livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

kinԿանանց հաճախակի թույլ սեռ համարելով, չեն վստահում լայնամասշտաբ գործեր, նույնիսկ շատ դեպքերում ընտանիք ղեկավարել, առավելեւս՝ համերգասրահ ու նվագախումբ, ասելով, որ կնոջ մազը երկար է, խելքը՝ կարճ: Բայց այս ամենին հակառակ վերջին տարիներին հայ կանայք սկսել են ակտիվ գործունեություն ծավալել բոլոր բնագավառներում, նույնիսկ քաղաքականության մեջ, ինչը շատ տղամարդիկ կարծում են, որ կորցնում է հայուհու իսկական համեստ կերպարը:

Բայց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, ղեկավարելով մի ամբողջ հաստատություն, չի կորցրել հայուհու համեստությունը:

- Տիկին Սիրունյան, ո՞րն է իսկական հայուհու կերպարը:

- Կարծում եմ, որ ցանկացած հայ կին առաջին հերթին ավանդապաշտ պետք է լինի: Եվ որքան էլ առաջ նայենք` մտածելով, որ նմանվենք եվրոպացուն, ինչը բնականաբար լավ է, բայց չմոռանանք մեր արմատները: Հաճախ նույնիսկ իմ ընտանիքում աշխատում եմ դա չմոռանալ, դա աշխատանքում ու մարդկանց հետ հարաբերվելու մեջ ինձ շատ է օգնում: Հայ կինը դարեր, տարիներ շարունակ միշտ եղել է տղամարդու կողքին, կողք-կողքի, ուս-ուսի տված ե՛ւ հայրենիքի, ե՛ւ ընտանիքի կառուցման գործում մեծ դերակատարություն է ունեցել: Հայ կինը ամենամեծ դաստիարակողն է ընտանիքում:

- Այսօր տարբեր բնագավառներում կանայք արդեն սկսում են գերիշխել:

- Ես դրան շատ լավ եմ վերաբերվում, կարծում եմ, որ հայ կինը ավելի իմաստուն է, չասեմ տղամարդուց ավելի իմաստուն, կինը տղամարդուց հետո է իմաստուն: Կինն իր խելքն ու շնորքը պետք է բոլոր դաշտերում՝ քաղաքական, ընտանեկան, անպայման իրագործի, բայց ոչ տղամարդու դերը երկրորդական պլան մղելով: Դա երբեք չեմ ընդունել: Նույնիսկ եթե առաջնայինն իր ասածն է, կինը դա պետք է այնքան գեղեցիկ ձեւով թողնի ստվերում, որ չերեւա: Հայ ենք, ի վերջո եւ մեր հոգեկերտվածքում կա լիդեր լինելու ցանկությունը, իսկ կինը հաստատ ցանկանում է դա, բայց ամեն դեպքում ստվերում չթողելով տղամարդուն:

- Կին լինելով` դժվար չէ՞ ղեկավարել մի հսկայական հաստատություն:

- Դժվար է, ընդհանրապես ղեկավարելը միայնակ չի լինում: Երբ կինը որեւէ ղեկավար աթոռին է նստած, կարծում եմ, որ իրեն պետք է օգնեն ե՛ւ աշխատանքի վայրում, ե՛ւ ընտանքի անդամները: Միայն դրանով կարող է քո աշխատանքը գնահատվել: Ես իմ օրինակով եւ փորձով եմ ասում: Իսկապես Հայաստանի Հանրապետությունում Արամ Խաչատրյան համերգասրահը եւ ֆիլհարմոնիկ նվագախումբը կարեւոր դեր ու նշանակություն ունեցող մի կառույց է, եւ եթե ամենօրյա իմ աշխատանքը չլինի իմ անձնակազմի հետ, ապա միայնակ ոչինչ չեմ կարող անել: Կողքից հաճախ եմ լսում, որ ինչ լավ է ձեզ մոտ, հաճելի է, երբ գալիս ենք համերգասրահ, ժպիտով եք դիմավորում: Գտնում եմ, որ կնոջ ժպիտը շատ կարեւոր է: Երբ մարդկանց նույնիսկ «չէ» բառը ժպիտով ես ասում, կարծես այլ կերպ է ընկալվում: Բայց աշխատում եմ հնարավորինս մարդկանց չնեղացնել: Մեր ֆիլհարմոնիկ նվագախմբում 110 երաժիշտներ են, յուրաքանչյուրն անհատականություն է: Ինքներդ էլ պատկերացնում եք, որ ինչքան պետք է զուսպ լինեմ, որ առաջնայինը ոչ թե իմ, այլ   արվեստագետի դերը լինի: Կարծում եմ երկար տարիների փորձը սովորեցրել է գալ մի հարթության վրա, որպեսզի չնեղացնեմ արվեստագետին, հասարակ բանվորին եւ համերգասրահի աշխատողին: Համենայնդեպս այդպես փորձում եմ լինել:

- Իսկ այդ ամենը փորձում եք խիստ լինելո՞վ, թե՞ ընկերական:

kin1- Վերջերս ինձ համար բացահայտեցի մի այսպիսի բան: Միշտ մտածել եմ, որ խիստ տնօրեն չեմ: Այսինքն՝ միշտ աշխատասենյակի դուռը բաց եմ ուզում պահել իմ աշխատակիցների առաջ, երբեք չեմ մտածել, որ եթե որեւէ մեկը՝ հավաքարարն է կամ բեմի բանվորը, իրավունք չունի իմ սենյակ մտնելու, որովհետեւ նա իր կառույցի տնօրենների միջոցով պետք է իմ հետ շփվի: Հակառակը, կարծում եմ` որքան աշխատողների հետ ընկերական լինես, այնքան շահելու ես: Չեմ ասում, որ ղեկավարին պետք է շատ սիրել, բայց հարգանքը անպայման պետք է լինի: Վերջերս մեկը համերգասրահից դուրս ինձ մոտեցավ ու ասաց. «Համերգասրահում ձեզ տեսա, բայց չմոտեցա, որովհետեւ ռիսկ չարեցի»: Մտածեցի` արդյո՞ք նման եմ մի մարդու, որին ռիսկ չանեն մոտենալ: Բայց դրա համար կարելի է ուրախանալ եւ տխրել:

- Որպես ղեկավար կին, տանն է՞լ եք սկսում ակամա ղեկավարել:

- Այ հենց սկզբից ասացի, որ չպիտի քո անձը առաջնային լինի: Բայց հաճախ երեւի այդպես ստացվում է, առավելեւս ընտանիքում, երբ տղամարդ կա, ամեն րոպե սեւեռվում է դրա վրա, որ դու տնօրեն ես: Ամենաթույլ բան էլ, երբ ինքս եմ ուզում առաջ տանել, ամուսինս ասում է. «Հանգստացի՛ր, դու արդեն տանն ես եւ որոշողը դու չես»: Բայց ցանկացած կին, եթե ընտանիքում խելացի ձեւով է վարվում, խոսքը կարողանում է առաջ տանել, իհարկե չափի մեջ: Երբեք չպետք է չափն անցնել:

- Մի քիչ Ձեր ընտանիքից, երեխաներից կխոսե՞ք:

- Երկու աղջիկ ունեմ, երեք տարեկան տղա թոռնիկ ունեմ: Հուլիսի 22-ին երկրորդ աղջկաս ամուսնացրեցի եւ ստացվում է, որ ես ու ամուսինս ենք տանը մնացել: Իմ ամբողջ օրն անցնում է այս համերգասրահում, ինչը, բնականաբար, ամուսնուս համար վատ է: Հաճախ ինձ համար էլ է վատ, առավոտյան ժամը 10-ին գալիս եմ աշխատանքի, երեկոյան 10-11-ին տուն եմ գնում: Բայց ուրախ եմ ու շնորհակալ, որ ամուսինս ըմբռնումով է մոտենում: 9 տարի առաջ մեծ ընտանիք ունեի` ամուսնուս ծնողները, եղբայրը, այսօր այդ մեծ ընտանիքից փաստորեն երկուսս ենք մնացել: Չգիտեմ, ավելի հեշտ է, թե՞ դժվար, բայց այն ժամանակ, երբ մի որեւէ խոսակցություն էր լինում, սկեսուրս միանգամից այնպես էր անում, որ չշարունակվի: Եւ այն ժամանակ շատ հոգսեր չկար ինձ վրա: Այսօր, բնականաբար, եթե ընտանիք ունես, պետք է խոհանոցային, ընտանեկան հարցեր լուծես, ինչը դժվար է, ինչ խոսք:

- Խոհանոցում փաստորեն ստիպված եք լինում, որ ամուսնուն սոված չթողնե՞ք:

- Խոհանոցում հաճույքով եմ լինում, բայց  ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ հասցնում եմ հաճախ լինել: Ավելի անկեղծանամ, դրա համար ազատ ժամանակ՝ շաբաթ կամ կիրակի օրերին, աշխատում եմ այնպիսի ճաշեր պատրաստել՝ տոլմա, բորշչ, որ կարելի է մի քանի օր դրանով յոլա գնալ: Բայց ասեմ, որ ամուսինս այդքան  խիստ ու պահանջկոտ չէ: Եվ հետո, եթե նա համաձայնություն չտար, ես դժվար թե հայտնվեի այս աշխատավայրում: Առաջին հերթին խորհրդակցել եմ իր հետ: Դե ինքն էլ է աշխատում, բնականաբար հագուստների եւ խոհանոցի հետ կապված ամեն ինչը ժամանակին իր տեղում պիտի լինի, աշխատում եմ որքան հնարավոր է հասցնել:

- Փեսաների հետ հարաբերություններն ինչպե՞ս են:

- Խիստ ընկերական: Դե երկրորդը նոր է, առաջին փեսայիս հետ էր արդեն 5 տարում բարեբախտաբար որեւէ կոնֆլիկտ չենք ունեցել եւ չեմ էլ փորձի ունենալ: Այդ զոքանչ ասածը, որը բոլոր տղամարդկանց աչքին բոբո է, այնքան էլ այդպես չէ: Երբ ինքդ քեզ վրա ես զգում, տեսնում ես, որ մի քիչ ավելի չափազանցրած է այդ ամենը, որովհետեւ ի՞նչ են ուզում փեսաները, մի բան, որ իրենց կնոջ մայրը շատ չխառնվի իրենց գործերում: Ես նույնիսկ ժամանակ չունեմ խառնվելու եւ երեւի բնավորությունս էլ այդպես չէ, որ խառնվեմ: Կամ իմ բախտը բերել է, որ այդպիսի ծայրահեղ բաներ չեն եղել, որ մեր միջամտության կարիքը զգացվի:

- Տիկին Սիրունյան, ինչպե՞ս եք կարողանում ղեկավարել մի ամբողջ աշխատակազմ:

- Մեր աշխատակազմը 260 հոգի է. պատկերացրեք` գրեթե ամեն օր դահլիճում համերգ կա եւ ամեն օր այս համերգասրահ մուտք է գործում 1200 հոգուց ոչ պակաս հանդիսատես: Բնականաբար ունենում ենք նաեւ խնդիրներ: Պատկերացրեք, որ ամենօրյա տարբեր համերգների մեջ ունենում ենք տարբեր հանդիսատես՝ ագրեսիվ հանդիսատես, որն ամեն փոքրիկ բանից կարող է բողոքել: Հաճախ ագրեսիվ հեռախոսազանգեր եմ ստանում եւ ես իմ մեղմությամբ այնպես եմ անում, որ տվյալ զանգահարողն ասում է. «Կներեք, ուզում եմ ձեզ տեսնել»: Ասում են, որ հաճախորդը միշտ ճիշտ է, սա էլ այդպիսի մի տեղ է, որտեղ ունենք հանդիսատես եւ տարբեր ընտանիքներից դուրս եկած մարդիկ: Եթե միջանցքում որեւէ մեկը բարձր ձայնով խոսում է, առաջին հերթին ուզում եմ հանգստացնել, որպեսզի բարձր ձայնը չլսվի համերգասրահում: Գիտե՞ք քանի հանդսատես ունենք, որոնք ուղղակի գալիս են այս դահլիճ, գուցե չեն էլ հասկանում դասական երաժշտություն, բայց գալիս են իրենց օրը մեռցնելու համար: Լինում է դեպքեր, որ դռան մոտ կանգնած տեսնում եմ, որ ադմինստրատորն ասում է, թե տոմս չունեք, չեք մտնի ներս, բայց ես տեսնում եմ, որ այդ մարդն առանց այս երկու ժամվա չի կարողանալու, ասում եմ ոչինչ, թող ներս մտնի: Մի խոսքով, խնդիրներ շատ են լինում, այս մեծ կառույցը, ինչ որ տեսնում եք վերեւում, երկու այդքան էլ ներքեւում է: Սկսած մաքրությունից, վերանորոգման աշխատանքներից եղած խնդիրները ուզում ենք նվազագույնի հասցնել: Երեւի մի քիչ դեր է խաղացել նաեւ այն, որ ես կին եմ, հետեւում եմ մաքրությանը, եթե ինչ-որ բան այն չէ, սկսում եմ նյարդայնանալ: Հանդիսատեսի համար կարեւոր է, որ մտնեն այս գեղեցիկ համերգասրահ եւ ամեն ինչ մաքուր լինի:

- Կին լինելով` ինչպե՞ս են հարաբերությունները գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ:

- Արվեստագետ տղամարդու հետ աշխատելն է դժվար: Այսօր միշտ այդ խնդիրն առաջանում է գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն հարաբերություններում: Ես երեւի երջանիկ  տնօրեններից մեկն եմ հանրապետությունում, որ գեղարվեստական ղեկավարը, գուցե հարգելով եւ իր դիմաց կին տեսնելով, այդ հարցերում ավելի փափուկ է վերաբերվում: Ինքս էլ միշտ չէ, որ իմ դերն առաջնային եմ համարում: Այս դեպքում էլ էլի տղամարդ կին հարաբերությունն է, ոչ թե տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, որովհետեւ մեր պոակների օրենքով ընդհանրապես գեղարվեստական ղեկավարները ենթարկվում են տնօրեններին: Ինքս որպես ղեկավարի դրանում մի փոքր աբսուրդ եմ տեսնում, որովհետեւ ֆինանսական առումով գուցե տնօրենը պետք է տիրապետի այդ դաշտին, բայց այնպես չէ, որ ստեղծագործական մասով ես կարող եմ իշխել կամ թելադրել մաեստրոյին, որ որեւէ բան այլ կերպ անի: Դժվարություններ շատ կան, որովհետեւ ֆիլհարմոնիկ նվագախումբը տարին ունենում է 44 համերգ եւ այդ համերգների մեջ յուրաքանչյուր շաբաթ գրեթե հրավիրյալ դիրիժոր կամ մենակատար ունենք, ինչը ծախսատար մի հաճույք է: Պատկերացնո՞ւմ եք, մաեստրոն, ստեղծագործող մարդ լինելով, ուզում է, որ իր խումբը նվագի անվանի մարդու հետ, բայց դրա համար ծախսեր են պետք: Այ հենց բախումները ավելի շատ այստեղ է լինում: Մարդկային բախումներ չենք ունենում, իսկ աշխատանքային բախումներում վերջում նա հաղթում է ինձ:kin2 Ինչքան էլ որ ասենք` այս ֆինանսը չկա, չենք կարող բերել, մի բան ենք հասկանում, որ այդ երաժիշտների չգալով էլ ավելիպակասում են նաեւ մեր հանդիսատեսի ճաշակը, չէ որ  հանդիսատեսն էլ գալիս է համերգասրահ` լավ երաժշտություն լսելու, լավ մենակատարի հետ շփվելու: Դրա համար մեկ-մեկ զիջում եմ դիրքերս: Ես ուրախ եմ, որ մաեստրոն վստահում է ինձ: Արվեստագետներն ընդհանրապես իրենց արվեստի նվիրյալներն են, որոնցից մեկն էլ մաեստրո Թոփչյանն է: Ես միշտ ասում եմ` մաեստրո, կան բաներ, բնավորության գծեր, որոնց պատճառով իմ դիրքերս զիջում եմ ու պատրաստ եմ ձեզ հետ աշխատելու: Դրանցից մեկը նա է, որ նա շատ տաղանդավոր է, բարի ու խղճով, իսկ դրանք շատ մարդկային ու լավ կարեւոր բնավորության գծեր են:

-Մշակույթի նախարարի հետ աշխատանքն ինչպե՞ս է ստացվում, քանի որ երկուսդ էլ կին եք:

- Ասեմ, որ Հասմիկ Պողոսյանի հետ դեռ մեր աշխատանքային շփումը շատ վաղուց է եղել, երկուսս էլ մշակույթի ասպարեզում ենք աշխատել երկար տարիներ: Մտերիմներ ենք եղել, բնականաբար հիմա ես Հասմիկ Պողոսյանին նայում եմ որպես ինձ նախարարի եւ վերադասի: Ասեմ, որ երբեք էլ չենք եղել նախարար-տնօրեն հարբերությունների մեջ: Կոնկրետ իմ պարագայում ես միշտ աշխատում եմ, որ այդ սուբարդինացիան պահած լինեմ, բայց երբեք այդպես չի եղել, որ նախարարն ինձ միշտ նայել է որպես տնօրենի, ընկերական հարաբերությունների մեջ ենք: Արդեն 7-րդ տարին է, որ Հ. Պողոսյանը նախարար է եւ կոնկրետ լուրջ ինչ-որ խնդիր չի առաջացել: Ի վերջո, երբ առաջացել է, բնականաբար ես պետք է լինեմ ներողի դերում: Բայց չեմ հիշում այդպիսի դեպք:

- Ի՞նչ խորհուրդ կտաք այլ հաստատություններ ղեկավարող կանանց:

- Գտնում եմ, որ ղեկավար կանայք պետք է լինեն կանացի եւ համեստ, դա փրկություն է: Իսկ եթե արդեն քո մեջ կա ղեկավարելու ջիղը, դրանք միայն օգնում են քեզ, չեն վնասում:

Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում