H.pogosyamՎերջերս ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը բաց նամակներ էր հղել ՀՀ ոստիկանապետին, քաղաքապետին ու ՀՀ մշակույթի նախարարին ու կրկին բարձրաձայնել երջանկահիշատակ երգչուհի Լուսինե Զաքարյանի եւ նրա ամուսնու` Խորեն Պալյանի բնակարանը ավերումից ու թալանից փրկելու հարցը:

Սակայն, ի պատասխան, դեռ որեւէ կառույց չի արձագանքել Ռ.Թովմասյանին: Այս հարցի շուրջ «Զարուհի»-ն զրուցեց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

-Տիկին Պողոսյան, Կոմկուսի առաջին քարտուղարը նամակ էր հղել Ձեզ` Լուսինե Զաքարյանի բնակարանի հետ կապված, հարցի վերստին բարձրացումը կարո՞ղ է որեւէ բան փոխել:

- Մենք այնքան ենք այդ հարցը պարզաբանել, որ արդեն չգիտեմ ինչ ասեմ: Դա ժառանգված մասնավոր սեփականություն է: Կարծում եմ` այստեղ մեկ անգամ եւս բոլորը պետք է հասկանան մի հարց, որ, եթե մեզ պաշտոնապես փոխանցեցին կամ գոնե ցանկություն հայտնեցին պետության կողմից մասնավոր համագործակցությամբ այդ խնդիրը լուծելուն, մենք պատրաստ ենք դրան: Որովհետեւ այդ պատրաստակամությունը միայն մեր խոսքով չէ, մենք արդեն մի քանի նմանատիպ օրինակներ ունենք, եւ պետությունը առանց սեփականության իրավունքի փոխանցման` իրականացրել է այդ համագործակցությունը: Ես սա ամեն անգամ շեշտում եմ, որ մենք չենք ասում բնակարանն իր եղածով պետք է փոխանցվի պետությանը, բայց ասում ենք, որ պետք է ստեղծվի հիմնադրամ, ինչպես ստեղծվեց Սիլվա Կապուտիկյանի, Հարություն Կալենցի, հիմա Լուսիկ Ագուլեցու, Բենիկ Պետրոսյանի դեպքում: Այսինքն` ձեւը կա, ընդամենը պետք է, որ ժառանգներից որեւէ մեկը մտնի մեզ հետ գործընթացի մեջ:

- Ամեն դեպքում, «սայլը տեղից չի շարժվում»:

Lusine Zaqaryan- Բացարձակապես, չի շարժվում: Մենք սպասում ենք, որ այդ կարգի որեւէ դիմում լինի: Առավել եւս, որ սկզբնական շրջանում այդ դեպքերից հետո մենք զրույցներ ունեցանք, բայց որեւէ քայլ չկա: Ես նորից իմ պատրաստակամությունն եմ հայտնում, երբ լինի այդ քայլը, մենք անմիջապես կմտնենք այն գործընթացի մեջ, որը կապահովի երաշխիքները, իսկապես, այդ տաղանդավոր, հանճարեղ երգչուհու ժառանգության պահպանման:

Ի դեպ, «Իրավունքը» հերթական անգամ փորձեց կապ հաստատել Խորեն Պալյանի եղբորորդու` Սարգիս Պալյանի հետ, սակայն վերջինս իր բջջային հեռախոսն ընդհանրապես անջատած է պահում, իսկ աշխատանքային վայրի ու տան հեռախոսահամարները նույնքան անտարբեր ու լուռ էին, որքան տերերը: Ինչեւէ, այսպես որ շարունակվի Սարգիս Պալյանը երեւի ազգանունից էլ կհրաժարվի, միայն թե իրեն չդիմեն հորեղբոր բնակարանը թանգարանի վերածելու հարցով: Հետաքրքիր է, գոնե Պալյանները հիշո՞ւմ են իրենց մեծահոգի հորեղբորը, ով իրենց է ժառանգել ամենանվիրականը` այն բնակարանը, որտեղ ստեղծագործել ու հոգ է տարել սիրելի կնոջ մասին, թե՞ վաղուց արդեն «ամերիկաֆիկացված»՚ բարեկամները միայն դոլարներով են հաշվում հարազատություն անելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ