altՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ շարունակում է քաղաքական ուժերի թիվ մեկ քննարկման առարկան մնալ:

Առավել հետաքրքրական են ԲՀԿ-ական պատգամավորների հակասական կարծիքները, հատկապես այն դեպքում, երբ ի սկզբանե ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելով` մեծ ջերմությամբ շեշտել էր դրանց կարեւորությունն ու բերել մի շարք հիմնավորումներ: Սակայն «  Զարուհու» հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց.


-Մենք համապարփակ տեղեկատվություն չունենք, թե ինչ է տալու Մաքսային միության անդամակցումը եւ չգիտենք, թե ինչու այսպես տխուր վախճան ունեցավ Եվրոպական միության հետ այս գործընթացը: Երբ այդ երկու գործընթացների վերաբերյալ մեզ տրամադրվի համապարփակ տեղեկատվություն, այդ ժամանակ էլ մեր դիրքորոշումը կլինի ավելի հստակ:


- Տիկին Զոհրաբյան, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ գործընկերների բավական կոշտ արձագանքներին` վերոնշյալ գործընթացների հետ կապված:
- Կարծում եմ` միանշանակ համարժեք է, որովհետեւ մի գործընկերոջ հետ 4 տարի ամենօրյա ռեժիմով բանակցություն ես վարում` բացարձակապես այլ տնտեսական ռեժիմին միանալու վերաբերյալ ու 4 րոպեում 180 աստիճանի շրջադարձ է կատարվում: Ինձ համար` որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, եվրոպացի մեր գործընկերների արձագանքը հասկանալի է: Բայց կրկնում եմ` խմբակցությունը դեռեւս հարցը կքննարկի այն ժամանակ, երբ կունենանք համապարփակ տեղեկատվություն:


- Բայց չէ՞ որ արդեն իսկ պարոն Ծառուկյանն իր դրական դիրքորոշումը հայտնել է այս ամենի վերաբերյալ:
- ԲՀԿ առաջնորդը խոսել է Ռուսաստանի` որպես մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների մասին: Միգուցե, Մաքսային միությունը շատ ավելի բարենպաստ տնտեսական ռեժիմ է  Հայաստանի համար, բայց սա այն դեպքն է, երբ «միգուցե»-ներով, «ենթադրություն»-ներով չպիտի առաջնորդվել: Այս խնդրում պետք էր մինչեւ քաղաքական որոշում կայացնելը քաղաքական ուժերի հետ տարվեր քաղաքական կոնսուլտացիա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ