ՙԶարուհու՚ աչքից չի վրիպել ՙԺառանգություն՚ կուսակցության հացադուլավոր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ջերմ կողմնակից, միշտ աչքի ընկնող ակտիվիստ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանի առաջարկած ռեալիստական բարեփոխումների ցանկը, ինչը վերջինս ներկայացրել է իր անձնական բլոգում:

Ըստ բլոգերի, ասպարեզում բազմաթիվ ոգեւորողներ կան, բայց արդյունքում բոլոր հարվածները ստացողը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ինչի համար առաջարկում է ՙԺառանգության՚ առաջնորդին պայքարել հարկային, մաքսային լծակների, հակամենաշնորհային կոմիտեի, այդ ոլորտում համապատասխան օրենսդրական փոփոխությունների համար: Ինչպես նաեւ առաջարկում է խորհրդարանը ցրելու պահանջը մեկ տարով հետաձգել, մինչ այդ ընտրական օրենսդրության եւ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել:

Վերոնշյալ չափավոր բարեփոխումների պահանջի եւ Ազատության հրապարակում տիրող իրադրության մասին, ՙԶարուհին՚ զրուցեց ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:

-Տիկին Աբգարյան, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների շրջանակում Ձեր տեսակետները կիսողների թիվն աճո՞ւմ է, թե՞ նվազում:

- Այդ տեսակետը զուտ իմ անձնական տեսակետն է եւ որպես միտք երկու-երեք օր է, ինչ իմ գլխում շրջանառվում է: Չեմ կարող ասել, թե որեւէ մեկը կիսում է այդ տեսակետը:

- Դուք բլոգում նշել էիք, որ եթե այս մասին բարձրաձայնեք Ազատության  հրապարակում, այն բացասաբար կընդունվի Ր.Հովհաննիսյանի կողմնակիցների շրջանում:

- Այո, վստահ եմ, որովհետեւ հիմնականում ժողովուրդը, որը գալիս է, ուզում է ամբողջովին իշխանափոխություն եւ առաջին հերթին նախագահի փոփոխություն:

- Իսկ եթե այդ տեսակետները, հենց պարոն Հովհաննիսյանը հնչեցնի, այդ ժամանա՞կ էլ բացասաբար կընդունվի միտինգավոր հանրության կողմից:

- Հարցը այն է, որ պարոն Հովհաննիսյանը այս տեսակետը պետք է նախ ինքը կիսի, նոր հայտարարի դրա մասին, բայց մենք այսօրվա դրությամբ նման հռետորաբանություն չենք լսում նրանից:

- Նրան արդեն ներկայացրե՞լ եք Ձեր առաջարկները:

- Ոչ, դա զուտ իմ գաղափարն է, որը ցանկացել եմ իմ ընկերների հետ կիսել, դրա համար էլ գրառում եմ կատարել իմ բլոգում:

- Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել, որպեսզի հրապարակում տարբեր ծայրահեղությունների կողմնակից խմբերը չկարողանան դրության տերը դառնալ:

- Փառք Աստծո, պարոն Հովհաննիսյանին այսօր հաջողվում է դա անել: Եվ, վերջիվերջո, վերջնական խոսքի համար բոլորը միշտ մոտենում են նրան եւ անձամբ հարցնում` դա Դո՞ւք եք կազմակերպել անձամբ, թե՞ ուրիշն է կազմակերպել: Կարեւոր է, որ դա մարդկանց համար նշանակություն ունի եւ, ամեն դեպքում, գալիս, մոտենում եւ կարծիք են հարցնում հենց կոնկրետ պարոն Հովհաննիսյանից կամ իր մերձավորներից:

- Ապրիլի 8-ին նախատեսված ՙմեկ միլիոնանոց երթի՚ մասնակիցների ֆեյսբուքյան ցուցակը Դուք լքեցիք: Ինչո՞վ էր դա պայմանավորված, եւ ո՞վ կարող է լինել դրա թիկունքում կանգնած:

- Դժվար է ասել, ով է թիկունքում կանգնած: Ես գիտեմ՝ ով է կազմակերպիչը. նա ռեժիսոր Արշակ Զաքարյանն է: Իհարկե, հասկանում եմ, որ տարբեր հասարակական հոսանքներ կամ անհատներ կարող են իրենց սեփական նախաձեռնությամբ հանդես գալ, բայց, ամեն դեպքում, ապրիլի 8-ին, այն էլ այդպիսի հավակնոտ վերնագրով միջոցառում կազմակերպելը, կարծում եմ, կհարվածեր ապրիլի 9-ի կարեւոր միջոցառմանը, որի մասին հայտարարվել է Ազատության հրապարակում, եւ որին նախապատրաստվում ենք:

- Հնարավո՞ր է, որ ապրիլի  8-ի երթը կապ ունի հենց նույն օրը Ադրբեջանում կայանալիք դեպի Աղդամ ՙխաղաղ երթի՚ հետ:

- Ճիշտն ասած, չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետեւ կազմակերպիչը նշում է, որ սա ընդամենը ոչ քաղաքականացված քաղաքացիական նախաձեռնություն է: Այսինքն` սա քաղաքացիական ակցիա է, որի մասնակիցները պետք է լինեն քաղաքական ուժերը, որոնք պետք է անցնեն քաղաքացիական դրոշի ներքո:

- Ինչպե՞ս եք վերաբերում Ազատություն հրապարակում Նիկոլ Փաշինյանի ստվերային կառավարության 7 տասնյակ անդամների անունների հրապարակմանը, մանավանդ, որ այդ 70 անդամներից ում դիմել են լրագրողները, վերջիններս հրաժարվել են դրանից:

- Դուք կարդացել եք այսօր իմ անձնական տեսակետը իմ բլոգում, իսկ դա Նիկոլի անձնական տեսակետն է:

Այդ անունները նա անձամբ չի հնչեցրել, այլ անունների մեծ մասը հնչեցվել է ժողովրդի կողմից: Մարդիկ այնպիսի անուններ են հիշատակել, ովքեր իրենց կարծիքով   կարող են օգտակար լինել նոր Հայաստանին: Այսպես է եղել եւ, կարծում եմ, այն քննարկումները, որոնք այս պահին էլ ընթանում են հրապարակում, ընդամենը մտքերի փոխանակում են, իսկ վերջնական կարծիքը Րաֆֆի Հովհաննիսյանինն է:

- Վերոնշյալի հետ կապված որոշ կոչեր ու հայտարարություններ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանն անհայտ ուղղությամբ է տանում շարժումը եւ վերջինիս պետք է հեռացնել Ազատության հրապարակից:

- Ն. Փաշինյանը որեւէ տեղ չի տանում շարժումը: Չգիտեմ ով է դրա մասին խոսում. շարժումը հնարավոր չէ որեւէ տեղ տանել եւ այն ունի իր հիմնասյունը, որը Ր. Հովհաննիսյանն է, իսկ նա Ազատության հրապարակում է:

- Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներից Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել` նշելով, որ, եթե երկրում օրենք չի գործում, հետեւաբար ապօրինություններ էլ չեն կարող տեղի ունենալ: Արդյո՞ք այս մոտեցումը ճանապարհ չէ դեպի անարխիա:

- Գիտեք, արդեն անարխիա է, եւ այն ձեւավորվել է շատ վաղուց: Դա պետք է մեր պաշտոնյաներն ու իշխանավորները հասկանային, երբ բոլոր օրենքների խախտմամբ Երեւանի կենտրոնում աղավաղվում էր Փակ շուկան: Սա արդեն անարխայի վառ դրսեւորում էր, քանի որ իրավապահները որեւէ մեկի ձեռքը չբռնեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ