livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Arpine3Այս անգամ «Կինը քաղաքականության մեջ» խորագրի ներքո կներկայացնենք 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Չնայած այն բանին, որ մեր զրուցակիցը երիտասարդ է, սակայն նրա հետ զրուցելիս ակամայից հիշում ենք հայտնի «Կովկասի գերուհին» ֆիլմից այն խոսքերը, որտեղ գլխավոր հերոսուհուն` Նինային, ապագա փեսացուին ներկայացնելիս ասում են` մեր Նինան կոմերիտուհի է, սպորտսմենուհի եւ, իհարկե, գեղեցկուհի: Դե ինչ, չչարաշահենք ընթերցողի համբերությունը եւ ներկայացնենք երիտասարդ օրենսդրին:

- Հետաքրիր է իմանալ, թե ովքե՞ր են Արփինե Հովհաննիսյանի ծնողները:

- Մայրս երկու մասնագիտություն ունի: Ավարտել է Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը, երկար տարիներ պարել է «Կռունկ» պարային համույթում: Նաեւ իրավաբան է եւ այդ վերջին մասնագիտությամբ աշխատում է մինչ օրս: Հայրս վախճանվել է տարիներ առաջ, եւ կարող եմ ասել, որ առավելապես ինձ մայրս է մեծացրել եւ ձեւավորել: Հանուն մեր լավ կրթության ու ճիշտ դաստիարակության` նա շատ բան է զոհաբերել: Ներկայումս ապրում եմ մորս ու քրոջս հետ: Վերջինս փոքր է ինձանից ութ տարով: Այս մայիսին ավարտեց ԵՊՀ իրավագիտություն ֆակուլտետը, ընդունվեց մագիստրատուրա, եւ, քանի որ ես դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ինչ-որ ժամանակ նաեւ իմ ուսանողուհին էր:

- Հետաքրիր է իմանալ, թե ի՞նչ նախասիրություններ է ունեցել երիտասարդ պատգամավորը պատանեկան տարիներին, ինչպե՞ս է սովորել դպրոցում եւ այլն:

- Որեւէ յուրահատուկ հանգամանք չկա. եղել են սովորական պատանեկան երազանքներ, սովորել եմ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում եւ միշտ եղել եմ բացարձակ գերազանցիկ: Նույնն էր եւ համալսարանում: Գնահատականներիս հետ կապված նույնիսկ իմ ընկերները հումորով ասում էին, որ իմ ատեստատն ու դիպլոմը շատ անհետաքրքիր են, որովհետեւ չկա դրանց հետ կապված որեւէ պատմություն, որեւէ այլ գնահատական:

- Ո՞րն էր ամենասիրելի առարկան:

- Հայոց պատմությունը: Իսկ երբ 10-րդ դասարանում կողմնորոշվեցի, թե ուր պետք է ընդունվեմ, պատմության դասախոսս, որը շատ մեծ ավանդ ունի իմ ձեւավորման գործում, մղում էր ինձ դեպի պատմության ֆակուլտետ: Բայց հաղթեց իրավաբանի մասնագիտությունը, ընդ որում, դա շատ բնականորեն եղավ: Ինձ միշտ հենց այդ բնագավառում եմ պատկերացրել:

- Իսկ չե՞ք կարծում, որ Դուք ընտրել եք նույն մասնագիտությունը, քանի որ ցանկացել եք ենթագիտակցորեն գնալ Ձեր մոր հետքերով:

- Թերեւս, ինչ-որ չափով, բայց չէի ասի, որ դա մեծապես պայմանավորված էր այդ հանգամանքով:

- Առաջին հայացքից ընկալվում եք որպես փխրուն կին, Ձեր մասնագիտությունը համապատասխանո՞ւմ է Ձեր էությանը:

- Հարցն անակնկալ էր ինձ համար: Ինձ թվում է` միշտ հակառակ տպավորությունն եմ թողել: Ընդհանրապես, եթե անկեղծ, ապա ասեմ, որ ունեմ բավական խիստ բնավորություն, թեեւ իմ մասին կազմավորված որոշակի պատկերացումները նույնպես ամբողջությամբ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

- Ուսումից բացի, հաճախե՞լ եք ինչ-որ լրացուցիչ պարապմունքների:

- 6-7 տարեկանում գնում էի պարի, այն ժամանակ` «պիոներ պալատ», բայց երկու տարի անց պարզվեց, որ այդքան էլ տաղանդավոր պարուհի չեմ (ծիծաղում է-Ա.Հ.): Միշտ սիրել եմ ֆուտբոլ, երբեւէ չեմ խաղացել, բայց մինչ այսօր էլ ֆուտբոլի մեծ երկրպագու եմ:

- Ո՞րն է Ձեր նախընտրած թիմը:

- Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները, իսկ ակումբային մակարդակով` Իսպանիայի առաջնությունում` Մադրիդի «Ռեալ» եւ Անգլիայի առաջնությունում` «Մանչեստր Յունայթեդ»:

- Եթե խաղան Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականները, ապա...Arpine1

- Իսպանիա (ծիծաղում է-Ա.Հ.):

- Լա՛վ, ավարտեցիք բուհը, այնուհետ ո՞ւր տարավ Ձեզ կյանքի ճանապարհը:

- Ընդունվեցի ասպիրանտուրա եւ պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն: Այդ տարիներից սկսած էլ դասավանդում եմ նույն ֆակուլտետում (արդեն շուրջ հինգ տարի): Այս առումով կարող եմ ասել, որ իմ սերը մասնագիտության եւ ուսման հարցում հասավ իր տրամաբանական գագաթնակետին:

- Այսինքն, Դուք հիմա վայելում եք Ձեր ուսման պտուղնե՞րը:

- Կարծում եմ` վաղ է վայելելու համար: Ուսման ավարտից հետո եկել է մի ժամանակ, որ սկսել եմ դասախոսել, բայց դեռ շատ անելիքներ կան: Ունեմ մի շարք գիտական հոդվածներ եւ աշխատանքներ, բայց գիտական գործունեությունը շարունակական գործընթաց է, ու չեմ պատրաստվում կանգ առնել: Մեկնարկի առումով` համարում եմ հաջողված, ինձ այդ առումով համարում եմ երջանիկ, քանի որ չափազանց շատ եմ սիրում դասախոսական աշխատանքը եւ ուսանողների հետ շփումը:

- Ուսումը` ուսում, իսկ մինչ պատգամավոր դառնալը որտե՞ղ եք աշխատել:

- Սկսել եմ աշխատել բավական վաղ տարիքից: 19 տարեկան էի, երբ սկսեցի առաջին քայլերս պետական համակարգում: Արդարադատության նախարարությունում դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայություն բաժնում նախ որպես առաջին կարգի մասնագետ էի աշխատում: Այնուհետեւ նույն նախարարությունում առաջատար մասնագետ էի, իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում էի, իսկ հետո` Ազգային ժողովի աշխատակազմում:

- Ինչպե՞ս ստացաք պատգամավոր դառնալու առաջարկ:

- Հարցի ենթատեքստը կռահելի է: Դա մի պահի կամ ժամի իրադարձություն չէր: Մի բան կարող եմ ասել, որ այդ գաղափարը չէր ծնվել միայն այն բանի համար, որ գերազանցիկ եմ եղել կամ փորձել եմ իմ գործում գերազանցության հասնել: Թեեւ սովորելիս գերազանցիկ եմ եղել, սակայն միշտ զերծ եմ եղել գերազանցիկության բարդույթից, որով հաճախ տառապում են լավ սովորող աշակերտ-ուսանողները: Օրինակելի գերազանցիկ-կոմերիտականի կերպարն ինձ համար միշտ խորթ է եղել: Արդեն նշեցի, որ բավական հետաքրքիր ուղի եմ անցել պետական ծառայության համակարգում, եւ փորձառությունն ու ավելիին հասնելու ձգտումս ինչ-որ մի օր ինչ-որ արդյունքի բերեցին: Եվ այդ արդյունքի արտահայտումն այն էր, որ որոշվեց ներառել ինձ մեր համամասնական ցուցակում: Դա ինձ համար չափազանց բարձր գնահատանք է, եւ ես շնորհակալ եմ, որ նման գնահատականի եմ արժանացել:

- Ընկերներ ինչպե՞ս եք ընտրում

- Չեմ ընտրում: Ստացվում է: Իսկ ստացվում է շատ հազվադեպ: Մտերիմ ընկերներ շատ քիչ ունեմ: Հիմնականում տարիների բովով անցած ընկերներն են դրանք:

- Ի՞նչն եք անհանդուրժելի համարում:

- ՄԵծամտությունը, սուտը եւ, որքան էլ ստանդարտ հնչի,  դավաճանությունը: Իհարկե, դավաճանները դավաճանում են առաջին հերթին իրենք իրենց, հետո միայն` արդեն դիմացինին: Քաղաքականության մեջ չեմ ընդունում ցանկացած երեւույթի ծայրահեղացում, հատկապես` խոսքի արվեստը լկտիության վերածելը, որը, չգիտես ինչու, շատերը մեզանում համարում են խոսքի մշակույթի ամենաբարձր դրսեւորում:

- Առհասարակ շո՞ւտ եք հուզվում կամ նեղանում:

- Կախված է նրանից, թե ով է դրա պատճառը:

- Ի՞նչ հագուստներ է նախընտրում երիտասարդ պատգամավորը. ճոխ եւ թանկարժե՞ք, թե՞ հասարակ եւ ոչ այդքան թանկարժեք:

- Գործի բերումով գերազանցապես դասական ոճով եմ հագնվում, եւ իմ պահարանում հիմնականում այդ ոճի հագուստներ են: Ճոխությունների ետեւից չեմ ընկնում, կարեւորում եմ ճաշակը, ոչ թե պիտակները: Բայց էժանագին հագուստների սիրահար էլ չեմ: Ինչպես ասում են` գեղեցիկը մի այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին:

Arpine2- Լինելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչ` այսքան տարի Ձեզ նվիրել եք ուսմանը եւ աշխատանքին: Դա չի՞ խոչընդոտել անձնական կյանքին:

- Ես իմ առջեւ պայման չեմ դրել. մինչեւ որոշակի աստիճանի չհասնելը անտեսել անձնական կյանքը: Նվիրվածությունս իմ գործին գուցե բնականորեն հանգեցնում էր նրան, որ այդ հարցը ետ էր մղվում, բայց երբեւէ չի եղել մի դեպք, որ զգացմունք լինի, եւ ես միտումնավոր սառեցնեմ այն: Զգացմունքների մասին միշտ էլ դժվար է խոսել: Լուրջ զգացմունքները, թերեւս, առայժմ ինձ շրջանցել են:

- Չե՞ք կարծում, որ հայ տղամարդկանց դուր չեն գալիս ուժեղ կանայք, եւ այդ կոնտեքստում արդյոք դժվար չի՞ լինի Ձեզ համար:

- Պատասխանը միանշանակ չէ, սակայն պետք է ասեմ, որ պետք է նայել մեդալի հակառակը կողմը եւս, այսինքն` թե ինչ կա կնոջ ներսում: Վստահ եմ, որ կգտնվի այն մեկը, ով կտեսնի ու կկարդա իմ ներսը:

-  Ի՞նչ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին:

- Լավ մարդ, լավ տղամարդ: Հատուկ եւ խիստ չափանիշներ չկան տղամարդու ընտրության հարցում. պարզապես ուզում եմ, որ ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին ես կամ: Բալզակն ասում էր. «Սիրել նշանակում է ոչ թե չնկատել դիմացինի թերությունները, այլ սիրել նրան նաեւ այդ թերությունների համար»:

- Արփինե, սիրո՞ւմ եք ֆլիրտ անել:

- Եթե ասեմ, որ դա բացակայում է որեւէ կնոջ օրակարգից, շինծու կլինի: Բայց ասեմ նաեւ, որ ես դա չեմ սիրում: Մի տեսակ իմ նախընտրությունների մեջ ֆլիրտը չի մտնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում