livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

gaxtnikԿա կանանց մի տեսակ, որոնք պաշտում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է  ասենք` «Արի խոսենք մեր հարաբերությունների մասին»: Սա տղամարդու ականջին հնչում է ընդհանուր, անհասկանալի, ուստիեւ` տհաճ: Անորոշ ձեւակերպված մտքերն ու գլոբալ թեմաներն անհարմար դրության մեջ են դնում տղամարդուն: Սովորաբար մենք` կանայք, շեշտը դնում ենք բուն խոսակցության գործընթացի վրա, իսկ տղամարդիկ` խոսակցության վերջնական արդյունքի: Այս դեպքում շատ արդյունավետ զրույց կծավալեք, եթե ասեք. «Խոսենք այն մասին, թե ինչո՞ւ չես ուզում մի քանի օրով այցելեմ մայրիկիս, ինչո՞ւ չես ուզում մի քանի օրով հանգիստ վերցնել, ու գնանք որեւէ տեղ»:

Յուրաքանչյուր զրույց տղամարդու հետ պետք է ավարտել հստակ եզրահանգումներով: Այսպես կոչված, դատարկ խոսակցությունը տղամարդու համար բոլորովին անհասկանալի է եւ լարվածություն է առաջացնում: Պետք է հիշել, որ նրա համար կարեւոր է ոչ թե գործընթացը, այլ արդյունքը: Նա չի կարող բարձրաձայն մտածել ամեն ինչի մասին, ինչը հատուկ է կնոջը: Նա արտաբերում է միայն իր եզրահանգումը: Եվ եթե ցանկանում եք, որ տղամարդը հասկանա Ձեզ, այլ չմոռանա երկու րոպեից, աշխատեք, որ Ձեր ամեն նախադասությունն ավարտվի հստակ եզրահանգումով կամ առաջարկով: Մի՛ արեք արտահայտություններ, որոնք խոցում են տղամարդու արժանապատվությունը, ինչպես, օրինակ, «դու ինձ լրիվ աչքաթող ես արել, դու մենակ քո մասին ես մտածում, հաստատ ուրիշը կա քո կյանքում», եւ նման այլ արտահայտություններ:  

Յուրաքանչյուր վիրավորական խոսք, որը չափազանցնում է տղամարդու թերությունները, անթույլատրելի է: Ավելի վտանգավոր է նրան համեմատել ինչ-որ մեկի հետ. «Էլ ինչո՞վ ես տարբերվում ընկերուհուս ամուսնուց, ես էլ մտածում էի` դու ուրիշ ես»: Տղամարդիկ ավելի խոցելի են, երբ խոսքը բացասական գնահատականի մասին է: Այս դեպքում նա միանգամից կդադարի Ձեզ լսել եւ կվերածվի աննահանջ պաշտպանվողի:

Աշխատեք զսպել ձեր զգացմունքները եւ դրանք շատ չցուցադրել: Երբեմն մենք` կանայք, փորձում ենք անկեղծանալ մեր տղամարդու հետ եւ նկատում ենք, որ նա անհանգիստ ճոճվում է աթոռին` բացահայտ ցուցադրելով անհամբերություն եւ լարվածություն: Բանն այն է, որ նա սպասում է, որ իրավիճակը նկարագրեք մի երկու բառով, բայց դրա փոխարեն լսում է երկար, սրտաճմլիկ մենախոսություն «դեսից-դենից», և դա նրան ճնշում ու նյարդայնացնում է: Բացի շատախոսության տհաճությունից` կա ևս մեկ պատճառ, որ տղամարդիկ չեն սիրում լսել կանացի զգացմունքային բողոքներ: Երբեմն կինը «սիրտը դատարկում է», պատմում իր խնդիրների մասին և դրանով իսկ կարծես ցույց տալիս, որ ինքնուրույն չի կարող հաղթահարել դրանք: Կարծես բողոքի արդյունքում պատասխանատվությունը դնում ենք տղամարդու ուսերին: Լավ է, եթե նա կարողանա ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ եթե ո՞չ: Եթե այդ խնդիրները վերաբերում են Ձեր ընկերուհու հետ հարաբերություններին, հարևանների կամ ղեկավարության հետ շփումներին, և Դուք ակնկալում եք օգնություն տղամարդուց, հավանաբար,  կձախողվեք և նրան կդնեք անհարմար դրության մեջ: Աշխատեք համառոտ, շատ կարճ ներկայացնել իրավիճակն ու անպայման ավելացնել. «Ես քեզ պատմում եմ իմ խնդիրների մասին, որ լարվածությունս անցնի: Կուզեի՞ր` հիմա խոսենք այս մասին, թե քեզ ժամանակ է պետք մտածելու համար»:

Տղամարդիկ չեն սիրում օրվա մեջ 10 անգամ ասել մի բան, որն արդեն ասել են «Մի տեսակ ես, ի՞նչ է պատահել, հաստատ մի բան կա` ինձ չես ասում»:

Կարող է տխուր հնչել, ինչո՞ւ չէ, նաև զարմանալի, բայց դա վերաբերում է նաև «Ես քեզ սիրում եմ» արտահայտությանը: Եվ դրան պետք է սովորել: Դուք չեք կարող որևէ կերպ բացատրել նրան, թե ինչու է այդ խոսքերը լսելն այդքան կարևոր Ձեզ համար: Մի էլ փորձեք: Ամեն ինչ զգացմունքային տարբերությունների մեջ է թաքնված:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում