altԸստ մամուլում տարածված լուրերի` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ ձախ ձեռքի դաստակից վերեւ ծաղիկ է դաջել, ինչը նա «Զաուհու» հետ զրույցում բոլորովին էլ չհերքեց.
-Այո, իրականություն է, բայց, բնականաբար, ժամանակավոր է: Ուղղակի, հետաքրքիր է եւ հաճելի, իսկ ես էլ փոփոխություններ սիրող մարդ եմ` ասացի փորձեմ:
- Այսինքն` նորմա՞լ եք վերաբերվում դաջվածքներին:
- Ընդհանրապես, նորմալ չեմ վերաբերվում: Բայց նայած ինչ դաջվածք կլինի` ինչ թեմայով ու ինչ պատկերներով, որովհետեւ երբեմն անում են այնպիսի սարսափելի բաներ, որոնց ես նորմալ չեմ կարող վերաբերվել:
- Իսկ որեւէ խորհրդանշական բովանդակություն ո՞ւնի Ձեր դաջվածքը:
- Ընդամենը ծաղիկ է: Այդ կինը, ով անում էր դաջվածքը, նայում էր մարդու դեմքին եւ ինքն էր որոշում, թե ում ինչպիսի դաջվածք անի: Եվ նա նայեց ինձ ու որոշեց, որ պետք է փոքրիկ ծաղիկ անի:
Իսկ ծաղիկն ամենաբովանդակալից բանն է բնության մեջ:
- Տիկին Եսայան, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին` դաջվածքներ անել, թե չանել եւ մարմնի ո՞ր հատվածում անել:
- Եթե այդքան սեր ունեն եւ ուզում են, կարող են անել: Բայց, իհարկե, շատ մեծ ծավալի եւ ծանր թեմաներով դաջվածքներ չեմ ընդունում, որովհետեւ երբեմն լինում են մահասարսուռ ինչ-որ պատկերներով դաջվածքներ, այն էլ մարմնի երեւացող տեղերում, ինչին կտրականապես դեմ եմ: Իսկ այսպես անմեղ, նուրբ դաջվածքները կարելի է փորձել, մանավանդ, որ սա անցնող է, այսինքն` սա ծակծկելով չեն արել, այլ նկարել են:
- Պատգամավորի կարգավիճակը Ձեզ որեւէ կերպ ետ չպահե՞ց այսպիսի փորձից:
- Ոչ, մանավանդ որ, 10 օրվա ընթացքում անցնելու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ