livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

karineԽստապահանջ, լարված, ինչպես նաեւ պատասխանատու աշխատանքային մթնոլորտում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆՆ իր նրբագեղությամբ եւ կանացիությամբ միշտ էլ աչքի է ընկել: Ոչ միայն արվեստի գործիչների, այլ նաեւ Ազգային ժողովում` ընդդիմադիր եւ իշխանամետ թեւի ներկայացուցիչների կողմից, հարգանք եւ պատիվ վայելող խորհրդավոր կինը, կարծես գաղտնիք է շատերի համար: Կանացի կերպարի, առողջ, ամուր ընտանիքի ստեղծման ու պահպանման մասին, զրուցեցինք շատերի կողմից իդելական կնոջ կերպար համարվող կին պատգամավորի հետ:

 

-Տիկին Աճեմյան, արդյո՞ք պարադոքս չկա կինն ընտանիքում կամ կին քաղաքական գործիչ կերպարների մեջ:

- Ժամանակի ընթացքում մենք նկատում ենք փոփոխություններ եւ դրանք, իմ կարծիքով, ավելի դրական են, քանի որ այսօր հասարակության մեջ ընկալվում է կին քաղաքական գործիչը, գործարար կինը եւ այլ բարձր դիրքերում գտնվող կանայք: Այս ամենի հետ մեկտեղ շատ կարեւոր է պահպանել հայ ընտանիքը, որովհետեւ հայ կինն ունի մեծ առաքելություն: Անձամբ ես կանանց դերակատարությունը շատ եմ կարեւորում: Հիմա խոսում են, այն մասին, որ շատ մեծ խեղաթյուրումներ եւ բացասական երեւույթներ կան մեր երկրում, հասարակությունում, սակայն, դրանց հիմնական պատճառը պետք է փնտրել ընտանիքում ու, հատկապես, մոր մեջ: Եթե մայը գրագետ է, եթե խելացի է, եթե ճիշտ է դաստիարակում իր երեխային, ապա այդ երեխան վաղը հասարակությունում որպես խնդիր չի դիտարկվի: Չանտեսելով ե՛ւ դպրոցի, ե՛ւ հասարակության դերակատարությունը, ամենաշատը կարեւորում եմ կնոջ դերակատարությունը հայ ընտանիքում:

- Իսկ արդյո՞ք աշխատանքը, չի փոխում կնոջը: Չէ որ ասում են՝ աշխատանքային եռուզեռի մեջ կանայք հիմանակնում կորցնում են իրենց կանացի փայլը:

- Այո, կանայք կարող են լավ աշխատել Ազգային ժողովում, հարցեր քննարկել, քաղաքականությամբ զբաղվել, բայց դա չպետք է իրենց կանացիությունը, որը բնության կողմից ի սկզբանե տրված է, փոխի: Երբե՛ք չի կարելի փոխվել, երբե՛ք չի կարելի տղամարդկանց հաշվին կառուցել կարիերա եւ այլ հարցեր լուծել: Ինքս ինձ համարում եմ ազատամիտ եւ քայլում եմ ժամանակին համընթաց: Ես այն մարդկանցից եմ, ով չի սիրում երբեք ետ նայել: Միշտ պետք է առաջ նայել, այդ իսկ պատճառով շատ եմ սիրում շփվել երիտասարդության հետ: Ինձ դուր են գալիս այն աղջիկները, ովքեր նպատակասլաց են, ովքեր իրենց աշխատանքում ցանկանում են հաջողություններ ունենալ: Պետք է նշեմ, որ երիտասարդ տարիքում ես էլ եմ այդպիսին եղել: Աշխատանքում հաջողությունների հասնելու հետ մեկտեղ, մարդ պետք է կարողանա կյանքը կառուցել այնպես, որ ունենա նաեւ առողջ ընտանիք եւ երեխաներ: Ամեն ինչ պետք է հանգիստ ու առողջ լինի, որովհետեւ այդ առողջ ընտանիքն է, որը մեր երկիրը հզորացնում ու առաջ է տանում: Անկախ նրանից, թե ինչ պաշտոնի է կինը, նա միշտ պետք է չմոռանա, որ առաջին հերթին կին է եւ ընտանիքի մայր:

- Իսկ առողջ ընտանիք կազմելու գործում, ի՞նչ դերակատարություն ունի տղամարդը:

- Միշտ ասել եմ, որ չեմ համեմատում տղամարդուն ու կնոջը: Միշտ ասել եմ, որ կինն ու տղամարդը միշտ իրար լրացնում են, որովհետեւ բնությունն է տարբեր՝ ե՛ւ կնոջ, ե՛ւ տղամարդու: Ամենակարեւոր վայրը, որտեղ իրենք իրար լրացնում են ընտանիքն է: Եթե դու որոշում ես կյանքդ կապել մի մարդու հետ, ապա պետք է կարողանաս նրան օգնել, ես դա ասում եմ թե՛ տղամարդու, թե՛ կնոջ տեսանկյունից: Ընտանիքը շատ ավելի ամուր է լինում, երբ կա սեր, հարգանք եւ մեկը մյուսին օգնելու պատրաստակամություն, որը շատ կարեւորում եմ:

- Այսօր բաժանությունների թիվը գնալով աճում է, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

karine2- Դեպքերն, իհարկե, տարբեր են լինում: Հիմա ես շատ եմ լսում, երբ ամուսնալուծությունից հետո շատ երեխաներ մնում են հոր մոտ, այսինքն՝ կինը պատասխանատվությունից է խուսափում: Փաստորեն, որոշ առումով փոխվել է նաեւ կնոջ վերաբերմունքը: Նմանօրինակ դեպքեր առաջներում չեն եղել: Կարծում եմ, բաժանությունների հիմնական պատճառներից մեկը, վատ օրինակն է: Գաղտնիք չէ, որ աղջիկն ինչպիսի հարաբերություններ տեսնում է ընտանիքում, ինչպիսի տղամարդու կերպար լինում է տանը, հենց այդպիսի տղամարդ էլ ձգտում է ունենալ իր կյանքում: Գտնում եմ՝ պատասխանատվությունն է պակասել հայ ընտանիքում: Ընտանիքի կազմավորման մեջ մեծ տեղ ունեն նաեւ զգացմունքները. եթե մարդ սիրում է, ապա շատ բաներ կարող է նաեւ չնկատել կամ ուղղակի անտեսել: Մարդն անթերի չէ, լինում են թերություններ, բայց հենց այդ միասնական կյանքի ընթացքում է, որ լուծվում են դրանք, իսկ հարցի լուծման համար նախ կինը պետք է շատ ավելի խոհեմ եւ իմաստուն լինի: Տղամարդիկ շատ պարզ են եւ քնքշության ու սիրո կարիք ունեն: Դա է պատճառը, որ միշտ ասում եմ՝ սիրեք ձեր տղամարդկանց ու տասնապատիկը կվերադառնա ձեզ: Առողջ ընտանիքի հիմքը` զգացմունքն է, հարգանքը ու պատասխանատվությունը:

- Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է Կարինե Աճեմյանը տանը, ընտանեկան միջավայրում:

- Երիտասարդ տարիներից միշտ ակտիվ աշխատել եմ, հետագայում, երբ ընտանիք կազմեցինք եւ երեխաս մեծացավ, միեւնույն է, շարունակվեց այդ ակտիվությունը: Դա երբեք չի խանգարել իմ կանացի կերպարին, տանս գործերը երբեք այլ մարդիկ չեն արել, նույնիսկ այն դեպքում, երբ ամուսինս պատրաստակամ է եղել օգնել ինձ որոշ հարցերում, սակայն, աշխատել եմ տնային գործ իր վրա չբարդել: Երբ կինը ճիշտ է կազմակերպում առօրյան, ամեն ինչ կարող է հասցնել, դրանում համոզված եմ: Երբ տանը ինչ-որ գործ եմ անում, այդ գործի շնորհիվ ես նաեւ հանգստանում եմ այլ միջավայրից: Կինը պետք է սիրի իր տունը, եւ այն ամենն ինչն ինքն է ստեղծել: 

- Իսկ ընտանեկան ջերմ միջավայրից հետո, դժվար չէ՞ մտնել Ազգային ժողով:

- Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ շատ եմ սիրում Ազգային ժողովում իմ աշխատանքը եւ դժվարություններով հանդերձ, միեւնույն է, այն շատ հետաքրքիր է: Կան բազում մարդիկ, ում հետ շփվում եմ, հետո նրանք զանգում ու շնորհակալություն են հայտնում այս կամ այլ առիթով, որ իրենց օգնել եմ, բայց ես երբեք չեմ կենտրոնանում դրա վրա: Աշխատանքը շատ մեծ է եւ դրա մասին անգամ հնարավոր չէ պատմել, որովհետեւ բացի օրենսդրական աշխատանքից, դու անընդհատ շփման մեջ ես հասարակության հետ:

  - Կարին Աճեմյանը, թո՞ւյլ, թե՞ ուժեղ անհատականություն է:

- Քանի որ իմ կյանքը սկսվել է արվեստով, զգացմունքային մարդ եմ: Ինձ համար ընդհանրապես ընդունելի չէ, երբ մարդիկ հեշտությամբ իրար վիրավորում են: Կարծում եմ, որ բարեկիրթ մարդը պետք է հեռու լինի դրանից, նույնիսկ վիրավորանքին պատասխանելն է ինձ համար դժվար: Բայց, դա դեռեւս չի նշանակում, որ թույլ մարդ եմ, այլ՝ ընդհակառակը: Ինձ համարում եմ շատ ուժեղ մարդ եւ բարեկիրթ շրջապատիս հետ: Երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ՝ շատ հարցերում ուղեղով եմ առաջնորդվում, զգացմունքներս մղելով ետին պլան, որովհետեւ քաղաքականությունը դա էմոցյաների դաշտ չէ, այսինքն՝ դու պետք է կարողանաս քեզ կառավարել: Այն մարդը, որը իրեն լավ է կառավարում այս կյանքում, շատ բան կարող է անել: Ազգային ժողովում շատ կարեւոր է կոլեգաների հետ շփումը՝ լիցքեր հաղորդելու եւ ստանալու առումով: Շատ կցանկանայի, որ այդ լիցքերը աշխատանքում լինեն շատ ավելի դրական, այդ դեպքում, բոլորս շատ ավելի արդյունավետ կաշխատենք:

- Ժամանակը հերիքո՞ւմ է, որպեսզի շփվեք նաեւ ընկերների եւ հարազատների հետ:

karine1- Ինչպես տան անդամների, հազատներիս, այնպես էլ կոլեգաներիս հետ հնարավորինս շփվում եմ եւ անց եմ կացնում հետաքրքիր ժամանակ: Իմ հարազատներն ավելի շատ դրսում են, բայց ունեմ ընկեր-կոլեգաներ, որոնց հետ շփվում եմ շատ մեծ հաճույքով: Իսկ, եթե լինում է ազատ ժամանակ, շատ եմ սիրում փոխել միջավայրս: Երբ մարդ այլ միջավայրում է, նրան այլ մարդիկ են շրջապատում, որոնք, իսկապես, քեզ սիրում են, քեզ հետ հաճույքով են շփվում եւ դու դրանից միայն լավ լիցքեր ես ստանում, ինչը, ցավոք սրտի, այսօրվա մեր կյանքում շատ բարդ է ու դժվար: Անձամբ ես աշխատում եմ բացասական էներգիայով մարդկանցից ինչքան հնարավոր է հեռու մնալ եւ որքան հնարավոր է շատ շփվել դրական էներգիայով մարդկանց հետ: Շատ եմ սիրում նաեւ նվագել, դա ուրիշ աշխարհ է, որը միշտ ինձ հետ է:  Ես եւ ամուսինս ազատ ժամանակն անց ենք կացնում լավ ֆիլմ դիտելով, որը, ի դեպ, հիմա դժվար է գտնել: Ֆիլմը դիտելուց հետա այն պարտադիր պետք է քննարկենք, իսկ հարազատներիս հետ ուղղակի սիրում եմ շփվել, թեկուզ թեյի, սուրճի կամ որեւէ այլ սեղանի շուրջ:

Ի՞նչ կմաղթեք հայուհիներին:

- Բոլոր կանանց ցանկանում եմ, որ իրենց կողքին լինի այնպիսի տղամարդ, որը ոչ թե զայրանում է, այլ ամեն օրը տոն է դարձնում կնոջ համար եւ դա ամբողջ տարվա ընթացքում: Տոն ամուսիններն էլ կարող են ստեղծել ու ամեն օր, իսկ կանայք այդ տոնը կարող են դարձնել իրական եւ գեղեցիկ կամ էլ ճիշտ հակառակը: Ուզում եմ ցանկանալ, որ բոլոր կանայք միշտ լինեն ուշադրության կենտրոնում, միշտ լինեն սիրված, որովհետեւ այդպիսի կանայք երբեք չար չեն լինում: Թող միշտ զբաղվեն այն աշխատանքով, որը շատ սիրում են, տեսնեն արդյունքները եւ որ, ամենակարեւորն է, երջանիկ լինեն իրենց ընտանիքներում:

Զրույցը՝ ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում