livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
Shush4

 

«Զարուհին» իր ընթերցողներին արդեն ներկայացրել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` հայրենասեր արվեստագետին, ով միշտ իր հանդիսատեսի հետ է եւ սահմանին կանգնած զինվորի կողքին: Իսկ այսօր նա բազում մշակութային, սահմանային խնդիրներ հնչեցնում է ԱԺ բարձրագույն ամբիոնից: Եվ պատահական չէ, որ այս անգամ նրան ներկայացրինք «Կինը քաղաքականության մեջ» խորագրում, զրույցում անդրադառնալով նաեւ Շ. Պետրոսյանին հոգեհարազատ արվեստի տարբեր ճյուղերին:

- Հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ ցանկանում եք Ձեր աշխատանքներով նկարչական ցուցահանդես ունենալ:

- Սեւանում` նկարիչների հանգստյան տանը` իմ անկրկնելի եւ անբաժանելի Շորժայում, անցյալ տարի սեպտեմբերին ստեղծագործական սեզոնին, եղբորս ու մեր ընկերների հետ գնացինք մեկ շաբաթով ու այդ ժամանակահատվածում հասցրեցի նկարել մեկ պորտրետ եւ 4 պեյզաժ: Կարոտել էի, կարծում եմ` կարելի է ԱԺ-ում ցուցահանդես բացել մի օր: Սրահը լավն է, ցուցադրության առումով լուսավորությունը հարմար: Այնպես որ, այդ երազանքս առջեւում է, ու դրա համար պետք է շատ նկարել:

- Իսկ ի՞նչն է խանգարում: 

- Իհարկե ժամանակը, եթե աշխատում ես, ուրեմն` պիտի հետեւողական լինես, ամեն ինչին մատների արանքով չնայես, լիարժեք աշխատես:

- Այդ դեպքում ինչպե՞ս եք անում, որ չտուժի երգը, նկարչությունը, արդեն ԱԺ-ի աշխատանքը:

- Ամենից շատ, ավաղ, նկարչությունն է տուժում: Երգը չի տուժում, քանի որ եղել են դեպքեր, որ մեկնել եմ հյուրախաղերի ու վերադարձել կիրակի օրը, որպեսզի երկուշաբթի գնամ ԱԺ նիստի: Երգը տուժում է միայն այն առումով, որ համերգներն են սակավ ու ինձ հետ դա կապ չունի, եթե հրավիրում են, միշտ գնում եմ:

Shush2- Շուշան, վերջերս մի օպերետում Լեյլա Սարիբեկյանը դեր էր կատարում: Եթե Ձեզ հրավիրեին, կհամաձայնեի՞ք, թե դա Ձերը չէ:

- Այդ ժանրը չեմ սիրում: Առհասարակ օպերետ, վարիեթե, կրկես չեմ սիրում:  Կենդանիներին վարժեցնելու պահը միշտ ինձ վրա ազդել է, որովհետեւ յուրաքանչյուր կենդանի իր հոգու ներսում թռչուն է: Սիրում եմ սատիրա, հումոր, եթե հետաքրքիր նախագիծ լինի, մեծ սիրով կհամաձայնեմ, անշուշտ, եթե չխանգարի իմ աշխատանքին:

- Նկարչությունն այսօր, կարծես, ստվերում է, որպես նկարչուհի, արվեստի մարդ ի՞նչ եք անում այդ ոլորտի զարգացման համար:

- Իսկապես ունենք հրաշալի, փայլուն գեղանկարիչներ:

- Բայց, այսօր իրենց մասին չի խոսվում:

- Իսկ ինչի՞ մասին է խոսվում, եթե ինչ-որ բանի մասին էլ որոշում են խոսել, հիմնականում փնովում են, ջախջախում, իսկ լավ բան մշակույթի մեջ հաստատ կա: Նկարիչներ կան, որոնց մի մասը գովազդվում են, իսկ մեծ մասն էլ` ոչ: Եթե ինչ-որ մեկի գործը վաճառվում է, որովհետեւ ֆավորիտ է այդ պահին, բոլորը կենտրոնանում են հենց այդ մեկի վրա, երբ իրականում բավականին մեծ շուկա ունենք, մի քիչ շուկայականի փոխեցի թեման, բայց դարձյալ նկարիչների համար մտահոգվելով:

- Ի՞նչ պիտի արվի, որ գոնե մի քիչ վեր հանենք նկարչությունը ընդհատակից:

- Դե, նախ պիտի նկարիչների վիճակը բարելավվի, ինչպես մյուս քաղաքակիրթ երկրներում: Օրինակ, որ նկարիչները արվեստանոցների համար չհարկվեն այնքան, որքան խանութներն ու խաղատներն են հարկվում: Դա հավասար է նրան, որ դաշնակահարն իր դաշնամուրի համար հարկվի, աբսուրդ է: Այնուհանդերձ, կա նման բան: Ուզում եմ, որ նկարիչներին լավ վերաբերմունք ցուցաբերվի: Նախկինում նկարիչները շատ ավելի լավ վիճակում էին, որովհետեւ գոյություն ուներ գեղֆոնդ, որն ապահովվում էր նկարիչներին աշխատանքով: Այսինքն` նկարիչը նկարում էր, նկարը վաճառվում էր, ցուցադրվում: Իսկ գեղֆոնդը նաեւ կոնկրետ աշխատանքի վայր էր ապահովում: Նկարիչը նկարում էր եւ այդ աշխատանքների դիմաց գումար էր ստանում, գուցե դա 3 անգամ ավելի փոքր գումար էր, բայց կայուն էր, 3-4 նկար անելով ինչ-որ հաստատության համար` աշխատավարձ էիր ստանում: Հիմա չկա եւ այս դեպքում ուղղակի դաժանություն է արվեստանոցի համար հարկվելը, որովհետեւ թանկ են ներկերը, վրձինները...  Առհասարակ, կարծում եմ, որ մի քիչ անլուրջ վերաբերմունք է մշակույթի հանդեպ, ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնես, որ մշակույթը ստրատեգիական ուժեղագույն զենքերից մեկն է: Գուցե աշխարհում չիմանան քո քաղաքական անցուդարձը, բայց քո արվեստագետին իմանալով` հետաքրքրվում են եւ սկսում ծանոթանալ երկրի պատմությանը: Այսպիսով` պիտի արվեստը փայփայել եւ բարձրաձայնել խնդիրները, որոնք ակնհայտ են մշակույթի մեջ:

Shush3- Որքան գիտեմ Գրիգորը` Ձեր մեծ որդին, եւս ընտրել է նկարչության ճանապարհը:

- Այո, Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ուսանող է:

- Այսինքն` մայրիկի գո՞րծն է շարունակում:

- Ո՛չ, պապիկների գործն է շարունակում, նախատատիկի, տատիկի, հոր եւ մոր: Պիտի լավ սովորի: Այն, ինչ-որ պիտի բարձրաձայնեմ, հիմա կլռեմ: Չեմ ուզում, որ կարդա եւ հանգիստ լինի, ուզում եմ աշխատի իր վրա: Սխալ է, երբ անընդհատ երեխայիդ գովում ես: Գրիգորն ունի շնորհք, մնում է սովորի:

- Գագիկը` Ձեր փոքր տղան, կարծես` նկարչութան հետ այդքան էլ սեր չունի:

- Գագիկը, ինձ թվում է` արտիստ է դառնալու: Կնամեծար է շատ, չգիտեմ ինչ է դառնալու, բայց երեւի արտիստ է լինելու, բան չեմ հասկանում: Գրիգորը մանկուց կոնկրետ բռնել էր նկարչության ուղղությունը, Գագիկն ավազակ է (ժպտում է,- Լ.Ե.), նրանից բան չեմ հասկանում:

- Կան մարդիկ, որ Ձեր` ԱԺ-ում լինելու փաստը «ծանր» են տանում:

- Այո, ես գիտեմ:

- Վերջերս Հրաչ Քեշիշյանը մի այսպիսի կարծիք էր հայտնել, որ ԱԺ-ում միայն Շուշան Պետրոսյանը չէ:

- Պիտի ասեմ, որ շատ էի զարմացել, առաջին անգամ իմ կյանքում, ընկերոջից, ում հետ այս ասպարեզում ենք 1995-ից աջակցություն զգացի: Մենք 1988-ի սերունդ ենք Հրաչի հետ, ես ստացա նման զորակցություն նրանից եւ շատ երջանիկ զգացողություն էր, հատկապես, երբ սովոր եմ աշխատել առանց բարձրաձայնելու իմ կատարած աշխատանքը:

- ԱԺ-ում կին պատգամավորները քիչ են, հասցրե՞լ եք այս բնագավառում գործընկերուհիներ ձեռք բերել:

- Իհարկե, Մարգարիտ Եսայանը, Ռուզան Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը: Առհասարակ, մենք լավ ընկերություն ենք անում: Տարօրինակ է, ամեն մեկս մեր ասպարեզից ինչ-որ ձեռքբերումների հասած մարդիկ ենք` բեւեռային ասպարեզներ եւ մարդկային ջերմ հարաբերություններ, իրար հարգող եւ գնահատող: Եվ կարեւոր մի բան` բոլորս աշխատասեր ենք: Ոչ մեկս չենք եկել ԱԺ ուղղակի այստեղ ներկա լինելու համար: Այդ էտապն ավարտվել է, առհասարակ, մեր այս` 5-րդ գումարման պատգամավորները շատ ուրիշ են, չեմ կարող ասել, որ ավելի լավն են, բայց հաստատ այլ կերպ են մտածում, շատ ակտիվ են, դա ինձ շատ է ոգեւորում:

- Իսկ այլ խմբակցությունների կանանց հե՞տ:

- Ճիշտն ասած, իմ բոլոր գործընկերներին հարգում եմ: Նրանցից ոչ մեկի հետ այդպես չեմ շփվում, որովհետեւ իրենց կողմից չկա այդ վերաբերմունքը, այնուհանդերձ, բարեւն Աստծունն է, ես դա միշտ եմ հիշում: ԱԺ-ում ես չունեմ թշնամիներ, անձամբ չեմ տածում որեւէ մեկի հանդեպ նման վերաբերմունք: Չեմ եկել այստեղ ամբիցիաներս խաղացնելու եւ առհասարակ ամբիցիոզ Shushմարդ չեմ: Եկել եմ այստեղ հնարավորինս ծառայելու երկրին: Հարգում եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր, իսկապես, աշխատում են այդ կոնցեպցիայով եւ այդ գաղափարի համար: Չեմ հասկանում որոշ պատգամավորների, որոնք անվերջ ինչ-որ ինքնահաստատումների, վեճերի, փնովումների եւ լուտանքներ թափելու մոլուցքի մեջ են: Կարծում եմ` այդ ժամանակը կարելի է շատ ավելի օգտակար բաների վրա վատնել, ասենք, լավ նախագծեր իրականացնել: Մեր երկրում պետք է անվերջ աշխատես, որովհետեւ մեր երկիրը աշխարհագրական այնպիսի դիրքում է, որ շատ բաներ շռայլել չենք կարող, ասենք, ինչպես «Եվրատեսիլը»: Դրա կարիքը չկա: Ավելի լավ կլինի, որ արժանապատիվ ներկայացվի արվեստը, ցուցահանդեսներ բացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ` Հայաստանից դուրս: Թարգմանվեն, տպվեն գրքեր, ֆիլմեր նկարահանվեն, այդ գումարներով երիտասարդներին հնարավորություն ընձեռվի ներկայացնել իրենց արվեստը: Դա շատ ավելի կարեւոր է,  քան «Եվրատեսիլում» մի երգի ելույթը:

- Ադրբեջանը եւ Թուրքիան գումարներ չեն խնայում, որպեսզի իրենց պատմությունը խեղաթյուրած գրքեր հրատարակեն եւ նվիրեն աշխարհով մեկ:

- Դա օրինաչափ է պատմություն չունեցող ժողովրդի համար: Մենք էլ ինքնաբավ ենք: Երկուսս էլ ծայրահեղ ենք, այսինքն` այնքան ինքնաբավ ենք, որ հսկայական շտեմարան ունենք, իսկ նրանք էլ ոչինչ չունենալով` արհեստածին մշակույթ եւ պատմություն են ստեղծում: Իրենց ակտիվությունը հասկանալի է, մեր պասիվությունը, ինձ համար քննադատելի:

- ԱԺ պատգամավոր ընտրվելիս, ասում էիք, որ այլ Հայաստան եք ուզում:

- Այո, այն Հայաստանը, որ ես երազում եմ` դեռ չկա: Չեմ սիրում երբ քննադատում են, ուղղակի քննադատելու համար: Սրտացավություն ու սեր չկա ու վերջ: Պատգամավորը կանգնում է միկրոֆոնի առջեւ ու իր ելույթը սկսում է հայհոյանքից ու ավարտում հայհոյանքով, առանց աշխատանքնային պրոցեսի մոդուլ ներկայացնելու: Ատելություն արտահայտելու այդ հաճույքից աչքերը փայլում են...  ասեք, որ վախենալու է: Կարծում եմ, որ այդ տեսակը իզուր է գտնվում ԱԺ-ում, մինչդեռ հայտարարում է, որ խնդիր պետք է ներկայացնի, բայց այդպես էլ ո՛չ խնդիր է ներկայացվում, ո՛չ էլ լուծումը: Իր հավակնությամբ չսիրած մարդկանց մի լավ փնովում է ու բավարար նստում տեղը: Լրիվ մանկապարտեզ է եւ մանկապարտեզի ոչ լավ խումբ:

- Կին-քաղաքական գործիչ, կին-մշակույթի գործիչ, մայր... տարբեր Շուշաններ, ո՞ր Շուշանին եք ավելի շատ նախընտրում:

- Կարոտում եմ բոլոր այն Շուշաններին, որոնք այդ պահին չեն գործում: Եթե այդ րոպեին պատգամավոր է, ուրեմն` երգչուհի, նկարչուհի Շուշանն է կարոտված, եթե ոչ, ուրեմն` պատգամավոր Շուշանին: Հա-հա, մի զարմացեք, նույնիսկ պատգամավոր Շուշանին եմ կարոտում, եթե մի քիչ հեռու եմ լինում այդ պահին Երեւանից, աշխատավայրից, աշխատանքը սիրում եմ: Ասում են` այնքան լավ է տեսքդ, հանգիստ է, պատասխանս մեկն է, որովհետեւ իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում: Սիրած գործս արվեստ անելն է, այսինքն` ստեղծել միջավայր, ուր արվեստ է լինելու, գեղեցիկ է լինելու, հայերեն է, Քրիստոնեությունը իսկական է լինելու` Հայ Առաքելական, հայերեն է հնչելու թե՛ երգում, թե՛ կերպարվեստի մեջ: Հեռու չգնանք, Մարտակերտի զինվորական ընկերներս ասում են. «Երբ գալիս ես Մարտակերտում կյանքը, տրամադրությունը փոխվում են, գույնն է փոխվում քաղաքի»: Ուրախ եմ, եթե այդպես է:

Shush1- Դուք նշել էիք, որ երկու ձայնասկավառակ ունեք, որոնք միասին ուզում էիք թողարկել, բայց այդպես էլ կյանքի չկոչվեցին:


- Արդեն 3-րդ ալբոմն է հավաքվում, ուղղակի, ժամանակ պիտի տրամադրեմ: Եթե ինչ-որ մեկը զբաղվի դրանով ու ինձ մնա, որ ես միայն գնամ ստուդիա ու նստեմ մաստերինգի ժամանակ, ապա այդ նախագծերը կյանքի կկոչվեն: Այս ընթացքում հովանավորեցի` «Օքսեն հեմ պրոգրեսիվ» ռոք խմբի ալբոմը, եւ հուրախություն ինձ` նրանց հետ երկու բավական հետաքրքիր երգ ձայնագրեցի: Այդ ալբոմն էլ է պատրաստ, դա իմ սիրած մյուս էքսպերիմենտալ Շուշանն է, եւ կա Շուշան, որը իր ստեղծագործությունները հավաքել, կուտակել է ու ոչ մի կերպ չի անդրադառնում դրանց:
- Միշտ աջակցել եք սկսնակ, երիտասարդ երգիչ-երգչուհիներին, մինչդեռ, սովորաբար, կայացած արտիստները փնովում են նոր սերնդին:
- Եթե լավն են, աջակցում եմ, եթե վատն են, խնդրում եմ` էլ չերգեն: Որպես այդպիսին, ում խնդրում եմ, որ չերգի, իր դժգոհությունը բարձրաձայնում է, խորհուրդս վերագրելով չկամության, անհանդուրժողականության, չարության, ինչեւէ... չի կարելի հավակնությամբ երգիչ կամ երգչուհի դառնալ: Իմ երեխան էլ է շատ բան սիրում, հետո՞, իր կապրիզը անպայման պիտի կատարե՞մ: Մշակույթի ներկայացուցիչը պիտի ընտրյալ լինի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում