altԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որ միշտ աչքի է ընկնում իր ոչ ադեկվատ պահվածքով, վաղուց բոլորին հայտնի է, բայց այն, որ նա ԱԺ-ում թիվ մեկ "ցրող-թռցնողն է", այ սա արդեն տարվա հայտնություն էր:

"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի` ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական "Գազպրոմին" վաճառելու վերաբերյալ համաձայնագրի քվեարկությանը դեմ Զ.Փոստանջյանը այս անգամ բավական հեռու գնաց` մինչեւ քվեարկությունը նախապես հավաքելով մի քանի պատգամավորների քվեարկության քարտերը: Իրենց քվեաքարտերից զրկված պատգամավորները ստիպված եղան քվեարկել ձեռքով: Նման պահվածքին որոշ պատգամավորներ հումորով են վերաբերվում, մյուսները` գտնում, որ տիկին Փոստանջյանի տեղը հոգեբուժարանում է, իսկ մի երրորդ մասն էլ կարծում է, որ հարցը պետք է քննի կամ Էթիկայի հանձնաժողովը, կամ էլ նույն րոպեին նրանով պետք է զբաղվեին ԱԺ անվտանգության աշխատակիցները: Սակայն ամեն ինչ այդքան ողբերգական չէր լինի, եթե այսքան զվարճալի չլիներ. իր արարքից  գոհ կեցվածքով շրջում էր Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ումից փորձեցինք պարզել, թե երբ կվերադարձնի քվեարկության քարտերը.
- Այդ հարցով դիմեք քարտուղարություն: Իմ ինչի՞ն է պետք, ավելորդ ապրանք պահելու խնդիր չունեմ:
- Տիկին Փոստանջյան, Ձեր գործընկեր պատգամավորներից շատերը Ձեր արարքը խուլիգանություն են համարում...
- Շատերին դիմեք ու իրենցից էլ կարծիք հարցրեք:
Ինչեւէ, հաշվի առնելով փոստանջյանական "բեսպրիդելը"` մեզ մնում է խորհրդարանական պատգամավորներին ամուր նյարդեր ու համբերություն մաղթել 2014-ին: Եվ, իհարկե, չմոռանալ ԱԺ-ում ուշադիր լինել իրենց պատկանող սեփական ու պետական իրերի հանդեպ, թե չէ` ով գիտի էլ ինչ կարող է պետք գալ Զ.Փոստանջյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ