livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

karine«Կինը քաղաքականության մեջ» խորագրի ներքո ընթերցողի ուշադրությանն ենք  ներկայացնում մայր, կին, դպրոցի տնօրեն, իսկ այժմ արդեն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, Գիտության, Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ հարցերի հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: Մինչ զրույցը, ընթերցողին ենք ներկայացնում տիկին Պողոսյանի կենսագրությունը, որի մասին մեր զրույցում առավել մանրամասն պատմում է համակրելի, մանկավարժության մեջ բավականին հղկված եւ ձեռքբերումներ ունեցող պատգամավորը:

Կարինե Պողոսյանը ծնվել է 1973թ. մայիսի 27-ին, Մխչյան գյուղում (Արարատի մարզ): 1995թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ: 1994-2004թթ. Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի, 2004-2009թթ.` փոխտնօրեն:  2009-2012թթ. եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն: 2003թ. ՀՀԿ անդամ է, ՀՀԿ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահ: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 17 ընտրատարածքից: Պարգեւատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

- Ի՞նչ ընտանիքում է ծնվել Տիկին Պողոսյանը:

- Ես ծնվել եմ ծառայողի ընտանիքում, մայրս տնային տնտեսուհի է եղել, եւ զբաղվել մեր դաստիարակությամբ, իսկ հայրս աշխատելով տարբեր բնագավառներում, ցավոք մահացավ 58 տարեկան հասակում: Ընտանիքում եղել ենք երեք երեխա, երկու քույր եւ մեկ եղբայր: Սովորել եմ Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում` բացարձակ գերազանց գնահատականներով: Շատ ակտիվ եմ եղել առարկայական օլիմպիադաներին, ունեմ բազում գովասանագրեր, պարգեւներ: Շատ էի սիրում ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաները, որը հետագայում դարձավ ինձ համար ճակատագրական, այսինքն` մասնագիտությամբ ֆիզիկ եմ: Մասնագիտական սերն ինձ մոտ ծնվել է դեռեւս չորրորդ դասարանից` սիրելով իմ ուսուցչուհիներին ավելին, հիշում եմ, որ դպրոցական տարիներին, մեր բակում հավաքում էի երեխաներին, մատյան կազմում եւ իմ պատկերացմամբ դպրոց հիմնում: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը եւ պետք է ասեմ, որ այդ տարիներին եւս ցուցաբերել եմ բարձր ակտիվություն, սովորել եմ շատ լավ, եւ քանի որ արդեն ամուսնացած էի, հինգերորդ կուրսում, իսկ այն տարիներին կար անհատական մոտեցում ուսանողի նկատմամբ, սկսեցի աշխատել Արտաշատի թիվ 6-րդ դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցչուհի եւ միայն վերջում էի մասնակցում քննություններին: Տասը տարի աշխատելով այդ դպրոցում` հետո նշանակվեցի փոխտնօրեն՝ դաստիարակչական գծով: Այնուհետ չորս տարի ուսումնական գծով փոխտնօրեն, եւ արդեն 18 տարի մանկավարժական փորձ ունենալուց հետո նույն դպրոցում խորհրդի կողմից ընտրվեցի որպես տնօրեն:

- Ըստ էության, Դուք անցել եք մանկավարժության, կրթության  հիմնական փուլերը, սովորել եվ ավարտել եք այն տարիներին, երբ մեր երկիրը անցում էր կատարում խորհրդային տարիներից դեպքի ազատ անկախ Հայաստանի: Ի՞նչն եք կարեւորում մանկավարժության մեջ, եւ արդյո՞ք տարբերությունը ժամանակային առումով շատ մեծ է:

- Այո, շատ լավ հիշում եմ, թե որքան դժվար ժամանակներ մենք անցանք 90-ական թվականներին, եւ ինչպես մեր ազգը, այնպես էլ ես, հաղթահարեցինք անցումային փուլը: Մանկավարժության մեջ կարեւորում եմ նրա դերը մեր հասարակության զարգացման եւ պետության կայացման գործընթացում: Մինչ բուն աշխատանքին անցնելը, այդքան էլ չէի պատկերացնում, թե որքան կարեւոր է մանկավարժի դերը առողջ հասարակություն ունենալու գործում եւ մինչ աժմ էլ, այսուհետ եւս ուսուցչի դերը կմնա շատ կարեւոր:

  - Չեք կարծո՞ւմ, որ հիմա թե՛ կրթության նկատմամբ վերաբերմունքը, եւ թե՛ ուսուցչի կերպարը փոխվել է, հազվադեպ կարելի է նկատել, որ ինչ-որ մեկի ձեռքում գիրք կա:

- Այո, մի փոքր կա այդ անջրպեդը, իսկ կրթության նկատմամբ, ինչ խոսք, նկատվում է անտարբերություն ներկա սերունդի մոտ, քանի որ արդի ժամանակաշրջանում համակարգիչն ու տեխնիկան ավելի են ձգում երեխաներին, քան բուն կրթությունը: Սակայն չեմ կարծում, որ վիճակը անհուսալի է` հաշվի առնելով իմ ղեկավարած դպրոցի շատ սաների բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հանգամանքը, եւ այսօր 70-ից 48 հոգին ստանում են համապատասխան կրթություն: Ինչ վերաբերվում է գիրք կարդալուն, ապա կարծում եմ, որ դա պետք է համատեղել համակարգչից օգտվելու հետ: Տվյալ պարագայում ես ավելի կարեւորում եմ շատ կարդալը, իսկ թե դա ինչ ձեւով կարվի, արդեն ընտրության հարց է: Հայտնի է, որ այսօր ամեն բան արվում է, որպեսզի դպրոցները համալրվեն համակարգիչներով:

- Կտրուկ անցում կատարենք մանկավարժության թեմայից եւ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ տան տիկին է պատգամավոր Կարինե Պողոսյանը, արդյոք այս տարիների ղեկավար դիրքը Դուք ցուցաբերում եք նաեւ տանը, ընտանիքում:

- Չէի ասի, որ ընտանիքում այդպիսին եմ, եւ ինչպես ցանկացած հայ կին, մայր զիջողի դերում եմ: Ունեմ շատ լավ ամուսին, ով նաեւ շատ լավ հայր է իմ երկու երեխաների համար, ցանկացած պարագայում նա ինձ աջակից է ու օգնող ուժ: Երեխաների դաստիարակությամբ զբաղվում եմ ես, աղջիկս արդեն ուսանողուհի է, ապագա տնտեսագետ, իսկ տղաս դեռ դպրոցական է եւ սովորում է 12-րդ դասարանում: Կարծում եմ, որ ունեմ հայեցի ոգով դաստիարակված երեխաներ, ընտանիք:

- Այսինքն` Դուք կհամաձայնե՞ք իմ այն մտքին, որ ձեր այսօրվա հաջողությունների գրավականը ճիշտ կամ լավ կողակից ունենալն է, թե՞ սա ձեր մեծ ձգտումն ու նվիրումն էր, որ Դուք այսօր օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք:

karine1- Պետք է նշեմ, որ ամեն բան իր դերն ու նշանակությունն ունեցավ, որ ես կարողացա հասնել շատ կարեւոր եւ պատասխանատու մի պաշտոնի: Անշուշտ թե՛ ընտանիքս, թե՛ միջավայրը, շրջապատը, նպաստեցին, որ ես հասա, բայց պետք է ասեմ, որ բացի տնօրենից ու մանկավարժությունից ունեցել եմ երկար տարիներ հասարական-քաղաքական գործունեություն Արտաշատ քաղաքում: Եղել եմ մեր տարածքայինի Հանրապետական կուսակցության փոխնախագահ մոտ յոթ տարի: Իմ այդ ակտիվ գործունեությունն ու մանկավարժ-քաղաքականությունը էլ ավելի օգնեցին ինձ վերագտնելու եւ հասկանալու, որ պետք է առաջ գնալ եւ անել ավելին իմ բնագավառում: 

- Ստացվում է, որ Դուք արդեն պատրաստված եք եկել մեծ քաղաքականություն, իսկ այսօր արդեն` օրենքներ մշակելու:

- Անկեղծ ասած, ձգտում միշտ ունեցել եմ, բայց որ ՀՀԿ-ն եւ մեր մարզպետ պարոն Բարսեղյանը կառաջարկեին իմ թեկնածությունը` լինելով կին, քանի որ կար կնոջ դերի բարձրացման հարց, գենդերայի հավասարության խնդիրը, ինձ համար մի քիչ անակնկալ էր, որովհետեւ դեռ մտածում էի մի փոքր էլ աշխատել կրթության ոլորտում, քանի որ անելիքները իսկապես շատ են:

- Ինչ խոսք, ճակատագրից չես փախչի, եւ այսօր Դուք արդեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք եւ շատերին կհետաքրքրի, թե ինչպե՞ս արձագանքեց Ձեր ամուսինը լուրջ քաղաքականություն մտնելու առաջարկին:

- Նա պարզապես այդ հարցին ըմբռնումով մոտեցավ եւ տվեց իր համաձայնությունը, բացի այդ մեր ընտանիքում կատարյալ դեմոկրատիա չէ, որպեսզի ես պնդեի իմ կարծիքը ու առաջ գնայի, եւ հաստատ, եթե մի փոքր անգամ նա դեմ լիներ ես գուցե կհրաժարվեի: Բայց փաստը մնում է փաստ, որ մեր բոլոր քարոզարշավներին նա եղել է իմ կողքին եւ մենք ունեցել ենք շուրջ 60 հանդիպումներ ազգաբնակչության հետ տարբեր համայնքներում:

  - Տիկին Պողոսյան, ի՞նչ անեն այն կանայք, որոնց ամուսինները դիկտատոր են, բայց նրանք եւս ձգտում ունեն շատ բան փոխելու մեր երկրում: Կարո՞ղ եք փոխանցել Ձեր այն փոքրիկ խորամանկ քայլը, որը պետք է անի կինը:

- Առաջին հերթին դա կախված է կնոջ վարքագծից, պահելաձեւից: Ինձ ամենասկզբում թվում էր, որ մեր ընտանիքում եւս կլիներ անհամաձայնություն, որպեսզի ես դառնամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որոհվետեւ մենք դեռ երիտասարդ ընտանիք ենք, բայց հաշվի առնելով այն, որ կինը ընտանիքում ունի իր ուրույն դերը, համարվում է խորհուրդ տվող, ինչու չէ նաեւ ամուսնու հետ բանակցային էակ, համոզված եմ, որ ցանկացած կին եթե ձգտի, ապա կկարողանա հաղթահարել բոլոր պատնեշները ու կհասնի հաջողության եւ համաձայնության: Իսկ քաղաքականությունն այն ոլորտն է, որ եթե ընտրում ես, ապա պետք է նվիրվես արյունով, այրումով, այլ ոչ թե փոխվել կուսակցությունից կուսակցություն եւ միայն դրանով հասնել բարձունքի:

  - Ինչո՞ւ ընտրեցիք հենց Հանրապետական կուսակցությունը:

- Ես ՀՀԿ-ից եմ արդեն տասը տարուց ավել, եւ եթե կառավարման համակարգն ու ծրագրերը ինձ հոգեհարազատ չլինեին կամ չձգեին, ապա ոչ մեկ չի ստիպել, որ մտնեմ այդ կուսակցություն: Դա եղել է իմ ինքնակամ որոշումը, եւ Հանրապետականի տոմսը ստացել եմ անձամբ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանից, որն ինձ համար մեծ առավելություն ու ոգեշնչանք էր: 

- Մի քիչ խոսենք այն մասին, թե ինչպե՞ս է կին պատգամավորը հասցնում անել ամեն բան թե՛ ընտանիքում եւ թե՛ աշխատավայրում:

- Ես ապրում եմ ամուսնուս եւ երկու երեխաներիս հետ. օգնող, որպես այդպիսին, չունեմ, բայց հասցնում եմ ամեն բան անել թե՛ տանը, թե՛ դրսում եւ թե՛ աշխատանքի ընթացքում (ժպտում է):

- Ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել, փոփոխել կրթական համակարգում:

- Աշխատելով այսքան ժամանակ կրթական համակարգում` շատ լավ գիտակցում եմ, թե կրթության առջեւ ինչ հիմնախնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան: Մտահոգություն ունեն մանկավարժները սկսած դասաժամերից, առարկայական ծրագրերից դասարանի խտությունից, եւ ես կփորձեմ մեր ոլորտի խնդիրների մասին առաջիկայում բարձրացնել եւ ստանալ դրանց լուծումներ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում 12-ամյա կրթությանը:

- Ինչ խոսք, այդ փոփոխությունը առաջ բերեց մի քիչ դժվարություններ, հատկապես մարզերում, որովհետեւ սկսվեցին աշակերտների թիվը նվազել կտրուկ, առաջացավ ուսուցիչների ժամաքանակների պրոբլեմ: Բայց ամեն դեպքում համոզվեցինք, որ հարակից ավագ դպրոցի սաները ամենուր հաղթանակներ ունեն, տարեկան օլիմպիադաներում հիմնականում հաղթողները նրանք էին եւ փաստ դարձավ, որ իրենց ձեւավորումը նպատակային էր: Իսկ հիմա արդեն վեց տարեկանից ընդունվելով դպրոց, հատկապես տղաները` մեկ տարի ժամանակ կունենան բուհ ընդունվել եւ միայն հետո մեկնել ծառայության: Չեմ կարող ասել, որ միանշանակ ողջունում եմ 12-ամյա ուսումը, բայց համոզված եմ, որ կծառայի նպատակին:

- Դուք արդեն մի քանի ամիս է, ինչ պատգամավոր եք, ի՞նչ բնույթի նամակներ, բողոքներ ու առաջարկներ եք ստանում մեր քաղաքացիների կողմից:

karine2- Այո, ստանում եմ բազում նամակներ, եւ որտեղ աշխատանք, այնտեղ թերություններ ու պրոբլեմներ կան յուրաքանչյուր ոլորտում: Ծնողները, կապված 12 ամյա կրթության հետ, դժգոհում են այն առումով, որ իրենց երեխաները, տեղափոխվելով այլ միջավայր, ինքնադրսեւորման հարցեր են առաջանում, եւ նույնիսկ մեր մարզում եղան դեպքեր, որ ծնողները իրենց երեխաներին տարան տարբեր քոլեջներ: Կրթության համակարգի մեկ այլ խնդիր է նաեւ սոց փաթեթեներից օգտվելը, եւ կես դրույքից պակաս ժամեր ունեցող կամ այլ հաստիքներ ունեցող մանկավարժները չեն օգտվում դրանից, եւ այդ հարցը մենք բարձրացրել ենք, եւ կարծում եմ, որ դրական պատասխան կստանանք: Կան խնդիրներ նաեւ դասարանների խտութան հետ, եւ այժմյան սերունդը մի փոքր այլ զարգացվածություն ունի, որից ելնելով շատ ակտիվ ու աշխույժ դասարանում 35 հոգու զսպել, սաստել եւ ունենալ որակ, իսկապես դժվար է: Հարցեր ենք բարձրացրել նաեւ կրթական ծրագրերի հետ կապված, իսկ հիմա, ինչպես գիտեք, ասպիրանտներն են գրում դպրոցի դասագրքերը, որը մեր կարծիքով այդքան էլ հասանելի չէ աշակերտներին: Կան բարդություններ նաեւ դասերի ծավալային առումով, որը վանում է աշակերտին, քան ներգրավվում կրթական համակարգ:

- Ձեր կենսագրականում նշված է, որ Դուք արժանացել եքպարգեւների. ո՞ւմ կողմից են տրված եւ ինչի՞ համար:

- Մանկավարժի օրվա հետ կապված ՀՀ նախագահի, ինչպես նաեւ ՀՀԿ խորհրդի նախագահի կողմից ստացել եմ պատվոգիր, իսկ երեք տարի առաջ արժանացել եմ մարզպետի պատվոգրին` որպես լավագույն տնօրեն: Ստացել եմ նաեւ քաղաքապետի, արհմիության կողմից պատվոգրեր, որը ինձ էլ ավելի էր ոգեւորում ավելի լավ աշխատելու եւ նոր ձեռքբերումներ ունենալու հարցում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում