livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

naxdalyanԿինը քաղաքականության մեջ խորագրի ներքո ընթերցողին ենք ներկայացնում, երկար տարիների աշխատանքային վաստակ ունեցող, հայրենիքի համար հոգի ու սիրտ տվող, այսօր մեր երկրում կարեւոր դիրք ու պատասխանատվություն կրող, եւ վերջապես հինգ երեխաների մայր, տատիկ եւ սիրված կին, Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում կիսվեց իր անձնական, աշխատանքային ձեռքբերումներով, հաջողություններով, ինչպես նաեւ հայ կնոջ իրական կերպարի եւ հայ ընտանիքի պահպանման գաղափարներով: Համոզված ենք, ներքո շարադրված հարցազրույցը շատերին կտանի այն ուղղությամբ, այն մտածելակերպին, ինչը բերում է միայն հաջողություն եւ երջանկություն կյանքի յուրաքանչյուր բնագավառում:

 

- Մի փոքր պատմեք Ձեր հայրական ընտանիքից:

-Հայրս լեռնային ինժեներ էր, մայրս տնտեսագետ եւ այնպես էր ստացվել, որ հորս աշխատանքի բերումով ?մեր ընտանիքը ճամփորդել է ծայր հյուսիսից մինչեւ հարավային Կովկաս` երկար տարիներ ապրելով հեռու Հայաստանից: Այս պատճառով մեր ընտանիքում մշտապես տիրում էր մի առանձնահատուկ, կարելի է ասել՝ ինքնապաշտպանական մթնոլորտ՝ օտար ափերում չկորցնելու հայությունը եւ հայկականը: Հայրս բավական խիստ էր նայում հայեցի դաստիարակության եւ կրթության հարցերին, եւ, թերեւս, դա հանդիսացավ այն դրդիչ ուժը, որ տարիներ անց, երբ ես եւ քույրս արդեն ավագ դասարաններում  էինք, նա որոշեց, որ այլեւս պետք է վերադառնանք Հայաստան ու վերջնական բնակություն հաստատենք այնտեղ: Ես 15 տարեկան էի, երբ մենք վերադարձանք: Սակայն կար մի մեծ խոչընդոտ` սակավ գիտելիքներ ունեի հայոց լեզվից, քանի որ ընտանիքից դուրս այն կիրառելու հնարավորություն չէի ունեցել, եւ անսահման շնորհակալ եմ իմ հայոց լեզվի ուսուցչուհուն`Արաքսյա Վասիլեվնային, ով խորհուրդ տվեց լեզուն կատարելագործելու համար ամենայն խորությամբ ուսումնասիրել հայ գրականությունը: Այնուհետեւ, այնպես ստացվեց, որ դարձյալ երկրից բացակայեցի իմ ասպիրանտական ուսումնառության ու գործուղումների հարցերով, թեեւ միշտ չեմ պատկերացրել, որ կարելի է մի  տաս օրից ավել բացակայել Հայաստանից եւ այս զգացումն, անշուշտ, ժառանգել եմ ծնողներիցս: Ռուսաստանում ապրած տարիներին, հիշում եմ, երբ Հայաստանից հյուրեր էինք ունենում, ընդ որում` անծանոթ, հայրս ոչ միայն իրենց աջակցում էր հարմարվելու, կամ ինչ-որ բանի հասնելու գործում, այլ նաեւ տրամադրում մեր բնակարանը` միարժամանակ ապրելու` մինչ կլուծեին իրենց խնդիրները:

- Երբ վերադարձաք հայրենիք, սովորեցիք հայերեն, ուրիշ ի՞նչ երազանքներ ունեիք պատանեկան տարիքում, հասնել բարձրագույն կարիերայի, թե պարզապես ընդունվել, սովորել այնուհետ ամուսնանալ:

naxdalyan5- Մենք դաստիարակվել ենք մի ժամանակահատվածում, երբ կարիերա հասկացությունը այլ կերպ էր ընդունվում: Կարիերայի ձգտող երիտասարդի վարքը, չգիտես ինչու, համարվում էր պարսավելի: Ժամանակները փոխվեցին եւ շատ բաներ փոխվեցին  ու մեզ համար ընդունելի դարձան: Իրականում կարիերան` ձգտումն է քո մասնագիտության մեջ կատարելագործվելու, ձեռքբեռումներ ունենալու եւ բարձունքների հասնելու: Այդ իմաստով իմ հայրական ընտանիքում կրթությունը, ուսումը, գիտությունը միշտ գտնվել են  ամենաբարձր հարթության վրա՝ համարելով դա կարիերայի անհրաժեշտ բաղադրիչ:

Ավարտել եմ երաժշտական դպրոց, բայց նվագակցում եմ միայն ընտանեկան երգչախմբին (ծիծաղում է): Ինձ շատ էր դուր գալիս միջազգային տնտեսագիտություն մասնագիտությունը, որի մասնագիտական կրթությունը Հայաստանում չկար, ու դրա համար պետք էր գնալ Մոսկվա, ինչին հայրս հիմնովին դեմ էր: Սակայն, «բանակցային ճանապարհով» հայրիկիս հետ եկանք այն որոշման, որ ուսանեմ Երեւանի Ժող. տնտեսության ինստիտուտում, իսկ հետագայում, եթե ցանկություն լինի եւ պատրաստվածությունս ների, մասնագիտանամ միջազգային տնտեսագիտության մեջ: Ավելի ուշ մեկնեցի Մոսկվա ասպիրանտուրա ` գիտական մասնագիտացում ստանալու  շուկայագիտության մեջ, եւ գիտական թեզիս  թեման եղավ «կոմերցիոն գործունեությունը», ինչը այդ տարիներին տնտեսագիտության  մեջ պարզապես կիրառում  չուներ, իմ դիսերտացիայի ղեկավարը կատակով ասում էր, որ նման տերմինաբանություն մենք ունենք միայն քրեական օրենսգրքում: Բայց ժամանակները արագ փոխվում էին, սկսվեց կոոպերատիվ շարժումը, եւ Հայաստանը դարձավ առաջամարտիկներից մեկն այդ ոլորտում: Մենք հենց սկզբից նպաստել ենք այդ շարժման ձեւավորմանը? մասնակցել մասշտաբային զարգացումներին: Ըստ վիճակագրության, մեկ շնչին ընկնող կոոպերատիվ շարժման մասնակիցների թվով Հայաստանը գրավում էր առաջին տեղը ողջ ԽՍՀՄ-ում: Այդ ժամանակ սկսեցի կիրառել իմ մասնագիտությունը` շուկայագիտությունը, աշխատում էի սպառողական կոոպերացիայի գիտահետազոտական ինստիտուտում, որը դարձավ կարծես մի օջախ, աղբյուր` կոոպերատիվ շարժման առաջադիմական ուղղությունների կազմակերպման ու զարգացման համար: Այն ժամանակ այդ ոլորտը ղեկավարում էր լուսահոգի Ալբերտ Հովհաննիսյանը՝ Հայաստանի կոոպերատիվների  միության նախագահը, որի անժամանակ մահից հետո ես ընտրվեցի միության նախագահ՝ նրա գործը շարունակելու:

- Դուք այդ ժամանակ արդեն ամուսնացա՞ծ էիք:

- Այո, երբ աշխատում էի գիտահետազոտական ինստիտուտում` պատրաստում էի իմ դիսերտացիան, արդեն գտնվում էի դեկրետային արձակուրդում, բայց շարունակում էի պրպտումներս աշխատանքում, ապրում էի դրանով, եւ նույնիսկ աշխատաժամի ավարտից հետո միշտ մնում էի ու շարունակում աշխատել: Մայրիկս էլ երբեմն կատակում էր ասելով, թե` մի անկողին բերեմ դու մնա այդտեղ քնի (ծիծաղում է): Ամբողջ կյանքս սովորել եմ , որ աշխատանքի պետք է գնալ ավելի շուտ եւ դուրս գալ ավելի ուշ: Երբեք չի եղել, որ ժամը 18:00 -ին գնամ տուն: Երբ արդեն  ղեկավար էի, նույնիսկ  զարմանում էի, որ աշխատողները գալիս ասում էին, թե արդեն ժամը վեցն է՝ գնանք տուն: Մի տեսակ նեղսրտում էի, թե ինչու են ժամը վեցին տուն գնում (ժպտում է):Հիմա էլ, երբ սահմանված աշխատանքային օրը ավարտվում է, այդ պահը չեմ նկատում:

- Հետաքրքիր է, դուք ունեք հինգ երեխա, երկու դուստր եւ երեք տղա, ինչպե՞ս էիք հասցնում համատեղել ընտանիքը աշխատանքի հետ: Սովորաբար հայ տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց կինը իրենցից ուշ է տուն գալիս, կոնֆլիկտ չեք ունեցե՞լ:

- Ոչ, կոնֆլիկտ չեմ ունեցել, դրա հիմքը միմյանց նկատմամբ բարձր վստահությունն ու սերն է: Իմ բախտը բերել է երեւի, ամուսինս երբեք այդ մտայնությունը չի ունեցել, կարծում եմ ուժեղ տղամարդիկ նման մտայնությամբ չեն տառապում, դա թույլիկների ձեւն է: Նա հարգում է ինձ ու գիտակցում, որ իմ  աշխատանքը եւս կարեւոր է եւ իմ ուժերը պարտավոր եմ մաքսիմալ ներդնել: Դրանում նա իրեն տուժող չի զգում, այլ դրսեւորվում է որպես իմ կյանքի ու ընտանիքի իսկական ընկեր, հասկանում ու հարգում է իմ բնավորությունն ու նպատակները:

- Կարելի՞ է իմանալ, այդ դրվածքը դո՞ւք եք ստեղծել, թե՞ պարզապես Ձեր ամուսինը ունի նման բարձր գիտակցություն եւ այդքան մեծահոգի է:

- Ես ասացի, որ երեւի բախտս է բերել՝ ես դրվածք չեմ դրել, դա եղել է ի սկզբանե իր կողմից: Երբ շփվում եմ երիտասարդ կանանց ու աղջիկների հետ, միշտ  խորհուրդ եմ տալիս, որ իրենց ապագա ընտրյալի մեջ կարեւորեն ոչ միայն զգացմունքային վերաբերմունքը, այլ նաեւ հարգանքը դեպի քեզ` որպես անհատի, որովհետեւ հարգանքի բացակայությունը կարող է հանգեցնել ձեր նշած երեւույթին` կնոջ նկատմամբ սեփականատիրական նկրտումներին` թե պետք է կինը տղամարդուց շուտ տուն գա, զբաղվի միայն ընտանիքի հոգսերով, կամ տանից դուրս չգա   եւ այլն: Երբ դու հարգված լինես որպես անհատ, քաղաքացի,մարդ, այդ ժամանակ կհարգեն նաեւ քո կատարած աշխատանքը, այն նվիրումը, որը դու ունես գործիդ ու հայրենիքիդ նկատմամբ: Այդ ժամանակ նույնիսկ մասնակից ու աջակից կլինեն քո գործերին` տարբեր ձեւերով: Եթե չլիներ իմ ընտանիքի աջակցությունը, սկսած մայրիկիցս, սկեսուրիցս, երեխաներիցս, ապա աշխատանքիս  շատ քիչ մասը կարող էի ի կատար ածել: Ինչ վերաբերում է ամեն ինչ հասցնելուն, ապա դա եւս մեր ձեռքերում է:

Կան կանայք, ովքեր ունեն անսահման ժամանակ, բայց միեւնույն է չեն հասցնում անել շատ բաներ: Դա կախված է մարդու ինքնակազմակերպվածությունից, ժամանակը ճիշտ գնահատելուց: Այս նույն խորհուրդը ես տալիս եմ նաեւ իմ երեխաներին, որ պետք է գնահատել ունեցածդ ժամանակը, ինչը անչափ թանկ է: Ես սիրում եմ իմ տունը, իմ տնտեսությունը եւ շատ սիրում եմ դրանով զբաղվել: Այն կարճ ժամանակը, երբ տանն եմ լինում, փորձում եմ բազմաթիվ թխվածքներ, աղցաններ եւ ճաշատեսակներ պատրաստել, սա, ի դեպ, իմ ընտանիքի համար դառնում է արարողակարգ: Մեր տանը հիմնականում սկեսուրս է պատրաստում, ու շատ համեղ: Բայց կան հատուկ օրեր ու ճաշատեսակներ, որ իմ բաժինն են: Օրինակ` Զատիկի փլավը: Նույնիսկ ընկերներս ու բարեկամներս կես կատակ, կես լուրջ զանգում ասում  են` հաստատ գիտենք, որ  փլավը պատրաստ կլինի , գալիս ենք:

ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔՆ ՈՒ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԵՎ ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ ԻՐԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ

- Տիկին Նաղդալյան հետեւելով Ձեր կյանքի պատմությանը կարելի՞ է ասել, որ դուք կանացի խորամանկություն եք կիրառել առ այն, որ հաճախակի տանից բացակայելով Ձեր նկատմամբ կարոտը ավելի եք մեծացրել տանեցիների կողմից:

- Այնպես է դասավորվել աշխատանքս, որ նույնիսկ խորամանկություն անելու ժամանակ չկա, միշտ ունեցել եմ շատ գործուղումներ, լարված աշխատանք, եւ նույնիսկ երեխաներս սովորել են, որ իրենք պետք է ինքնուրույն լինեն, իրենց օրը կառուցեն արդյունավետ:

Հիմա պարզապես շփումը ավելի է հեշտացել` ելնելով տեխնիկական նորամուծություններից` էլեկտրոնային փոստ, սկայպ եւ այլն, իսկ կար մի ժամանակ, երբ ուշ էի տուն վերադառնում, երեխաներս իրենց խնդիրները  թղթի վրա գրում էին ու սեղանին թողնում, որոնց ես էլ պատասխանում էի նույն՝ նամակի տարբերակով:

- Դուք Ձեր ընտանիքը ավանդական համարո՞ւմ եք:

naxdalyan6- Այո, խիստ ավանդական, իմ ընտանիքում ապրում է երեք սերունդ` երկու տատիկներ, մայրս եւ սկեսուրս, ամուսինս, ես եւ հինգ երեխաներս: Մեր ընտանիքում կան շատ լուրջ ավանդույթներ, եւ երեխաները նույնիսկ մեկ-մեկ ասում են, որ դրանք օրենքներ են:

Ինձ հաճախ հարցնում են, թե ո՞վ է Ձեր ընտանիքի գլխավորը: Ես կարծում եմ, որ գիտակից մարդը նման հարց չպետք է տա, որովհետեւ ընտանիքը` մարդկանց միասնություն է, որի նպատակը մեկն է` միասին հաղթահարել կյանքի դժվարություններն ու միասին կառուցել ընտանիքիդ ավելի լավ ապագան: Այս գործում անձի գլխավորություն չկա, այլ կա գաղափարի գերակայության ու անձերի միասնականության (ժպտում է): Նաեւ այն իմաստով, որ նրա խոսքը առաջնային է:

- Զրուցելով տարբեր կայացած կանանց հետ, նկատել եմ, որ վերջիններս արդյունքի են հասել ունենալով խիստ ավանդական հայկական ընտանիք: Բայց զուգահեռաբար ապրում եւ արարում են կանայք, կազմակերպություններ, որն է «Կանանց ռեսուրսային» կենտրոն

ՀԿ-ն, ովքեր պրոպագանդում են ազատ կյանքը, կարմիր խնձորի թաղում են կազմակերպում, բեմադրում ներկայացում, որը կոչվում է «Հեշտոցի մենախոսություն»:

- Շատ դեմ եմ վարքագծի գռեհկացմանը եւ չեմ ընդունում, երբ գրված-չգրված օրենքներում կինն անցնում է թույլատրելիի սահմանը, չեմ սիրում նաեւ շինծու անբռնազբոսությունը: Օրինակ, հեռուստատեսությամբ պատահաբար տեսա մի գովազդ, որտեղ երիտասարդ  աղջիկը գարեջրի պլաստմասե շիշը բերանը դրած` գարեջուր է վայելում: Ինձ դուր չի գալիս, երբ խաթարում են մեր կերպարը, ես չեմ պատկերացնում իրական հայ կնոջն այդ վիճակում, եւ երբ կան էլ՝ դրա գովազդումը: Ի դեպ, գռեհկությունը քաղաքականության մեջ եւս երեւում

է` երբեմն հանդիպում ես կանացի կերպարի, ով բոլոր տեսակի բարոյական նորմերից, կանոններից դուրս է, ու դա տհաճ եւ անընդունելի է թե տղամարդկանց,եւ թե կանանց համար:

- Տիկին Նաղդալյան ինչո՞ւ ընտրեցիք Հանրապետական կուսակցությունը:

naxdalyan4- Երբ գլխավորում էի կոոպերատիվների հանրապետական միությունը, իսկ այդ ժամանակ դեռ բավական երիտասարդ էի, այդ տարիներին շատերիս համար տեսանելի դարձավ, որ այդ բնագավառում կան  լուրջ օրենսդրական բացեր, եւ այդ գիտակցումը  ինձ դրդեց մտնել քաղաքականություն: Առաջին անգամ 1995թ. պատգամավոր եմ ընտրվել  մեծամասնական ընտրակարգով: 1997թ. դիմեցի Հանրապետական կուսակցություն, քանի որ հասկացել էի, որ թե՛ քաղաքական եւ թե՛ օրենսդրական դաշտում մենակ մարդը թույլ է, պետք է սեփական գաղափարների, ծրագրերի ու առաջարկների համակիրներ ունենալ: Բավական վաղ շրջանից? դեռեւս արցախյան շարժման օրերից` Գետաշենից, Մարտունաշենից (երբ մասնակցում էի այնտեղ ընթացող մարտական գործողություններին), ճանաչում էի ՀՀԿ-ի հիմնադիրներին, շատ  էի  հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բնականաբար, գիտեի Աշոտ Նավասարդյանին, իսկ հետագայում, երբ Վազգեն Սարգսյանը քաղաքական հենարան էր փնտրում պետականաշինության բնագավառում հեռահար գործողությունների համար, հասկացա, որ  բոլորիս ուղղությունը  մեկն է: ՀՀԿ-ի գաղափարախոսությունը համապատասխանում է իմ հոգեկերտվածքին՝ չափավոր, կշռադատված պահպանողականություն՝ ազգային հենքի վրա, խորը, ոչ ցուցադրական հայրենասիրություն՝ պետականության առաջնայնության սթափ գիտակցությամբ:

Այդպես եկա Հանրապետական կուսակցություն եւ հպարտ եմ իմ կուսակցության անցած ճանապարհով:

Զրույցը՝ Արմենուհի Հակոբյանի

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում