livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Այսօր մեր երկրում կրթական համակարգը դարձել է խոցելի ոլորտներից մեկը: Այս վերջին «բարեփոխումները» դեռեւս ակնհայտ ու պարզ չեն, թե ինչ արդյունքների կբերեն, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն ժամանակ է պահանջում, որպեսզի հասկանանք, թե որքանով էր տեղին կամ ժամանակին կատարել ինչ-որ փոփոխություն` հաշվի չառնելով դրա հետեւանքները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք թիվ 78 դպրոցի հմայիչ կին տնօրեն ԱԶՆԻՎ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ, որը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ արմատական փոփոխություններ է մտցրել նա այդ դպրոցում իր պաշտոնավարման 18 տարիների ընթացքում, որը բավականին դրական արդյունք է տվել շրջանավարտների կրթական որակի վրա: Ի դեպ նշենք, որ Տիկին Միրզոյանը, այս տարի «Իրավունք» թերթի կողմից արժանացել է պատվոգրի կրթական ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար:

 

- Տիկին Միրզոյան, դժվար չէ՞ արդյոք մեր օրերում լինել կին ղեկավար:

- Նախ նշեմ, որ մինչ տնօրեն լինելը, ես այս դպրոցում հինգ տարի եղել եմ փոխտնօրեն, որից հետո մինչ հիմա, արդեն 18 տարի է, ինչ տնօրեն եմ: Այս տարիներին ունեցել եմ լուրջ դժվարություններ եւ ձեռքբերումներ, քանի որ տնօրեն նշանակվեցի 1993 թվականին, իսկ ինչպես հիշում եք` այդ տարիները որքան դժվար էին ու դաժան` հատկապես դպրոցների համար: Հաղթահարելով այդ բոլոր դժվարությունները` այսօր արդեն իսկ կարողանում ենք ստեղծել բարեկեցիկ պայմաններ երեխաների հանգստի, կրթության, առողջության համար: Այսօր մենք ունենք տեխնիկայով զարգացած դասարաններ, ինչի մասին նույնիսկ չէինք կարող երազել այն ժամանակ, որը տարիների վաստակ է: Ամեն դեպքում ես երբեք չեմ հանձնվել, միշտ քայլել եմ առաջ` հանուն երեխաների ու մեր երկրի բարօրության: Ես կցանկանայի նշել նաեւ, որ լավ կրթություն մատուցելուց զատ, շատ կարեւոր է երեխայի դաստիարակության հարցը, որը սկիզբ է առնում ընտանիքից եւ գալիս դպրոց:

- Իսկ դժվար չէ՞ լինել կին ղեկավար: Դուք փաստորեն Ձեր օրվա մեծ մասը պետք է լինեք ղեկավար, իսկ ընտանիքում` կին, մայր, քույր, հարեւան եւ այլն:

- Սովորաբար մարդն իր կյանքում տարբեր դերեր է իրականացնում: Եվ կարծում եմ` չի կարող խաթարվել քո ընտանիքի մթնոլորտն այն բանի համար, որ դու այսօր կին ղեկավար ես: Դպրոցում ստանձնում եմ ղեկավար լինելու իմ բոլոր պարտավորությունները, իսկ դպրոցից դուրս կին եմ, մայր եւ անգամ տատիկ: Ինչ խոսք, չեմ կարող չասել, որ ընտանիքը մի փոքր դուրս է մնում ուշադրությունից, բայց երբ օգնողներ ես ունենում, այդ բոլորը հաղթահարվում են:

- Քանի՞ երեխա ունեք:

- Ես ունեմ մեկ տղա:

- Իսկ կարելի՞ է ասել, որ Ձեր զբաղվածությունը թույլ չի տվել ունենալ երկրորդ կամ երրորդ երեխան:

- Ոչ, մեկը մյուսի հետ որեւէ կապ  չունեն, ուղղակի ստացվել է այդպես, չնայած իմ աշխատանքը լուրջ ժամանակ եւ ուժեր է կլանում: Այս դեպքում ինչ-որ մի տեղ պետք է զիջես, իսկ դպրոցն այն տեղը չէ, որտեղ կարող ես թերանալ:

- Իսկ ինչպե՞ս էր ընդունում ընտանիքն այդ բացթողումները:

- Դե, ինչ խոսք, դժվարություններ եղել են, բայց փորձել ենք գալ համաձայնության, իսկ հիմա առավել եւս չկան նման խնդիրներ:

- Դուք քսան տարուց ավելի է` գտնվում եք դպրոցում: Ի՞նչ ակնհայտ փոփոխություններ կան սերունդների միջեւ, եւ ի՞նչ կցանկանայիք լիներ հիմա, որը կար անցյալում:

- Բնականաբար, տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: Այն տարիներին դժվար էր բացատրել, թե ինչու է անհրաժեշտ սովորել, քանի որ բոլորս ապրում էինք ծանր պայմաններում: Երեխան զգում էր, որ մի կտոր հաց վաստակելը այդ տարիներին ավելի կարեւոր էր, քան դպրոց հաճախելը: Եվ այդ առումով երեխային դժվար էր բացատրել, որ քո գործը ուսում ստանալն է, այլ ոչ թե սեղանիկի մոտ կանգնելն ու գումար վաստակելը: Իսկ հիմա առավել մեծ է ձգտումը դեպի ուսումը, գումարած դրան` կան լայն հնարավորություններ այլ ձեւերով կրթություն ստանալու, որի շնորհիվ փոխվում են երեխայի մտածողությունը, մտահորիզոնը, մեծացել են տեղեկատվություն ստանալու հնարավորությունները եւ այլն: Սակայն մի բացասական բան կա, որ հիմա փոխվել է` հասարակության վերաբերմունքը դպրոցների նկատմամբ: Այսօր կա անվստահություն դպրոցի նկատմամբ:

- Այսինքն` մտածում են, որ այսօրվա դպրոցները չեն տալիս այն, ինչ անհրաժե՞շտ է:

- Այս բարեփոխումների ընթացքում լուրջ անջրպետ առաջացավ   բուհ-դպրոց փոխհարաբերության շեմին: Եվ որքան դպրոցը փորձում է հավասարվել նրան, որ կարողանա տալ այնքան գիտելիք, որ սովորող երեխան կարողանա հաղթահարել ընդունելության քննությունների շեմը, այնքան այդ քննությունների հարցաշարերը մղվում են ավելի առաջ եւ ավելի հետ դպրոցից: Մենք այս տարիներին ունեցել ենք շրջանավարտներ, ովքեր առանց կրկնուսույցի ընդունվել են բուհ, ինչն այն բանի վառ ապացույցն է, որ այսօր դպրոցի ուսուցչական կոլեկտիվը մրցունակ է ու կարող է պատրաստել լիարժեք շրջանավարտներ` բուհ ընդունվելու համար, սակայն այս թիվը բավականին փոքր է եւ տարածվում է այն աշակերտների վրա, ովքեր սիրում են սովորել: Այս առումով շատ մեծ դերակատարում ունեն նաեւ ծնողները, որոնք առաջին դասարանից մինչեւ վերջ հետեւողական են լինում իրենց երեխաների նկատմամբ, որպեսզի դպրոցում ստացած կրթությունը տանը ամրապնդվի: Այս պարագայում չի կարելի մեղադրել միայն ուսուցիչներին, քանի որ մեկ դասարանում կարող ենք հանդիպել արագ եւ դանդաղ ընկալում ունեցող երեխաների, իսկ մեկ դասաժամը բավարար չէ ուսուցչի համար, որ նա կարողանա բոլորին հերթականությամբ բացատրել: Այստեղ մեզ պետք է օգնեն նաեւ ծնողները: Մեզ համար նաեւ շատ կարեւոր է հասարակության ջերմ վերաբերմունքը, քանի որ բոլորը կարծում են, որ եթե մի տեղ կա թերացում, դրա մեղավորը դպրոցն է: Իսկ դպրոցը առաձգական չէ, եւ գոյություն ունեն երեխայի առողջական մոտեցումներ, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի հարկավոր է տրամադրել որոշակի ժամաքանակ` կրթություն ստանալու համար: Իսկ երբ մեր պետական այրերը կամ գրողները  սկսում են խոսել այն բանի մասին, որ շատ բաներ դպրոցը չի տալիս, այստեղ արդեն ծնողների ու հասարակության մոտ առաջանում է նեգատիվ մոտեցում ու վերաբերմունք դպրոցների նկատմամբ: Մինչդեռ շատ տարիներ առաջ դպրոցին ակնածանքով էին վերաբերվում, չնայած այսօրվա թերությունները կային նաեւ այն ժամանակ, ուղղակի չէին բարձրաձայնվում:

 

«ՍՏԵՂԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԻՆԸ ՄԻ ՁԵՎՈՎ Է ԼՈՒԾՈՒՄ, ՏՂԱՄԱՐԴԸ` ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎՈՎ»

 

- Դուք տեսնո՞ւմ եք որեւէ տարբերություն կին եւ տղամարդ տնօրենների միջեւ:

- Տարբերությունը այդքան ակնհայտ չէ, սակայն կա ճաշակի, մոտեցումների, տեմպերամենտի տարբերություն: Բայց ամեն դեպքում ոլորտը ու խնդիրները նույնն են, պարզապես ստեղծված խնդիրները կինը մի ձեւով է լուծում, տղամարդը` մեկ այլ ձեւով: Ամեն դեպքում, երբ մտնում ես դպրոց, արդեն ակնհայտ երեւում է, թե ով է այս դպրոցի տնօրենը` կի՞ն, թե՞ տղամարդ:

- Ձեր դպրոցն այն եզակի դպրոցներից է, որն ունի հոգեբան: Ինչպե՞ս որոշվեց, որ դպրոցին հարկավոր է հոգեբան եւ ի՞նչ փոխվեց Ձեր դպրոցում դրանից հետո:

- Արդեն շուրջ 15 տարի է, ինչ մեր դպրոցն ունի հոգեբան, որը շատ լուրջ աշխատանք է տանում մեզ մոտ: Բոլոր երեխաներն ունեն շատ տարբեր խնդիրներ, եւ այդ առումով ես կարողացա թույլտվություն ձեռք բերել եւ հոգեբանի հրավիրել մեզ մոտ` աշխատանքի: Հոգեբանը բավականին թեթեւացնում է մեր աշխատանքը, թեեւ մեկ հոգեբանը մեկ դպրոցի համար շատ քիչ է, քանի որ մենք այս պահին ունենք 800 աշակերտ: Սակայն հարցերը բավականին շատ են, իսկ մեր հոգեբանը խիստ ծանրաբեռնված է այն առումով, որ վերջինս աշխատում է ոչ միայն աշակերտների հետ, այլ նաեւ ուսուցիչների ու ծնողների: Մենք տարիներ առաջ նույնիսկ ունեինք հոգեբանության դասաժամեր, սակայն, ցավոք, առաջացավ դպրոցին ֆինանսավորելու խնդիր, այդ իսկ պատճառով նախընտրեցինք այս ճանապարհը` սեմինարների կազմակերպման, ծնողների ու դասարանների հետ տարբեր հարցերի քննարկման տարբերակը, անհատական խորհրդատվության եւ այլն:  Ես կարծում եմ, որ այս դարում հատկապես անհնար է առանց հոգեբանի դպրոց ունենալ:

- Կարո՞ղ ենք ասել, որ հոգեբանի մտահղացումը կանացի մտածողության ճկունության արդյունք է:

- Սա պարզապես ժամանակի ոգուն ճիշտ արձագանքելու խնդիր է: Եվ ժամանակից առաջ ընկնելու սովորությունը ինձ մոտ միշտ եղել է: Օրինակ, երբ տարիներ առաջ գրեթե բոլոր դպրոցներում օտար լեզուն ֆրանսերենն էր, բոլորը փոխեցին անգլերենի, իսկ մենք այդ ժամանակ մեզ մոտ մտցրեցինք որպես երրորդ լեզու` ֆրանսերեն: Դասերից հետո երեխաները բնագիտական առարկաները ուսումնասիրում են ֆրանսերեն, հետո ստանում են սերտիֆիկատ, որից հետո հնարավորություն են ունենում իրենց կրթությունը շարունակել Ֆրանսիայում: Բավականին դժվար էր, սակայն մենք կարողացանք մատուցել երեխաներին միաժամանակ այդ լեզուների ուսումնասիրությունը, եւ նույն դժվարության մեջ հայտնվեցինք նաեւ, երբ մեզ մոտ սկսեցին ուսումնասիրել նաեւ պարսկերեն լեզուն, իսկ ինչու պարսկերեն, քանի որ նրանք մեր հարեւաններն են: Եվ ես 1993 թվականին, երբ դարձա տնօրեն, ուսումնական պլանում ավելացրեցի այս երկու լեզուները եւս:

- Անցյալ տարի Ձեր դպրոցում տարօրինակ դեպք արձանագրվեց, երբ Ձեր իսկ աշակերտներից մեկը զանգահարել էր դպրոց ու տեղեկացրել, որ դպրոցում ռումբ է տեղադրված: Ինչպե՞ս Դուք արձագանքեցիք եւ արդյոք խուճապի չմատնվեցի՞ք:

- Սկզբում, երբ իմացա, ստեղծվեց մի դժվար իրավիճակ` կողմնորոշվելու առումով, սակայն հաջորդ իսկ պահին կարեւորեցի երեխաների անվտանգությունը, որոնք շատ արագ արձագանքեցին:  Զանգահարել եմ ոստիկանություն եւ ազգային անվտանգություն:

- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ աշակերտը դիմել էր այդ քայլին:

- Պատճառն այն էր, որ նա նոր ծրագիր էր սովորել ու ցանկանում էր փորձարկել: Գոյություն ունի ծրագիր, որով կարողանում են հեռախոսի համարը փոխել եւ դարձնել արտասահմանյան համար:

- Իսկ Դուք այդ աշակերտից նման բան սպասո՞ւմ էիք:

- Բացարձակապես ոչ, քանի որ նա բավականին քչախոս էր ու երբեւէ ոչ մի բանով աչքի չէր ընկել: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը վատ միտում չի ունեցել, պարզապես ցանկանում էր փորձարկել ու տեսնել, թե ինչ կլինի:

Զրույցը`
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում