ կրեմները: Արեւապաշտպան բուսական կրեմներ կարող եք պատրաստել ինքներդ` ցերեկային պճնազարդման կրեմին ավելացնելով 10 տոկոսի չափով նշված նյութերից: Ընդհանուր պարունակությունը խառնվում է հավասարաչափ: Եթե ձեր դեմքը պեպեններ առաջանալու հակում ունի,  երբեք դուրս մի եկեք առանց նախապես արեւապաշտպան կրեմ քսելու: Պեպենների դեմ եւ դեմքը սպիտակեցնող ժողովրդական պաշտպանական միջոցներից է մածունը: Դա կարելի է քսել դեմքին ամեն երեկո, 20-25 րոպե հետո լվանալ սառը ջրով: Ճարպոտ մաշկի եւ պեպենների առկայության դեպքում կարելի է օգտագործել հետեւյալ խառնուրդը` 2 թեյի գդալ քացախ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ եւ 1 թեյի գդալ ջուր: Նախապես լվացած եւ չորացրած դեմքին բամբակե խծուծով քսեք խառնուրդը եւ եթե չհետեւի քորը, այն թողեք դեմքին ամբողջ գիշեր: Առավոտյան լվացեք եւ դեմքին քսեք դիմափոշի: Դեմքը սպիտակեցնելու համար օգտագործվում է նաեւ շպարահան ջուր, ջրածնի պերոքսիդի հետ` 1 թեյի գդալ ջրածնի պերոքսիդ, 2 թեյի գդալ գլիցերին, 2 թեյի գդալ սպիրտ, 2 ճաշի գդալ ջուր: Այս հեղուկը կարելի է օրը մի քանի անգամ քսել պեպեններին: Չպետք է թրջել կոպերը եւ մազերը (գունաթափվելուց խուսափելու համար նախապես դրանց կարելի է քսել վազելին կամ կրեմ): Եթե այդ միջոցներն անբավարար կլինեն, կարելի է փորձել` օգտագործելով նաեւ սպիտակեցնող կրեմ: Սնդիկային կրեմները նշանակվում են բժշկի կողմից: Պեպենները վերացնելու համար կարող են օգտագործվել նաեւ որոշ սպիտակեցնող դիմակներ:

 

ՊԵՊԵՆՆԵՐ ԵՎ ՄՈՒԳ ԲԾԵՐ

Պեպենները եւ մուգ բծերը հեռացնելու համար առաջարկվում են հետեւյալ դեղաբույսերը.

ՄԱՂԱԴԱՆՈՍ. Օգտագործվում են լավ խաշած տերեւներից ու արմատներից թրջոցներ, որոնք թողնում են ազդելու 30 րոպե: Կարելի է օգտագործել մանր կտրատած թարմ տերեւների հյութը, որը քսում են դեմքին շաբաթը 2 անգամ:

ԿԱԹՆՈՒԿ. 2 ճաշի գդալ մատղաշ ծաղիկները կես լիտր ջրով 30 րոպե եփեք, եփուկը քամեք: Ստացած լոսյոնը օգտագործեք առավոտյան եւ երեկոյան դեմքը մաքրելու համար:

ՁՎԱԽՈՏ. 1 թեյի գդալ մանր կտրատած արմատների եւ տերեւների վրա լցրեք 1 բաժակ սառը ջուր, խառնուրդը թողեք մեկ ժամ, որից հետո դրեք կրակին եւ եռալուց հետո եփեք 10 րոպե: Քամեք, օգտագործեք պեպեններին եւ մուգ բծերին քսելու համար` օրը 2 անգամ, մինչեւ դրանք անհետանան:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՊԵՊԵՆՆԵՐԻ ԴԵՄ

Ցավոք, մինչեւ հիմա չկա պեպենները լիովին հեռացնելու արդյունավետ միջոց: Ճիշտ է, գոյություն ունեն սպիտակեցնող շատ միջոցներ, pepenսակայն վերջիններիս արդյունավետությունը կախված է դրանցում սնդիկի եւ բիսմուտի միացությունների պարունակություններից, եւ այլն: Իսկ այդպիսի միջոցներն արդեն դեղեր են, որ կարող է նշանակել միայն բժիշկը: Դրա հետ կապված կոսմետիկական պատրաստուկները պարունակում են առավել ցածր խտության սպիտակեցնող նյութեր, եւ այդ պատճառով քիչ արդյունավետ են: Բժիշկը կարող է կիրառել պեպենները վերացնող նաեւ այլ, առավել արմատական մեթոդներ: Սակայն առավել նպատակահարմար է ժամանակին կանխել դրանց առաջացումը: Դրա համար պետք է  փետրվար կամ մարտ ամսից սկսած, խուսափել արեւի ներգործող ճառագայթներից կամ դեմքին քսել արեւի ուղիղ ներգործող ճառագայթների վնասակար սպեկտրը կլանող ֆիլտրերով լավ լուսապաշտպան կրեմներ: Կարելի է դեմքին քսել նաեւ քողարկող պատրաստուկների ծածկույթաշերտ, որը նույնպես մաշկը պաշտպանում է արեւայրուքից: Չպետք է մոռանալ, որ արեւայրուքի կրեմներն ունեն հակազդեցություն, այսինքն` դրանք, ընդհակառակը, նպաստում են պեպենների առաջացմանը:

Տնական մի դեղատոմսով խորհուրդ է տրվում պեպենների գունազրկման համար օգտագործել կիտրոնի հյութ կամ մաղադանոսի եփուկ (մի փոքր բամբակը փաթաթել ատամի խոզանակին, թաթախել կիտրնի հյութի կամ մաղադանոսի եփուկի մեջ, քսել գունային բծերին եւ թողնել չորանա): Մեկ ուրիշ տնական դեղատոմսով` պեպեններին պետք է քսել 2-3 տոկոս սալիցիլաթթվի սպիրտային լուծույթ, կամ հետեւյալ ձեւով պատրաստված լուծույթ` քերած ծովաբողկը թրմել 8 տոկոս քացախի լուծույթում 2-3 օր,  սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա քամել:

Չպետք է մոռանալ, որ բոլոր սպիտակեցնող միջոցները մաշկը խիստ չորացնում են, այդ պատճառով դրանք չպետք է չարաշահել եւ հարկավոր է օգտագործել զգուշորեն:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում