livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020
nata«Բնությունը մարդուն պարգեւում է արտաքին բարեմասնություններ, սակայն այն կորցնում է իր իմաստը, եթե մարդը խելացի չէ:

Ինձ համար` որպես անհատի, կարեւորը մարդու հոգեւոր եւ գաղափարական մակարդակն է, մարդկանց հետ շփվելու, ճիշտ եւ լիարժեքորեն փոխհարաբերվելու կարողությունը, ղեկավար լինելու արվեստը»:

Այսպես սկսվեց մեր զրույցը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ երիտասարդ ու նրբագեղ Նատալի Կոստանդյանի հետ, այնուհետ հաջորդեցին «ղեկավար կին» խորագրին առնչվող լրագրողական հարցերս:

- Պատմեք, խնդրեմ, երբվանի՞ց եք դարձել «այս ընտանիքի» անդամը, եւ ի՞նչ նախապայմաններ են նպաստել դրան:

- Դա 2011 թվականին էր: Առհասարակ, պատասխանատու աշխատանք ստանձնելուց առաջ պիտի ինքդ քեզ հարցնես` պատրա՞ստ ես դրան: Առանց երկմտելու ասեմ` այո: Ոլորտը, կարծես, նոր էր` իմ կողմից դեռեւս «չպեղված», թեեւ ունեի տարիների աշխատանքի փորձ` դասախոս-գիտաշխատողի, հանրապետությունում նոր ներդրված քաղաքացիական ծառայության առաջատար մասնագետի, գերատեսչական ոլորտի պատասխանատուի:

Հավելեմ, որ մարդ-անհատի ձեւավորմանն ու դրսեւորմանն առաջին հերթին նպաստում է ընտանիքը: Հասակ եմ առել մտավորական միջավայրում: Ծնողներս պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել իրենց մասնագիտական ոլորտում: Նրանց շփումները շրջապատի, մարդկանց հետ ոչ միայն կյանքի դաս են դարձել, այլեւ կյանքում ուղղորդել են ինձ:

Փորձել եմ ակնդիր եւ ունկնդիր լինել այն ամեն լավին ու բարուն, ինչից դիմացինը բավարարված կզգա իրեն:

Ուրախ եմ, որ աշխատանքս հիմնականում ժողովրդի հետ է, չէ՞ որ անմիջական շփմամբ շատ ավելի ես օգտակար լինում մարդկանց:

- Ձեզ համար կան արդյո՞ք անհաղթահարելի դժվարություններ :

- Շուրջ 5 տարի «կառավարում եւ կազմակերպում» եմ, դասախոսում: Այն իմ գործնական մասնագիտություններից մեկն է, եւ ինձ համար անհաղթահարելի դժվարություններ չեն լինում, մանավանդ, որ իմ փորձառու եւ հարգարժան ղեկավարները մշտապես աջակցում են աշխատանքում:

- Կրթությունը դերակատարություն ունի թեկուզեւ այլ ոլորտում ղեկավար լինելու հարցում:

- Կարծում եմ` յուրաքանչյուր աշխատանքում էական նշանակություն ունի կրթությունը: Կրթված մարդը ցանկացած` անգամ ամենադժվարին ոլորտում, ու տարբեր իրավիճակներում արագ է կողմնորոշվում եւ կարողանում է իրեն ճիշտ ու լիարժեքորեն դրսեւորել: Փաստեմ` տնտեսագետի եւ իրավաբանի իմ կրթությունն առավել դյուրին են դարձնում աշխատանքս:

- Արդյո՞ք ոստիկանության ոլորտում աշխատելը չի հակասում կանացի Ձեր կերպարին:

- Իհարկե, ո՛չ, դեռեւս խորհրդային տարիներից կանայք աշխատել են այս համակարգում: Առաջին հերթին գործ ունենք օրենքի պահապանի, օրենքի կիրառողի հետ: Բնական է, որ կանացի խորաթափանցությունը օգնել եւ օգնում է ամենօրյա աշխատանքի ընթացքում:

nata1- Նկատենք, որ հասարակությանը միշտ է հետաքրքրում, թե ինչպե՞ս են երիտասարդ կադրերը կարճ ժամանակահատվածում հասնում բարձունքների: Պատմեք մի փոքր Ձեր մասին:

- Գերազանցությամբ ավարտել եմ միջնակարգը, ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2007 թվականին պաշտպանել եմ գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ եմ:

Ասեմ, որ ես պարտաճանաչ եմ, պատասխանատու, նաեւ` խիստ ու անհանդուրժող եմ իմ եւ գործընկերներիս թերացումների նկատմամբ:

Ես հարգում, սիրում եմ նրանց եւ պատրաստ եմ ամեն ինչում սատարել, աջակցել, սակայն, անկախ ամեն ինչից, աշխատանքը պետք է կատարել հավուր պատշաճի:

- Ասում են` ղեկավար կանայք քիչ ընկերուհիներ են ունենում: Այդպե՞ս է:

- Ունեմ շատ լավ ընկերուհիներ: Նրանց սիրում եմ, ինձ հարազատ եմ համարում, կարծես` իմ ընտանիքի անդամները լինեն: Աշխատանքի վայրում ես այլ մարդ եմ, մտերմիկ միջավայրում անմիջական եմ եւ պարզ:

- Սիրո՞ւմ եք թանկարժեք նվերներ ստանալ:

- Ինձ համար նվերի գինը նշանակություն չունի, կարեւոր չէ, թե ինչ են նվիրում: Կարեւորը` ով եւ ինչ կամեցողությամբ է նվիրում: Նյութականը ինձ համար երբեք չի արժեւորվել, ամենաթանկն ու անփոխարինելին մարդկային ազնիվ, շիտակ փոխհարաբերությունն է: Իսկ ես էլ սիրում եմ մարդկանց նվիրել այն, ինչը հաճելի է իրենց: Ավելի մեծ բավականություն ստանում եմ նվիրելուց:

- Ունե՞ք մեծ ծրագրեր կամ երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:

- Այն, ինչ երազել եմ, դրան հասել եմ աշխատասիրության, կամքի եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ: Չիրականացված երազանքներ, իհարկե, ունեմ: Մի՞թե կարելի է առանց երազանքի ապրել: Կարծում եմ` դրանց էլ կհասնեմ:

nata2- Խնդրի առաջ կանգնելիս որեւէ մեկի աջակցությանն սպասո՞ւմ եք:

- Միշտ սեփական ուժերով եմ լուծել իմ խնդիրները: Նպատակներիս հասնելու համար դժվարություններ եմ կրել, անցել բազում խոչընդոտների ու բարդությունների միջով: Փորձել եմ չանհանգստացնել այլ մարդկանց, որպեսզի դա համարեմ իմ հաղթանակը:

- Կարողացե՞լ եք համատեղել ընտանիք եւ աշխատանք հասկացողությունները:

- Մինչ այժմ ես հիմնականում նվիրվել եմ գիտությանը, կարիերային` ցանկանալով հասնել հաստատուն, կայուն վիճակի, սակայն ընտանիքը մնում է ամենակարեւորը, ամենաբարձրը, որին պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել:

Մայրս, եղբորս ընտանիքն իմ կյանքի ամենաթանկ ու նվիրական մասն են: Կարծում եմ` կնոջ համար առավել կարեւոր է ընտանեկան ջերմ մթնոլորտը (ծնվել ու հասակ եմ առել նման ընտանիքում), այն ավելի հաճելի եւ իմաստալից է դարձնում կյանքը:

Ինչ պաշտոն էլ զբաղեցնի կինը, նախեւառաջ լավ տնային տնտեսուհի պիտի լինի` կարողանա համեղ պատրաստել եւ սիրով հյուրասիրել: Ամուսնու համար նվիրական կին ու միաժամանակ խելացի ընկեր լինի, երեխաների համար` անզուգական մայր ու դաստիարակ:

Կինը ընտանիքի սիրտն է, նրան սեր ու ջերմություն տվող կրակն ու հմայքը: Ուժեղ ու խելացի կինը կարողանում է դրսեւորվել ե՛ւ աշխատանքում, ե՛ւ ընտանիքում: Ես սիրում եմ ամեն ինչում լինել իդեալական: Նման օրինակներն իմ կյանքում բազմաթիվ են:

- Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:

- Առհասարակ, յուրաքանչյուր խելացի կնոջ համար էական է, որ իր կողքին լինի ոչ միայն գաղափարակից, բանիմաց, ընտանիքին նվիրված ու հոգատար տղամարդ, այլեւ` բարեկիրթ, ինչու չէ, ե՛ւ տանը, ե՛ւ դրսում հարգանքի ու պատվի արժանի մարդ` պատրաստ իր արիական հատկանիշներով զորավիգ լինել դժվարին պահերին, ում կողքին դու ե՛ւ կին, ե՛ւ ընկեր, մի խոսքով` ինքնավստահ ու լիարժեք զգաս:

- Ձեր մաղթանքը երիտասարդ աղջիկներին եւ կանանց, ովքեր ոչ միայն ընտանիք կազմելու, այլեւ կարիերայում հաջողության հասնելու ձգտում եւ մեծ ցանկություն ունեն:

- Աշխատեք զինվել գիտելիքներով, մշտապես բազմակողմանիորեն հարստացնել դրանք: Վստահեք ձեր ուժերին: Փորձեք հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, եւ եթե ունեք ղեկավարման բնատուր շնորհ ու ձիրք, մի խուսափեք ձեզ առաջարկվող պաշտոններից կամ ինքներդ պայքարեք դրանց հասնելու համար:

Ես ուզում եմ, որ շատ կանայք ներգրավված լինեն ղեկավար պաշտոններում, քանզի նման դեպքերում տղամարդիկ իրենց ավելի զգոն ու պատասխանատու են պահում: Հաճելի է, երբ գործը լավ է արվում, այն  ավելի է գեղեցկացնում, երբ կատարողը կին է: Եթե սիրեք ձեր աշխատանքը, որքան էլ բարդ ու պատասխանատու լինի, դուք կարող եք այն զուգորդել ընտանեկան պարտականությունների լիարժեք կատարման հետ:

Ձեր կյանքի նշանաբան-կարգախոսը թող լինի` «գնալ աշխատանքի բարձր տրամադրությամբ, աշխատանքից տուն վերադառնալ դարձյալ բարձր տրամադրությամբ, եւ յուրաքանչյուր դժվարություն կդառնա հաղթահարելի»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում