livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Naira7Ասում են՝ «Գեղեցիկը կփրկի աշխարհը», որի հետ համամիտ է յուրաքանչյուր ճիշտ դատողություն ունեցող անձնավորություն: Իսկ տվյալ դեպքում մեր խորագրի այս անգամվա հերոսուհին՝ ՄԻԱԿ քարտուղար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, համապատասխանում է վերը նշված դատողության բոլոր ցուցանիշներին: Իսկ թե ինչպես եւ ինչու՝ դա ընթերցողին պարզ կդառնա մեր հարցազրույցից:

-Ովքե՞ր են Նաիրա Կարապետյանի ծնողները եւ որտեղի՞ց է սերվել քաղաքականության մեջ լուրջ քայլեր կատարելու որոշումը:

- Ընտանիքում ունեմ հայր, մայր եւ քույր, ով մասնագիտությամբ բժշկուհի է եւ այս պահին դաստիարակում է իր փոքրիկին: Ընտանիքիս անդամները եղել են կուսակցական պաշտոնյաներ, և ես քաղաքական կյանքի և զարգացումներին ականատես եմ եղել մանուկ տարիքից, տեսել եմ, թե ինչպես կարելի է դերակատարում ունենալ պետության կայացման ու զարգացման գործընթացում: Հիշում եմ, դեռ 3-4 տարեկան հասակում շատ էի սիրում պապիկիս ու հայրիկիս աշխատասենյակները՝ մեծ գրասեղաններով, շատ հեռախոսներով: Սիրում էի խաղալ տարբեր թղթերով, բլոկնոտներով, գրիչներով, թղթապանակներով, իհարկե, չօգտագործված, միշտ ուզում էի վերցնել պապիկիս սեղանի առանց թվերի և զանգահարելու հարմարության հեռախոսը. հետաքրքությունս մեծ էր:  Ծնողներս կրթությամբ մանկավարժ են, հայրս ներկայումս Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետն է, մայրս՝ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի ռուս գրականության դասախոս է, գիտությունների թեկնածու, շատ շուտով կպաշտպանի դոկտորական ատենախոսությունը: Պետք է գոհունակությամբ ասեմ, որ մեր ընտանիքը բավական հետաքրքիր ընտանիք է, որտեղ բոլորս ստացել ենք բազմակողմանի դաստիարակություն, շատ մոտ ենք եղել գրականությանը, արվեստին, բնությանը եւ այլն: Հիշում եմ, որ ամեն ամառ ես եւ քույրս ունեինք գրքերի ընթերցման հատուկ ցուցակ, որը պետք է հասցնեինք կարդալ: Չնայած, որ հայրս միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ, միեւնույն է, նա միշտ ժամանակ է գտել հատուկ զբաղվել մեր դաստիարակությամբ, եւ հիշում եմ, թե ինչպես ամեն շաբաթ եւ կիրակի օրերին մենք պարտադիր մեկնում էինք բնության գիրկ՝ շփվելու բնության հետ, շատ ժամանակ հայրիկիս հետ աշխատանքի բերումով նաև գնում էինք գյուղեր, օգտագործելով գյուղական կյանքը ներսից տեսնելու, կենդանիների հետ շփվելու առիթը:  Այս դաստիարակությունն իմ մեջ հիմք է դրել կարևորելու հայրենիքը, ընտանիքը, կրթությունը, հարգելու մեծերին, մարդկանց հավասար դասելու, գնահատելու գեղեցիկն ու բարին: Այսօր մեզանում բացակայում է համակարգային դաստիարակությունը: Կարծում եմ, անձի կայացման համար մենք պետք է վերականգնենք վաղեմի դաստիարակչական համակարգը, իր բոլոր բաղադրիչներով՝ ընտանիք, դպրոց, հեռուստատեսություն, գրականություն, անձնական շփումներ՝ բակ, ընկերներ:

- Դուք դաստիարակվել եւ ուսում եք ստացել խորհրդային տարիներին, ի՞նչ ակտուալ փոփոխություններ են հարկավոր այս պահին:

Naira1- Միշտ հետադարձ հայացք ենք նետում խորհրդային տարիներին եւ ասում, որ կրթական համակարգը լավն էր (եւ միգուցե լավն էր), սակայն պետք չէ թերագնահատել այն, ինչ հիմա է արվում: Երկրորդեմ քիչ առաջ արտահայտած միտքս՝ 70 տարվա ընթացքում կայացած համակարգն իր մեջ ներառում է դաստիարակչական շատ նորմեր՝ բացի գիտելիք տալուց: Մենք դպրոցում, բակերում վատ բան չէինք սովորում: Իսկ եթե լինի համակարգված մոտեցում, ամեն բան իր տեղը կընկնի, որովհետեւ միայն ընտանիքում կամ միայն դպրոցում եւ բակում չի երեխան ստանում ճիշտ և համակարգված դաստիարակություն: Ինչեւէ, վերադառնալով մեր բուն խոսակցությանը՝ ես ուզում եմ նշել, որ մեծացել ու դաստիարակվել եմ համերաշխ ընտանիքում, որտեղ եղել է հարգանք յուրաքանչյուրիս հանդեպ, եւ որ ամենակարեւորն է՝ մեր բոլորի կարծիքը միշտ հաշվի է առնվել: Եթե անգամ ինչ-որ բան թույլ չի տրվել, դա բացատրվել է այնպես, որ մենք չվիրավորվենք: 

- Դուք ծագումով գյումրեցի եք, եւ գյումրվա կոլորիտը պարզ նկատվում է Ձեզ մոտ, ի՞նչ եք հիշում Ձեր պատանեկան տարիներից, եւ ինչպե՞ս դասավորվեց Ձեր կյանքը 88-ի երկրաշարժից հետո:

- Այո, ես ծնվել եմ Գյումրիում, այնտեղ հաճախել դպրոց, ի դեպ դասարանում ևս շատ ակտիվ եմ եղել, գլխավոր կազմակերպիչներից եմ եղել, մեր դասարանի ավագն եմ եղել, ջոկատի խորհրդի ղեկավար, դպրոցի դրուժինայի խորհրդի անդամ, ցածր դասարանների աշակերտների հետ ուսումնական և դաստիարակչական խաղեր էի կազմակերպում, լավ էի սովորում (Ն. Կ. ժպտում է):  1988-ի աղետալի երկրաշարժից հետո եկել եմ Երեւան՝ տատիկիս մոտ: Մեր ընտանիքն այդ ժամանակ չլքեց հայրենիքը՝ չնայած շատ ու շատ գայթակղիչ առաջարկությունների: Տեղափոխվելով Երեւան, սովորել եմ Չեխովի անվան դպրոցում, իսկ հետագայում իմ կյանքում տեղի ունեցավ շրջադարձ՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը Գյումրիում բացեց տիպային նորույթ՝ հատուկ դպրոց, որը հիմա կոչվում է ակադեմիական վարժարան: Գաղափարը հետեւյալն էր. ի նպաստ Գյումրիի վերածնունդի կրթել նոր որակի սերունդ, և նոր դպրոց ընդունվելը բավականին դժվար էր, այնտեղ դասավանդում էին ակադեմիկոսներ, գիտությունների թեկնածուներ, հայտնի գործիչներ եւ այլն: Բացի դժվար ընդունվելուց, ուսումնական ծրագիրը եւս դժվար էր ու հետաքրքիր, եւ պետք է նշեմ, որ մեր դպրոցի շրջանավարտներից շատ-շատերը այսօր հասել են բարձունքների ու հանջողությունների: Այդ դպրոցը հնարավորություն ստեղծեց իմ կյանքում վերադառնալ Գյումրի, սակայն դպրոցն ավարտելուց հետո կրկին եկա Երևան՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետ: Սովորելով այսքան դպրոցներում՝ ունեմ շատ ընկերներ, և սա իմ համար ձեռքբերում է:

Naira2- Նաիրա, կարելի՞ է ասել, որ ակադեմիայում սովորելու տարիներին ծնվեց Ձեր մասնագիտական կողմնորոշումը, թե՞ Դուք արդեն որոշել էիք այն վաղուց:

- Ես շատ հետաքրքրասեր մարդ եմ, եւ ակադեմիայում սովորելու տարիներին շատ ու շատ առարկաներ համադրելով, ծանոթանալով լրացուցիչ գրականությանը՝ ընտրեցի իմ մասնագիտությունը: Կարդում էի մասնագիտական գրքեր, վերլուծություններ էի կատարում, դրա համար արեւելագիտության մասնագիտության ընտրությունը պատահական չէր, եւ ինչպես գիտեք, այդ մասնագիտության մեջ մտնում է նաեւ դիվանագիտական ուղղվածությունը: Բացի տեսական գիտելիքներ ստանալուց, ես բավականին լուրջ սկսեցի վերլուծել 1990-ականներին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական դեպքերը, մեծագույն հպարտությամբ մեր եռագույն դրոշը կախել էի սենյակումս, շատ հպարտ էի, երբ հռչակագիրը ընդունվեց: Երբ առաջին ոգևորության ալիքն անցավ, եւ մեր պետությունը ոտնակոխեց քաղաքական խմորումների փուլ, անգամ լինելով ուսանող, բավական մանրամասնորեն լսում եւ վերլուծում էի մեր մեծ քաղաքական գործիչների ելույթները, իսկ երբ 1990-ականների վերջին Կարեն Դեմիրճյանը մտավ մեծ քաղաքականություն, ես որոշեցի անդամագրվել ՀԺԿ-ին: Ֆորմալ առումով մինչ հոկտեմբերի 27-ը չհասցրեցի, սակայն մի դեպք է մեջս տպավորվել, որ կցանկանայի կիսվել ընթերցողների հետ: Երբ «Միասնության դաշինքի» հերթական նիստից հետո մոտեցա Կարեն Սերոբիչին, նա ինձ նայելով ասաց. «Միշտ մի բան հիշիր, քո սրտում պետք է լինի հայրենիքը, ամեն ինչ պետք է անես Հայաստանի համար, ներսում կլինես, թե դրսում՝ առաջին հերթին, խղճիդ մեջ պետք է լինի հայրենիքդ»: Դրանից ընդամենը երկու շաբաթ անց տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի դեպքը...

- Որքան հասկացա, Ձեր քաղաքականության մեջ ամրապնդվելու հարցում այդ  դեպքը մեծ ազդեցություն է ունեցել եւ ի՞նչ արեցիք հետո:

- Այո, Դեմիրճյանի այս խոսքերն իմ մեջ ամրապնդեցին քաղաքականությամբ զբաղվելու իմ համոզմունքը, և ես իմ ուժերն ուղղեցի քաղաքական դաշտում երիտասարդների համախմբման և նրանց մասնակցության բարձրացման վրա:  

 - Որպեսզի շատ թախծոտ չստացվի մեր զրույցը, կարծում եմ ընթերցողին կհետաքրքրի, թե ի՞նչ այլ նախասիրություններ ունի մեր երիտասարդ օրենսդիրը:

- Սիրում եմ արվեստը՝ իր գրեթե բոլոր արտահայտումներով: Ինձ օգնում է լիովին լիցքաթափվել իմ հոբբին՝ գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո ես սիրում եմ նկարել: Նկարում եմ բնություն, ծաղիկներ՝ գույների պալիտրան թույլ է տալիս ինձ արտահայտել այն ամենն, ինչ կատարվում է տվյալ պահին իմ հոգում:   Սիրում եմ գրքեր: Կարդում եմ թե՛ գեղարվեստական, և թե՛ մասնագիտական գրականություն: Գրքերը գիտելիքների պահոց են, և անգամ 21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում՝ գիրքի հետ շփումը հաղորդում է կենդանի և ջերմ լիցքեր:  Սիրում եմ ընկերներիս: Աշխատում եմ հաճախակի շփվել նրանց հետ, և մեր ամեն մի հանդիպումը մեր մեջ թողնում է տաք, վառ և անմոռանալի հուշեր:

Naira5- Նաիրա, Ձեր կենսագրության մեջ մեզ հետաքրքրեց մեկ բան եւս, որ Դուք կանանց ակումբ եք ստեղծել, կներկայացնե՞ք, թե ինչ է դա իրենից ներկայացնում, եւ ի՞նչը Ձեզ դրդեց, որ նման ակումբ ստեղծեք:

- 2010թ.-ին երեք ընկերուհիներով որոշեցինք ստեղծել Կանանց ակումբ: Կանանց ակումբի հանդիպումներն անց են կացվում ոչ-ֆորմալ ձևաչափով` թեյի սեղանի շուրջ, ոչ պաշտոնական և անկաշկանդ միջավայրում: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվում և վեր են հանվում տարբեր հասարակական ոլորտներ ներկայացնող կանանց հուզող միանման հարցեր, ինչպես նաև որոնվում են լուծման ուղիներ: Հանդիպումները նպաստում են հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության ակտիվացմանը, տարբեր քաղաքական հայացքների տեր կանանց միջև երկխոսության հաստատմանը, կանանց համագործակցության ցանցի կայացմանը, հանդիպումներ հյուրերի և մասնակիցների միջև փորձի փոխանակմանը, կանանց հուզող խնդիրների հստակ ձևակերպմանը և ներկայացմանը, կնոջ ներուժի գնահատմանը և օգտագործմանը, բարեգործական միջոցառումների կազմակերպմանը: Հյուրերի շարքում են քաղաքական, հասարակական, առողջապահական, գործարար, մշակութային, կրթական ոլորտներ ներկայացնող կանայք, ինչպես նաև երիտասարդներ:  Հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների վրա հիմնվելով՝ կանանց ակումբը իրականացրել է մի շարք բարեգործական և մշակութային միջոցառումներ: Ուզում եմ առանձնացնել «Ճանաչիր ինքդ քեզ» ակցիայի շրջանակներում իրականացված աննախադեպ ցուցահանդես-բեմականացումը, որի ընթացքում ներկայացվեց հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ստեղծագործական ուղին: Կազմակերպվել է ՀՀ Զինված ուժերի առաջին գծում ծառայող կանանց համար տոնական ընդունելություն՝ ընդգծելով իրենց դերի կարևորությունը: Կանանց ակումբը միացել է «Կոնվերսբանկի» կողմից կազմակերպած` «Դարձիր Ձմեռ պապ» ակցիային` մանկատան երեխաների համար ամանորյա նվերների ձեռքբերման համար: Օրինակները շատ են: Եթե ամփոփելու լինեմ, մեկ խոսքով կարող եմ ասել, որ կանանց ակումբը յուրահատուկ եւ յուրատիպ լինելով՝ փորձում է լսելի եւ տեսանելի դարձնել կնոջ ձայնը:

- Մեր երկրում շատ կան կանանց վերաբերվող ակումբներ, կենտրոններ,  կազմակերպություններ, որոնցից մեկը «Կանանց ռեսուրսային կենտրոնն է», որը շրջայց կատարելով հանրապետության տարբեր մարզերում ցուցադրում է ներկայացում «հեշտոցի մենախոսություն» վերնագրով: Ի՞նչ նպատակ են հետապնդում եւ ի՞նչ են ցանկանում սրանով ասել:

- Ես հարգում եմ այն ամենն ինչ անում են մարդիկ, որովհետեւ եթե աշխատանք է կատավում, կատարվում է ինչ-որ նպատակով եւ ունի անշուշտ իր թիրախային խումբը:

 - Ձեր կենսագրությունը ընթերցելիս նկատեցինք, որ Դուք եղել եք պատգամավորի օգնական, այսինքն՝ ըստ էության, նոր չեք մտել մեծ քաղաքականություն, ինչպե՞ս ընդունվեց պատգամավոր դառնալու Ձեր քայլն ընտանիքում:

- Այո, ի դեպ ես միակ պատգամավորի օգնականն եմ, որը դարձել է պատգամավոր (ժպտում է), եղել եմ Վիկտոր Դալլաքյանի օգնականը, և նրանից շատ բան եմ սովորել:  Պատգամավոր դառնալս ծնողներիս կողմից ընդունվեց երկակի՝ մի կողմից մեր ընտանիքը միշտ էլ եղել է քաղաքական կյանքում՝ սկսած ցարական ժամանակաշրջանից մինչ մեր նորանկախ պետություն: Մերոնք հպարտություն ապրեցին, շնորհավորեցին: Առաջին իսկ օրվանից հասկացա, ինչ մեծ պատասխանատվություն եմ կրելու, երբ արդեն հայտնվել եմ խորհրդարանում:

naira6- Ինչպիսի՞ն է երիտասարդ օրենսդիրը խոհանոցում:

- Խոհանոցում, ինչպես կյանքում, շատ ստեղծագործող եմ ու անկանխատեսելի: Մեծ հաճույքով եմ պատրաստում եւ փորձում եմ նորարար լինել: Ընտանիքում ուտելիքին վերաբերում ենք էսթետիկորեն, այլ ոչ միայն քաղց բավարարելու միջոց:

- Հագուստի առումով պահանջկո՞տ եք Ձեր նկատմամբ:

- Այո, շատ, հագուստը պետք է համապատասխանի միջավայրին, լինի կոկիկ և ինքնատիպ:

- Նաիրա Կարապետյանը դեռ ամուսնացած չէ եւ ենթադրվում է, որ սիրտը ազատ է, ի՞նչ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին:

- Մեկ բառով ասած՝ տղամարդը պետք է լինի տղամարդ:

- Դուք Ձեզ դժվար մարդ համարո՞ւմ եք:

- Այդ հարցը ճիշտ կլինի տալ ինձ շրջապատող մարդկանց: Կարծում եմ, որ ոչ (ժպտում է):

  Զրույցը՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում