livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

alvard1Գրող, հրապարակախոս եւ քաղաքական գործիչ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ճանաչում եւ սիրում են շատերը, սակայն ոչ բոլորն են ծանոթ տիկին Ալվարդի հայ կնոջ մտորումների մասին: Մեր ջերմագին զրույցի ժամանակ առավել խորությամբ ճանաչեցինք եւ, ինչու չէ, նաեւ բացահայտեցինք հայ կնոջ իրական կերպար, որը մեզ սիրով ներկայացրեց ու փոխանցեց վառ անհատականություն եւ հայ կին Ալվարդ Պետրոսյանը:

- Ո՞րն է այսօր հայ կնոջ առաջնահերթ խնդիրը:

- Հայ կնոջ խնդիրը նույնն է, ինչ որ հայ տղամարդու խնդիրը, որ երեխաներն առողջ լինեն, սոված չլինեն: Անկեղծ ասած կուշտ բառը չեմ սիրում, որովհետեւ ըստ էության կուշտ լինելն ու սոված չլինելը տարբեր բաներ են եւ ես կուշտ մարդկանց չեմ սիրում, չնայած որ գիրուկ եմ, որն էլ ընդամենը ֆիզիոլոգիա է: Կուշտ եւ սոված աշխարհին նայելը այդքան էլ լավ բան չէ: Բացատրեմ ինչու: Իմ բնավորությամբ ես տիրուհու հոգեբանություն ունեմ, այսինքն, եթե մի բան վատ է ստացվում, ապա միանգամից մտածում եմ, թե այդ ինչն եմ վատ արել, որովհետեւ դրա հեղինակը ես եմ: Կարծում եմ, որ այս տեսակ մտածելը երկրի լավ քաղաքացու հատկանիշներից մեկն է, եւ ամեն մարդ չէ, որ ունի այս բնավորությունը: Կարող է սարերում կենդանիներ արածացնող հովիվն ունենա այդ տիրոջ բնավորություն եւ դրան հակառակ, շատ բարձր պաշտոնյա չնայի շատ հարցերին տիրոջ հայացքով, այլ նայի միայն կուշտ հայացքով: Իմ կարծիքով հայ կանանց մեջ այդ տիրուհու հատկանիշը շատ է, դրա համար էլ համբերատար են, քիչ են բողոքում, որը, ըստ իս, հրաշալի հատկություն է:

- Տիկին Ալվարդ, երկար տարիներ է, ինչ գտնվում եք քաղաքականության մեջ եւ այս ընտրություններում ձեր մասնակցությունը չկար, ինչպե՞ս եք բաժանվում Ազգային ժողովից:

- Ասեմ միանգամից, որ շատ խաղաղ եմ բաժանվում, ստրուկ չդարձա եւ չկառչեցի իշխանությունից: Հետո նշեմ, որ ես առաջին կինն էի, որ դեռեւս այն ժամանակ մեր նախընտրական ցուցակում հայտնվեցի առաջին հնգյակում: Բացի այդ, ինձ չտարան խորհրդարան որպես կին, որից իմ կանացիությունը չվիրավորվեց, այլ տարան որպես մարդ: Իմ կուսակցությունը նկատեց իմ վաստակը, որը ես նվաճեցի, չնայած, որ շատ արժանի կանայք կան: Ի դեպ նշեմ, որ միակ կին պատգամավորն էի, ով որոշ օլիգարխների նման շատ բացակայություններ ուներ եւ կիսահումորային ձեւով ասում էի, որ ես էլ մտքի օլիգարխ եմ: Մի փոքր դրամատիկ պատասխանելով հրաժեշտին` ուզում եմ ասել, որ ես կոճակ սեխմող չէի, եւ ամբիոնին մոտենալը իմ ժանրը չէր, չնայած որ ամբողջովին տիրապետում էի դահլիճին եւ ամբիոնին: Բավականին ակտիվ եմ եղել սկզբնական շրջանում, լրագրողների մի մասն ինձ սիրում էր, մյուս մասը` ինտրիգում:

Շատ լավ հիշում եմ մի դեպք, որը տեղի է ունեցել 2001 թվականին. ռադիոյի իմ ընկերներից մեկը ինձ խնդրեց, որ ես երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին մի հարց ուղղեմ եւ ասեմ, թե ի՞նչ պետք է լինի սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրության ճակատագիրը: Հարցը տալուց հետո ընդմիջմանը պարոն Մարգարյանը մոտեցավ ինձ եւ շատ անմիջական ասաց. «Ազիզ ջան, քեզ ինչ եղավ, չէ՞ որ դու այդ հարցերը կարող էիր ինձ հեռախոսով տալ»: Շատ վատ զգացի ինձ, որովհետեւ նմանատիպ օպերետային ժանրերով հարցեր տալ չեմ սիրում: Դրա համար չէի կարողանում Ազգային ժողովում նմանատիպ ժանրերով հարցեր տալ, ելույթներ ունենալ կամ կոճակ սեղմել: Չնայած կարող եմ հպարտորեն ասել, որ մի քանի բան արել եմ այս երկրի համար եւ չվախենալով` այսօր կարող եմ շատ տղամարդկանց` ոչ մեծահարուստներին, ասպարեզ հրավիրել` ասելու, թե իրենց օգտակար գործողության գործակիցը ինչպիսին է եւ անհամեստաբար կթվարկեմ, թե ինչ կարեւոր գործերի մասնակից եմ եղել ինքս մեր երկրի համար: Ես մխրճված եմ իմ երկրի մեջ եւ ամեն բան արել եմ սփյուռքի օգնությամբ, որն այդքան հեշտ չի եղել եւ ինձանից խլել է մի քանի վեպ գրելու էներգիա. չէ՞ որ խոսքը, համոզելը եւս արժեք ունեն: Ես մասնակիցն եմ Հայաստանի ամենամեծ (7450 երեխա) որբախնամ ծրագրին, որի 20 տարին կլրանա այս տարի:

Այն ժամանակ պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը, եւ ես չեմ հիշում մեկ այլ նախադեպ, երբ հասարակական կազմակերպության համար մարտական դրոշ բերեն: Զոհված ազատամարտիկների 3,500 երեխայի ոսկյա խաչեր նվիրեցին պաշտպանության նախարարության կողմից: Այդ ցնցող տեսարանը մինչ այսօր աչքիս առաջ է, երբ գեներալները մարզահամերգային համալիրում իրենց ձեռքով էին հանձնում նվերները: Սա այնքան մեծ նվիրում էր, որ այդ երեխաները երբեք չեն մոռանա իրենց ողջ կյանքի ընթացքում եւ գոնե կհասկանան, թե ինչի համար նրանց հայրերը զոհվեցին: Նրանց թվում կային նաեւ Արցախից եւ 800 հոգի աղետի գոտուց երեխաներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ երկրորդ նախագահն իր տիկնոջ հետ, վեհափառը, ինչպես նաեւ սփյուռքից հյուրեր ունեինք: Պարզապես ցավալին այն է, որ շատ պատգամավորներ նույնիսկ ընտրությունից ընտրություն չեն հիշում, որ մեր երկրում կան զոհված ազատամարտիկների երեխաներ:

Եվ գիտե՞ք, թե ինչի համար եմ ես այսօր ասում սրա մասին, քանի որ մեղքի զգացում կա մեջս, որ մի քանի տարի շարունակ աշխատավարձ էի ստանում, բայց չէի գնում Ազգային ժողով, չնայած ուզում եմ ասել, որ երբեք չեմ գնացել գործուղման իրենց հաշվին, այսինքն` որեւէ հարակից ծախս ես ինձ թույլ չեմ տվել: Բարեգործությունը խոնարհություն է, չի կարելի մի բան անել, հետո տարփողել մամուլով, հեռուստատեսությամբ, բայց ցավոք մեզ վարժեցրեցին մուրացիկի կարգավիճակին: Ես` որպես բարեգործական կազմակերպության երկար տարիների ղեկավար անձանցից մեկը, միշտ ասում էի մեր սփյուռքի հայությանը, որ դուք Հայաստանում ոչ թե մուրացկանների եք օգնում, այլ օգնում եք կարիքի մեջ գտնվող ազնվական ձեր ընտանիքին, իսկ դրանք բոլորովին տարբեր իրավիճակներ են: Նշեմ, որ ես ապրել եմ մի ընտանիքում, որտեղ մայրս յոթ երեխա է պահել մեծացրել, սնել իր կաթով եւ արյունով եւ չի կոտրվել ոչ մի վայրկյան: Այսինքն` նա գտել էր ելման կետ` աշխարհին նայելու համար, արյուն տալ, վաճառել, բայց մուրացկան չդառնալ: Ցավոք մենք այս տարիներին խախտեցինք շատ բան, սակայն կա մի փոքրամասնություն, որը չդարձավ մուրացկան` պահելով իր ազգային դիմագիծը, եւ ես մեծամտորեն ինձ դասում եմ այդ փոքրամասնության շարքերը:

- Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել հիմա, երբ արդեն պատգամավոր չեք:

alvard- Պատրաստվում եմ տպել հերթական գիրքս, որը լույս կտեսնի մայիս ամսին, այն իմ ընտրանին է` հոբելյանական հատընտիրը, որը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավանությանն է արժանացել, իսկ ինչպես գիտեք կանայք այդ հարցերում մի քիչ ժլատ են: Այս աշխատության մեջ ներկայացնում եմ 17-35 տարեկան Ալվարդ Պետրոսյանի գրած գործերը: Երբ հավաքում էի գիրքս, մի զարմանալի չարություն մտավ մեջս: Փորձեմ բացատրել, թե ինչ չարության մասին է խոսքը: Ես նախագահի երիտասարդական մրցանակաբաշխության խմբի մեջ եմ եւ շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, թե ինչ հանգիստ են հիմա գրում, ստեղծագործում: Մենք ավելի երիտասարդ տարիներին մեծ գրականություն էինք կարդում եւ ծանոթանում դաժան աշխարհին: Իսկ հիմա հայտնվել ենք մի անապատում, որտեղ ոչնչապաշտության համար մրցանակներ է տրվում, որով շատ բան է խաթարվում: Կարդում եւ հասկանում եմ, որ կենսափորձի մեծ պակաս կա եւ միակ կենսափորձը միտինգներում լսած այն խոսքերն են, որ այս երկրում ամեն ինչ վատ է, որ մոմի լույսի տակ էինք նստած, որն ինձ հիշեցնում է պարզապես իմ սոված մանկությունը, երբ մենք քուսպ էինք ուտում եւ ուրիշ ոչ մի լավ բան չկար: Այնինչ իմ հայրական ընտանիքը

Ստալինյան բռնապետության ամենամեծ զոհերից մեկն է, մորական եւ հորական կողմս բնաջնջվել են, բայց իմ հայրը շատ լավատես մարդ էր եւ մեզ այդպես էր դաստիարակում: Նույնն անում եմ ես հիմա իմ որդու եւ թոռների նկատմամբ: Չի կարելի պարզապես այդ ամենը բերել մշակույթ եւ նույնիսկ բերելուց պետք չի դա դարձնել մշակույթ. սա սեռամոլագար մի պաթոլոգիկ երեւույթ է, որը կա թե՛ կերպարվեստում, թե՛ երաժշտարվեստում, գրականության մեջ եւ այլն: Իմ այս աշխատությունում ես ձեռնոց եմ նետում այդ մարդկանց, որպեսզի նրանց չթվա, որ իրենք են համարձակը, որովհետեւ ազատությունից անարխիա մեկ քայլ է, իսկ մենք անազատ էինք, սակայն ինչ որ ուզում էինք ասել այնուամենայնիվ ասում էինք, բայց մշակույթի լեզվով:

Մենք կոմսոմոլի գրողներ չէինք, բայց զարմանալին այն է, որ կոմսոմոլը մեզ նկատում էր: Չչարաշահեմ ընթերցողի համբերությունը վերադառնամ հայ կանանց եւ ասեմ, որ հայ կինը եւ, առհասարակ, կինը, մայրը ցանկանում են, որ իրենց երեխաները ապահով ապրեն, պատերազմ չլինի: Ի դեպ չնայած նրան, որ Ալվարդ Պետրոսյանը բավականին ակտիվ հասարակական եւ քաղաքական գործիչ է, պետք է խոստովանեմ, որ այս երկրի ամենավախկոտ մարդը չեմ, բայց ահավոր վախենում եմ եւ միայն իմ անձի վրա կարող եմ հերոսական բաներ թույլ տալ, մնացած ամեն ինչի համար վախենում եմ: Պետք է խոստովանեմ, որ այն մարդկանցից չեմ, ովքեր մտածում են, որ փորձանքը իրենցից հեռու է լինում: Եթե անգամ փորձանքը հեռու է լինում, դա համարում եմ պատահական երջանկություն: Սրանք զուտ կանացի երեւույթներ են, եւ չեմ կարող մտածել, որ պետք է պարտադիր երջանիկ լինեմ, իսկ ընկերուհիս` ոչ, որը գուցե ինձնից շատ ավելի արժանիքներ ունի: Այդ երջանկության թռչունը, երբ պատահաբար նստում է, ես դրա համար դողում եմ: Վախկոտ չեն նրանք, ովքեր չգիտեն այդ բանի մասին: Իմ կարծիքով հայ կանանց մեծ մասը, ովքեր տուն են պահում, նրանք հենց ինձ նման վախկոտ են, իսկ եթե չվախենան եւ անկուշտ սպառողի նման միայն պահանջատեր լինեն, ընտանիքը կկործանվի: Անկեղծ ասաց նաեւ զայրանում եմ հայ կնոջ հենց այդ հատկության վրա, որովհետեւ եթե մի փոքր պահանջատեր լինենք, մեր տղամարդկանց ծուլությունը չընդունենք, մեր երկրում շատ բաներ այլ կերպ կլինեն:

Զարմանում եմ, որ դեռ կան տղամարդիկ, ովքեր գնում կանգնում են իրենցից մեկ սանդղակ վերեւ կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու լսում, թե ինչ է նա ասում` թող գնան, քար քաշեն, տուն պահեն, ամոթ է, որ իրենց կինն ու երեխաները սոված են: Ամենաշատը հայ տղամարդը պետք է սրա համար ամաչի, այլ ոչ թե հպարտանա, որ իր կինն ուղտի համբերություն ունի: Իսկ հայ կնոջը, ով քնքուշ է եւ սիրվելու պատրաստ, այսօր շատերը հպարտանում են, որ իրենք տղամարդու պես կին են: Եթե դուք փորձեք ֆրանսուհուն նման բան ասեք, դա կլինի մեծագույն վիրավորանք: Մի անգամ Մերուժան Տեր-Գուլանյանը ինձ ասաց` դու մեր տղամարդ ընկերն էս, իսկ ես ասացի, որ ուղղակի կողքս նորմալ տղամարդիկ չկան, այնինչ ես շատ քնքուշ կին եմ, խոսքս վերաբերվում է գրական շրջապատիս, այլ ոչ անձնական: Հայրս միշտ ասում էր` մեջիտ թագուհուն պահիր, պահպանիր, եւ ես այդպես էլ անում եմ, երբեք չար պառավի հայացքով չեմ նայել ու չեմ նայի երիտասարդներին: Շատ ընդունում եմ ֆրանսիական այն ասացվածքը, որում ասվում է, որ «գեղեցիկ են այն կանայք, ովքեր գիտեն իրենց թերությունները»: Այո, հարկավոր է նախ իմանալ, հետո ընդունել թերությունները, որպեսզի այն թաքցնենք տակտիկորեն, ճաշակով, որով մենք կհարգենք նաեւ հասարակությանը:

- Ինչպիսի՞ն է Ալվարդ Պետրոսյանը շփումներում` կոմունիկատի՞վ, թե ավելի պասիվ, նետրալ:

- Ես գտնում եմ, որ շատ ավելի լավ է մեկ ժամ շուտ գնալ, քան մեկ րոպե ավել մնալ, որպեսզի ինձ կարոտեն, սա եւս կանացի մեծ հատկանիշ է: Ես այդպես մտածում եմ նաեւ ապրելու մասին եւ ուզում եմ այնպես մեռնեմ, որ իմ զավակը, թոռները ու հարազատները ինձ կարոտեն:

- Չե՞ք կարծում, որ բավականին դաժան եք ձեր հարազատների նկատմամբ:

- Իսկ ես բարի չեմ, այնպես ինչպես շատ պատգամավորներ այս ընտրությունների ժամանակ հայտնվում էին մարդկանց բարի դեմքերով: Պարզապես ուզում եմ, որ ինձ կարոտեն ու չհոգնեն ինձանից: Կինը պետք է զգայուն լինի ամեն պարագայում, նույնիսկ պատգամավոր կինը, երբ մոտենում է ամբիոնին, եւ ինչ որ մեկը հեռվից հոգոց է հանում, եւ նա դա չի զգում, ուրեմն նա լավ կին պատգամավոր չէ, չնայած կարող է բարի մարդ լինել:

- Տիկին Ալվարդ, դուք լինելով հայկականության ջատագով, ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը այն մասին, որ այսօր կան շատ գրանտակեր կազմակերպություններ, որոնք առաջարկում են թաղել կարմիր խնձորը, ներկայացնում են «Հեշտոցի մենախոսություն» ներկայացումը: Արդյո՞ք սա է մեր իրականությունը, ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

- Իհարկե զզվանքով եմ վերաբերվում նման բաներին եւ նաեւ լացս է գալիս այդ խեղճությունից, գավառամտությունից, ինչ որ մի քերանքին դուր գալուց, որը կամ եվրոպական է, կամ ամերիկյան: Մենք արարատյան աշխարհ ենք, երկրագունդը կլոր է, եւ մենք ծայրամաս չենք, որ 70 տարի մեզ համոզել են, որ մենք փոքր ենք, այնինչ մենք այդ կլոր երկրագնդի կենտրոններից մեկն ենք թե՛ պատմականորեն, թե՛ քաղաքակրթային իմաստով: Ի՞նչ է նշանակում «Հեշտոցի մենախոսություն». նողկալի մի բան, գոզահոտություն ու մի կեղտոտ բան, որը բերվում է արվեստ եւ առավել եւս, երբ դրանց համար երբեմն էլ մրցանակներ են ստանում: Իսկ այդ գրանտ տվողները հենց այնպես չէ, որ գրանտ են տալիս, նրանք իրենց տվածի 80 տոկոսը հետ են ստանում տարբեր ճանապարհներով: Երբ գալիս են գրողների միություն, մի՞թե չի կարելի հասկանալ, թե ինչի՞ համար են մրցանակներ տալիս, մի՞թե այնտեղ հանձնաժողով չկա, ո՞վ է ընտրում այդ բաները: Իսկ երբ այդ մրցանակների տակ ստորագրում եւ հանձնում է ՀՀ նախագահը, նա պարտավոր չէ նստել եւ նայել դրանք մինչեւ վերջ, նա պարզապես վստահում է համապատասխան կառույցի պրոֆեսիոնալներին եւ կատարում իր գործը, իսկ հետո կարող են ասել` դե տեսեք նախագահն ում է մրցանակ հանձնում, այնինչ դա մենք ենք տվել:

Զրույցը`

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում