livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Եթե առողջ է կինը, ապա` առողջ է ընտանիքն ու հասարակությունը. ահա այս կարգախոսով է ապրում, աշխատում, եւ առաջնորդվում Հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, որի հետ «Կինը` իշխանության մեջ» խորագրի շրջանակներում այս անգամ «Զարուհի»-ն զրուցեց ոչ միայն Հայ-ամերիկյան կենտրոնի ձեռքբերումների ու դժվարությունների մասին, այլ նաեւ հասցրեցինք պարզել, թե ինչպիսին է մեր զրուցակիցը աշխատանքից դուրս` ընտանիքում ու ծանոթ-բարեկամների շրջապատում, ուր նրան բոլորը սիրում են եւ հարգում, նշելով, որ նախ` լավ մարդ է, հետո նոր` պրոֆեսիոնալ իր գործի մեջ…

 

- Տիկին Հակոբյան, առաջինը գործից խոսենք. ինչպե՞ս ծնվեց Հայ-ամերիկյան կենտրոն ստեղծելու գաղափարը, եւ արդյոք կենտրոնը կարողացա՞վ իրագործել իր առջեւ դրված խնդիրները:

- Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հիմնադրվեց 1997 թվականին` հայտնի ամերիկահայ բարերար Ռիտա Պալյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով եւ ակտիվ մասնակցությամբ: Կենտրոնի ստեղծումը շատ պատահական, բայց երեւի Աստծուց տված մի բան էր մեր ժողովրդի` մեր հայ կանանց եւ բոլորիս համար, որովհետեւ այս կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել էր ընդամենը մի բառից, երբ տիկին Ռիտան Հրանուշ Հակոբյանին պատմել էր, որ իր քույրը մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կարողացել է կանխարգելել կրծքի քաղցկեղը: Հրանուշը հետաքրքրվել էր, թե ի՞նչ է մամոգրաֆիան, հետո հասկացել էր, թե ինչքան կարեւոր է պրոբլեմը եւ ինչքան հեշտ է լուծել այն: Երկու շատ ակտիվ եւ առաջադեմ կանանց մոտ անմիջապես միտք էր ծնվել` Հայաստանում եւս ստեղծել մամոգրաֆիկ կենտրոն, եւ տիկին Ռիտան ԱՄՆ-ում սկսել է մի շարժում` «Կհագնեմ մեկ կոստյում քիչ` ի նպաստ հայ կնոջ» վերնագրով, իսկ Հրանուշն էլ Հայաստանում փորձել էր մեր պետական այրերին բացատրել, թե ինչ կարեւոր հետազոտության տեսակ է սա, որը բացակայում է Հայաստանում: Եվ փառք ու պատիվ վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանին, որ նա կարողացել էր ընկալել այս հանգամանքի կարեւորությունը եւ ընդառաջ էր գնացել Հրանուշի առաջարկին` հավանաբար հարգելով նրա կենսագրությունն ու անցած ճանապարհը: Բարձր գնահատելով ծրագրի կարեւորությունը, ինչպես նաեւ Կենտրոնի ավանդը Հայաստանի առողջապահության բնագավառում` ՀՀ կառավարությունը կենտրոնին հատկացրել է շինություն, որն էլ իր գործունեության ընթացքում, քարը քարի վրա դնելով, կարողացել է ընդլայնվել եւ գործել եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Միանգամից ասեմ, որ Կենտրոնի հիմնական առաքելությունը պայքարն է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` միջինը ամեն տասնութերորդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով: Հայաստանում այս հիվանդությունը տարիներ շարունակ զբաղեցրել է կայուն առաջին տեղը կանանց օնկոլոգիական հիվանդությունների մեջ: Կրծքագեղձի քաղցկեղից մահացության նվազման նախապայմաններից մեկը սկրինինգն է, որի միջոցով հնարավոր է դառնում հայտնաբերել չարորակ գոյացությունը իր զարգացման վաղ շրջանում: Ամբողջ աշխարհում այս հիվանդության ամենաարդյունավետ ու լավագույն ախտորոշման մեթոդը մամոգրաֆիան է: Կենտրոնի բարձր որակավորում ունեցող բժիշկ-ռադիոլոգները բազմիցս վերապատրաստվել են ԱՄՆ-ում, հաճախ մասնակցել են տարբեր միջազգային գիտաժողովների եւ կոնֆերանսների: Իսկ սկրինինգի որակի մոնիտորինգը Կենտրոնի գործունեության կարեւորագույն բաղադրիչն է: Սակայն հաշվի առնելով Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի պրոբլեմի կարեւորությունը, որը զբաղեցնում է երկրորդ տեղը` հաջորդելով կրծքագեղձի քաղցկեղին, 2001 թվականից կենտրոնում ստեղծվեց նաեւ գինեկոլոգիական բաժանմունք: Այստեղ իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում (պապ-թեստ` արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգի համար, փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, բիոպսիա), բուժում, ինչպես նաեւ գինեկոլոգիական հիվանդությունների բուժում եւ այլն: Այնպես որ` հիմա մենք կատարում ենք կնոջ կոմպլեքս ուսումնասիրություն եւ աշխատում ենք վերացնել նրան անհանգստացնող բոլոր տեսակի պրոբլեմները, եթե, իհարկե, հարցը չի վերաբերում քաղցկեղին: Քաղցկեղի դեպքում մի փոքր այլ մոտեցում կա. մենք աշխատում ենք, որ հիվանդը հետազոտությունը ավարտի շատ ավելի խորը մասնագետի մոտ, քանի որ տվյալ դեպքում բոլորովին այլ բուժում է պահանջվում:

- Շատ ավելի կոնկրետ` Ձեր կենտրոնում արգանդի պարանոցի քաղցկեղի ամբողջական բուժումը հնարավո՞ր է կազմակերպել:

- Այո, մենք կարողանում ենք կանխարգելել քաղցկեղը, այսինքն` եթե կնոջ արգանդի պարանոցի վրա գտնվում են կատիպիկ բջիջներ, ունենք հատուկ ապարատ, որով մաքրում ենք այդ շերտը, որի վրա ախտահարված բջիջներ կան, որից հետո կինը երկշաբաթյա անհանգստություն է ունենում, իսկ դրանից հետո ապրում է իր նորմալ կյանքով: Կան կանայք, որոնք չեն էլ իմանում, թե իրենց ինչ դժբախտություն է սպասվում, եւ որ փոքր ու աննշան միջամտության արդյունքում իրենք կարող են երկար ապրել:

- Տիկին Հակոբյան, իսկ ինչպե՞ս կարելի է կանխել կրծքագեղձի քաղցկեղը, եւ դրա համար ի՞նչ դեղատոմս եք առաջարկում:

- Նախ եւ առաջ ցանկացած կին, որը չունի ոչ մի խնդիր, որեւէ բողոք կամ ախտանիշ, պարտավոր է տարին մեկ անգամ անցնել կրծքագեղձի հետազոտություն: Այդ է պատճառը, որ մենք խնդրում եւ հորդորում ենք մեր կանանց մտածել առողջության մասին եւ այցելել բժշկի: Եթե կինը ամեն տարի ֆիքսված ամսով գա հետազոտման, ապա ի վիճակի կլինի կանխարգելել քաղցկեղը, եթե այն սկսվում է: Կրծքի քաղցկեղը նենգ հիվանդություն է, բայց միեւնույն ժամանակ` ինչ-որ տեղ խնայող, որովհետեւ այն շատ դանդաղ է զարգանում, եւ մեկ տարվա ընթացքում այն չի կարող այնքան մեծանալ, որ կնոջ կյանքին վտանգ սպառնա: Մենք կարողանում ենք կնոջ կրծքի մեջ քաղցկեղ հայտնաբերել նույնիսկ բրնձահատիկի մեծության ժամանակ: Իսկ երրորդ մեծ ծրագիրը, որ սկսեցինք մեր կենտրոնում` դենսիտոմետրիկ հետազոտությունն էր. 2006 թվականից մեր կենտրոնում տեղադրեցինք դենսիտոմետր սարքը, որն արդեն հետկլիմակտերիկ տարիքի կանանց համար նախատեսված հետազոտություն է, որն օգնում է ժամանակին հայտնաբերել ոսկորի նոսրության խտացումը:

- Տիկին Հակոբյան, Ձեր խոսքում ասացիք, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ստեղծվել է լայն շերտերի համար եւ ամեն ինչ անում է, որպեսզի հայ կինը առողջ լինի, որպեսզի առողջ լինի նաեւ նրա ընտանիքը: Այս ամենը շատ լավ է ասված, բայց այսօրվա պայմաններում արդյոք բոլոր կանանց համա՞ր է Ձեր կենտրոնը հասանելի` ֆինանսական հնարավորությունների տեսանկյունից, թեեւ տեղյակ եմ, որ Ձեր կենտրոնը ընդհանրապես կանանց շատ է ընդառաջում:

- Շնորհակալ եմ ասվածի համար, բայց նաեւ նշեմ, որ շնորհիվ մեր կենտրոնի հիմնադիրների ունենք մի քանի խմբեր, որոնք անվճար հետազոտության իրավունք ունեն մեր կենտրոնում, եւ օրական նվազագույնը տասը կին սպասարկվում է անվճար: Մենք պետական օժանդակություն չունենք, եւ այն, ինչ կատարվում է կենտրոնում, կատարվում է հիմնադիրների ջանքերի շնորհիվ: Հաշմանդամության կարգ ունեցողները, զոհված ազատամարտիկների կանայք, բազմազավակ մայրերը, անչափահաս երեխաները, պատերազմի մասնակիցները այստեղ հետազոտվում են անվճար, էլ չեմ ասում, որ իմ ղեկավարման տասը տարիների ընթացքում չեմ հիշում մի կնոջ, որը դիմել է օգնության խնդրանքով եւ մերժվել: Ես բոլորին էլ ընդառաջել եմ` իհարկե ունենալով կենտրոնի հիմնադիրների ու հովանավորների թույլտվությունը: Բայց նաեւ ուզում եմ մի բան ասել. 11 հազար դրամը այնքան էլ մեծ գումար չէ կյանքը փրկելու համար: Ես համարում եմ, որ ցանկացած կին, ինչ խավից էլ նա լինի, տարվա ընթացքում կարող է խնայել այդ 11 հազար դրամը, եթե ինքը հետեւողական է եւ մտածում է իր առողջության ու ընտանիքի մասին: Իսկ մեր կանայք, լինելով օջախապահպան, առաջնահերթ պետք է մտածեն իրենց առողջության մասին եւ գնահատեն այն: Առիթից օգտվելով` տեղեկացնեմ նաեւ, որ շատ շուտով կենտրոնը ունենալու է նաեւ վիրահատարան, որովհետեւ բազմաթիվ կանայք մեզ մոտ հետազոտություն անցնելուց հետո մեծ ցանկություն են հայտնում այստեղ շարունակելու իրենց հետագա բուժումը: Այդ պատճառով մենք որոշեցինք ունենալ մեր սեփական վիրահատարանը, որն առայժմ կլինի փոքրիկ վիրահատարան` ի նկատի ունեմ պրոցեդուրաներով, որովհետեւ սկզբի համար միայն ուզում ենք ունենալ մեկ կամ երկու օր մնացող այցելուներ, հետո նոր կմտածենք հեռուն գնացող մտադրությունների մասին: Բայց ասեմ նաեւ, որ շատ շուտով պետք է սկսի աշխատել տղամարդկանց բաժինը, քանի որ մենք արդեն ունենք կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ 24 տղամարդ, 150 տղամարդ ունեն կրծքի բարորակ գոյացություններ, բայց տղամարդկանց հիվանդությունների մեջ շատ ավելի մեծ տեղ է գրավում շագանակագեղձի քաղցկեղը, եւ հենց այս պատճառով էլ մենք ստեղծում ենք ոչ թե ուռոլոգիայի բաժանմունք, այլ փորձելու ենք իրականացնել սկրինինգային ծրագիրը, որպեսզի մեր տղամարդկանց մեջ դաստիարակենք բժշկի գնալու կուլտուրան: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր տղամարդիկ շատ ավելի վախկոտ են եւ բժշկին դիմելու ցանկություն չեն ունենում, բայց եթե գալիս է մեկը եւ իր շրջապատին պատմում է, որ այդ հետազոտությունների ընթացքում, շնորհիվ նոր տեխնիկայի առկայության, տհաճություն եւ ցավ չզգաց, համոզված եմ` մեր տղամարդիկ ավելի ոգեւորված կլինեն այս հարցում:

- Տա Աստված, որ առողջությունը բոլորին ուղեկցի կյանքի ընթացքում, եւ եթե դեմ չեք, մեր զրույցի ուղղությունը մի փոքր շեղենք եւ անցնենք այլ թեմաների… Տիկին Հակոբյան, առհասարակ Ձեր գործունեության ընթացքում հասարակությունը հասցրել է Ձեզ ընկալել որպես Խաչանուշ Հակոբյան, թե ներկայիս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քույր…

- Ես շատ հպարտ եմ, որ Հրանուշի քույրիկն եմ, բայց ոչ միայն քույրիկն եմ. Հրանուշն ու իմ մեծ քույրիկն են ինձ մեծացրել, որովհետեւ մեր մայրիկը դպրոցի տնօրեն էր եւ շատ զբաղված է եղել: Փոքր ժամանակից ես շատ լացկան, չուտող ու անհանգիստ երեխա եղել եմ եւ մնացել եմ իմ երկու քույրիկների հույսին, ու նրանք ինձ հերթափոխով պահել-մեծացրել են: Մայրիկս էլ ինչքան որ հասցրել է, դպրոցից վազել-եկել` ինձ տիրություն է արել: Այնպես որ` քույրերս ինձ համար նաեւ մայրիկ են դարձել, Հրանուշը` առավել եւս, որովհետեւ մեծ քույրիկս շուտ է ամուսնացել, իսկ Հրանուշի հետ ավելի կապված եմ եղել: Եվ որպես անձ` հասարակությանը պիտանի մարդ` կայացել եմ Հրանուշի շնորհիվ: Այնպես որ` ես չեմ թաքցնում, որ իրենով եմ կայացել, եւ չեմ թաքցնում, որ իսկապես հպարտ եմ դրա համար: Բայց անհամեստություն չանեմ ու ասեմ, որ ինչքան էլ Հրանուշը աշխատի ու ջանք թափի, եթե դու քեզանից էլ արժեք չներկայացնես, դու չես դառնա այն, ինչ ինքն է ուզում: Թեեւ ես հիմա էլ այն չեմ, ինչ նա է ուզում, որովհետեւ Հրանուշը շատ խստապահանջ է իր անձի եւ իր շրջապատի նկատմամբ, մանավանդ` իր հարազատների, որովհետեւ ինքն իր հարազատներին ավելի շատ է քննադատում ու դատափետում, քան ուրիշներին:

- Իսկ ինչպիսի՞ն է ուզում Ձեզ տեսնել տիկին Հակոբյանը, որ…

- Նա ամեն ինչի մեջ իդեալականն է ուզում, իսկ այս կյանքում պրակտիկորեն իդեալական լինելը անհնար է: Ինչքան էլ որ ես ցանկանամ գոհացնել իմ երկու խիստ ղեկավարներին, ես չեմ կարող անթերի լինել, թեեւ աշխատում եմ անել ամեն հնարավորը: Իսկ Հրանուշը, ճիշտ է, չի բարձրաձայնում, բայց ես իր աչքերի անկյունից գիտեմ, որ ինքը ինչ-որ մի տեղ գոհ է ինձանից: Գիտեք, ինձ համար միեւնույնն է, թե մարդը ինձ ինչպես է ընկալում: Ես մի անգամ Ամերիկյան համալսարանում դասընթացների գնացի, եւ երբ որ պիտի ներկայանայի, ասացի` ես Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրենն եմ, այնտեղ մի տղամարդ ասաց` հա լավ, պարզ է, Հրանուշի քույրն ես… Ես լռեցի իհարկե, որովհետեւ ես Հրանուշի քույրն եմ, բայց եւ հասկացա, թե որն էր ասածի ենթատեքստը… Դրանից անցավ մի քանի օր, իրավիճակային խնդիրներ էինք լուծում, որի ժամանակ պետք է րոպեական լուծումներ առաջարկեիր, ու բնականաբար` այդ պահին Հրանուշը չկար, որ ինձ որեւէ բան ասեր: Եվ այդ ժամանակ երբ ես իմ առաջարկը ներկայացրեցի, մի քանի օր հետո այդ նույն մարդը բոլորի ներկայությամբ ինձանից ներողություն խնդրեց` իր առաջին օրվա ասածի համար, ասելով. «Դու իսկականից Հրանուշի քույրն ես, գեներով քեզ ահագին բան է անցել», եւ դա ինձ համար մեծ գնահատական էր: Ես, իհարկե, շատ բաներով եմ Հրանուշին զիջում. իր ուղեղը այնքան մեծ է, որ ես չեմ էլ հավակնում նրան հասնել: Ես ուրախ ու հպարտ եմ իմ քույրիկով ու երազում եմ, որ իր իմացածի մեկ հարյուրերորդականը ես իմանամ:

- Տարածված կարծիք կա, որ Հրանուշ Հակոբյանից առաջնահերթ «քաշվում» են իր մտերիմները, իսկ Ձեր դեպքում երբեւէ «վախի» զգացողություն եղե՞լ է, թե՞ ոչ:

- Ես իրենից չեմ վախենում, չեմ սարսռում, որովհետեւ ինքը թվացյալ սարթ է ու չոր, իրականում նա այնքան նուրբ հոգի ունի, որ… Հրանուշը հիմա ապրում է մեր ծնողների հետ, եւ պիտի տեսնեք, թե նա ինչ հոգատարությամբ, համբերատարությամբ ու բարությամբ է նրանց հետ ապրում, նրանց հետ անքուն գիշերներ անցկացնում, հետո էլ գնում է աշխատանքի ու զբաղվում այդքան գլոբալ հարցերով ու խնդիրներով: Բայց ոչ ոք չի էլ պատկերացնում, որ էդ աղջիկը անքուն գիշերվանից հետո աշխատանքի եկավ: Նա այնքան զուսպ, կազմակերպված ու հավաք մարդ է, որ ոչ մի դեպքում չի կարող խստապահանջ չլինել: Պաշտոնն է այդպես պարտադրում, նա ամբողջ կյանքում պաշտոն է ունեցել:

Հրանուշը ուրիշ տեսակ է, նա ապրում է մեր բոլորի ուրախությամբ. ապրում է իմ աղջկանով, իմ թոռնիկով, մեր գերդաստանով. նա այնքան մեղմ ու հանգիստ մարդ է, որ ասելու չէ: Եթե Հրանուշը ցույց տա իր բուն էությունը` թե ինչքան է փխրուն ու բարի, երեւի թե իր աշխատանքը չի ստացվի:

- Տիկին Հակոբյան, իսկ ի՞նչ դասեր եք կերտել Ձեր ծնողներից, որոնք մինչ այսօր Ձեզ ուղեկցում են:

- Նախ ասեմ, որ հայրիկիս ճանաչում է ամբողջ հանրապետությունը` չեմ վախենում դա ասել, որովհետեւ նա շատ բարի մարդ է: Ինքը էդ երկու մետր բոյը որ ունի, ամբողջը սիրտ է, ինքն այդպիսին է ստեղծվել, աշխատել եւ ապրել է միայն իր շրջապատի, ժողովրդի համար: Ինչպես նաեւ ունենք շատ հեռատես, շատ համբերատար ու շատ-շատ խելացի մայր, ումից մինչեւ հիմա բոլորս խորհուրդ ենք հարցնում, այդ թվում նաեւ` Հրանուշը:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ես ամուսնուս հետ ամուսնացել եմ իմ ծնողների պարտադրմամբ եւ, որպես Քյավառի նահապետական աղջիկ, իրավունք չեմ ունեցել ընկեր ունենալու, մանավանդ` այն տարիներին: Եվ իմ ծնողները որոշեցին, որ այն երիտասարդը, ում հետ ես ամուսնացա, ինձ շատ համապատասխան է` բոլոր առումներով: Եվ ես այդպես էլ արեցի, ծնողներիս կամոք ամուսնացա, բայց փառք Աստծո, որ նրանք չսխալվեցին, եւ ես ճիշտ ընտրություն կատարեցի: Ամուսինս մասնագիտությամբ բժիշկ է` հավասարակշռված, կիրթ եւ կայացած անձնավորություն է, ում հետ ես երբեք չեմ հոգնում, քանի որ նա արժեք ներկայացնող մարդ է: Եվ այդպիսի ընտանեկան մթնոլորտում էլ ծնվեցին իմ երկու դուստրերը` Վիկտորյան ու Շաքեն, որոնց ուղղակի պաշտում եմ: Վիկտորյան սովորեց Ֆրանսիական համալսարանում, ավարտեց իրավաբանական ֆակուլտետը, որից հետո ամուսնացավ բացառիկ մի երիտասարդի հետ, ում սիրում եմ որպես իմ որդի:

- Խոսքը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի որդու մասի՞ն է:

- Այո, ճիշտ եք, նա իսկապես բացառիկ անձ է. շատ համեստ, դաստիարակված ու կիրթ անձնավորություն է:

- Իսկ խնամիների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

- Կարապետյանների ընտանիքը մանկավարժների ընտանիք է, եւ նրանք էլ շատ պարզ, հասարակ ու սովորական ընտանիք են, որոնց հետ իմ բարեկամության համար փառք եմ տալիս Աստծուն, որ նման նորմալ, կարգին մարդկանց հետ եմ բարեկամացել: Արդեն թոռնիկ ունենք, եւ մեր Սամիկին բոլորս ենք շատ սիրում: Շատ լավ տղա ունենք:

- Մի քանի բլից հարցեր եւս. տանը հասցնո՞ւմ եք Ձեր ձեռքով ճաշ պատրաստել, հատկապես Քյավառա ուտեստները…

- Ես ինքս անպայման պետք է իմ ճաշերը պատրաստեմ, ես անպայման պետք է իմ խոհանոցում հանգստանամ եւ ապրեմ այլ կյանքով: Ես շատ սիրում եմ խոհանոցը: Իսկ կոնկրետ Քյավառի ճաշատեսակ ես այդքան շատ չեմ պատրաստում, որովհետեւ արդեն հոգնում-ձանձրանում եմ: Բայց շատ սիրում եմ Քյավառը, շատ սիրում եմ այն ավանդույթները, որը Քյավառից եմ ստացել: Իսկ խոհանոցում ավելի շատ սիրում եմ նորություններ, իմպրովիզացիաներ ու այլ համեղ կերակրատեսակներ պատրաստել: Իմ աշխատակիցներից մեկը, ով նաեւ բանաստեղծ է, ինձ համար պատվոգիր է պատրաստել ու տակը գրել, որ ես ամենահամով տոլման եմ պատրաստում: Երեւի համով է, չգիտեմ:

- Տիկին Հակոբյան, ինչպիսի՞ն է Ձեր զգեստապահարանը: Հիմնականում բրենդայի՞ն եք հագնվում, թե՞ բրենդը Ձեզ համար էական նշանակություն չունի:

- Ես չեմ ընդունում այն կանանց, ովքեր համարում են, որ պետք է բրենդային հագուստ գնեն եւ վերջ: Ես կարող եմ գնալ, մի հատ սովորական սատինե կտորից ինձ զգեստ պատվիրել ու հաճույքով այն կրել:

- Իսկ ո՞ր խանութներից եք գնումներ կատարում:

- Շատ սիրում եմ «Տանգո» խանութը, որտեղ եւ գներն են մատչելի, եւ զգեստներն են գեղեցիկ: Ես սիրում եմ, որ ամեն ինչ ճաշակով, համեստ ու գեղեցիկ լինի: Ճչացող զգեստներ չեմ սիրում կրել, որովհետեւ նախ` աշխատանքի մեջ այն չի ընկալվի, եւ երկրորդ` դրա կարիքը չկա:

Հանդիպումը`
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում