alt«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է իր կուսազրկման աչքալուսանքը, իրար ետեւից հրավիրելով մամլո ասուլիսներ:

Չնայած նրան, որ այսօրվա ասուլիսը վերաբերում էր «Փակ շուկայի» շուրջ ծավալվող հարցերին, այնուամենայնիվ  Ա. Զախարյանը բաց սրտով մի լավ անկեղծացավ սեփական «կույսակցության» գաղափարախոսության մասին, միեւնույն ժամանակ  այդպես էլ չըմբռնելով «Իրավունքի» հնչեցրած հարցի էությունը: Թե ինչո՞վ է պայմանավորված, որ տվյալ կուսակցությունն իր առաջին քայլերը սկսեց սեքսուալ  պոռտկումներով ճշտեցինք բանախոսից.

-«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը ունենալով 207 անդամ, այսօր բավական լուրջ է տրամադրված արդի խնդիրների առաջ: Մեր կուսակցությունը հանդիսանալու է այն այլընտրանքը այսօրվա իշխող կուսակցությանն ու կառավարությանը, այն ներկայացնելու է հակակշիռ տնտեսական, կրթական, մշակութային եւ մի շարք այլ ծրագրերի:

-Դուք իմ հարցը երեւի չընկալեցիք, ինչո՞վ էր պայմանավորված նման քայլը:

-Դուք բոլորդ գիտեք, որ այդ ասուլիսը նվիրված էր Կոմիտաս հինգի իրադարձություններին: Զրույցը, ինչպես տեսնում ենք, բազմաբեվեռ է եւ կարող է անցում կատարվի մի թեմայից մյուսը: Այսօր հայ աղջկա ճակատագիրն ինձ մտահոգում է, բացելով faceboօk-ը, շփվելով մարդկանց հետ տեսնում եմ, թե ինչպես են վարկաբեկում հայ աղջկան: Վերջապես փոխանակ հայ տղան արժեվորի հայ աղջկան, եթե անգամ նա ինչ-որ չափով շեղվել է, ու բերի ավելի գեղեցիկ դաշտ, անում է հակառակը:

-Արդյո՞ք կարելի է սեփական օրինակի վրա անկողնային հարաբերությունների թեման քննարկել ասուլիսի ժամանակ:

-Ես ոչ թե անկողինն եմ քննարկել, այլ խոսել եմ սեռական կյանքի կուլտուրայի մասին: Քաղաքակիրթ երկրների դպրոցներում դասավանդում են սեռական կյանքի կուլտուրա, անգամ 8-րդ դասարանի անատոմիայի դասագրքերում է գրված այդ մասին: Ներթափանցեք ընտանիքներ ու տեսեք թե ինչ է կատարվում, հայ կինն ու տղամարդը իրենց տգիտության պատճառով ինչ առողջական խնդիրների առաջ են կանգնում ու հասկացեք, թե որքան խնդիր կա:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հ.Գ. Այսքանից հետո մնում է միայն քաջառողջություն եւ համբերություն մաղթել քաղաքական դաշտում իրականում լուրջ գործունեություն ծավալող գործիչներին, նոր «ձեռքբերման» հետ կապված: