livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Հայ կինը քաղաքական գործընթացներում իր վճռական խոսքն ասում է այն ժամանակ, երբ ըստ էության է այնտեղ ընդգրկված ու ներկայացված: Առայժմ քիչ չեն կին անհատները, ովքեր կարողանում են ճանապարհ կտրել-անցնել, դժվարություններ հաղթահարել, ու շարունակ աշխատել, որի գնահատականները տրվել եւ տրվելու են… Արտաքուստ կարող է թվալ, թե հեշտ է կին-քաղաքական գործչի կերպար կերտելը, սակայն պետք է նշել, որ այդ ամենի հիմքում եւ բոլոր իրավիճակներում աշխատելու, նորը արարելու կարողությունն է, որ շատերի համար այն դառնում է ապրելու սկզբունք ու կենսակերպ: Մեծ հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ պետական գործչի պաշտոնի աստիճանը ուղիղ համեմատական է նրա պատասխանատվությանը, աշխատանքի ծավալին ու բարդությանը, իրավիճակին տիրապետելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ոչ բոլոր պաշտոնյա կանայք են պատրաստ ե՛ւ առաջին գծում լինելու, ե՛ւ հարվածներ կրելու, ե՛ւ հաղթանակի ու արած գործի բերկրանքը վայելելու… Իր տեսակի մեջ  այդպիսին է Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, ով կարողանում է եւ իր գործը պատվով կատարել, եւ բոլոր խնդիրների համար ճշգրիտ լուծումներ գտնել, եւ բոլոր խոչընդոտները հաղթահարել ու անցնել առաջ: Մի վառ անհատականություն, ով իր տեսակով, յուրահատուկ բնավորությամբ, շիտակ, բնական կեցվածքով ու աշխարհընկալմամբ ամփոփում է մեր ժողովրդի հոգեւոր առանձնահատկությունները… Եվ, թե մինչեւ ուր են ձգվում մեր զրուցակցի կյանքի հարուստ էջերը, եւ թե ինչպես եղավ Գ. Սողոմոնյանի մուտքը կրթական համակարգ եւ ի՞նչ դժվարությունների ու խոչընդոտների հանդիպեց այսօրվա կին-պետական գործիչը, որը տարիներ շարունակ սերունդներ է կրթել ու մեծ կյանք ճանապարհել, այս հարցադրումով էլ սկսվեց մեր զրույցը քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ.

- Իհարկե, այդ ամենը եթե մանրամասնենք, շատ ծավալուն կլինի իմ ասելիքը, բայց փորձեմ շատ ավելի ամբողջական ձեր հացին պատասխանել: Նախ, ասեմ, որ առաջին քայլերը սկսվել են մանկապարտեզից, որտեղ ես աշխատել եմ որպես դաշնակահարուհի, հետո շարունակել եմ ուսումս, իսկ հետո ձեր ասած այդ դժվարությունների շրջանը արդեն սկսվեց դպրոցում աշխատելու տարիներին: Հիշում եմ, թե որքան տպավորիչ էր հանդիպումը իմ առաջին տնօրենի հետ… Այդ օրը փետրվարի 22-ն էր, երբ մտա դպրոց, մեծ միջոցառում էր, աղմուկ-աղաղակ, բազում հյուրեր, բայց ինձ տնօրենը ընդունեց, եւ երբ ես ներս մտա նրա աշխատասենյակ, անընդհատ սպասում էի այն պահին, թե երբ պիտի տնօրենին ցույց տամ իմ դիպլոմի միջուկը, քանի որ ուրախանում ու հպարտանում էի իմ գնահատականներով եւ ուզում էի նրան անպայման ցույց տալ, որ ես լավ եմ սովորել: Տնօրենն էլ, չգիտես ինչու, չէր անդրադառնում այդ միջուկին, անընդհատ ասում էր` ի՞նչ կրթություն ունես, լավ, դու կարո՞ղ ես աշխատել, տեսնո՞ւմ ես` ինչ լավ դպրոց ես եկել… Բայց այդ պահին ինձ սկսեց հետաքրքրել նրա կերպարը. շատ տիրակալ ու հմայիչ կին տնօրեն էր, որի մեջ կար նաեւ մի տեսակ քեզ տեր կանգնելու իրավունքը... ինչն ինձ գրավեց միանգամից: Եվ նրա կողմից արված հարցադրումներն էլ ինձ շատ դուր եկան, երբ ասաց` կարո՞ղ ես աշխատել, ու ես էլ վստահ որոշեցի, որ պիտի ասեմ` այո, կարող եմ: Նա էլ ինձ պատասխանեց, որ ես վաղվանից աշխատանքի եմ. այդ օրը ես ամբողջ օրը դուրս չեկա դպրոցից, գնացի նստեցի դպրոցի դահլիճում ու փորձեցի ուսումնասիրել դպրոցը: Բայց նաեւ հոգուս խորքում ուրախացել էի, որ հենց այդ դպրոց եմ ոտք դրել, ու ես ինքս ինձ համար այդ պահին որոշեցի, որ այնպիսի միջոցառումներ եմ անելու այս դպրոցում, որ ամբողջ դպրոցը խոսի այդ մասին ու ասի` որտեղի՞ց եկավ այս աղջիկը, որ ես գտնված մարդ համարվեի, անհրաժեշտ լինեի, որ իմ բացակայությունը երեւար… Ես այդ սկզբունքով մտա դպրոց, որ ամեն օր տնօրենը ինձ պիտի փնտրեր ու ասեր`  ո՞ւր է Գայանեն: Այ, այդ զգացողությունը իմ մեջ տեղում ձեւավորվեց, ու այդպես էլ եղավ: Ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ այդ դպրոցում ամեն մեկն իր անելիքն ու իր դաշտը ուներ: Հետո արդեն սկսվեց աշխատանքը, իհարկե սկզբում որպես ջոկատավար, բայց եւ շատ կարճ ժամանակ անց տնօրենը ինձ ժամեր տրամադրեց: Բայց ես ասեմ, որ դպրոցի ամեն մի անկյունում իրեն էի փնտրում, որովհետեւ ինձ համար դպրոցը տնօրենի մեջ էր…

- Հիշո՞ւմ եք, թե ինչ ապրումներ ունեցաք, երբ առաջին անգամ պետք է դասարան մտնեիք…

- Ես այդ օրը ողջ գիշեր չքնեցի, անհանգիստ էի, անընդհատ պատրաստվում էի, շատ լավ հիշում եմ. կանգնել էի հայելու առաջ ու պատկերացնում էի, թե ինչպես եմ անցկացնելու իմ առաջին դասը: Այդ պահին ես հիշեցի իմ հայոց լեզվի պատմության դասախոսին, որն ինձ ասում էր` երբ անելանելի վիճակի մեջ կգտնվես, ու կողքիդ չենք լինի ոչ ես, ոչ մայրդ, ապավինիր քեզ, քո ուժին ու խելքին, դու երբեք չես սխալվի: (Այդ պահին անչափ կարոտեցի նրան, ես կգնայի նրա մոտ, ու մենք կխոսեինք իրար հետ, նա ինձ խորհուրդներ կտար, իմ շատ սիրելի Էմմա Մկրտչյանը, որի հետ ես շատ մտերմացա ուսանողական տարիներին, եւ նա ինձ շատ բան տվեց…): Այդպես էլ արեցի. հիշեցի նրա խորհուրդը ու ասացի` լավ, ես հասկացա` ինչ պիտի անեմ, ու մտա դասարան: Բայց երբ ներս մտա, մոռացա, թե ինչ պիտի խոսեմ, որպեսզի լսարանը դառնա իմը, ես` իրենցը: Այդ օրերին ես կարդում էի Վարդգես Պետրոսյանի «Կրակի շապիկը» ու ակամայից սկսեցի խոսել հենց այդ գործի մասին, մոռացա իմ ծրագրային նյութը, որի համար հայելու առաջ այդքան տանջվել էի, աշխատանքային պլան էի գրել: Բայց մինչեւ դասի ավարտը ես խոսեցի «Կրակե շապիկից»… որից հետո ամբողջ դասարանը իմն էր, ես` իրենցը: Հետո մեր փոխտնօրենը` Սարգսյանը, ինձ պատմում է, որ դասարանի լռությունից կարծել են, թե երեխաները փախել են, ու ես էլ ամոթից մենակ նստել եմ դասարանում, սակայն դուռը կիսաբաց անելուց հետո համոզվել է, որ մենք հանգիստ դաս ենք անում, ու թողել-հեռացել է…

Այսօր մենք միասին աշխատում ենք, եւ ես նրան շատ հարգում ու սիրում եմ, ես նրանից էլ եմ շատ բան սովորել ու շնորհակալ եմ նաեւ իրեն: Խոստովանեմ, որ երբեք չեմ մտածել մանկավարժ դառնալու մասին, որովհետեւ ինձ միշտ ամուսինս ասում էր` պիտի աշխատես մի տեղ, որտեղ զավակներդ միշտ կողքիդ լինեն, եւ որ երբ ես գամ տուն դու պիտի տանը լինես ու ինձ դիմավորես: Եվ դա պիտի լինի կրթության ոլորտը, ու եթե ուզում ես աշխատել, հիշի այդ մասին ու որոշի:

- Կարծեմ, տասը տարուց ավելի դպրոցում աշխատելուց հետո Դուք մեկ ուրիշ դպրոցում դարձաք դպրոցի տնօրեն: Ինչպե՞ս եղավ այդ անցումը, եւ արդյոք տնօրենի աշխատանքը Ձեզ նույնքա՞ն հոգեհարազատ էր:

- Ես տնօրեն ընտրվեցի ռուսական դասարաններ ունեցող մի դպրոցում, որտեղ այդ տարիներին ուղղակի կատարյալ խառնաշփոթ էր. դպրոցը կիսված էր երեք բանակների, շատ բարդ մի դպրոց էր, որի ոդիսականը ամբողջ քաղաքը գիտեր, եւ ես պիտի դառնայի այդ դպրոցի տնօրենը: Սկզբում չցանկացա համաձայնել այդ որոշմանը, բայց հետո հասկացա, որ դա քմահաճույք չէ, եւ եթե այդպես է պետք, ուրեմն այդպես էլ պետք է լինի:

Այդ դպրոցում ինձ շատ վատ ընդունեցին, շատ քիչ աչքեր տեսա, որոնք ինձ սպասում էին, նրանք հիմնականում կուզենային, որ հատկապես ես չլինեի, ես տեսա այդ չկամ աչքերը: Հիշում եմ, թե ինչքան հուզվեցի այդ օրը, մտածում էի` արդյոք կկարողանա՞մ այդ կոլեկտիվին հավաքել իմ շուրջը: Բայց այս փուլն էլ հաղթահարեցի եւ հաջորդ օրը գնալով դպրոց` փորձեցի մեկ առ մեկ բոլորին լսել ու խոսել: Շատ լավ հիշում եմ նաեւ, որ նախկին տնօրենը, որն այդ դպրոցում շարունակում էր ուսուցիչ աշխատել, ոչ իր աշխատասենյակը տրամադրեց ինձ, ոչ դպրոցի կնիքը, ոչ մատյանը, ոչ մի բան, եւ ես ստիպված նստում էի ուսմասվարի աշխատասենյակում, մինչեւ որ ամեն բան իր տեղը կընկներ: Բայց, փառք Աստծո, այդ ընթացքում ամեն բան կարծես թե սկսեց իր հունով գնալ, եւ այս դեպքում էլ ամեն ինչ ստացվեց. ես դպրոցը սիրեցի, դպրոցը` ինձ: Ես իմ աշխատանքային տարիների ընթացքում հասկացա, որ դպրոցն ինքն է որոշում, թե ով է իրենը: Դպրոցն իրոք ինքն է ընտրում, թե ով է իրեն պետք, թող որեւէ մեկը չասի` ես դպրոց ընտրեցի:

Շատ կուզենայի այս տարիներին եղած դժվարությունները հաղթահարելու գործում հիշատակել իմ սիրելի տատիկին, որի պատգամները միշտ ինձ հետ են: Այնքան է մեջս տպավորվել, թե ինչքան նամակներ էինք գրում իրար ու ամռանը հանդիպելիս դրանք կարդում ու քննարկում: Նա շատ խելացի կին էր. խոսում էր մաքուր ռուսերեն, ադրբեջաներեն, ես միշտ նրան ասում էի` տատի, ադրբեջաներենի ու թուրքերենի միջեւ ի՞նչ տարբերություն կա, տատիկս էլ Գորիսի բարբառով ասում էր. «մինա»` երկուսն էլ մեկ են: Տատիկս ապրում էր հենց ադրբեջանական գյուղի հարեւանությամբ ու նրանց հետ էլ ընկերություն էր անում, բայց միշտ իշխում էր նրանց, ոնց էր իշխում, չեք պատկերացնի, ոնց էր ինձ դուր գալիս, որ ադրբեջանցիներին ինքը օգնում էր ու միշտ ցույց էր տալիս, որ ինքն է օգնողը, եւ որ հայը իր տեսակով հաց տվող է… Իսկ ընդհանրապես տատիկիս կարգախոսն էր` մարդը իր մեջ պետք է ուժ գտնի ամեն բան հաղթահարելու ու առաջ անցնի:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԻՆՔՆ Է ԾՆՈՒՄ ՏՎՅԱԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

- Տիկին Սողոմոնյան, կրթության ոլորտում բոլոր էտապները անցնելուց ու հաղթահարելուց հետո այսօր բավականին լուրջ կառույց եք ղեկավարում` քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը: Եվ հիմա, երբ Դուք խորքից արդեն գիտեք ոլորտի բացերն ու խնդիրները, կարողանո՞ւմ եք այս դեպքում նույնպես գործերը «աջ» գցել, եւ բացի այդ` հետաքրքիր է, թե Գայանե Սողոմոնյանը, ով նույնպես «ստաժավոր» տնօրեն է եղել, ինչպե՞ս է հարաբերվում այսօրվա դպրոցի տնօրենների հետ:

- Ինձ համար ամենապարտավորեցնող հարցը դպրոցն է, քանի որ դպրոցը ինձ համար իմ զավակն է: Դպրոց ասելով, ես ի նկատի ունեմ եւ ուսուցիչ, եւ ծնող, եւ աշակերտ, եւ հայրենիք, եւ պետություն: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ինքն է ծնում տվյալ իրավիճակը, եւ ինքն է մեղավորը ամեն ինչի: Իսկ իրավիճակի ստեղծողը մարդն է` ոլորտի պատասխանատուն, ոլորտում գործող կերպարները: Այնպես որ, դպրոցը գնահատելու համար նախ պետք է գնահատել այն հասարակությանը, որտեղ դու ապրում ես: Եվ այն, որ այսօր պետությունը ազգային դպրոցի կողքին է, եւ որ ամեն ինչ անում ենք կատարյալ դպրոց ունենալու համար, դա նույնպես փաստ է: Հայաստան պետությունը կրթության ոլորտում պիտի քայլի համաշխարհային կրթության հետ: Նա ոչնչով չպիտի ետ մնա, բայց այդ ետ չմնալու մեջ մենք պիտի մտածենք` չանտեսել ազգայինը, հաշվի առնել ազգային մենթալիտետը, ազգային արժեքները եւ կուրորեն չընդունել այն, ինչ կա Եվրոպայում: Եվրոպան մնում է Եվրոպա, եւ ինքը հավատարիմ է իր արժեքներին: Հայոց երկիր ենք, մենք առաջընթաց պետք է ունենանք` հենվելով մեր ազգային արժեքների վրա:

- Տիկին Սողոմոնյան, այսօր այդ բարեփոխումների շրջանակներում ստեղծվեց նաեւ ավագ-հիմնական դպրոց ասվածը: Որքանո՞վ էր խիստ անհրաժեշտ այդ դպրոցների ստեղծումը, մանավանդ, որ այդ առթիվ դժգոհությունների ալիքը բավականին մեծ էր:

- Մենք հրաշալի գիտենք մեր թերությունները, դրանք անխուսափելի էին. չէ՞ որ չես կարող ասել, որ նոր ծնված մարդը կարող է միանգամից քայլ գցել: Պետք է ուղղակի քաջություն ունենալ` թերությունը տեսնելու եւ այն շտկելու: Այսօր մենք կատարյալ ավագ դպրոց չունենք, բայց այսօր մեր պետությունը կրթության ոլորտում այնպիսի ռազմավարություն է մշակում, որ մենք ապագայում կհասնենք նաեւ կատարյալի…

- Կոնկրետ այս դեպքում եւ ծնողը, եւ դպրոցի տնօրենը, պետություն ասելով, առաջնահերթ սլաքն ուղղում են քաղաքապետարանին` ի դեմս Ձեզ: Նման իրավիճակներում ինչպե՞ս եք կողմնորոշվում, եւ առիթից օգտվելով` ճշտենք, թե նոր քաղաքապետի` Կարեն Կարապետյանի հետ ինչպե՞ս է ստացվում համատեղ աշխատանքը:

- Չեք պատկերացնի, թե ինչքան լավ գիտեմ դպրոցը: Այսինքն` իմ առջեւ նստած տնօրենը շատ լավ գիտի, որ ես լավ գիտեմ դպրոցը, եւ հենց դրա մեջ է իմ kin1հաջողությունը: Այսինքն` տնօրենների հետ իմ շփումը անկեղծ հարաբերությունների դաշտում է, որովհետեւ ես ինքս էլ այդ տան անդամ եմ…

Իսկ ինչ վերաբերում է վարչության պետ-քաղաքապետ համատեղ աշխատանքին, նախ պիտի ասեմ, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը շատ է կարեւորում կրթության ոլորտը, եւ ինքն էլ շատ զարգացած, շատ կիրթ եւ բանիմաց անձնավորություն է, եւ ես շնորհակալ եմ, որ ինքն ինձ վստահում է: Երբ դու տեսնում ես քո ղեկավարի վստահությունը քո անձի նկատմամբ, դու կաշկանդված չես. դու քեզ արդեն տեսնում ես քո գործին լիարժեք պատասխանատու մարդ:

Բավական է նա լսի պրոբլեմ բառը, վայրկենական դրան արձագանքում է: Իսկ առհասարակ, ցանկացած խնդրի լուծման պարագայում երբեք չի սիրում պարտադրել եւ վերջում էլի լուծման տարբերակները թողնում է, որ մենք ընտրենք` վստահ լինելով, որ այդ որոշումները կլինեն ճիշտ եւ արդարացի:

- Խոսենք Գայանե Սողոմոնյանի ընտանիքի մասին եւ վերջապես ասենք, որ Դուք կին եք, որը եւ իշխանության մեջ է, եւ հետն էլ իշխանավորի կողքին է, այն էլ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի… Ձեզ համար իրավիճակը կրկնակի բարդ չէ՞, եւ մի անհամեստ հարց. ինչքանո՞վ եք կարողանում պրն Զաքարյանի «վերահսկողությունից» դուրս մնալ:

- Այդ մասին շատ հաճախ չեմ խոսում, բայց դա իմ մեջ շատ վաղուց կա: Դե, Իշխանի պահանջները շատ-շատ են… անկեղծ պիտի ասեմ, որ մեկ-մեկ զավակներս են տուժում, թեեւ հիմա փորձում եմ ժամանակի մեջ տեղավորվել: Այս պահին էլի հիշեցի տատիկիս խոսքերը. «Դրսից որ գալիս ես, շապիկդ հանիր թող դրսում, հետո տան շապիկդ հագիր»:

- Իսկ աշխատանքից ուշ վերադառնալու դեպքում պրն Զաքարյանի հետ տարաձայնություններ չե՞ք ունենում:

- Գիտեք, մինչ այսօր զարմանալի ամոթ ունեմ իմ մեջ (երեխայի նման) երբ ինչ-որ բան չեմ հասցնում անել ու կիսատ եմ թողնում: Բայց մեկ-մեկ երբ մի քիչ ուշ եմ տուն հասնում, սկսում եմ Իշխանի մոտ արդարանալ, բայց նա միանգամից դեմքի ժպիտով փոխում է այդ վիճակը…

Նա գիտի, թե իմ մեջ ինչքան ծարավ կար այս ոլորտում գործ անելու համար, եւ ես իրոք նրան շնորհակալ եմ, որ ինձ երբեք չխանգարեց: Ես իրոք սիրում եմ իմ ոլորտը, դա իմ կյանքն է` իմ ընտանիքից հետո: Բայց նաեւ ես հասկացա, որ որոշ բաներ պիտի համակարգված անեմ, որտեղ ինձ օգնեց իմ կոլեկտիվը, քանի որ նրանք շատ լավ հասկացան ինձ հետ աշխատելու ռիթմը: Ես ռիթմիկ մարդ եմ ու սիրում եմ ամեն բան ճիշտ ժամանակին անել:

ՊՐՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ  ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ԿԵՐԱԿՈՒՐԸ, ՆԱՊԱՍՏԱԿԻ ՉԱԽՈԲԻԼԻՆ Է

- Իսկ ժամանակ գտնո՞ւմ եք Ձեր ձեռքով պրն Զաքարյանի համար որեւէ ուտեստ պատրաստել:

- Անպայման: Պրն Զաքարյանի տարերքը որսն է, եւ իր ամենասիրած կերակուրը, երբ դա ես եմ պատրաստում, նապաստակի չախոբիլին է. եթե նրա արած որսի մեջ նապաստակ կա, ուրեմն պետք է այդ ուտեստը պատրաստեմ: Իրենք ընկերներով ավանդույթ ունեն. միասին որսի են գնում եւ այդ որսի միսը ուտում են: Բայց ընդհանրապես ասեմ, որ ես եմ պատրաստում իմ տան կերակուրը, ինձ տնային մյուս աշխատանքներում, իհարկե, օգնում են, բայց իմ տան կերակուրը միշտ ես պիտի պատրաստեմ, որովհետեւ երեխաներս դա պահանջում են: Պարզապես միայն կիրակի օրերին է, որ բոլորս միասին ենք ճաշում, քանի որ շաբաթվա մյուս օրերին տարբեր ժամերի ենք տուն վերադառնում: Բայց եւ շաբաթ առավոտյան, եւ կիրակին ամբողջ օրը միասին ենք անցկացնում: Կիրակի օրերը տոն է մեզ համար, որովհետեւ մենք միասին ենք ու վայելում ենք ամեն ինչ` առավոտից մինչեւ երեկո: Բայց մի գաղտնիք էլ բացեմ. կիրակի առավոտյան Իշխանի ձեռքով լոլիկով ձվածեղ ենք ուտում, քանի որ դա էլ իր մենաշնորհն է:

- Քանի՞սն են Գայանե Սողոմոնյանի ու Իշխան Զաքարյանի միասնությունից ծնված զավակները:

- Մեր զավակները երեքն են` երկու աղջիկ, մեկ տղա:

- Իսկ հասցրե՞լ եք արդեն խնամիներ ունենալ:

- Երկու խնամիներ ունենք. ավագ խնամիներիս հետ բարեկամությունը արդեն երկար տարիների կյանք ունի, եւ փառք Աստծո, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, իսկ երկրորդ խնամիների հետ նոր ենք բարեկամանում, մտավորականների ընտանիք են, ընտանիքի մայրը մանկավարժ է, շատ անկեղծ ու ազնիվ կին է, եւ այդ ազնվությունը ինձ շատ է գրավում: (Ես իմ աղջկան մամային եմ տալիս):

Այնպես որ` երկու դեպքում էլ մեր բախտը բերել է, քանի որ լավ մարդկանց հետ ենք բարեկամություն անում:

- Ասում են` Ձեր տղայի նկատմամբ հատկապես պրն Զաքարյանը շատ խիստ է, եւ նրա բոլոր քայլերը «վերահսկվում» են…

- Ես ուղղակի մեկ բառով կարող եմ ասել` նա իր հոր տղան է…

- Տիկին Սողոմոնյան, հիմա Ձեզ ընկալում են որպես Իշխան Զաքարյանի կի՞ն, թե՞ որպես Գայանե Սողոմոնյան:

- Ինչքան էլ որ ես իմ ոլորտին լավ տիրապետեմ, անկեղծ ասած, ես հպարտությամբ եմ կրում այդ տիտղոսը` Իշխան Զաքարյանի կինը… Մեծ բարդույթ է առաջացնում հենց այդ տիտղոսը, որովհետեւ տարիներ առաջ, միայն Իշխան Զաքարյանի կին լինելը ավելի հեշտ էր, քան պաշտոն զբաղեցնել` լինելով Զաքարյանի կինը:


ՍԻՐՈՒՄ Է ՆԱՄԱԿԱՆԻԻ ԺԱՆՐԸ

kin3- Գործից դուրս ի՞նչն է թագավորում Գայանե Սողոմոնյանի հոգեւոր աշխարհում:

- Ես իսկապես ապրում եմ իմ աշխարհով. այնտեղ թագավորում են ազնվությունը, պոեզիան, ռոմանտիկան, սերը եւ հավատարմությունը:

- Գրողներից  ո՞ւմ եք շատ սիրում եւ կարդում:

- Գիտեք, տարբեր տրամադրությունների ժամանակ տարբեր գրողների եմ կարդում, բայց շատ եմ սիրում Նարեկացի, Նարեկացին իմ ուղեկիցն է. իմ զավակների գրասեղանին նույնպես միշտ Նարեկացի է դրված: Իսկ այս պահին ես մի գիտական աշխատանք եմ ուսումնասիրում, ուր շատ լավ ներկայացված է է մարդու եւ տիեզերքի գերբնական կապի մասին: Դա շատ բարդ ու զարմանալի աշխարհ է, արդեն չորրորդ հատորն եմ կարդում, բայց երբ հանգստանալու եմ գնում, սիրում եմ կարդալ հայ եւ համաշխարհային դասականների անձնական նամակները, առանձնակի ջերմությամբ եմ կարդում Չապլինի նամակը` ուղղված իր դստերը` Ջերալդինային:

- Տիկին Սողոմոնյան, իսկապես որ նամակագրությունը Ձեր հոգուն շատ հոգեհարազատ է: Իսկ պրն Զաքարյանի հետ նամակագրության մեջ եղե՞լ եք:

- Մենք շատ հետաքրքիր նամակ ունենք, եւ առաջին նամակը, որ ստացա, պատմեմ, թե ինչպես եղավ: Առաջին անգամ երբ գնացի իմ ընկերուհու լսարան (ի դեպ, Իշխանը իմ ընկերուհու կուրսեցին էր), զանգը հնչելուն պես` նստեցի այդ լսարանում ու առաջին նամակը ստացա Զաքարյանից... որը մենք միշտ կարդում  ու ծիծաղում  ենք: Նամակներ շատ եմ սիրում կարդալ եւ գրել:

- Տիկին Սողոմոնյան, տեղյակ եմ, որ Դուք դաշնամուր շատ լավ եք նվագում:

- Այո, ճիշտ գիտեք, ես շատ եմ սիրում նվագել հայկական եւ ռուսական ռոմանսներ, շատ հաճախ եմ սիրում նվագել, որովհետեւ իմ գործիքը իմ ընկերն է: Գիտեք, իմ բնակարանում արտաքինից ամենաանշուք իրը իմ գործիքն է, որը ես ինձ հետ միշտ տանում եմ: Երբ մեր նախկին բնակարանից տեղափոխվեցինք, ես խնդրեցի իմ ընտանիքի անդամներին, որ իմ հին գործիքն էլ տեղափոխեն ու նորը չգնեն: Հին ընկերներին չեն փոխում, նա իմ հարազատն է, նա իմ կողքին պիտի լինի այնքան ժամանակ, ինչքան որ ես կամ…

- Տիկին Սողոմոնյան, իսկ ինչպե՞ս է ստացվում Ձեր շփումը քաղաքական էլիտայի կանանց հետ:

- Իհարկե, շատ հաճախ ենք շփվում, հետաքրքիր կանայք են, եւ մեր շփումը, կարծում եմ, ստացվում է:

- Իսկ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

- Առաջին տիկնոջ հետ ես շփվում եմ որպես առաջին տիկին եւ պետք է ասեմ, որ նա շատ բարի ու հետաքրքիր անձնավորություն է: Հրաշալի արվեստ գիտի, եւ իր հետ շփումը ե՛ւ հպարտություն է ինձ համար, ե՛ւ ուսանելի դասեր: Զարմանալի անձնավորություն է, նրա բարությունը, մարդու նկատմամբ պատասխանատվությունը, հոգատարությունը, նվիրումը սահմաններ չունեն:

- Չմոռանանք խոսել Ձեր զգեստապահարանի մասին: Ձեր հագուստները պետք է անպայման բրենդայի՞ն լինեն, թե՞…

- Ասեմ, որ կլասիկ ոճն եմ սիրում, իսկ այդ ոճի մեջ շատ հագուստներ «Էսկադան», եւ «Արմանին» ունեն, եւ ես այդ բրենդներից օգտվում եմ: Բայց ես շատ հանգիստ կարող եմ կրել ոչ բրենդային հագուստ, որն ինձ շատ կսազի եւ իմը կլինի: Ես չեմ ընկնի նրա ետեւից, որ հագուստը բրենդային չէ. ես առաջին հերթին մտածում եմ, որ ես գեղեցիկ, հաճելի ու ներկայանալի լինեմ: Թեեւ իմ զավակների պահանջով ես շատ դեպքերում նաեւ ազատ ոճի մեջ եմ լինում ու, անկեղծ ասած, ինձ ամենեւին վատ չեմ զգում:

- Իսկ Իշխան Զաքարյանի կինը սպորտով զբաղվել սիրո՞ւմ է:

- Շատ եմ սիրում, նամանավանդ, որ Իշխանը մեր ընտանիքին շատ կապեց սպորտի հետ, որը մեզ համար դարձել է կենցաղ, մենք պարբերաբար ընտանիքով սպորտով ենք զբաղվում, միայն մի բանից ես վախեցա` այդպես էլ դահուկ քշել չսովորեցի, բայց, ինչ խոսք, ընտանիքս շատ ակտիվ է սպորտի առումով, եւ այլ կերպ լինել չէր էլ կարող:

Հանդիպումը`

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում