livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Ասում են` չկա վատ եղանակ, այլ կա վատ ընտրված հագուստ: Ինչ խոսք, ձմեռը ունի իր գեղեցկությունը, սակայն այս ընթացքում քանի որ առավել քչանում են շփումները տարբեր առումներով,  այն մարդկանց մոտ բերում է մեկուսացման:

 

Այս առումով կարելի է ասել, որ ձմռանը առավել շատանում են դեպրեսիաներն ու ինքնասպանությունները, ինչի համար սեքսոպաթոլոգը խորհուրդ է տալիս համբուրվել եւ մուրաբա ուտել: «Ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն պայմանավորող որոշ քիմիական նյութերի, օրինակ՝ էնդորֆինների պակասից»,- մեզ հետ զրույցում ասաց  ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ  ու հավելեց, որ մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը, որը  հիվանդություն է: «Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետեւանք է իրական կամ երեւակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձեւավորվում է թերարժեքության բարդույթ»,- պարզաբանում է սեքսոպաթոլոգը:

Ըստ Վ. Շահրամանյանի` դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նեւրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա եւ ծերունական փսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն եւ այլն: Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթեւ ընթացք ունենալ:

«Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության եւ շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում եւ շուտ հոգնում, նվազում է սեռական ցանկությունը եւ սիրո զգացումը: Տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից  (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից: Քունը խանգարվում է, մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: Թախիծը, տխրությունը, «հոգեկան ցավը», անելանելիության ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն»,- նշում է բժիշկը:

Շահրամանյանը հայտնեց նաեւ, որ «դեպրեսիայով հիվանդ մարդիկ նշում են, որ անտարբեր են դարձել իրենց եւ հարազատների, ինչպես նաեւ այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք ու բավականություն էր պատճառում: Սեռական կյանքը աստիճանաբար դարձել է անհետաքրքիր եւ միապաղաղ: Բնորոշ է արգելակված վիճակը, որի ժամանակ հիվանդները երբեմն կարող են ժամերով նստել կամ պառկել նույն տեղում, նույն դիրքով: Ընկճվածության ժամանակ հիվանդների դեմքը թախիծ եւ վիշտ է արտահայտում»:

Բժշկի ձեւակերպմամբ` հիվանդները հարցերին պատասխանում են ցածրաձայն, դանդաղ, ուշացումով, համառոտ եւ նշում, որ «մտածողությունը դժվարացած է», «մտքերը դանդաղ են գալիս» եւ այլն, դառնում են հոռետես, կասկածամիտ: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերություններով լի մի ժամանակաշրջան: Ներկան տեսնում են ունայն, անիմաստ, ապագան՝ սեւ գույներով, անհեռանկարային եւ այլն: Նրանց համար կյանքը կորցնում է իր իմաստը եւ դառնում աննպատակ:

«Թեթեւ  ընթացքի դեպքում երեւույթները թույլ են արտահայտված, եւ ժամանակին ձեռնարկված բուժական միջոցառումները մարդուն դուրս են բերում այդ վիճակից: Տարեցների դեպրեսիան երբեմն դժվար է տարբերել տարիքային թուլամտությունից: Սակայն տարեցների մոտ գերակշռում են տագնապն ու անհանգիստ վիճակը, նրանք ունենում են «ինչ-որ վատ բանի» սպասման կամ կանխագուշակման զգացում, արտահայտում են ինքնամեղադրման եւ ինքնանվաստացման մտքեր այն մասին, թե ճիշտ չեն ապրել, ոչինչ չեն արել իրենց հարազատների համար, երեխաներին լավ չեն պահել, ճիշտ չեն դաստիարակել, ուստի եւ բարոյական իրավունք չունեն ապրելու այս հողագնդի վրա: Այս բոլորը շատերի մոտ ուղեկցվում է ինքնավնասման եւ ինքնասպանության վտանգավոր մտքերով ու գործողություններով, որոնք, ցավոք սրտի, երբեմն ողբերգական ավարտ են ունենում»,- ընդգծում է մասնագետը ու զգուշացնում, որ հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք չապավինել բժշկական կրթություն չունեցող հոգեբաններին ու ինքնահռչակ բուժակներին, հեքիմներին ու վախ չափողներին, «սրբերին» ու գուշակներին, այլ անմիջապես, թեկուզեւ առանց հիվանդի մասնակցության, դիմել հոգեթերապեւտի, հոգեբույժի կամ եթե կան սեռական խանգարումներ, գրագետ սեքսապաթոլոգի, որը կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում եւ կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես կորցնելով թանկագին ժամանակը՝ հնարավոր է, որ դառնաք անուղղելի ողբերգության ակամա մասնակիցը:

Այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է ազատվել ձմեռային դեպրեսիայից, Վ. Շահրամանյանն ասաց հետեւյալը, ինչպես նաեւ մի քանի օգտակար խորհուրդներ տվեց. «Հայտնի է, որ աշնան եւ ձմռան ամիսներին մարդիկ դեպրեսիայի հանդեպ առավել զգայուն են դառնում: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ ամիսներին արեգակի ճառագայթների սակավությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում «արտադրվող» լավ, զվարթ, մի խոսքով՝ դրական տրամադրության հորմոնների նվազման, ինչի արդյունքում մարդիկ հաճախ լինում են մռայլ, մելամաղձոտ, սակավաշարժ եւ անաշխատունակ»:

Ներկայացրեց
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

1. Ձեզ քաղցրից մի զրկեք: Ձմեռային դեպրեսիայից ազատվելու լավ միջոց է մուրաբան: Բանն այն է, որ նրա մեջ 65 % գլյուկոզա է պարունակվում եւ լիովին զուրկ է ճարպերից: Բայց օրգանիզմի քմահաճույքներին շատ էլ մի տրվեք, ձմռանը գիրանալը շատ հեշտ է:

2. Հաճախակի համբուրվեք:

3. Մի՛ թողեք, որ տխրությունը ձեզ տիրի:

4. Դեղամիջոցներ ընդունելու փոխարեն այցելեք ընկերներին հենց այնպես, առանց որեւէ առիթի:

5. Եթե շուն եք պահում, նրան զբոսանքի տարեք:

6. Բաղնիք, լողավազան կամ մերսման գնացեք:

7. Նորմալ սնվեք՝ օրական չափաբաժնում ներառելով մեղր, միս, ձուկ, ձու, ձիթապտղի յուղ:

 

Եղե՛ք առողջ եւ երջանիկ:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում